1670x1113px - 606 Կբ
1670x1113px - 608 Կբ
1670x1113px - 575 Կբ
1670x1113px - 601 Կբ
1670x1113px - 769 Կբ
1670x1113px - 767 Կբ
1670x1113px - 833 Կբ
1670x1113px - 791 Կբ
1670x1113px - 743 Կբ
1670x1113px - 694 Կբ
1670x1113px - 594 Կբ
1670x1113px - 618 Կբ
1670x1113px - 681 Կբ
1670x1113px - 633 Կբ
1670x1113px - 618 Կբ
1670x1113px - 564 Կբ
1670x1113px - 566 Կբ
1670x1113px - 737 Կբ
1670x1113px - 774 Կբ
1670x1113px - 762 Կբ
1670x1113px - 805 Կբ
1670x1113px - 421 Կբ
1670x1113px - 434 Կբ
1670x1113px - 939 Կբ
1670x1113px - 925 Կբ
1670x1113px - 894 Կբ
1670x1113px - 917 Կբ
ևս 24 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել:
Տեղի կունենա եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:
Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։
* * *
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև.
«ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատում և առաջ են մղում իրենց գործընկերությունն առաջնորդների հանդիպման ժամանակ.
Այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Եվրոպական միության և Հայաստանի միջև աճող գործընկերությունը վերահաստատելու և առաջ մղելու նպատակով: Նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը ողջունեցին Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգը և իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական բարեփոխումներին:
Հանդիպման ընթացքում առաջնորդները ողջունեցին ԵՄ-ՀՀ Գործընկերության նոր օրակարգի տեքստի վերաբերյալ վերջերս ձեռք բերված քաղաքական համաձայնությունը, որը կարևոր հանգրվան է կապերի խորացման համատեղ հանձնառության համար: Նրանք նաև գոհունակությամբ նշեցին վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը և Հայաստանի` վերջերս ընդունված «ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը:
ԵՄ-ն վերահաստատեց իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը՝ էական ֆինանսական և տեխնիկական օգնության միջոցով: «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում, ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի՝ խթանելով ներառական աճը և կապակցվածությունը։
2024 թվականի ապրիլին հայտարարված 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագիրը 50%-ով մեծացրեց ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը: Ներդրումները խթանելուն միտված 200 միլիոն եվրոյի դրամաշնորհային օգնությամբ և 70 միլիոն եվրոյի դրամաշնորհային ֆինանսավորմամբ՝ այն շարունակում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին, ավելի սերտ ոլորտային համագործակցությանը և էներգետիկայի, տրանսպորտի և մասնավոր հատվածներում ներդրումներին:
Այս համատեքստում, ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ միտված տարածաշրջանային կապակցվածությանը և հաշտեցմանը: Նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը նաև նշեցին Հայաստանի շարունակական ջանքերը՝ միտված Հարավային Կովկասում կայունության խթանմանը, մասնավորապես, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածության և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի միջոցով: Առաջնորդները նաև ընդգծեցին Հայաստանը ԵՄ տարածաշրջանային և տնտեսական նախաձեռնություններում, մասնավորապես, Սև ծովի ռազմավարության շրջանակներում, ներգրավելու հնարավորության կարևորությունը։
Նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը շնորհակալություն հայտնեցին Հայաստանին` սերտ համագործակցության և պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար: Վարչապետ Փաշինյանի հետ միասին նրանք համաձայնեցին շարունակել համատեղ ջանքերն այդ ուղղությամբ։
Անվտանգության ոլորտում համագործակցությունն առանձնահատուկ տեղ գտավ քննարկումներում: Առաջնորդները ողջունեցին ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության խորհրդակցությունների մեկնարկը՝ ընդգծելով խաղաղության, կայունության և ժողովրդավարական դիմակայունության նկատմամբ իրենց համատեղ հանձնառությունը:
Անդրադառնալով անվտանգության հետ կապված մի շարք մտահոգությունների, այդ թվում՝ արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաներին և միջամտությանը, ապատեղեկատվությանը և կիբեռսպառնալիքներ, ԵՄ-ն առաջարկեց համագործակցել Հայաստանի հետ՝ գնահատելու նրա կարիքները, որոշելու համագործակցության առաջնահերթ ոլորտները և կիրառելու ԵՄ առկա գործիքները: Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար ԵՄ-ն հայտարարեց անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար նախատեսված 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին։
ԵՄ առաջնորդները ողջունեցին այն փաստը, որ Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։
Վերջում առաջնորդները եզրակացրին, որ այսօրվա հանդիպումը կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերություններում և կոչ արեցին շարունակել առաջընթացն այս աշնանը կայանալիք ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստին»։
* * *
Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը:
Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը և կարևորել Հայաստանի հետ հետևողական ու արդյունավետ երկխոսությունը: Նա ուրախությամբ արձանագրել է, որ ավարտվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ քննարկումները, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստի շրջանակում: Մարթա Կոսը ևս մեկ անգամ հայտնել է ԵՄ ամուր աջակցությունը Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին և ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ` հույս հայտնելով, որ ՀՀ-ԵՄ սերտ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել տարբեր ուղղություններով: ՀՀ վարչապետը կարևորել է ԵՄ օժանդակությունը Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը, տրանսպորտի, ենթակառուցվածքների զարգացմանը, փոքր և միջին բիզնեսի կարողությունների ընդլայնմանը, ԵՄ ստանդարտների ներդրմանը և այլն:
Զրուցակիցները քննարկել են ԵՄ ֆինանսական գործիքակազմերով մեր երկրում իրականացվող ծրագրերին, տնտեսական գործընկերության խթանմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին: Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության կողմից այս ուղղությամբ շարունակական աջակցությունը:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նշել է, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Հայաստան` ավելի առարկայական քննարկելու համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները:
* * *
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Բարտ Դը Վեվերի հանդիպումը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության դինամիկ բնույթից և կարևորել առևտրատնտեսական գործընկերության զարգացման, ներդրումների, բիզնես կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Բելգիայի վարչապետը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման գործում` վստահություն հայտնելով, որ ՀՀ վարչապետի Բրյուսել այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:
Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է հայտնել այսօր տեղի ունեցած հանդիպումների արդյունքներից և ընդգծել ՀՀ Կառավարության հանձնառությունը` զարգացնելու գործակցությունը ԵՄ-ի հետ, այդ թվում` ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ առաջմղման ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը և Բարտ Դը Վեվերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, այդ թվում` Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել ավարտվել է: