Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա

09.09.2026 - 10.09.2026

ևս 41 լուսանկար



Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Մինչ հանդիպումը կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման արարողությունը:

Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել վարչապետին առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցության հրավերն ընդունելու համար: Ֆրանսիայի նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը բոլոր ուղղություններով՝ համահունչ ռազմավարական համագործակցության երկկողմ հռչակագրին:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ հյուրընկալության համար՝ կարևորելով տիեզերական ոլորտում Ֆրանսիայի հետ համագործակցության խորացումը: Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է այս ուղղությամբ առավել առարկայական գործընկերությամբ:

Զրուցակիցներն ընդգծել են, որ տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության առաջնային ուղղություններից է։ Այս համատեքստում, կողմերը շեշտել են ՀՀ Կառավարության կողմից տնտեսության ոլորտում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Գոհունակությամբ արձանագրվել է, որ Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները թևակոխել են առարկայական փուլ: Այդ առումով, կարևորվել է շինարարական աշխատանքների հնարավորինս շուտ մեկնարկը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին: Ընդգծվել է խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի հետևողական իրականացման կարևորությունը:

Հաջորդիվ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից` ի պատիվ Միջազգային տիեզերական գագաթնաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների, տրվել է պաշտոնական ընթրիք:

 

***

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:

Բարձրաստիճան հյուրերի դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Հունաստանի վարչապետ Կիրիկոս Միցոտակիսը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հաջորդիվ` վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Տիեզերական ենթակառուցվածքների ապագայի տեսլականները» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։

Վարչապետը, մասնավորապես, նշել է․

«Մեծարգո՛ նախագահ,
Գերազանցություններ,
Հարգելի հյուրեր,

Սկզբում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի Կառավարությանը և անձամբ նախագահ Մակրոնին՝ ջերմ ընդունելության և այս կարևոր Միջազգային տիեզերական գագաթնաժողովը կազմակերպելու համար:

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ։

2022 թվականին Հայաստանն արձակեց իր առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, որը մշակվել էր եվրոպական տեխնոլոգիաներով և ուղեծիր էր դուրս բերվել SpaceX-ի կողմից։ Ընդամենը մեկ տարի անց մենք հասանք ևս մեկ հանգրվանի՝ HAYASAT-1-ին, որը հայ մասնագետների կողմից ամբողջությամբ հավաքված և փորձարկված առաջին հայկական արբանյակն է։

2026-2031 թվականների Հայաստանի Կառավարության ծրագիրն ազգային տիեզերական կարողությունների զարգացումը սահմանում է որպես առանձին ռազմավարական նպատակ։ Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ՝ երկուսը Երկրի դիտարկման և մեկը՝ հեռահաղորդակցության համար, միաժամանակ զարգացնելով սեփական գետնային ենթակառուցվածքներ և ներքին կարողություններ արբանյակային կառավարման, տվյալների ընդունման, մշակման և վերլուծության համար։ Մենք նաև նախատեսում ենք ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, որը կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանի ազգային կարիքները, այլև աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին և արբանյակային տվյալների ու ծառայությունների աճող պահանջարկին։

Առաջ նայելով՝ Հայաստանը նպատակ ունի ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին և ընկերություններին ներդրում ունենալ տիեզերական հետազոտությունների համար նախատեսված բարդ համակարգերի և սարքավորումների նախագծման, ճարտարագիտության և արտադրության մեջ։

Միևնույն ժամանակ, ՀՀ գիտական ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, ի թիվս այլոց, տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները սահմանում է որպես ռազմավարական առաջնահերթություն։ Սա ներառում է Երկրի դիտարկումը, արբանյակային կապը, տիեզերական իրավիճակային իրազեկությունը, նավիգացիոն տեխնոլոգիաները և այլ զարգացող ոլորտներ։

Հայաստանը նաև գիտակցում է տիեզերքի և արհեստական բանականության միջև աճող ընդհանրությունը։ Այս համատեքստում, մենք մշակում ենք «Արհեստական բանականության գործարանների այգու» ավելի լայն ազգային հայեցակարգ, որը նպատակ ունի ստեղծել առաջադեմ հաշվարկների և արհեստական բանականության հնարավորությունների էկոհամակարգ՝ աջակցելու հետազոտություններին, նորարարություններին և տեխնոլոգիական զարգացմանը տարբեր ոլորտներում։ Այս առումով, ուրախ եմ տեղեկացնել, որ վերջերս Հայաստանում բացվել է NVIDIA-ի հետ համագործակցությամբ մշակված Firebird արհեստական բանականության գործարանը։

Ակադեմիական քաղաքը, որը Հայաստանն այժմ զարգացնում է որպես նոր ակադեմիական և հետազոտական էկոհամակարգ, կլինի այս վերափոխման մեկ այլ կարևոր բաղադրիչ։ Համալսարաններին, հետազոտական հաստատություններին, ուսանողներին, հետազոտողներին, միջազգային գործընկերներին և մասնավոր հատվածին միավորելով՝ մենք մտադիր ենք ստեղծել ավելի ամուր կապեր կրթության, գիտության և արդյունաբերության միջև և ապահովել միջավայր առաջադեմ հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման համար։

Գերազանցություններ,

Մենք կարծում ենք, որ համաշխարհային տիեզերական տնտեսության ընդլայնումը պետք է ուղեկցվի դրա առավելություններին ավելի լայն հասանելիությամբ։ Զարգացող տիեզերական կարողություններ ունեցող երկրները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու ոչ միայն որպես տեխնոլոգիաների և տվյալների օգտագործողներ, այլև ավելի ու ավելի շատ որպես հետազոտությունների, նորարարության և տեխնոլոգիական զարգացմանը նպաստողներ։

Ամփոփելով՝ կցանկանայի վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ ներդնել գիտության և մարդկային կապիտալի մեջ, ինչպես նաև ամրապնդել միջազգային գործընկերությունները, որպեսզի տիեզերական գիտությունը, տեխնոլոգիաները և տվյալները նպաստեն կայուն զարգացմանը և մարդկության համար ավելի լավ ապագայի կերտմանը։

Շնորհակալություն»։

← Վերադառնալ