Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

26.12.2022 - 27.12.2022

ևս 21 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:

Սանկտ Պետերբուրգի Պուլկովո միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն:

Վարչապետը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: 

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նախ տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Գագաթնաժողովն ավարտվել է ԱՊՀ պետությունների առաջնորդների աշխատանքային ճաշով:

* * *

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը:

Վլադիմիր Պուտինն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, բոլորովին վերջերս տեղի է ունեցել միջկառավարական հանձնաժողովի նիստը, գործընկերներն արձանագրել են, որ մեզ մոտ տնտեսության ոլորտում իրավիճակը բավականին դրական է զարգանում: Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության աճը կազմել է 73 տոկոս, դա լավ արդյունք է:

Մենք Ձեզ հետ դեռևս երեկվանից սկսեցինք, հաջողվեց նաև երեքով զրուցել, իհարկե, գլխավոր հարցը ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է, հայ-ադրբեջանական հարաբերությունները, այն ամենը` ինչ կապված է Ղարաբաղի հետ: Եվ ինչպես պայմանավորվեցինք, մանրամասն քննարկում ենք բոլոր այդ հարցերը»:

Իր հերթին Վարչապետ Փաշինյանն ասել է. «Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի կազմակերպման համար: Սա արդեն լավ ավանդույթ է դառնում:

Իհարկե, Դուք ճիշտ եք, տվյալ պահին գլխավոր հարցը, ամենաօպերատիվ հարցն այն ճգնաժամն է, որն առկա է Լաչինի միջանցքում: Գիտեք, արդեն գրեթե 20 օր է Լաչինի միջանցքը փակված է: Դա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է: Ցանկանում եմ հիշեցնել, որ համաձայն ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության` Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և ցանկանում եմ քննարկել այդ իրավիճակը, թե ինչպիսի տարբերակներ կան:

Շնորհակալություն հանդիպման համար»:

Մինչ առանձնազրույցը, Միխայիլյան պալատում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների աշխատանքային նախաճաշը, որից հետո նրանք շրջել են Ռուսական թանգարանի ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված նմուշներին:

← Վերադառնալ