Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն

20.11.2025 - 21.11.2025

ևս 102 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն:

Աստանայի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը:

Նոյեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

Վարչապետը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:

* * *

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն: «Ակորդա» նստավայրում նախ կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել են երկրների պատվիրակություններին, հնչել են Հայաստանի և Ղազախստանի պետական օրհներգերը:

Այնուհետև կայացել է ՀՀ վարչապետի և Ղազախստանի նախագահի առանձնազրույցը: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջույնի խոսքում նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, բարի գալուստ Ղազախստան: Ձեր այցը շատ կարևոր է երկու երկրների, մեր դինամիկ զարգացող ռազմավարական գործընկերության համար: Հետևաբար՝ մեր հարաբերությունները նոր ազդակ են ստանում, և մենք վստահ ենք, որ դա նաև նոր իմպուլս կլինի մեր հետագա հարաբերությունների զարգացման համար։ Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է Ղազախստան, հետևաբար՝ մենք դրան մեծ կարևորություն ենք տալիս։ Հուսով եմ, որ այն լավ կանցնի և վստահ եմ, որ ղազախ ժողովրդի համար, մեր պատմության համար, մեր ավանդույթների համար, մեր մշակույթի համար այս այցի կարևորությունը կլինի էական: Ձեր այցի ժամանակ կարևորագույն մի շարք համաձայնագրեր, փաստաթղթեր կստորագրվեն: Եվս մեկ անգամ ցանկանում եմ Ձեզ ողջունել Ղազախստանում»:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանը նշել է. «Պարոն նախագահ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել պաշտոնական այցով Ղազախստան գալու և ջերմ ընդունելության համար: Իսկապես համաձայն եմ, որ այս այցը նոր լիցք կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ուզում եմ ընդգծել այդ գործում Ձեր անձնական ներդրումը և շնորհակալություն հայտնել դրա համար: Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների այս նոր շրջափուլը բացվեց նախորդ տարի Հայաստանի Հանրապետություն կատարած Ձեր պաշտոնական այցի արդյունքներով, որտեղ մենք մի շարք կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք:

Այդ պայմանավորվածությունների մի մասն արդեն կատարվել է, մյուս մասը՝ կատարման ընթացքի մեջ է: Եվ սա, իսկապես, շատ գործնական և ռազմավարական գործընկերություն է: Համոզված եմ, որ այս այցի շրջանակներում մենք այդ ամենի հետագա զարգացումը կապահովենք: Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով Ղազախստանում լինելը և Ձեր կողմից հյուրընկալվելը: Ես նաև մեծ հաճույքով ուզում եմ ընդգծել, որ սա մեր երկրների, մեր կառավարությունների և մեր երկու երկրների առաջնորդների միջև փոխվստահության շատ կարևոր արտահայտություն է, ինչն ամենևին էլ երկրորդական դեր չունի մեր երկրների հարաբերությունների զարգացման և խորացման համար: Կրկին ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել այդ ամենի առիթով»։

Այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ընդլայնված կազմով հանդիպումը:

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ Հայաստանը Ղազախստանի համար հանդիսանում է առանցքային գործընկեր առևտրային և տնտեսական կապերի համար, ղազախ ժողովուրդը մեծապես հարգում է հայ ժողովրդին, հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և ավանդույթները։ Նրա խոսքով` այսօր Հայաստանը դարձել է ղազախ ժողովրդի համար շատ սիրելի զբոսաշրջային ուղղություն։ Ղազախստանի նախագահի խոսքով` երկու երկրների միջև բաց հարաբերություններ են՝ հիմնված փոխվստահության վրա, փոխադարձ համագործակցությունը սերտ է թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային հարթակներում: «Մեր համագործակցությունը թե՛ առևտրատնտեսական, թե՛ մշակութային, թե՛ կրթական ոլորտներում շարունակաբար զարգանում է: Ես ցանկանում եմ ընդգծել, որ մեր միջպետական հարաբերություններն առանձնահատուկ են, մենք ունենք մեծ հնարավորություններ բազմակողմանիորեն զարգացնել մեր համագործակցությունը: Այսօր մենք կստորագրենք պատմական փաստաթղթեր, որպեսզի բարձրացնենք մեր հարաբերությունները երկու երկրների միջև և դարձնենք ռազմավարական հարաբերություններ»,- ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ այս այցի առանցքային արդյունքը երկկողմ հարաբերությունների զարգացումն է մինչև ռազմավարական գործընկերության մակարդակի: Վարչապետի խոսքով` այս հենքի վրա կողմերը նոր լիցք կհաղորդեն հարաբերությունների զարգացման հետագա ընթացքին բոլոր ուղղություններով՝ քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, տնտեսական համագործակցության խորացող մակարդակ և իհարկե, նաև հումանիտար ոլորտում գործակցությունը նոր դրսևորումներ է ստանում։ «Այսօր Աստանայում փողոցներից մեկն անվանակոչվեց հայոց գրերի հեղինակի՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունով: Սա նույնպես մենք ընկալում ենք որպես հարգանքի դրսևորում հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները նոր հնարավորություններ են բացում տնտեսական հարաբերությունների հետագա խորացման համար, բացվում են նոր տրանսպորտային հնարավորություններ, որոնք պետք է լրջորեն ուսումնասիրել: Երկրի ղեկավարը հավելել է, որ երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի անդամները ստանում են նոր օրակարգ , որի շուրջ աշխատանքն արդեն իսկ մեկնարկել է:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական, գործարար կապերի զարգացմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտի, գյուղատնտեսության, ավիահաղորդակցության, կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, ինչը նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Այդ առումով, երկրների առաջնորդները կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական: Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևոր են համարել TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի կյանքի կոչումը:

Ղազախստանի նախագահը միաժամանակ ընդգծել է վարչապետ Փաշինյանի անձնական ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում` հավելելով, որ իր երկիրը հետևողականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Երևան-Աստանա ուղիղ ավիաչվերթերի գործարկման, թվայնացման, ուսանողների փոխանակման ծրագրերի և այլ ուղղություններով փոխգործակցության հետագա զարգացման շուրջ:

Վարչապետ Փաշինյանը Ղազախստանի նախագահին պետական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:

* * *

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարգևատրել է Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով:

Ղազախստանի նախագահը նշել է, որ պարգևատրման արարողությունը տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի նշանակալի ձեռքբերումների գնահատման առիթով։

«Ղազախստանում Ձեզ ճանաչում և հարգում են՝ որպես Հայաստանի համազգային առաջնորդ, ով կարողացել է նոր էներգիա ներարկել իր երկրի զարգացմանը և հզոր խթան հաղորդել պետականաշինության բոլոր ոլորտներում բարեփոխումներին։ Դուք ունեք ամուր հեղինակություն՝ որպես Հայաստանի ազգային շահերն առաջ մղելու գործում ռազմավարական տեսլականով և անսասան կամքով օժտված ականավոր պետական գործիչ։

Ես այսօր արդեն նշեցի, որ դուք «Իրական Հայաստան» հայեցակարգի հեղինակն ու հիմնադիրն եք։ Ես կարծում եմ, որ սա չափազանց կարևոր է այսօրվա պայմաններում», - ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ հավելելով, որ ՀՀ վարչապետի հեռատես ղեկավարության ներքո Հայաստանը վստահորեն ընտրել է կայուն առաջընթացի ուղին, ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում և օրինակ է ծառայել մտածված և պատասխանատու քաղաքականության՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։

«Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Դուք դրսևորել եք ոչ ավանդական, վճռական որոշումներ կայացնելու արժեքավոր կարողություն, որոնք անկասկած օգուտ կբերեն ամբողջ հայ ժողովրդին։

Սա անկասկած ցույց է տալիս, որ բարեկամական, եղբայրական Հայաստանը ընտրել է խաղաղ, կայուն զարգացման ուղին, և սա է Ձեր պատմական ներդրումը։ Հատկապես կցանկանայի ընդգծել Ձեր նշանակալի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման և Վաշինգտոնում համապատասխան եզրափակիչ փաստաթղթի ստորագրման գործում», - ասել է Ղազախստանի նախագահը՝ վստահություն հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը նոր հաջողությունների կհասնի իր միջազգային դիրքերի ամրապնդման, տնտեսական զարգացման և համապարփակ արդիականացման գործում։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ եղբայրական Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պարգևին և անձամբ ստանալ այն Ղազախստանի նախագահից։ «Դուք մեծ փորձառություն ունեցող քաղաքական գործիչ, պետական գործիչ և դիվանագետ եք։ Ձեր գնահատանքը շատ բան է նշանակում, և ես վստահ եմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն խորանալ։

Այս պարգևը կնպաստի ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների, այլև մեր տարածաշրջանի և մեր ավելի լայն տարածաշրջանի հետագա զարգացմանը։ Ես արդեն ասել եմ, թե որքան եմ գնահատում Ձեր անձնական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում։ Դուք շատ եք հետաքրքրված եղել և շարունակում եք հետաքրքրված լինել մեր տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատմամբ։

Ես արդեն ասել եմ, որ Ղազախստանը մեզ համար ունի շատ կարևոր, ոչ միայն գործնական, այլև խորհրդանշական նշանակություն արտաքին և տարածաշրջանային քաղաքականության առումով, քանի որ մեր արտաքին և տարածաշրջանային հարաբերություններում մենք հենվում ենք Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ որպես մեր արտաքին հարաբերությունների գաղափարախոսության հիմք։ Եվ, ի դեպ, Ալմա-Աթայի հռչակագիրը նույնպես շատ կարևոր է Իրական Հայաստանի գաղափարախոսության համար», - ասել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին նման բարձր գնահատականի, հյուրընկալության և ընդունելության համար։

* * *

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն:

Հաջորդիվ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի միջև փաստաթղթերի փոխանակման արարողություն:

Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև փոխանակվել են «Գաղտնի տեղեկատվության փոխանցման, օգտագործման, պաշտպանության և անվտանգության մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը, «Առևտրատնտեսական համագործակցության 2026-2030 թվականների ճանապարհային քարտեզը»:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարարության և միջև փոխանակվել է համագործակցության մասին հուշագիր: Համագործակցության մասին հուշագիր է փոխանակվել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվայնացման նախարարության և միջև:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության միջև փոխանակվել է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին հուշագիր:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարության միջև փոխանակվել է գիտության և բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև փոխանակվել է 2026-2027 թվականների գործողությունների ծրագիր: 2026-2027 թվականների համագործակցության զարգացման հիմնական միջոցառումների ծրագիր է փոխանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև: Հայաստանի և Ղազախստանի միջև փոխանակվել է նաև Գյուղատնտեսական արտադրանքի առևտրի բնագավառում համագործակցության հուշագիր:

Փոխանակվել են նաև՝ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի և Ղազախստանի արտաքին առևտրի պալատի միջև Հայաստան-Ղազախստան գործարար խորհուրդ ստեղծելու մասին համաձայնագիր, «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Ղազախստանի Հանրապետության ազգային գրադարան» հանրապետական պետական հիմնարկի միջև համագործակցության մասին հուշագիր, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոցի և Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի միջև համագործակցության համաձայնագիր, Հայաստանի կինոյի հիմնադրամի և «Ազգային կինոյի աջակցության պետական կենտրոնի» ոչ առևտրային բաժնետիրական ընկերության միջև համագործակցության մասին հուշագիր, Հայաստանի ազգային պատկերասրահի և Ղազախստանի Հանրապետության Ա. Կաստեևի անվան արվեստի պետական թանգարանի միջև համագործակցության մասին հուշագիր:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև - Մեծարգո վարչապետ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ընդունել է իմ հրավերը և պաշտոնական այցով այցելել է Ղազախստան։ Այսօրվա այցն ունի առանձնահատուկ կարևորություն, պատմական կարևորություն, և մենք այսօրվա այցի քննարկումների ընթացքում անդրադառնում ենք մեր բոլոր նպատակներին։ Հայաստանը Ղազախստանի համար հանդիսանում է հուսալի և վստահելի գործընկեր, և մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։ Հայաստանը Ղազախստանի համար միշտ սերտ և մոտ երկիր է եղել, և մենք բարձր ենք գնահատում հայ ժողովրդի պատմությունը, հարուստ մշակութային ժառանգությունը և ավանդույթները։ Այդ արժեքների վրա մենք կառուցում ենք մեր բազմակողմ համագործակցությունը։

Մենք մտադիր ենք շարունակել զարգացնել փոխադարձ շահավետ համագործակցությունը։ Իմ պաշտոնական այցն անցած տարի Հայաստանի Հանրապետություն, դրա արդյունքները, ինչպես նաև այսօրվա այցի շրջանակներում բանակցությունների արդյունքները վկայում են այդ հարաբերությունների մասին։ Հայաստան-Ղազախստան հարաբերություններն ունեն ռազմավարական կարևորություն: Դրա շրջանակներում մենք համատեղ հայտարարություն ենք ստորագրել, և այս այցի շրջանակներում էլ ավելի են լավարկվել երկու երկրների միջև հարաբերությունները, նոր ճանապարհներ են բացվել, նոր փուլեր են բացվել համագործակցության համար:

Այդ առիթով թույլ տվեք ընդգծել մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանի դերակատարումը՝ հանուն Հայաստան-Ղազախստան հարաբերությունների զարգացման:

Մեծարգո պարոն վարչապետ, Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ, հեռատես առաջնորդ և քաղաքական գործիչ: Հաշվի առնելով Ձեր դերը՝ այսօր ես մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պարգևով եմ պարգևատրել։ Այս քայլը հանդիսանում է նշան մեր երկրների միջև բարեկամության, ինչպես նաև վկայում է այն մասին, որ մենք ձգտում ենք հետագայում նույնպես խորացնել մեր փոխադարձ կապերը։

Ես բարձր եմ գնահատում այսօրվա բովանդակալի բանակցությունների արդյունքները: Մենք կիսվեցինք և առանձնահատուկ կարևորություն տվեցինք տարբեր հարցերի, փոխադարձ առևտրատնտեսության և ներդրումային համագործակցության թեմաներին, ինչպես նաև պայմանավորվեցինք քայլեր ձեռնարկել, որպեսզի ընդլայնվի առևտրաշրջանառությունը: Անցած տարի ղազախական արտահանումը Հայաստան գերազանցել է 350 մլն դոլարը: Մենք էլ, իհարկե, ցանկանում ենք աջակցել Հայաստանի տնտեսությանը, և համաձայնել ենք կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրականացնենք ներդրումային համատեղ ծրագրեր, կոնկրետ քայլեր ձեռնարկենք, որպեսզի ընդլայնվեն և լավարկվեն բիզնես համայնքների միջև հարաբերությունները: Ինչպես գիտեք, ղազախա-հայկական աշխատանքային խումբը պետք է նպաստի այդպիսի փոխադարձ շահավետ ծրագրերի իրականացմանը։

Մենք կարող ենք զարգացնել մեր գործընկերությունը արդյունաբերության, տրանսպորտի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, թվայնացման, տրանսպորտի և այլ ոլորտներում: Այդ թվում՝ մենք առանձնահատուկ կարևորություն ենք տվել տրանսպորտային և տրանզիտ հնարավորություններին: Նոր աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում հնարավորություն է ստեղծում, որպեսզի ամրապնդվի երկկողմ տարածաշրջանային համագործակցությունը։ Ղազախստանն աջակցում է Հայաստանի Հանրապետության նախաձեռնությանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Եվ մենք նաև ընդգծում ենք, որ հետաքրքրված ենք մասնակցել TRIPP՝ խաղաղության և բարգավաճման միջազգային «Թրամփի ուղի» նախագծին։ Այսպիսի նախագծերը, հյուսիս-հարավ նախագիծը, ինչպես նաև «Միջին միջանցքի» նախագիծը համապատասխանում են երկու երկրների շահերին: Հետևաբար՝ տրանսպորտային համագործակցությունը կբացի մեծ հնարավորություններ երկու երկրների համար։

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել նաև Ադրբեջանի ղեկավարությանը, որ հնարավորություն է տվել Հայաստանին ուղիղ առևտուր իրականացնել՝ օգտվելով Ադրբեջանի տարածքից: Այս տարվա նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան է մատակարարվել ղազախական հացահատիկը, հացահատիկի առաջին տոննան։ Սա շատ կարևոր քաղաքական և տնտեսական նշանակություն ունի։ Մենք պայմանավորվել ենք ամրապնդել նաև մեր փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում և ապահովել կայուն մատակարարումներ։ Այս ուղղությամբ աշխատելով՝ մենք համաձայնել ենք բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել: Հիմնական առաջադրանքներից մեկն էլ այն է, որպեսզի ուղիղ չվերթներ հաստատվեն Երևանի և Աստանայի միջև: Այս կապակցությամբ մենք ունենք կոնկրետ պլաններ, և հուսով եմ, որ մոտակա ժամանակներում արդեն համապատասխան քայլեր կձեռնարկվեն:

Ինչ վերաբերում է արհեստական բանականության թեմային, դա նույնպես շատ կարևոր է Ղազախստանի համար, որովհետև Ղազախստանում թվայնացումը շատ արագ և դինամիկ է զարգանում: Այդ առումով, Հայաստանը նույնպես էական հաջողությունների է հասել: Այս ոլորտը հանդիսանում է նոր լոկոմոտիվ, որը հնարավորություն կտա խթանել երկու երկրների տնտեսության զարգացմանը: Մենք համաձայնության ենք եկել փոխանակել մեր փորձը, երբ խոսքը գնում է արհեստական բանականության, տեխնոլոգիաների և թվայնացման մասին։ Մենք նաև խոսել ենք համատեղ ծրագրերի իրականացման մասին: Մեծարգո պարոն Փաշինյանի հետ միասին ուրախ կլինենք ծանոթանալ տարածաշրջանում մի մեծ ՏՏ ոլորտի հանգույցին: Մյուս տարի կստեղծվի «Թումո Աստանա» կազմակերպությունը:

Նաև կրթության ոլորտում քննարկել ենք զարգացման հիմնական ուղղությունները: Ուսանողների փոխանակման համար միջկառավարական համաձայնագրեր ենք ստորագրել, որոնք շատ կարևոր են նույնպես: Երկու երկրների միջև մեծ է պոտենցիալը նաև համագործակցելու առողջապահության ոլորտում: Մենք համաձայնեցրել ենք անցկացնել Հայաստանում` Ղազախստանի, Ղազախստանում` հայկական բժշկության օրեր:

Նաև, իհարկե, քննարկել ենք հարցեր, երբ խոսքը գնում է մշակութային, մարդասիրական հարցերի մասին։ Անցած տարի Աստանայում անցկացվեցին հայկական մշակույթի օրեր: Այս տարի նույնը կազմակերպվել է նաև Երևանում: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում բացվել է պուրակ մեծն մտածող Աբայի անունով: Իսկ այսօր Աստանայում բացվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցը: Այսպիսով՝ մենք արտահայտում ենք մեր երկու ժողովրդների հոգևոր սերտությունը: Սա արտահայտում է հարգանք մեր երկու երկրների ազգային գործիչների նկատմամբ:

Հարգելի տիկնայք և պարոնայք, այսօր կարծիքներ ենք փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ: Մենք ընդգծել ենք, որ մեր դիրքորոշումները տարբեր բարդ հարցերի շուրջ համընկնում են: Մենք ձգտում ենք ամրապնդել այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերը, նախագահ Դոնալդ Թրամփի դերը նույնպես հաշվի առնելով և նրա պլանը հաշվի առնելով, որը ես նույնպես աջակցում եմ, այն քայլերը, որոնք ձեռնարկվում են հանուն արդյունքների հասնելու: Այդ իսկ իմաստով Ղազախստանը նաև բարձր է գնահատում Հայաստան-Ադրբեջան ջանքերը՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը: Մենք ցանկանում ենք, որ այդ գործընթացը միայն լավ շարունակություն ունենա և մենք միշտ ուրախ կլինենք աջակցել այդ գործընթացին։ Եվս մեկ անգամ այսօրվա բանակցությունների ընթացքում դա հաստատեցի և այդ կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել մեծարգո պարոն վարչապետի պատմական դերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հանուն կայուն խաղաղության ։

Մեծարգո պարոն վարչապետ, Ձեր հեռատես քայլերը, Ձեր խիզախ քայլերը՝ հանուն կայունության և խաղաղության Հարավային Կովկասում, արժանի են գովասանքի: Ձեզ հաջողություն եմ մաղթում այս շատ պատասխանատու աշխատանքում՝ հանուն Հայաստանի զարգացման, հանուն ձեր երկրի միջազգային հարթակներում հեղինակության բարձրացման: Ձեր բոլոր նախաձեռնություններին հաջողություն եմ մաղթում: Ղազախստանը պատրաստ է աջակցել Ձեզ, հայ ժողովրդին այս ճանապարհին: Թող Հայաստան-Ղազախստան հարաբերություններն էլ ավելի ամրապնդվեն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեծարգո պարոն նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև, նախ թույլ տվեք ևս մեկ անգամ արձանագրել, որ ինձ համար մեծ պատիվ է արժանանալ եղբայրական Ղազախստանի բարձրագույն պարգևին: Այդ որոշումը կայացված տեսնել Ձեզ նման փորձառու պետական, քաղաքական գործչի և դիվանագետի կողմից և այդ պարգևը ստանալ Ձեզնից, իհարկե, պարտավորեցնող է, և ես երախտապարտ եմ նման գնահատականների համար։ Դուք մի մարդ եք, ով ժամանակակից միջազգային քաղաքականության մեջ շոշափելի ներդրում է ունեցել, և իրադրությունը տեսնել Ձեր գնահատականի տեսակետից, իհարկե չափազանց կարևոր է, որովհետև ցանկացած զարգացում ցանկացած պարագայում միշտ գնահատման և վերագնահատման անհրաժեշտություն ունի, որովհետև ամեն դեպքում ցանկացած որոշում նաև հետագա սպասարկման և զարգացման կարիք ունի։

Երբ ես Վաշինգտոնից վերադարձա 2025 թվականի օգոստոսի 8-ի Խաղաղության գագաթաժողովից` հարկ համարեցի զանգահարել և Ձեզ անձամբ տեղեկացնել տեղի ունեցած իրադարձությունների մասին: Դա նաև իմ գնահատանքի արտահայտությունն էր այս ընթացքում անձամբ Ձեր ցուցաբերած աջակցության համար և Ղազախստանի ցուցաբերած աջակցության համար: Ուզում եմ հիշեցնել նաև, որ Ղազախստանը շատ կարևոր մի ժամանակահատվածում Ալմա-Աթայում մեր երկրների արտաքին գործերի նախարարներին հանդիպման հարթակ տրամադրեց, և այդ խոսակցությունը, այդ բանակցությունները շատ կարևոր էին հետագա զարգացումների համար։ Նաև գաղտնիք չէ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնվում է Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը, իհարկե, տվյալ դեպքում ունի շատ կոնկրետ քաղաքական նշանակություն և ունի խորհրդանշական նշանակություն։ Ես շատ ուրախ եմ և մեծ պատիվ է ինձ համար, որ մենք, ահա, այսպիսի միջավայրում ունենում ենք այս պաշտոնական այցը, որի արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները հասնում են ռազմավարական գործընկերության կետի, ինչը, իհարկե, նոր ցատկուղի է մեր հետագա հարաբերությունների զարգացման համար։

Վաշինգտոնի հռչակագրի արդյունքներով մենք հիմա կենտրոնացած ենք «Թրամփի ուղի» նախագծի իրականացման վրա և Միացյալ Նահանգների հետ շատ ակտիվ բանակցային գործընթացում ենք, որպեսզի կոնկրետացնենք և համաձայնության հասնենք իրավական շրջանակի և կարգավորումների շուրջ։ Ինչպես գիտեք, հիմնական և սկզբունքային հարցերը Վաշինգտոնի հռչակագրի արդյունքներով որոշված են, համաձայնեցված են, և Հայաստանը և Ադրբեջանը միմյանց համար իրենց կապուղիները բացում են ներքին, այսինքն՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Ադրբեջան, Ադրբեջանի տարածքով Հայաստանից դեպի Հայաստան, երկկողմ հաղորդակցության և միջազգային հաղորդակցության համար: Եվ Վաշինգտոնի հռչակագրի համաձայն, այդ ամենը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության հիման վրա:

Իհարկե, Հայաստանը և Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը: Ուզում եմ ընդգծել, որ նաև Վաշինգտոնում նախաստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որտեղ նույնպես Ալմա-Աթայի հռչակագիրն ունի բազային սկզբունք: Եվ այդ համաձայնեցված և նախաստորագրված տեքստում Հայաստանը և Ադրբեջանն ընդգծում են, որ հիմնվելով այն ըմբռնման վրա, որ նախկին խորհրդային երկրների հանրապետությունները դարձել են անկախ պետություններ և նրանց միջև ադմինիստրատիվ սահմանները վերածվել են պետական սահմանների, այս հենքի վրա երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, արձանագրում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չբարձրացնել նաև ապագայում։

Սա, իսկապես, շատ ամուր հենք է տևական, կայուն և հուսալի խաղաղության համար, և մենք, իհարկե, առաջիկայում պետք է ջանքեր գործադրենք խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման համար։ Իհարկե, մինչ այդ մենք այսօր արդեն աշխատում ենք «Թրամփի ուղի» նախագծի վրա, որը, կարծում եմ, էականորեն մեծացնելու է նաև Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ տնտեսական գործակցության հնարավորությունները, ինչպես նաև մեծացնելու է թե՛ Հայաստանի, թե՛ Ղազախստանի արտահանման պոտենցիալը, Հայաստանի դեպքում՝ դեպի արևելք, Ղազախստանի դեպքում՝ դեպի արևմուտք: Եվ մենք, իհարկե, շատ ուրախ ենք, որ Ղազախստանն ամենաբարձր` բարձրագույն մակարդակով հետաքրքրություն է ցուցաբերում այս նախագծի նկատմամբ, որը իհարկե, բաղկացած է լինելու երկաթուղային հաղորդակցությունից, խողովակաշարերից, էլեկտրահաղորդման գծերից, մալուխներից և նաև ավտոտրանսպորտի համար նախատեսված ենթակառուցվածքները Հայաստանը և Ադրբեջանը պատրաստակամություն են ցուցաբերել տրամադրել միմյանց։

Մեծարգո պարոն նախագահ, ուզում եմ ընդգծել, որ մեր հարաբերությունների այս նոր ակտիվությունը և դինամիկան 2024 թվականին Հայաստանի Հանրապետություն Ձեր ունեցած պաշտոնական այցի արդյունք են, որը շատ կարևոր և առանցքային նշանակություն ունեցավ: Այդ այցը նոր լիցք հաղորդեց մեր հարաբերություններին: Եվ, ահա մենք ունենք կոնկրետ արդյունքը, մեր հարաբերությունները վերաճել են և վերաճում են նոր մակարդակի։

Շատ կարևոր եմ համարում, Դուք ընդգծեցիք և մենք էլ այդ ազդակները տեսնում ենք, որ Ղազախստանում Հայաստանի նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրությունն աճում է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ Դուք այդ նախաձեռնությունը ցուցաբերում եք, որպեսզի մեր երկրների միջև ուղիղ ավիաչվերթներ տեղի ունենան։

Իհարկե, պարոն նախագահը մի ևս շատ կարևոր գաղափար առաջ քաշեց: Խոսքը վերաբերում է ուսանողների փոխանակման ծրագրերին: Դա նույնպես մի գործոն է, որը մեր հարաբերությունները կզարգացնի բոլոր մակարդակներում: Մենք շատ ուրախ ենք և անհամբերությամբ ենք սպասում Ղազախստանում «Թումո» կենտրոնի բացմանը: Իհարկե, բարձր տեխնոլոգիաների և արհեստական ինտելեկտի ոլորտում մեր հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ են ստեղծում: Ես պարոն նախագահին տեղյակ պահեցի, որ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան այցի արդյունքներով նաև Միացյալ Նահանգների հետ մի շարք փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել, որոնցից մեկը վերաբերվում է բարձր տեխնոլոգիաների և արհեստական ինտելեկտի ոլորտում համագործակցությանը: Եվ վերջերս Միացյալ Նահանգների Կառավարությունն արտահանման լիցենզիա է տրամադրել NVIDIA ընկերությանը, և Firebird ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է շուրջ 500 միլիոն դոլարի ներդրում իրականացնել Հայաստանի Հանրապետությունում։ Ես գիտեմ և նախորդ այցերի ընթացքում էլ առիթ ունեցել եմ տեսնել և համոզվել, որ Ղազախստանը բարձր տեխնոլոգիաների, թվայնացման ոլորտում շատ լուրջ հաջողություններ ունի, արդյունքները տպավորիչ են: Շնորհակալ եմ Ձեզ, որ աջակցում եք նաև այս ոլորտներում մեր երկրների միջև հարաբերությունների հետագա խորացմանը և զարգացմանը։

Ուզում եմ ասել, Ձեր թույլտվությամբ, պարոն նախագահ, արդեն առիթ ունեցա Ղազախստանի նախագահին հրավիրել մասնակցելու հաջորդ տարի աշնանը Հայաստանում կայանալիք կենսաբազմազանության COP 17 գագաթաժողովին: Ուրախ եմ արձանագրել, որ մեծարգո նախագահը կենսաբազմազանության ոլորտում ակտիվ հետաքրքրություններ ունի և շրջակա միջավայրի ակտիվ պաշտպանության դիրքերից է հանդես գալիս։

Իհարկե, բացի միջազգային հարթակներից, ինձ համար մեծ պատիվ է նաև Ղազախստանի նախագահին, հարգելի Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հրավիրել պետական այցով Հայաստանի Հանրապետություն: Մեզ համար մեծ պատիվ կլինի Ձեզ պետական այցով ընդունել Հայաստանի Հանրապետությունում: Ես համոզված եմ, երբ այդ այցը տեղի ունենա, մենք կկարողանանք արձանագրել, որ ընթացիկ այցի արդյունքներով արդեն իսկ մեր հարաբերությունները հասել են նոր կետի և նոր օրակարգ ձևակերպելու, այդ օրակարգը ակտիվորեն իրականացնելու հնարավորություն և աշխատանքի տարածք կունենանք։

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն նախագահ, այս բարձր մակարդակի ընդունելության, բարձր գնահատանքի և ուղղակի մարդկային ջերմության համար:

Շնորհակալ եմ շատ։

* * *

Աստանայում տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Օլժաս Բեկտենովի հանդիպումը:

Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և նշել, որ այն կարևոր նշանակություն ունի երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար: Օլժաս Բեկտենովը վստահություն է հայտնել, որ ՀՀ վարչապետի և Ղազախստանի նախագահի արդյունավետ բանակցություններից հետո իր գլխավորած Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կյանքի կոչվեն: Օլժաս Բեկտենովը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Ղազախստանի ամենաբարձր պարգևին արժանանալու համար և հավելել, որ դա ընդգծում է Հայաստանի՝ Ղազախստանի համար հուսալի գործընկեր լինելու փաստը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ Ղազախստանի բարձրագույն պարգևին: Վարչապետը շեշտել է անձամբ Օլժաս Բեկտենովի հետ հաստատված ամուր գործընկերությունը և շնորհակալություն հայտնել երկու երկրների միջև տնտեսական կապերի խորացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է առևտրատնտեսական փոխգործակցության մեծ ներուժ և հույս հայտնել, որ տրանսպորտային նոր հնարավորությունները նոր ազդակ կհաղորդեն դրա արդյունավետ իրացմանը:

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը և երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը և փոխայցելությունների կազմակերպումը: Նիկոլ Փաշինյանը և Երլան Կոշանովն ընդգծել են, որ ակտիվ համագործակցություն է առկա ոչ միայն կառավարությունների, այլ նաև խորհրդարանների մակարդակով: Գոհունակությամբ նշվել է, որ միջխորհրդարանական կապերը կրում եմ ինտենսիվ բնույթ:

ՀՀ վարչապետը և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության թեմաների: Կողմերը համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում համագործակցության զարգացմանն ու առևտրատնտեսական կապերի խթանմանը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում այցելել է Ղազախստանի Հանրապետության ազգային թանգարան:

Վարչապետին ուղեկցել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը: Նիկոլ Փաշինյանը շրջել է թանգարանով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: ՀՀ վարչապետը գրառում է կատարել նաև պատվավոր հյուրերի մատյանում:

Վարչապետը Ղազախստանի ազգային թանգարանին է նվիրել Ք. հ. 1-2-րդ դդ.. Արջակերպ գինու մատուցման անոթ, որի բնօրինակը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում:

Այն պեղվել է Արտաշատ մայրաքաղաքի 8-րդ բլրի արհեստավորական թաղամասի ռիտոններով սրահից` 1980-ական թվականներին: Թաղամասի միայն այս սենյակից պեղվել են հարյուրավոր անոթներ, թասեր, գունազարդ ափսեներ, գեմմա և այլն:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի ուղեկցությամբ այցելել է «alem.ai» արհեստական բանականության կենտրոն:

Շրջայցի ընթացքում վարչապետին է ներկայացվել կենտրոնի գործունեությունը: Մասնավորապես՝ նշվել է, որ կենտրոնի նպատակն է արհեստական բանականությանը գործիքների միջոցով նպաստել պետական համակարգում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, տարբեր մարմիններում թվայնացմանը և այլն:

Կարևորվել է այս ուղղությամբ համագործակցությունն ու փորձի փոխանակումը:

← Վերադառնալ