Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել

03.11.2026 - 03.11.2026

ևս 58 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել:

Վարչապետը կմասնակցի Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին, որն անցկացվելու է Եվրոպայի ապագան խորագրի ներքո:

* * *

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հանդիպումը:

Զրուցակիցները ջերմությամբ են հիշել Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել է Ռազմավարական երկխոսության վերաբերյալ համատեղ հռչակագիրը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն կարևոր հանգրվան է դարձել երկկողմ հարաբերություններում և լավ հիմք են ստեղծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման համար:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման, ինչպես են նաև մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի շուրջ:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային գործընթացներին և Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված հարցերի:

* * *

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը:

Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի այցը Եվրոպական խորհրդարան և ընդգծել երկկողմ ակտիվ երկխոսության փաստը՝ ի նպաստ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացման:

Ռոբերտա Մեցոլան նշել է, որ Եվրոպական խորհրդարանը շարունակելու է սերտ փոխգործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ օրակարգն արդյունավետ կերպով առաջ մղելու նպատակով:

Վարչապետ Փաշինյանն իր հերթին հավելել է, որ երկկողմ հարուստ օրակարգը և վերջերս անցկացված բարձր մակարդակի միջոցառումների շարքը հարաբերությունների ամրության վկայությունն են: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Եվրոպական խորհրդարանը Հայաստան-ԵՄ գործընկերության և մերձեցման ջատագովն է ու ՀՀ Կառավարությունը բարձր է գնահատում ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը՝ Հայաստանին երկու տարի ժամկետով առևտրային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին, տրանսպորտային կապակցվածության ապահովմանը միտված քայլերին:

Հաջորդիվ տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողությունը, որի շրջանակում ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդարանի նախագահին է փոխանցել Եվրոպական խորհրդարանին ընծայված «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը, որից հետո Ռոբերտա Մեցոլան Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Եվրոպական խորհրդարանի բրոնզե հուշամեդալը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են վերջերս Երևանում կայացած հանդիպման ընթացքում ունեցած քննարկումների արդյունքներին և ձեռք բերված պայմանավորվածություններին:

Մտքեր են փոխանակվել տնտեսության, էներգետիկայի և այլ ուղղություններով համագործակցության հեռանկարների շուրջ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին: Մասնավորապես, գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետը պատասխանել է Euronews-ի մոդերատորի հարցերին:

Երկրի ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը, խոսել ԵՄ-ի հետ փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և զարգացումներին, խաղաղության ամրապնդմանը միտված քայլերին:

ՀՀ վարչապետը ներկայացրել է տարածարջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, TRIPP նախագծի իրականացման ու դրա արդյունքում ստեղծվելիք հնարավորությունները:

← Վերադառնալ