1670x1113px - 558 Կբ
1670x1113px - 518 Կբ
1670x1113px - 765 Կբ
1670x1113px - 917 Կբ
1670x1113px - 617 Կբ
1670x1113px - 910 Կբ
1670x1113px - 580 Կբ
1670x1113px - 588 Կբ
1670x1113px - 734 Կբ
1670x1113px - 753 Կբ
1670x1113px - 617 Կբ
1670x1113px - 820 Կբ
1670x1113px - 830 Կբ
1670x1113px - 558 Կբ
1670x1113px - 797 Կբ
1670x1113px - 811 Կբ
1670x1113px - 576 Կբ
1670x1113px - 579 Կբ
1670x1113px - 588 Կբ
1670x1113px - 667 Կբ
1670x1113px - 904 Կբ
1670x1113px - 440 Կբ
1670x1113px - 470 Կբ
1670x1113px - 450 Կբ
1670x1113px - 539 Կբ
1670x1113px - 414 Կբ
1670x1113px - 428 Կբ
1670x1113px - 431 Կբ
1670x1113px - 449 Կբ
ևս 26 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
Մարտի 4-ին տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստը։
Նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։
* * *
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը։ Այդ համատեքստում ընդգծվել է այսօր կայանալիք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի անցկացումը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցության ամրապնդմանը տարբեր ոլորտներում։
Վարչապետները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի շուրջ։ Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շարունակականությունը։
* * *
Վրաստանի Սիղնաղի բնակավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը՝ երկու երկրների վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։
Վրաստանի վարչապետը ողջունել է ՀՀ կառավարական պատվիրակությանը և ընդգծել երկու երկրների միջև առկա բարեկամական կապերի փաստը։ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ այս բարեկամական, ավանդական կապերը երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների հիմքն են։ «Ինչ խոսք, համագործակցության այս մակարդակը թույլ է տալիս ապագայում մեծ հաջողության հասնել միասին, ուժեղացնել մեր երկրները, մեր համագործակցությունն իսկապես ավելացնել: Մենք պետք է համոզվենք, որ այս համագործակցությունն ամրապնդվում է: Մենք շատ ուրախ ենք, որ մեր երկրների միջև բազմաոլորտ համագործակցություն ունենք. համագործակցություն, որը մեր գործընկերության խորացմանն է նվիրված»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Իրակլի Կոբախիձեն շեշտել է, որ Հայաստանը Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության գործընկերների առաջին տասնյակում է, նաև այցելուների իմաստով առաջին եռյակում: «Մենք սերտ համագործակցություն ունենք կրթության, մշակույթի, ժողովուրդների միջև կապերի բնագավառներում, ռազմավարական հարաբերությունների ոլորտում, և սրա հիման վրա մենք մեծ ներուժ ունենք բոլոր ուղղություններով, որպեսզի ավելի խորացնենք փոխգործակցությունը:
Միևնույն ժամանակ, շատ կարևոր է, որ պահպանենք խաղաղությունը տարածաշրջանում, և մենք շատ ուրախ ենք, որ վերջին ամիսներին ձևավորված միտումները տարածաշրջանում այնքան կարևոր եղան։ Կարևոր է պատմական համաձայնությունը, համաձայնագիրը, որը դուք և Ադրբեջանը ստորագրեցիք։ Այս ամենը, իհարկե, շատ լավ հիմքեր է ընձեռում մեր տարածաշրջանի մասին ավելի լավ հոգ տանելու համար։ Մենք պետք է համոզվենք, որ մեզնից կախված ամեն ինչ կանենք, որպեսզի զարգացնենք մեր տարածաշրջանը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն:
Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ երկկողմ այս ձևաչափը խիստ կարևոր է, որպեսզի քննարկվեն հարաբերությունները տարբեր ոլորտներում: «Եվ վերջում մեկ բան էլ՝ պարոն վարչապետ, անձնապես Ձեզ շնորհակալ եմ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ Ձեր ներդրման համար, որը շատ արժեքավոր է և մենք այն շատ բարձր ենք գնահատում»,- նշել է Իրակլի Կոբախիձեն։
Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այսօրվա նիստը բարձր մակարդակով կազմակերպելու, հյուրընկալելու և գնահատանքի խոսքերի համար:
«Նախևառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում Ձեր ցուցաբերած շարունակական աջակցության համար: Նաև հիմա տեսնում և զգում ենք Վրաստանի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի և տնտեսական կապերի զարգացման ճանապարհին: Ավելին ասեմ, անկախությունից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան գնացք չէր մտել, բայց հիմա Ադրբեջանով, Վրաստանով գնացքներ են գալիս Հայաստան: Եվ հույս ունենք՝ առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կիրականացվեն երկաթուղով: Իհարկե, այս գործում անգնահատելի է Ձեր աջակցությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ կողմերը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն այն մեծ հնարավորությունների վրա, որ բացվում է տարածաշրջանի համար: «Իհարկե, հիմա միջազգային իրավիճակը շատ բարդ է և մեծ առումով տարածաշրջանային իրավիճակն է շատ բարդ: Բայց մյուս կողմից՝ հույս ունենք և համոզված ենք, որ ամեն դեպքում ռազմավարական առումով տարածաշրջանային ընկալումը շատ կարևոր է և մենք պետք է մեր ռազմավարությունները կառուցենք, իհարկե, յուրաքանչյուրս մեր օրակարգը ունենալով, բայց ակնհայտորեն, հնարավորությունների, մարտահրավերների, ռիսկերի տարածաշրջանային ընկալումը շատ կարևոր է»,- ասել է Հայաստանի ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2021 թվականին ՀՀ Կառավարության ծրագրում ի հայտ եկավ մի հասկացություն, որ նախկինում մեր քաղաքական օրակարգում և խոսույթի մեջ չկար: «Դա մենք անվանում ենք տարածաշրջանացում: Այս առումով, իհարկե, Վրաստանի հետ մեր հարաբերություններն ունեն առանձնահատուկ նշանակություն։ Նաև ուզում եմ ընդգծել, որ վերջին տարիներին Վրաստանի աջակցությամբ՝ այդ գործում Վրաստանի դերը չափազանց կարևոր է, փորձում ենք նաև խորացնել եռակողմ տարածաշրջանային համագործակցություն՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև: Կարծում եմ՝ սա էլ մի ուղղություն է, որը շատ մեծ հեռանկար ունի, և ես հույս ունեմ, որ առաջիկայում հնարավորություն կունենանք այս առումով նույնպես որոշակի զարգացումներ ունենալ»,- ասել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը լավարկում է մթնոլորտը մեր տարածաշրջանում: Վարչապետը հույս է հայտնել, որ Վրաստանը նույնպես կկարողանա հասնել կարգավորման: «Մենք, ինչպես նախկինում, հիմա էլ միանշանակ և աներկբա հանդես ենք գալիս Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության աջակցությամբ»:
ՀՀ վարչապետը ևս շեշտել է երկու ժողովուրդների միջև առկա ջերմ, պատմական կապերը և հավելել, որ դրանք էական և կարևոր արժեք են։ «Բայց մեր ընկալումը նաև այն է, որ պետք է ինստիտուցիոնալ դարձնենք այդ էմոցիոնալ ջերմությունը, որը մեր ժողովուրդների մեջ կա՝ այն դարձնելով միջպետական հարաբերությունների բովանդակություն, հենարան և կառուցվածք: Եվ ես ուրախ եմ, որ ըստ էության, մենք հենց այս տրամաբանությամբ ենք աշխատում Վրաստանի հետ: Շնորհակալ եմ Ձեզ այս ընկալմանն աջակցելու համար։
Ընթացիկ օրակարգերը նույնպես կարևոր են: Մենք նաև վարչապետ Կոբախիձեի հետ առիթ ունեցանք քննարկել, թե ինչպես առավել էֆեկտիվ դարձնենք ամենօրյա օրակարգերի հետ կապված հարցերը: Կրկին շնորհակալ եմ վարչապետին՝ այդ հարցում նույնպես ընդառաջ գնալու և ամենօրյա ռեժիմով աշխատելու, լուծումներ տալու պատրաստակամության համար»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությանն ու հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը միտված քայլերին։ Վարչապետ Փաշինյանը Վրաստանի գործընկերներին մանրամասներ է ներկայացրել TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
* * *
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ստորագրել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը: Այնուհետև երկու երկրների վարչապետները հանդես են եկել նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե – Հարգելի լրագրողներ, թույլ տվեք կրկին ողջունել իմ հայ գործընկերոջը՝ պարոն Նիկոլ Փաշինյանին, ողջունել հայկական պատվիրակությանը Վրաստանում: Ինչպես թերևս գիտեք, Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը կայացավ։
Քիչ առաջ մենք այնտեղ պետական համապատասխան պաշտոնատար անձանց, նախարարների մասնակցությամբ շատ հետաքրքիր քննարկում ունեցանք տարբեր թեմաների շուրջ, երկու երկրների միջև համագործակցության տարբեր հարցերի շուրջ: Մենք տեսնում ենք, որ բարդ իրավիճակ է մեր շուրջը, հատկապես՝ այս ամենի ֆոնին շատ կարևոր է ավելի խորացնել մեր համագործակցությունը: Մենք կապված ենք պատմական բարեկամական կապերով մեր երկրների, մեր ժողովուրդների միջև, և սա հիմք է ծառայում ռազմավարական գործընկերության համար Հայաստանի և Վրաստանի միջև:
Իհարկե, մենք շատ ուրախ ենք և ոգևորված, որ շատ բարձր մակարդակի համագործակցություն ունենք և մշտապես շահագրգռված ենք մեր ռազմավարական գործընկերության խորացմամբ, ռազմավարական բարեկամական կապերը խորացնելով մեր երկրների միջև: Այս բարեկամության հիմքում փոխադարձ հարգանքն է, ընդհանուր շահերը։
Ես կրկին անգամ առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին` աջակցելու համար մեր ազգային շահերին, հարգելու համար մեր շահերը, հատկապես՝ երախտագիտություն եմ հայտնում մեր տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն աջակցելու համար` հանձնաժողովի նիստի շրջանակում էլ։ Ես գործընկերոջս շնորհակալություն հայտնեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վրաստանին աջակցող բանաձևին սատարելու համար։
Մենք այսօր քննարկեցինք երկկողմ օրակարգը, քննարկեցինք տարբեր թեմաներ, համագործակցությունը տարբեր ոլորտներում, քննարկեցինք կրթության, սպորտի, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցությունը։ Կուզեի կրկին անգամ ընդգծել, որ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է։ Մենք, այնուամենայնիվ, դեռ ունենք ներուժ, դեռ ունենք չիրացված ներուժ և հեռանկարներ։ Կուզեի առանձնացնել մեր շատ հաջողված առևտրատնտեսական համագործակցությունը։ Առևտրի առումով Հայաստանը Վրաստանի արտաքին առևտրի գործընկերների առաջին տասնյակում է, ճանապարհորդությունների և զբոսաշրջության իմաստով Հայաստանն առաջին եռյակում է Վրաստանի համար, և շատ արժեքավոր է նման համագործակցություն ունենալը և այն ավելի խորացնելը զբոսաշրջության բնագավառում։ Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանից Վրաստան այցելուների հետաքրքրությունն ավելանում է: Մենք պետք է էլ ավելի խորացնենք այս համագործակցությունը։
Մենք ոգևորված ենք, որ շատ դրական միտում է նկատվում տարածաշրջանում համագործակցության կայացման առումով։ Մենք երջանիկ ենք և ընդգծեցինք դա միջկառավարական հանձնաժողովի նիստին: Ուրախ ենք, երջանիկ ենք, որ ստորագրվեց պատմական համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս դրական միտումները շատ դրական հիմք են ձևավորում մեզ համար, որպեսզի ապահովենք կայունություն ու խաղաղություն տարածաշրջանում: Այս համատեքստում ես ցանկանում եմ կրկին ընդգծել, որ մենք պատրաստակամ ենք շարունակել աջակցել խաղաղաշինությանը և կայունությանը տարածաշրջանում։ Այս առումով Վրաստանը որևէ ջանք չի խնայի:
Ես ցանկանում եմ կրկին ընդգծել գերազանց համագործակցությունը մեր երկրների միջև՝ գործընկերություն, բարեկամություն և օրինակելի կապեր մեր երկրների ժողովուրդների միջև։ Մենք պատասխանատվություն ենք կրում մեր երկրների, մեր ժողովուրդների նկատմամբ: Պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք, որպեսզի էլ ավելի խորացնենք և ամրապնդենք մեր բարեկամական, գործընկերային կապերը:
Վերջում կցանկանայի շնորհակալություն հայտնել անձնապես վարչապետ պարոն Փաշինյանին նրա անձնական ներդրման համար մեր բարեկամական կապերի խորացման գործում: Շնորհակալություն:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ շնորհակալ եմ: Մեծարգո վարչապետ Կոբախիձե, Հայաստանի Կառավարության և Վրաստանի Կառավարության հարգելի անդամներ, ուզում եմ նախ ուրախությունս արտահայտել մեր հերթական հանդիպման առիթով: Իհարկե, մեր ձևաչափը կոչվում է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով, և մենք արդեն 15-րդ նիստն ենք ունենում, բայց մեր ընկալումն ուժեղանում է հետևյալի, որ քաղաքական օրակարգերի առանցքային նպատակը տնտեսական արդյունքներ և զարգացում ունենալն է: Եվ շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ մենք քննարկեցինք երկկողմ, տարածաշրջանային, միջազգային օրակարգի բազմաթիվ հարցեր նաև տեսնելու համար, թե որտեղ է, որ ունենք համագործակցելու ավելի մեծ պոտենցիալ:
Նախ` ես ուզում եմ ևս մեկ անգամ վարչապետ Կոբախիձեին շնորհակալություն հայտնել այս ողջ ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին իր ցուցաբերած անձնական աջակցության համար, նաև Վրաստանի պետությանը և ժողովրդին մշտական աջակցության համար: Այդ աջակցությունը շարունակվում է, մենք տեսնում ենք: Դուք գիտեք, որ այսօր էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ: Սա շատ բարձր գնահատանքի է արժանանում մեր կողմից:
Իհարկե, Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը խորանում է, զարգանում է և կառուցվում է արդեն հաստատված երկարատև ավանդույթների վրա: Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանի զբոսաշրջիկների համար Վրաստանը եղել է, կա և շարունակում է մնալ ամենասիրված ուղղություններից մեկը: Մենք ուրախ ենք տեսնել, որ այցելությունները Հայաստանից Վրաստան աճում են: Միևնույն ժամանակ ուրախ ենք տեսնել, որ Վրաստանից Հայաստան այցելություններն աճում են: Սա շատ կարևոր արտահայտությունն է նաև մեր քաղաքական ակտիվ համագործակցության: Մենք համագործակցում ենք մշակույթի ոլորտում, սպորտի ոլորտում, տնտեսության ոլորտում, կրթության ոլորտում, գիտության ոլորտում: Մեր նախարարներն այսօր հնարավորություն ունեցան կիսելու նաև նախորդող շրջանի փորձառությունը։
Շատ ուրախ եմ արձանագրել, որ արդեն շարունակաբար միջազգային հարթակներում Հայաստանը և Վրաստանը ակտիվ համագործակցում են։ Մենք շատ կարևոր ենք համարում Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության հիման վրա տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հաստատումը: Հայաստանը և Ադրբեջանը հենց այս հենքի վրա են կառուցել խաղաղությունը և կառուցում խաղաղությունը: Կարծում եմ, որ սա իսկապես մեր տարածաշրջանի համար պատմական հնարավորություն է: Ես ուզում եմ մաղթել, որ Վրաստանում նույնպես այս խաղաղության տևական արձանագրումը, կարգավորումը տեղի ունենա: Այստեղ պետք է ուղիղ ասել, որ մենք շատ շահագրգռված ենք դրանում, որովհետև տեսնում ենք, որ մեր տարածաշրջանի ոչ հեշտ ճակատագիրը պատմական հաղթահարելու շատ մեծ հնարավորություն կա, և այդ հնարավորությունը հույս ունենք, որ կօգտագործվի։
Իհարկե, ես մեր գործընկերներին մանրամասն տեղյակ պահեցի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի` միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ, մասնավորապես՝ ինչ է տեղի ունենում Թրիփփ ներդրումային նախագծի շուրջ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, նաև որոշակի տեղեկություններ փոխանցեցի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ:
Մենք, կարծում եմ, փոխադարձաբար հետաքրքրություն ունենք Հայաստան և Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ: Էլի ուզում եմ ընդգծել, նախկինում էլ առիթ ունեցել եմ ընդգծել, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների համատեքստում շատ կարևոր գործընկեր է Վրաստանը: Եվ այս թեմայով էլ մենք որոշակի քննարկումներ ունեցանք: Ես հույս ունեմ, որ մենք այստեղ էլ կկարողանանք համագործակցել, այստեղ էլ կկարողանանք որոշակի արդյունքներ արձանագրել։
Իհարկե, քաղաքական երկխոսությունը և տնտեսական համագործակցությունը եղել է, կա և մնում է շատ ակտիվ: Մենք խնդիր ունենք տեսնելու, թե որտեղ կարող ենք համագործակցել՝ մարտահրավերներն առավել արդյունավետ կառավարելու և հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու համար:
Իհարկե, նման հանդիպումներում ամենևին էլ երկրորդական նշանակություն չունի նաև մեր ընկերներին տեսնելը, տեսնվելը, նրանց որպիսությունը հարցնելը և իհարկե նրանց հետ ժամանակ անցկացնելու հաճույքը վայելելը:
Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ մթնոլորտի, ջերմ ընդունելության և հնարավորության համար: Ամեն անգամ, այս հանդիպումներից հետո, առաջին բանը, որ մենք մտածում ենք, թե երբ է տեղի ունենալու հաջորդ հանդիպումը: Եվ ես հույս ունեմ և համոզված եմ, որ հաջորդ հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք արձանագրել, որ մեր պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան-Վրաստան համագործակցությունը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարթակներում առավել ակտիվացել և արդյունավետ է դարձել: Ես նման պատրաստակամության և աջակցության համար կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Կոբախիձեին և իհարկե, այս ջերմ եղբայրական ընդունելության համար: Շնորհակալություն։