Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքիա

20.06.2025 - 20.06.2025

ևս 87 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա:

Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին:

Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Վարչապետն իր խոսքում կարևորել է Թուրքիա կատարած աշխատանքային այցը՝ ընդգծելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված հանդիպման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։

Երկրի ղեկավարի խոսքով՝ այցի հիմքում ընկած են Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները, իսկ ընթացող գործընթացը հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից։ Միաժամանակ, վարչապետ Փաշինյանը շեշտել է Թուրքիայի հայ համայնքի դերը՝ միջպետական հարաբերությունների հաստատման և երկխոսության խորացման գործընթացում։

Վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են այսօրվա այցին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին, տարածաշրջանային զարգացումներին, «Իրական Հայաստան» գաղափարախոսությանը և մի շարք այլ թեմաների։

* * *

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակում Ստամբուլում այցելել է Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի։

Վարչապետին ուղեկցել են եկեղեցու խորհրդի ատենապետ Հրանտ Մասկաֆյանը, երկրորդ ատենապետ Մինաս Արսլանը, ինչպես նաև եկեղեցուն կից հայկական դպրոցի տնօրեն Քլոտիա Տեմիրը: Վարչապետ Փաշինյանը շրջել է եկեղեցում, կատարել մոմավառություն և ծանոթացել համայնքային կյանքի պայմաններին։

Այցի ընթացքում վարչապետը եղել է նաև նախակրթարանում և հայկական դպրոցում՝ տեղում ծանոթանալով կրթական ծրագրերին ու համայնքային նախաձեռնություններին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանի առաջ։

* * *

Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացին և շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։

Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը։

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։

← Վերադառնալ