Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Դանիայի Թագավորություն

01.10.2025 - 02.10.2025

ևս 56 լուսանկար

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը 2025թ. հոկտեմբերի 2-ին Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում հանդիպում են ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Կողմերն ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը։ Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում «TRIPP» նախագծի իրականացման առաջընթացը՝ մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։

Այս համատեքստում, կողմերը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրա հետ առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը։

Կողմերը կարևորել են վստահության ամրապնդման միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունը և համաձայնել են շարունակել իրենց շփումները։

* * *

Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգծել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների և «TRIPP» նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։

Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր երկրի շարունակական աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի համար այս կարևոր փուլում ցուցաբերած համակողմանի աջակցության համար։

Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները երկկողմ և բազմակողմ հարթակներում։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին:

Երկրների առաջնորդներին դիմավորել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը: Այնուհետև տեղի է ունեցել գագաթնաժողովի լիագումար նիստը:

Հաջորդիվ կայացել է գագաթնաժողովի մասնակիցների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:

* * *

Կոպենհագենում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:

Մասնավորապես, վարչապետը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Ֆարերյան կղզիների վարչապետ Ակսել Յոհանեսենի, Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի, Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելայի, Ռումինիայի նախագահ Նիկոշուր Դանի և այլ գործընկերների հետ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում հանդիպում է ունեցել Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կողմերը հեռանկարային են համարել առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության խորացումը և պայմանավորվել են այդ ուղղություններով իրականացնել հետևողական քայլեր։

Մոնտենեգրոյի նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ վստահություն հայտնելով, որ այն կբացի զարգացման լայն հնարավորություններ տարածաշրջանի համար։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկխոսությունը բարձր մակարդակի փոխայցելությունների շրջանակում:

* * *

Հոկտեմբերի 2-ին, Կոպենհագենում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան–Եվրամիություն համագործակցության ընթացքը և դրա ընդլայնման հեռանկարները։ Կողմերը կարևորել են համատեղ նախաձեռնությունների իրականացումը՝ ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, տարածաշրջանային կայունության և տնտեսական զարգացման ոլորտներում։

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի նկատմամբ Եվրոպական խորհրդարանի շարունակական ուշադրությունն ու աջակցությունը՝ ընդգծելով ԵՄ-ի հետ համագործակցության խորացման և գործընկերության օրակարգը։

Իր հերթին, Ռոբերտա Մեցոլան վերահաստատել է Եվրոպական խորհրդարանի պատրաստակամությունը` շարունակելու աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների, ինստիտուցիոնալ զարգացման և խաղաղության օրակարգի ամրապնդման գործում։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման և «TRIPP» նախագծի շուրջ։

* * *

Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը, նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգը, մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքներին և «TRIPP» նախագծի իրագործմանը։ Այս համատեքստում, ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության և կայուն զարգացման կարևոր հենասյուն։

Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները վերահաստատել են ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար և կարևորել ԵՄ-ի հետ գործընկերության խորացումը։

* * *

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի փակման նիստում հանդես է եկել ելույթով: Վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի վարչապետ Ֆրեդերիկսեն,
Հարգելի գործընկերներ,
Գերազանցություններ,

Թույլ տվեք շնորհավորել Դանիային Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովը գերազանց մակարդակով կազմակերպման համար: Այսօր մենք քննարկեցինք մեր բոլոր պետությունների քաղաքական, անվտանգության և տնտեսական օրակարգն առաջ մղող հրատապ հարցեր: Հիմնվելով ԵՔՀ բոլոր գագաթնաժողովների հաջողության վրա՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը Երևանում:

ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելը կամրապնդի մեր ինտեգրումը եվրոպական ընտանիքին և հնարավորություն կտա ցուցադրել մեր առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում:

Ասելով սա՝ ես կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ՝ ձեզ Երևանում հյուրընկալելու պատվի համար։ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար Եվրոպայի հետ ավելի սերտ կապը ռազմավարական նշանակություն ունի։ ԵՔՀ գագաթնաժողովները նույնպես կարևոր դեր են խաղացել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման գործում։ Հատկանշական է, որ 2022 թվականին Պրահայում անցկացված հենց այս գագաթնաժողովի շրջանակներում էր, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատեցին միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Այս համաձայնագիրը ձեռք է բերվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ և ակտիվ մասնակցությամբ։

Անցյալ տարի, կրկին ԵՔՀ շրջանակներում, Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար աջակցեցին միմյանց թեկնածությունը՝ հյուրընկալելու ԵՔՀ առաջիկա գագաթնաժողովներից մեկը։

Այս համաձայնագրերը, ըստ էության, հիմք հանդիսացան Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովի համար, որտեղ ես և նախագահ Ալիևը խաղաղություն հռչակեցինք։ Եվ այժմ, երբ այցելեք Երևան 2026 թ.-ին և Բաքու` 2027 թ-ին, դուք կտեսնեք երկու պետություն, որոնք աշխատում են խաղաղության և կապակցվածության ամրապնդման և ինստիտուցիոնալացման ուղղությամբ։

Հաշվի առնելով սա, ԵՔՀ Երևանի գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը կլինի կապակցվածությունը։ Միջին միջանցքի իրականացումը և Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև ապրանքների, էներգիայի, օպտիկամանրաթելային մալուխների անխոչընդոտ կապը ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն։

Բացի այդ, ես կարծում եմ, որ հատկապես այսօր կարևոր է ամրապնդել Եվրոպայի կարողությունը՝ պայքարելու մեր առջև ծառացած հիբրիդային սպառնալիքների դեմ և, միևնույն ժամանակ, պահպանելու ժողովրդավարական կառավարման ամբողջականությունը, օրենքի գերակայությունը, ազատ և արդար ընտրությունները և քաղաքական բազմակարծությունը, նույնիսկ ներքին կամ արտաքին ճնշումների պայմաններում։

Քանի որ Հայաստանը հաջորդ տարի հյուրընկալելու է նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը` COP17-ը, մենք հույս ունենք, որ ԵՔՀ-ն կարող է նաև ծառայել որպես հարթակ՝ կանաչ տնտեսության անցման օրակարգը քննարկելու համար, այն գիտակցմամբ, որ մեր քննարկման արդյունքները հետագայում կներկայացվեն համաշխարհային ասպարեզ COP17-ի ընթացքում։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանն արդեն սկսել է ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Եվ առաջիկա ամիսներին մենք կկիսվենք որոշ նոր գաղափարներով և նախաձեռնություններով, որոնք ուղղված են Եվրոպական քաղաքական համայնքի հետագա ամրապնդմանը և նոր խթան հաղորդելուն։

Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով Կոպենհագենին՝ ցանկանում եմ բոլորիդ հրավիրել Երևան` 2026 թվականի մայիսի 4-ին։ Բայց մենք պատրաստում ենք ոչ պաշտոնական, բարեկամական ընդունելության երեկույթ մայիսի 3-ին` կիրակի երեկոյան։ Այսպիսով, հուսով եմ տեսնել բոլորիդ այնտեղ։ Մեծ պատիվ և հաճույք կլինի բոլորիդ հյուրընկալելը։

Շնորհակալություն»։

← Վերադառնալ