Արտերկրյա այցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն
1670x1113px - 529 Կբ
1670x1113px - 479 Կբ
1670x1113px - 511 Կբ
1670x1113px - 480 Կբ
1670x1113px - 455 Կբ
1670x1113px - 450 Կբ
1670x1113px - 470 Կբ
1670x1113px - 358 Կբ
1670x1113px - 419 Կբ
1670x1113px - 543 Կբ
1670x1113px - 413 Կբ
1670x1113px - 788 Կբ
1670x1113px - 683 Կբ
1670x1113px - 749 Կբ
1670x1113px - 558 Կբ
1670x1113px - 596 Կբ
1670x1113px - 619 Կբ
1670x1113px - 822 Կբ
1670x1113px - 712 Կբ
ևս 16 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին:
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին, Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին, Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին, Ուզբեկստանի փոխվարչապետ Ժամշիդ Խոջաևը:
Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Պատվիրակությունների հարգելի՛ ղեկավարներ,
Տիկնայք և պարոնայք,
Նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս կարևոր միջազգային միջոցառմանը՝ «Համաշխարհային ատոմային շաբաթ» ֆորումին մասնակցելու հրավերի համար: Մենք նաև շնորհակալ ենք ջերմ ընդունելության և այս միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ցանկանում եմ շնորհավորել ռուսական կողմին Ռուսաստանի միջուկային արդյունաբերության հիմնադրման 80-ամյակի առիթով:
Սա գիտատեխնիկական զարգացման կարևորագույն իրադարձություն է, միջուկային էներգիայի ոլորտի փայլուն մտքերի աշխատանքի արդյունք: Հաճելի զուգադիպություն է նաև այն, որ ֆորումն անցկացվում է էներգետիկայի ոլորտի ականավոր մասնագետ և Հայկական ԱԷԿ-ի նախկին գլխավոր ինժեներ Էդուարդ Սաակովի 80-ամյակի տարում, ով անջնջելի հետք է թողել Հայկական ԱԷԿ-ի պատմության մեջ:
Ատոմային էներգիան կարևոր դեր է խաղում կայուն և մաքուր էներգամատակարարման ապահովման գործում: Այն նպաստում է ածխածնի արտանետումների կրճատմանը և ցածր ածխածնային զարգացման նպատակներին: Թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության լայն տարածումը հանգեցնում է էլեկտրաէներգիայի սպառման զգալի աճի: Սա, իր հերթին, մեծացնում է ատոմային էներգիայի՝ որպես կայուն և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրի կարևորությունը: Ապագայում ատոմային էներգիան կդառնա կայուն էներգետիկ հաշվեկշռի կարևոր տարր։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերն ատոմային անվտանգությունն ու պաշտպանվածությունն ապահովելու համար: Հայաստանը լուրջ է վերաբերվում իր միջազգային պարտավորություններին և վերահաստատում է իր հանձնառությունը չտարածման միջազգային ռեժիմի չափանիշներին և սկզբունքներին:
Տիկնայք և պարոնայք,
Հաշվի առնելով այս նկատառումները՝ Հայաստանի Կառավարությունը հաստատել է ատոմակայանը որպես երկրի էլեկտրաէներգետիկ հաշվեկշռի կարևորագույն բաղադրիչ պահպանելու քաղաքականությունը: Այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի մոտ 30%-ն արտադրվում է Հայկական ատոմակայանի կողմից:
Հայկական ատոմակայանի անվտանգ գործունեությունը ՀՀ Կառավարության համար ռազմավարական առաջնահերթություն է և կենտրոնական դեր է խաղում մեր էներգետիկ անվտանգության ապահովման, Փարիզի համաձայնագրի շրջանակներում մեր Ազգային մակարդակով սահմանված ներդրումների (NDCs) կատարման և ազգային տնտեսական աճի աջակցման գործում:
Միևնույն ժամանակ, միջուկային էներգետիկայի ռազմավարական նշանակությունը հատուկ պատասխանատվություն է դնում մեզ վրա ներկա և ապագա սերունդների առջև։ Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի Հայկական ԱԷԿ-ի շահագործման ընթացքում պահպանվեն անվտանգության ամենաբարձր չափանիշները։ Մենք պարբերաբար անցկացնում ենք տեսչական և փորձագիտական գնահատման առաքելություններ, որոնց զեկույցները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանը շահագործում է ԱԷԿ-ը ԱԷՄԳ-ի անվտանգության չափանիշներին համապատասխան, ինչի մասին է վկայում միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որևէ միջադեպի բացակայությունը։
Հենց այս սկզբունքն է կիրառվել վերջին տարիներին ատոմակայանում իրականացված լայնածավալ արդիականացման ժամանակ, ինչի շնորհիվ մեզ հաջողվել է երկարաձգել դրա շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը։ Այս փորձի հիման վրա, Հայաստանը, ինչպես շատ այլ երկրներ, որոշել է երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականից մինչև 2036 թվականը։ Հայկական ատոմակայանի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը պարզապես տեխնիկական խնդիր չէ, այլ Հայաստանի Հանրապետության, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և այլ միջազգային գործընկերների միջև արդյունավետ և վստահելի գործընկերության արդյունք։
Այս երկարաձգումն ամուր հիմք կստեղծի Հայկական ԱԷԿ-ի շահագործման ավարտից հետո նոր էներգաբլոկի շահագործմանը սահուն անցում կատարելու համար, ինչը մեր վերջնական նպատակն է։ Այս համատեքստում Հայաստանը մտադիր է շարունակել զարգացնել սերտ համագործակցությունն ԱԷՄԳ-ի և այլ գործընկեր երկրների հետ՝ գործող էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար՝ հաշվի առնելով տնտեսական արդյունավետությունը, անվտանգությունը, ինչպես նաև երկրի էներգետիկ համակարգի առանձնահատկություններն ու բնույթը։ Շահագործման հանձնվող նոր էներգետիկ օբյեկտները կդառնան տարածաշրջանային զարգացման կարևոր գործոն։
Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր ներգրավված մասնագետներին իրենց աշխատանքի համար և կրկին շնորհավորում նրանց այս նշանակալի հոբելյանի առիթով։ Հուսով եմ՝ նախատեսված աշխատանքներն ակտիվորեն կշարունակվեն և հաջողությամբ կավարտվեն սահմանված ժամկետներում։
Տիկնայք և պարոնայք,
Մեր թափանցիկ քաղաքականությունը միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման ոլորտում մնում է առաջադեմ միջուկային տեխնոլոգիաների ուսումնասիրության հիմքը։
Ոչ պակաս կարևոր են նաև միջուկային տեխնոլոգիաների ոչ էներգետիկ կիրառությունները, ինչպիսիք են` բժշկությունը, էկոլոգիան, գյուղատնտեսությունը, գիտությունը և կրթությունը։ Մենք երախտագիտությամբ ենք ընդգծում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և գործընկեր երկրների աջակցությունը և մասնագիտական օգնությունը, գիտելիքները և առաջարկությունները, որոնք կենսական դեր են խաղում մեր երկրում այս ոլորտների զարգացման գործում։
Հուսով ենք, որ միջազգային գործընկերների հետ փոխշահավետ համագործակցությունը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում այսուհետ ևս կշարունակի զարգանալ և ամրապնդվել: Միասին մենք կարող ենք ստեղծել կայուն ապագա մեր երկրների համար՝ ուղղելով մեր ջանքերը նոր տեխնոլոգիաների մշակմանը, անվտանգության բարելավմանը և շրջակա միջավայրի պաշտպանությանը:
Շնորհակալություն ուշադրության համար»:
Համաժողովի մասնակիցները շրջայց են կատարել նաև «Ատոմ» ցուցահանդեսում, որտեղ ներկայացվել են ատոմային էներգետիկայի ոլորտում ՌԴ կարողություններն ու ծագրերը:
* * *
Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին - Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի բարեկամներ, բարի երեկո, շատ ուրախ եմ ձեզ տեսնել: Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը և ժամանեցիք միջազգային միջոցառմանը` նվիրված ատոմային ոլորտի զարգացմանը:
Հայաստանում երկար ժամանակ գործում է ատոմային էլեկտրակայանը, ինչպես անձամբ ասացիք ֆորումի ընթացքում, այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30 տոկոսը: Ամեն դեպքում դա լուրջ ցուցանիշ է: «Ռոսատոմ»-ն այժմ աշխատում է այդ ԱԷԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ, դրա համար Ձեր ներկայությունը ֆորումին լիովին տրամաբանական է:
Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները զարգանում են, զարգանում են լավ, գրեթե 11 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ունենք: Մեր վիճակագրական տվյալներով` Հայաստանի հետ 2024 թվականին 11,7 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն ենք ունեցել, դա ռեկորդային ցուցանիշ է: Հարաբերությունները զարգանում են նաև բոլոր մյուս ուղղություններով: Մենք միշտ ունենք խոսելու թեմաներ, չնայած վերջերս ենք հանդիպել, ամեն դեպքում շատ ուրախ ենք Ձեզ տեսնել Մոսկվայում: Եվս մեկ անգամ բարի գալուստ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի շնորհակալություն «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումին հրավիրելու համար: Այսօր մենք բազմաթիվ նորություններ իմացանք ատոմային տեխնոլոգիաների մասին, շնորհակալություն դրանցով կիսվելու համար: Իհարկե, ատոմային էներգետիկայի դերը շարունակաբար աճում է և ատոմային էներգետիկան արդեն գլոբալ առումով համարվում է էկոլոգիական էներգիա:
Մեր երկրի համար նույնպես ատոմային էներգիան շատ կարևոր է: Դուք ճիշտ նկատեցիք, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության հետ և աշխատում ենք ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու նպատակով: Մենք այժմ աշխատում ենք և փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր` փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ, և իհարկե, այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք ՌԴ-ի հետ: Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք «Ռոսատոմ» կորպորացիայի հետ:
Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները ըստ նախատեսվածի զարգանում են: Դուք ընդգծեցիք փոխադարձ առևտրաշրջանառությունը, ճիշտ է այս տարի որոշակի անկում է նկատվում, դա կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց ես կարծում եմ, որ կա հնարավորություն աշխատելու այդ ուղղությամբ, որպեսզի մեր փոխադարձ առևտուրը շարունակի աճել այն տեմպերով, որոնք արձանագրվել են 2023-2024 թվականներին: Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է, և իսկապես ունենք քննարկելու բազմաթիվ հարցեր: Շնորհակալություն: