Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Իռլանդիայի Հանրապետություն

12.11.2026 - 13.11.2026

ևս 44 լուսանկար



 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն:

Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին:

Այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ:

* * *

Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Քրիստեն Միխալի հանդիպումը:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների ինտենսիվ բնույթը՝ նշելով, որ վերջին ժամանակահատվածում երկկողմ բարձր մակարդակի շփումները դարձել են պարբերական: Կողմերը վստահություն են հայտնել, որ դա կնպաստի տարբեր ոլորտներում Հայաստան-Էստոնիա կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց հետագա խորացմանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին:

Միջոցառման մասնակից երկրների առաջնորդներին նիստից առաջ դիմավորել է Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը:

Այնուհետև մեկնարկել է գագաթնաժողովի լիագումար նիստը, որին հաջորդել է երկրների ղեկավարների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:

Վարչապետ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում մասնակցում է նաև փակ ձևաչափով անցկացվող կլոր-սեղան քննարկումների:

* * *

Դուբլինում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվել են երկկողմ ինտենսիվ քննարկումները՝ փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացման նպատակով:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

* * *

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքների և դրա շրջանակներում ստորագրված Վաշինգտոնյան համատեղ հռչակագրի վրա։

Քննարկումները կենտրոնացած էին երկու երկրների միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի վրա, այդ թվում՝ տրանսպորտային և տարանցիկ կապերի զարգացման, տնտեսական ու առևտրային հարաբերությունների, սահմանների սահմանազատման, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շուրջ։

Այս համատեքստում, ղեկավարները քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) զարգացման ընթացքը, այդ թվում՝ դրա երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը, ինչպես նաև TRIPP-ի երթուղով տարանցիկ կապերի հեռանկարները։

Որպես դրական զարգացում նշվել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների տարանցումը։ Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել, ընդհանուր առմամբ, 105 000 տոննա բեռ։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցման շուրջ։

Ղեկավարներն ընդգծել են շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը և ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը։

Ղեկավարները վերահաստատել են խաղաղության գործընթացում դրական դինամիկայի պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանն ուղղված երկխոսության շարունակման կարևորությունը։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտ:

Վարչապետին դիմավորել է ինստիտուտի գլխավոր տնօրեն Մարկ Ռեդմոնդը: Նախ ՀՀ վարչապետի և ինստիտուտի ղեկավարության, իռլանդացի փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային նախաճաշ, այնուհետև հանդիպումը շարունակվել է քննարկման ու հարցուպատասխանի ձևաչափով:

Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը և այլ թեմաների:

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող այլ հարցերի ևս:

← Վերադառնալ