Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սուրբ Աթոռ

18.10.2025 - 20.10.2025

ևս 117 լուսանկար

Վատիկանում, Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղի է ունեցել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությունը, որը հանդիսապետել է Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը։

Արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արարողության ընթացքում Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը ողջունել է արարողությանը մասնակցող առաջնորդներին, որոնց թվում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան և այլ բարձրաստիճան հյուրեր։

Սրբադասման արարողության ընթացքում ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի հնչել է նաև հայերեն աղոթք։ Նորին Սրբությունը փոխանցել
է իր խոսքն ու օրհնությոնը բոլոր ներկաներին։

Միջոցառման շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման տրված ճաշին:

Այն տրվել է Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոցի Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ. (21-րդ) անունից:

Ճաշին մասնակցել է նաև Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը:

* * *

Իգնատիոս Մալոյանը ծնվել է 1869 թվականի ապրիլի 8-ին Մարդինում (Օսմանյան կայսրություն):

1883 թվականին ծխական քահանան, նկատելով տասնչորսամյա Մալոյանի մեջ քահանայական կոչման նշաններ, ուղարկում է նրան Զմմառի Սուրբ Տիրամոր վանք՝ Լիբանան։

1896 թվականին Մալոյանն ավարտում է բարձրագույն կրթությունը, ձեռնադրվում հոգևորական Զմմառի վանքում և անդամագրվում Զմմառի պատրիարքական կղերական միաբանությանը՝ ստանալով Իգնատիոս անունը:

1897-1910 թվականներին Հայր Իգնատիոսը ծառայում է Ալեքսանդրիայում և Կահիրեում՝ որպես ծխական քահանա։

1911 թվականի հոկտեմբերի 22-ին Հռոմում գումարված եպիսկոպոսական սինոդը նրան ընտրում է Մարդինի արքեպիսկոպոս։

2001թ. հոկտեմբերի 7-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Հովհաննես Պողոս II-րդը Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյանին հանդիսավոր արարողությամբ դասել է Երանելիների շարքը: Արարողության առաջին հատվածը կատարվել է հայկական ծեսով, որը վարել է Կիլիկիո հայոց կաթողիկե պատրիարք Ներսես-Պետրոս XIX-ը:

Ֆրանցիսկոս Պապը 2025թ. մարտի 28-ին ստորագրել է Երանելի Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյանի սրբադասման վերաբերյալ փաստաթուղթ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։

Վարչապետը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել դեսպանությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և դեսպանության գործունեությանը։

Քննարկվել են դեսպանության և Սուրբ Աթոռի համագործակցության ընթացիկ հարցերը, ինչպես նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությունները։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն:

Վարչապետը դեսպան Վլադիմիր Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է դեսպանությունում, շփվել աշխատակազմի հետ:

Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել դեսպանության գործունեության, Իտալիայի Կառավարության հետ համագործակցության ընթացքի վերաբերյալ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյանի և վարժարանի սաների հետ։

Հանդիպման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հարցեր, առկա հիմնախնդիրները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև քրիստոնեական արժեքների տարածման և պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև այլ հոգևոր և հասարակական թեմաների շուրջ։

Հանդիպման ավարտին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյանը վարչապետ Փաշինյանին է նվիրել Սուրբ Իգնատիոս Մալոյանի շուրջառից մասունք՝ եկեղեցական զգեստ, որը օգտագործվում է Պատարագի ժամանակ և պահվում է Զմմառի (Լիբանան) վանքի թանգարանում։ Կաթողիկոս-Պատրիարքը վարչապետին է հանձնել նաև հուշամեդալ՝ պատրաստված ի հիշատակ հոկտեմբերի 19-ին Վատիկանում տեղի ունեցած սրբադասման արարողության։

* * *

Սուրբ Աթոռ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Լևոն XIV-ի հետ։

Նորին Սրբությունը ողջունել է վարչապետ Փաշինյանի այցը Վատիկան և մասնակցությունն Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի ու վեց այլ Երանելիների սրբադասման արարողությանը։ Նա ընդգծել է Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև հաստատված սերտ հարաբերությունները՝ հատկապես կարևորելով Վենետիկի Մխիթարյան միաբանության դերն այդ կապերի խորացման գործում։

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Նորին Սրբությանը Հռոմի քահայանապետ ընտրվելու առթիվ՝ մաղթելով ուժ և հաջողություն սուրբ առաքելության իրագործման դժվարին ու պատասխանատու ճանապարհին։ Նա վստահություն է հայտնել, որ Լևոն XIV-րդի Պապի առաջնորդությամբ կշարունակվի Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև սերտ երկխոսության ավանդույթը, ինչպես նաև Հայաստանի համար կարևոր հարցերի նկատմամբ ցուցաբերվող հետևողական ուշադրությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին։ Նորին Սրբությունը շնորհավորել է այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացը և հույս հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը կդառնա համագործակցության և կայունության նոր փուլի սկիզբ։

Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է ՀՀ Կառավարության հանձնառությունը խաղաղության օրակարգին՝ ի շահ Հայաստանի և տարածաշրջանի բարգավաճման ու կայուն զարգացման։

* * *

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիի հանդիպումը:

Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ Կառավարության և Սուրբ Աթոռի միջև բարձր մակարդակի երկխոսությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն շարունակական կերպով կզարգանա ու էլ ավելի կամրապնդվի: Կողմերը ընդգծել են, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկխոսությունը հիմնված է ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության և ժամանակակից աշխարհի մարտահրավերների վերաբերյալ նույնական մոտեցումների վրա:

Սուրբ Աթոռի պետքարտուղարը վստահություն է հայտնել, որ Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապի գահակալությամբ ևս երկկողմ հարաբերություններն էլ ավելի կխորանան ու կամրապնդվեն:

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ նշել է, որ իր համար պատիվ էր մասնակցել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման արարողությանը՝ հավելելով, որ նրա կյանքը մեզ հիշեցնում է, որ նույնիսկ տառապանքի ժամանակներում հավատքն ու քաջությունը կարող են հաղթահարել դժվարությունները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, կարևորել հումանիտար խնդիրների հասցեագրումը:

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի տարբեր հարցերի։

← Վերադառնալ