- 1670x1113px - 644 Կբ
- 1670x1113px - 499 Կբ
- 1670x1113px - 432 Կբ
- 1670x1113px - 470 Կբ
- 1670x1113px - 438 Կբ
- 1670x1113px - 282 Կբ
- 1670x1113px - 517 Կբ
- 1670x1113px - 549 Կբ
- 1670x1113px - 683 Կբ
- 1670x1113px - 541 Կբ
- 1670x1113px - 453 Կբ
- 1670x1113px - 455 Կբ
- 1670x1113px - 440 Կբ
- 1670x1113px - 338 Կբ
- 1670x1113px - 389 Կբ
- 1670x1113px - 424 Կբ
- 1670x1113px - 369 Կբ
- 1670x1113px - 364 Կբ
- 1670x1113px - 428 Կբ
- 1670x1113px - 416 Կբ
- 1670x1113px - 452 Կբ
- 1670x1113px - 334 Կբ
- 1670x1113px - 421 Կբ
- 1670x1113px - 439 Կբ
- 1670x1113px - 522 Կբ
- 1670x1113px - 459 Կբ
- 1670x1113px - 411 Կբ
- 1670x1113px - 465 Կբ
- 1920x1080px - 636 Կբ
- 1670x1113px - 398 Կբ
- 1670x1113px - 429 Կբ
- 1670x1113px - 524 Կբ
- 1670x1113px - 725 Կբ
- 1670x1113px - 603 Կբ
- 1670x1113px - 541 Կբ
- 1670x1113px - 352 Կբ
- 1670x1113px - 397 Կբ
- 1670x1113px - 455 Կբ
- 1670x1113px - 394 Կբ
- 1670x1113px - 341 Կբ
- 1670x1113px - 568 Կբ
- 1670x1113px - 346 Կբ
- 1670x1113px - 445 Կբ
- 1670x1113px - 414 Կբ
- 1670x1113px - 608 Կբ
- 1670x1113px - 493 Կբ
- 1670x1113px - 316 Կբ
- 1670x1113px - 284 Կբ
- 1670x1113px - 372 Կբ
- 1670x1113px - 506 Կբ
- 1670x1113px - 312 Կբ
- 1670x1113px - 353 Կբ
- 1670x1113px - 357 Կբ
- 1670x1113px - 361 Կբ
- 1670x1113px - 440 Կբ
- 1670x1113px - 412 Կբ
- 1670x1113px - 407 Կբ
- 1670x1113px - 398 Կբ
- 1670x1113px - 336 Կբ
- 1670x1113px - 455 Կբ
- 1670x1113px - 506 Կբ
- 1670x1113px - 437 Կբ
- 1670x1113px - 369 Կբ
- 1670x1113px - 441 Կբ
- 1670x1113px - 407 Կբ
- 1670x1113px - 542 Կբ
- 1670x1113px - 376 Կբ
- 1670x1113px - 475 Կբ
ևս 65 լուսանկար
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերի:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը:
Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ: Մասնավորապես, մասնակիցների թվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը և այլք:
Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի մի շարք երկկողմ հանդիպումներ:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի հետ:
Զրուցակիցները կարևորել են հայ-իրաքյան հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Այդ առումով, կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, գործարարների շրջանում փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կնախանշվեն հետագա քայլերն ու համատեղ ծրագրերը:
Կարևորվել է նաև միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությունը:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ:
Քննարկվել են հանցավորության դեմ պայքարում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետն անդրադարձել է ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումներին ու ծրագրերին` հույս հայտնելով, որ այս ուղղությամբ ևս համագործակցությունը կզարգանա:
Քեթրին դը Բոլն արդյունավետ է գնահատել ՀՀ իրավապահ մարմինների հետ գործակցությունը և ընդգծել Եվրոպոլի պատրաստակամությունը` շարունակելու սերտ աշխատանքը հայ գործընկերների հետ:
* * *
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր շուրջ:
* * *
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հանդիպումը:
Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են: Այդ համատեքստում, կարևորվել է գործարար կապերի ընդլայնումն ու խորացումը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչի հետ:
Վարչապետն ընդգծել է ՀՀ կառավարության և ԿԽՄԿ-ի միջև սերտ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԿԽՄԿ-ն Լեռնային Ղարաբաղում գործող միջազգային միակ կազմակերպությունն է, որը հատկապես Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով էապես նպաստում է ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամի հետևանքով առաջացող տարբեր խնդիրների մեղմմանն ու լուծմանը` ցուցաբերելով մարդասիրական աջակցություն: Վարչապետի խոսքով` ԿԽՄԿ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում ունի կարևորագույն դեր ու նշանակություն:
ԿԽՄԿ նախագահը նշել է, որ շարունակելու են իրենց մանդատին համաձայն նպաստել ԼՂ բնակչության հումանիտար խնդիրների լուծմանը: Տիկին Սպոլյարիչը նշել է նաև ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցության փաստը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին` մինչ օրս Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և նրանց ընտանիքների միջև կապ ապահովելու համար:
* * *
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՄ-ն Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների հիմնական գործընկերն է և շնորհակալություն է հայտնել այդ ուղղությամբ ցուցաբերվող օժանդակության համար:
Ուրսուլա Ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և հայտնել ԵՄ պատրաստակամությունը` շարունակելու աջակցության ծրագրերը մեր երկրին:
Կողմերը մտքեր են փոխանակել Եվրամիության Արևելյան գործընկերության տնտեսական ու ներդրումային պլանի շրջանակներում ՀՀ-ում իրականացվելիք ծրագրերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակին:
* * *
Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հանդիպումը:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և ընդգծել միջազգային հանրության կողմից շարունակական ու հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը` խնդրի լուծման նպատակով:
Կողմերն անդրադարձել են Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և հույս հայտնել, որ այն կնպաստի խաղաղության ու կայունության ամրապնդմանը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
* * *
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հանդիպումը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջերս տեղի է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարարի առաջին այցը Հայաստան, ինչը երկկողմ հարաբերություններում ունի պատմական նշանակություն: Վարչապետը հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպումը ևս նոր ազդակ կհաղորդի հայ-խորվաթական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Խորվաթիայի վարչապետը նշել է, որ իր գլխավորած կառավարությունը ևս շահագրգիռ է ընդլայնելու փոխգործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում:
Հաջորդիվ զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում առկա իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ, արդեն ավելի քան մեկ ամիս է Ադրբեջանն արգելափակել է նաև էլեկտրամատակարարումը, լուրջ խնդիրներ են առկա գազի մատակարարման հետ կապված: Նիկոլ Փաշինյանի խոսքով` այս ամենն առաջացնում է ոչ միայն հումանիտար, այլ նաև բնապահպանական ճգնաժամ: Խնդրի լուծման հարցում վարչապետը կարևորել է միջազգային հանրության հասցեական ու հետևողական արձագանքը:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և ընդգծել տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման կարևորությունը:
Վարչապետ Փաշինյանը Խորվաթիայի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Հրավերը սիրով ընդունվել է:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումներ ունենալ արտերկրի գործընկերների հետ:
Փետրվարի 18-ին Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցին:
Զրուցակիցները քննարկել են հայ-լատվիական հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և կարևորել Եվրոպական միության շարունակական աջակցությունը` դրանք արդյունավետ կյանքի կոչելու գործում: Վարչապետը նշել է, որ ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:
Նիկոլ Փաշինյանը և Էգիլս Լևիցին մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, ԼՂ հիմնախնդրի շուրջ:
Երկուստեք կարևորվել է Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը մեր երկրում: Կողմերը հույս են հայտնել, որ այն կնպաստի կայունությանն ու խաղաղությանը:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերի հետ:
Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵՆԲ-ի միջև համագործակցությունը և տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ներդրումային ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՆԲ-ի հետ գործակցությամբ կյանքի կոչվող ծրագրերը մեծ նշանակություն ունեն մեր երկրի գործարար շրջանակների և քաղաքացիների համար, քանի որ ծրագրերն ուղղված են մասնավոր հատվածի ֆինանսավորմանը, տարբեր ենթակառուցվածքային հանգույցների բարելավմանը: Վարչապետը նաև նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԵՆԲ-ի հետ քննարկել նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Վերներ Հոյերն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը և նշել, որ ԵՆԲ-ն պատրաստ է քննարկել հայ գործընկերների հետ տարբեր ուղղություններով նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն ու կարևորել կայունության ու խաղաղության ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
* * *
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության:
Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը:
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի փաստը:
Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի համաժողովի շրջանակում մասնակցել է Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը՝ «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով: Քննարկմանը մասնակցել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը:
Ստորև ներկայացվում է վարչապետ Փաշինյանին քննարկումը վարողի կողմից ուղղված հարցերն ու պատասխանը.
Հարց - Պրն․ վարչապետ, կխնդրեմ մեկնաբանել ի՞նչ հետևանքներ է ունենում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը Ձեր երկրի վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն։ Կցանկանամ շնորհակալություն հայտնել Ձեզ այս ձևաչափի կազմակերպման համար։ Համաձայն եմ, գուցե սա պատմական հանդիպում է, բայց կարևոր է հասկանալ այն պատմության կոնտեքստը, որն այս պահին կերտվում է, որովհետև մենք կարող ենք տարբեր արդյունքներ կամ հետևանքներ ունենալ, և ես կարծում եմ, մենք պետք է հետապնդենք արդյունք։ Սա մեր մոտեցումն է։
Ինչ վերաբերում է Ձեր հարցին, գլոբալ անկայունությունը չի կարող դրական ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանային իրավիճակի վրա, որովհետև գիտեք, որ արդեն տևական ժամանակ է ամբողջ միջազգային ուշադրությունը հասկանալիորեն սևեռված է Ուկրաինայի վրա, և դա մեր տարածաշրջանի համար նոր ռիսկեր է ստեղծում։ Շատ կարևոր է, որ մեր տարածաշրջանը նույնպես արժանանա միջազգային ուշադրության, որովհետև կարծում եմ, որ շատ ռիսկեր կան։
Ո՞րն է մեր մոտեցումը։ Մենք հավատարիմ ենք մնում մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, որովհետև հավատում ենք, որ ժողովրդավարական բարեփոխումները, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, անկախ դատական համակարգը կբարելավեն իրավիճակը մեր տարածաշրջանի շուրջ։ Կարծում ենք, որ սա շահավետ է ողջ տարածաշրջանի համար, իսկ մեզ համար շատ կարևոր է՝ աշխատանքի մեր մասն անելու առումով։
Հարց - Պարոն Փաշինյան, Դուք հիմա նաև Թուրքիային եք օգնում այս սարսափելի երկրաշարժի հետ կապված։ Ի՞նչ եք կարծում, կա՞ն արդյոք հարաբերությունների բարելավման հեռանկարներ Հայաստանի և Թուրքիայի միջև։ Հնարավո՞ր է, որ այս սարսափելի աղետն առիթ հանդիսանա ձեր հարաբերություններում փոփոխության համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն։ Գիտեք, Թուրքիա հումանիտար օգնություն ու փրկարարներ ուղարկելու որոշման հիմքում մենք ունեինք միայն մարդասիրական շարժառիթներ, քանի որ մեր հարևանությամբ միլիոնավոր մարդիկ էին տառապում, բայց այս ընթացքում մենք թուրքական կառավարությունից բավականին դրական ռեակցիայի ականատես եղանք, և եթե այս քայլն ունենա նաև քաղաքական հետևանքներ, դա կլինի էլ ավելի լավ։ Բայց մեր սկզբնական շարժառիթը զուտ մարդասիրական էր, և ինչպես մենք հայտարարել էինք, պատրաստ ենք ցուցաբերել այնքան մարդասիրական օգնություն, որքան մեր հնարավորությունները ներում են, և մենք պատրաստ ենք դա անել։
Ինչ վերաբերում է քաղաքական երկխոսությանը, անկեղծ ասած, մինչև երկրաշարժը մենք արդեն հաստատել էինք քաղաքական երկխոսություն հատուկ ներկայացուցիչների միջոցով, և ես կարծում եմ, այդ երկխոսությունը շատ կարևոր է։ Ես նկատի ունեմ համապատասխան մթնոլորտ ստեղծելու առումով, որտեղ այս որոշումները կայացվեցին։ Եվ մենք կարծում ենք, որ այս մարդասիրական երկխոսության կոնտեքստում քաղաքական որոշումներ կայացնելու հնարավորություններն էլ ավելի բարձր կլինեն։ Մենք պատրաստ ենք առաջ շարժվել և կարծում ենք, որ դիվանագիտական կապերի հաստատումը Թուրքիայի հետ և մեր սահմանի բացումը շատ դրական ազդեցություն կունենան ոչ միայն մեր տարածաշրջանային իրավիճակի հետ կապված, այլ նաև միջազգային իրավիճակի առումով։
Հարց - Այժմ ուզում եմ վերադառնալ հարցին, որի մասին նախագահ Ալիևն ակնարկեց սկզբում։ Խոսքը պատերազմի մասին է, որ սկսվեց երկու տարի առաջ, և հիմա էլ մենք տեսնում ենք մի իրավիճակ, որը դեռևս շարունակում է մնալ ճգնաժամային։ Մենք այստեղ բանակցություններ չենք վարում, բայց միջազգային հանրությունը մտահոգված է հումանիտար իրավիճակով, և մենք, բոլորն ինչպես հետևում են Թուրքիայում հումանիտար իրավիճակին, այդպես էլ հետևում են այնտեղ առկա խնդրին։ Դրսից մենք տեսնում ենք Լաչինի միջանցքը շրջափակված է։ Պարոն վարչապետ, կցանկանայի մի փոքր խոսեիք վստահության ամրապնդման ջանքերի մասին։ Մենք, իհարկե, կցանկանայինք տեսնել լարվածության անկում փոքր քայլերի միջոցով, որը կմոտեցնի այս հակամարտության լուծմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն։ Դուք իրավացի եք։ Արդեն 70 օր է, որ Լաչինի միջանցքն արգելափակված է։ Դժբախտաբար, հիմա Լեռնային Ղարաբաղում առկա է հումանիտար ճգնաժամ, ինչպես նաև էներգետիկ ճգնաժամ, որովհետև էլելտրաէներգիայի մատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ կասեցված է, գազի մատակարարումը նույնպես կասեցված է, և մենք հաշվել ենք, որ վերջին 70 օրվա ընթացքում գազի մատակարարումը կասեցվել է առնվազն 10 անգամ, և սա խնդիր է, որն արժանի է ուշադրության։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում մենք ունենք շատ կոնկրետ կետեր Լաչինի միջանցքի հետ կապված, և համաձայն արդ հայտարարության, Ադրբեջանի և ռուս խաղաղապահների պարտականությունն է Լաչինի միջանցքը բաց պահել, բայց հիմա, դժբախտաբար, մենք ունենք բացարձակապես այլ իրավիճակ։ Մենք կարծում ենք, որ միջազգային ուշադրությունը պետք է սևեռված լինի այս իրավիճակի վրա, որովհետև մտավախություն ունենք, որ այս իրավիճակի շարունակականությունը կարող է պատճառել անդառնալի հումանիտար հետևանքներ Լեռնային Ղարաբաղի հայերի համար։
Հարց - Ինչպես ասացի, այստեղ բանակցություններ չենք վարում, բայց կցանկանայի վարչապետ Փաշինյանին հնարավորություն տալ արձագանքել նախագահ Ալիևին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին՝ նախագահը նշեց եռակողմ հայտարարության մասին, և այդ հայտարարությունում առկա է Լեռնային Ղարաբաղը, և այս փաստաթղթի տակ առկա է Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։
Եվ մենք ունենք Լաչինի միջանցքը, որը պետք է ազատորեն գործեր։ Ի դեպ, համաձայն այդ եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքը պետք է լիներ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս, և սա համաձայն Ադրբեջանի նախագահի ստորագրության: Վերջերս Լեռնային Ղարաբաղից մի խումբ հայ երեխաներ փորձում էին ուղևորվել Լաչինի միջանցքով և նրանց կանգնեցրեցին. որոշ դիմակավորված ադրբեջանցիներ ներխուժեցին ավտոբուսի ներս, որտեղ երեխաները ճչում էին։ Սա Լեռնային Ղարաբաղի հայերի վերջին փորձն էր ազատորեն տեղաշարժվել Լաչինի միջանցքով։
Նախագահ Ալիևը նշեց քանդված մզկիթների մասին։ Կցանկանայի նշել, որ 2017թ.-ին Ադրբեջանում մի քանի մզկիթներ քանդվել են նոր ճանապարհներ կառուցելու համար։ Իմիջիայլոց, Խորհրդային տարիներին Ադրբեջանում 1560 մզկիթներ են քանդվել, և դա սովորական բան էր Խորհրդային Միության համար։ Հայաստանում նույնպես քանդվել են եկեղեցիներ և մզկիթներ։ Գիտեք, Լեռնային Ղարաբաղի հայերը չպետք է վճարեն Խորհրդային տարիների պարտքը։ Դա շատ վտանգավոր խոսույթ է, որովհետև ես մտավախություն ունեմ, այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանն այս ամբողջ իրավիճակին փորձում է հաղորդել կրոնական կոնտեքստ։ Դա շատ վտանգավոր է։ Չկա որևէ կրոնական կոնտեքստ այս հակամարտությունում։
Եվ իմիջիայլոց, մեր երկրում մենք ունենք մահմեդական փոքրամասնություն, և ունենք գործող մզկիթ, սա է իրականությունը։ Գիտե՞ք ինչն է Ադրբեջանի խոսույթում մտավախություն առաջացնում. նրա հռետորաբանությունը տպավորություն է ստեղծում, և գուցե այդպես էլ կա, որ Ադրբեջանը որդեգրել է վրեժխնդրության քաղաքականություն: Հնարավոր է` դա է Ադրբեջանի քաղաքականությունը։ Բայց ինչպես նշվեց, մենք շատ բարդ պատմություն ունենք, և ես հենց նոր ասացի, որ այո՛, գուցե սա պատմական հանդիպում է, բայց ի՞նչ նպատակով ենք մենք ցանկանում դա օգտագործել։ Անհանդուրժողականություն, ատելություն բորբոքելո՞ւ, ագրեսիվ հռետորաբանություն մեր տարածաշրջանու՞մ, թե հակառակը՝ օգտագործել այս հարթակը` իրավիճակը բարելավելու համար։
Մենք կարծում ենք, որ այս հարթակը պետք է օգտագործել կառուցողական մտադրություններով։ Իհարկե, մենք հիմա կարող ենք թշնամության մասին շատ պատմություններ պատմել, բայց ո՞րն է ղեկավարների դերը՝ խորացնե՞լ այդ թշնամանքը, թե՞ օգտագործել մեր հնարավորությունները, մեր մանդատները։ Ես հպարտ եմ որ ես, մեր Կառավարությունը, նույնիսկ աղետալի պատերազմից հետո կարողացավ մեր երկրում անցկացնել ազատ, ժողովրդավարական ընտրություններ, որն ամբողջ աշխարհի կողմից ճանաչվեց որպես ազատ և ժողովրդավարական, թափանցիկ և մրցունակ։ Եվ ինչպես ասացի, մեր տեսանկյունից, լուծումը ժողովրդավարությունն է, լուծումը թափանցիկությունն է, լուծումը երկխոսությունն է, լուծումը հարգանքն է բոլոր երկրների հանդեպ։ Եվ մենք պատրաստ ենք աշխատել այդ ուղղությամբ։ Շնորհակալություն։
Հարց - Պարոն վարչապետ, Դուք մի քանի անգամ նշել եք, որ ՀԱՊԿ-ն այնքան էլ արդյունավետ չէ այս պահին, և հարց է բարձրացվում, որ Հայաստանը կարող է լքել այն։ Կխնդրեի մեկնաբանել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, մենք որոշակի մտահոգություններ ունենք ՀԱՊԿ-ի հետ կապված, և այդ մտահոգությունները հանրային են եղել: Մենք այդ հարցերը բարձրացրել ենք մեր գործընկերների մոտ, փաստացիորեն հանրայնացրել ենք, և մտահոգությունները դեռ առկա են: Աշխատում ենք այդ հարցերին, մտահոգություններին լուծումներ գտնելու ուղղությամբ։
* * *
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը:
Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը: Կարևորվել է այս ուղղությամբ միջազգային հանրության հետևողական ուշադրությունն ու հասցեական արձագանքը:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ:
Վարչապետը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների՝ բիզնես միջավայրի բարելավման, մասնավոր հատվածի մրցունակության խթանման, կապիտալ շուկաների զարգացման, քաղաքային լուսավորության և այլ ուղղություններով: Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ ապագայում ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող ներդրումների ծավալը կաճի ու կներգրավի տնտեսության առավել բազմազան ոլորտները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրում փոքր և միջին բիզնեսի համար ծրագրերի իրականացումը և հավելել, որ ՀՀ կառավարության նպատակն է նոր թափ հաղորդել բիզնես ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը:
Օդիլ Ռենո-Բասսոն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել ու ընդլայնել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերում:
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Գերմանիայի Տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայիլ Հարմսի հետ: Քննարկվել են երկկողմ տնտեսական փոխգործակցությանը և բիզնես կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր:
* * *
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ինգրիդա Շիմոնիտեի հանդիպումը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Լիտվայի միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն ու զարգացմանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շուրջ:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում առկա հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին: Այս համատեքստում, կարևորվել է միջազգային հանրության հետևողական ու շարունակական արձագանքն Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին:
Կարևորվել է Միջազգային ճգնաժամային խմբի հետ համագործակցության զարգացումն ու շարունակականությունը:
Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը Մյունխեն ավարտվել է: