Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքիա

11.11.2026 - 11.11.2026

ևս 22 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի Հանրապետություն:

Անթալիայի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի մշակույթի նախարարի տեղակալ Սերդար Չամը:

Վարչապետն Անթալիայում կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին:

Այցի շրջանակում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:

* * *

Անթալիայում ընթացող COP31 - Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր: Անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին: Կարևորվել է երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, ինչը նոր ազդակ կհաղորդի կապերի ամրապնդմանը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման, տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված քայլերի շուրջ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անթալիայում ներկա է գտնվել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը:

Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակից պետությունների և կազմակերպությունների ղեկավարների դիմավորման պաշտոնական արարողությունը: Առաջնորդներին դիմավորել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հաջորդիվ բացման արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարը, Թուրքիայի նախագահը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և այլք:

* * *

Անթալիայում ընթացող COP31 - Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

Զրուցակիցները կարևորել են Երևանում օրերս անցկացված Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստում ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրանց արդյունավետ իրականացումը:

Կողմերն ընդգծել են երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվ բնույթը և համոզմունք հայտնել, որ դրանք նպաստում են ՀՀ-ԻԻՀ կապերի ընդլայնմանը տարբեր ուղղություններով:

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

* * *

Անթալիայում COP31-ի շրջանակում ընթացող Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

Թուրքիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Անթալիա և մասնակցությունն Առաջնորդների գագաթնաժողովին:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էրդողանին միջոցառման լավ կազմակերպման առիթով։

Վարչապետ Փաշինյանը նաև ցավակցություն է հայտնել Իզմիրի մետաղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի կապակցությամբ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ընդգծել են այն առաջ մղելու և տրամաբանական ավարտին հասցնելու կարևորությունը: Այդ առումով, կողմերը կարևորել են մինչ այժմ իրականացված միջոցառումները և ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խթանումը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ: Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ նշելով, որ այն նոր ազդակ է հաղորդել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ Անդրադարձ է կատարվել նաև հաղորդուղիների ապաշրջափակմանը, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացմանը միտված քայլերին:

← Վերադառնալ