Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

Վարչապետներ Փաշինյանը և Կոբախիձեն հանդես են եկել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով

04.03.2026

ևս 10 լուսանկար



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ստորագրել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը: Այնուհետև երկու երկրների վարչապետները հանդես են եկել նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե – Հարգելի լրագրողներ, թույլ տվեք կրկին ողջունել իմ հայ գործընկերոջը՝ պարոն Նիկոլ Փաշինյանին, ողջունել հայկական պատվիրակությանը Վրաստանում: Ինչպես թերևս գիտեք, Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը կայացավ։

Քիչ առաջ մենք այնտեղ պետական համապատասխան պաշտոնատար անձանց, նախարարների մասնակցությամբ շատ հետաքրքիր քննարկում ունեցանք տարբեր թեմաների շուրջ, երկու երկրների միջև համագործակցության տարբեր հարցերի շուրջ: Մենք տեսնում ենք, որ բարդ իրավիճակ է մեր շուրջը, հատկապես՝ այս ամենի ֆոնին շատ կարևոր է ավելի խորացնել մեր համագործակցությունը: Մենք կապված ենք պատմական բարեկամական կապերով մեր երկրների, մեր ժողովուրդների միջև, և սա հիմք է ծառայում ռազմավարական գործընկերության համար Հայաստանի և Վրաստանի միջև:

Իհարկե, մենք շատ ուրախ ենք և ոգևորված, որ շատ բարձր մակարդակի համագործակցություն ունենք և մշտապես շահագրգռված ենք մեր ռազմավարական գործընկերության խորացմամբ, ռազմավարական բարեկամական կապերը խորացնելով մեր երկրների միջև: Այս բարեկամության հիմքում փոխադարձ հարգանքն է, ընդհանուր շահերը։

Ես կրկին անգամ առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին` աջակցելու համար մեր ազգային շահերին, հարգելու համար մեր շահերը, հատկապես՝ երախտագիտություն եմ հայտնում մեր տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն աջակցելու համար` հանձնաժողովի նիստի շրջանակում էլ։ Ես գործընկերոջս շնորհակալություն հայտնեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վրաստանին աջակցող բանաձևին սատարելու համար։

Մենք այսօր քննարկեցինք երկկողմ օրակարգը, քննարկեցինք տարբեր թեմաներ, համագործակցությունը տարբեր ոլորտներում, քննարկեցինք կրթության, սպորտի, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցությունը։ Կուզեի կրկին անգամ ընդգծել, որ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է։ Մենք, այնուամենայնիվ, դեռ ունենք ներուժ, դեռ ունենք չիրացված ներուժ և հեռանկարներ։ Կուզեի առանձնացնել մեր շատ հաջողված առևտրատնտեսական համագործակցությունը։ Առևտրի առումով Հայաստանը Վրաստանի արտաքին առևտրի գործընկերների առաջին տասնյակում է, ճանապարհորդությունների և զբոսաշրջության իմաստով Հայաստանն առաջին եռյակում է Վրաստանի համար, և շատ արժեքավոր է նման համագործակցություն ունենալը և այն ավելի խորացնելը զբոսաշրջության բնագավառում։ Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանից Վրաստան այցելուների հետաքրքրությունն ավելանում է: Մենք պետք է էլ ավելի խորացնենք այս համագործակցությունը։

Մենք ոգևորված ենք, որ շատ դրական միտում է նկատվում տարածաշրջանում համագործակցության կայացման առումով։ Մենք երջանիկ ենք և ընդգծեցինք դա միջկառավարական հանձնաժողովի նիստին: Ուրախ ենք, երջանիկ ենք, որ ստորագրվեց պատմական համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս դրական միտումները շատ դրական հիմք են ձևավորում մեզ համար, որպեսզի ապահովենք կայունություն ու խաղաղություն տարածաշրջանում: Այս համատեքստում ես ցանկանում եմ կրկին ընդգծել, որ մենք պատրաստակամ ենք շարունակել աջակցել խաղաղաշինությանը և կայունությանը տարածաշրջանում։ Այս առումով Վրաստանը որևէ ջանք չի խնայի:

Ես ցանկանում եմ կրկին ընդգծել գերազանց համագործակցությունը մեր երկրների միջև՝ գործընկերություն, բարեկամություն և օրինակելի կապեր մեր երկրների ժողովուրդների միջև։ Մենք պատասխանատվություն ենք կրում մեր երկրների, մեր ժողովուրդների նկատմամբ: Պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք, որպեսզի էլ ավելի խորացնենք և ամրապնդենք մեր բարեկամական, գործընկերային կապերը:

Վերջում կցանկանայի շնորհակալություն հայտնել անձնապես վարչապետ պարոն Փաշինյանին նրա անձնական ներդրման համար մեր բարեկամական կապերի խորացման գործում: Շնորհակալություն:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ շնորհակալ եմ: Մեծարգո վարչապետ Կոբախիձե, Հայաստանի Կառավարության և Վրաստանի Կառավարության հարգելի անդամներ, ուզում եմ նախ ուրախությունս արտահայտել մեր հերթական հանդիպման առիթով: Իհարկե, մեր ձևաչափը կոչվում է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով, և մենք արդեն 15-րդ նիստն ենք ունենում, բայց մեր ընկալումն ուժեղանում է հետևյալի, որ քաղաքական օրակարգերի առանցքային նպատակը տնտեսական արդյունքներ և զարգացում ունենալն է: Եվ շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ մենք քննարկեցինք երկկողմ, տարածաշրջանային, միջազգային օրակարգի բազմաթիվ հարցեր նաև տեսնելու համար, թե որտեղ է, որ ունենք համագործակցելու ավելի մեծ պոտենցիալ:

Նախ` ես ուզում եմ ևս մեկ անգամ վարչապետ Կոբախիձեին շնորհակալություն հայտնել այս ողջ ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին իր ցուցաբերած անձնական աջակցության համար, նաև Վրաստանի պետությանը և ժողովրդին մշտական աջակցության համար: Այդ աջակցությունը շարունակվում է, մենք տեսնում ենք: Դուք գիտեք, որ այսօր էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ: Սա շատ բարձր գնահատանքի է արժանանում մեր կողմից:

Իհարկե, Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը խորանում է, զարգանում է և կառուցվում է արդեն հաստատված երկարատև ավանդույթների վրա: Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանի զբոսաշրջիկների համար Վրաստանը եղել է, կա և շարունակում է մնալ ամենասիրված ուղղություններից մեկը: Մենք ուրախ ենք տեսնել, որ այցելությունները Հայաստանից Վրաստան աճում են: Միևնույն ժամանակ ուրախ ենք տեսնել, որ Վրաստանից Հայաստան այցելություններն աճում են: Սա շատ կարևոր արտահայտությունն է նաև մեր քաղաքական ակտիվ համագործակցության: Մենք համագործակցում ենք մշակույթի ոլորտում, սպորտի ոլորտում, տնտեսության ոլորտում, կրթության ոլորտում, գիտության ոլորտում: Մեր նախարարներն այսօր հնարավորություն ունեցան կիսելու նաև նախորդող շրջանի փորձառությունը։

Շատ ուրախ եմ արձանագրել, որ արդեն շարունակաբար միջազգային հարթակներում Հայաստանը և Վրաստանը ակտիվ համագործակցում են։ Մենք շատ կարևոր ենք համարում Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության հիման վրա տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հաստատումը: Հայաստանը և Ադրբեջանը հենց այս հենքի վրա են կառուցել խաղաղությունը և կառուցում խաղաղությունը: Կարծում եմ, որ սա իսկապես մեր տարածաշրջանի համար պատմական հնարավորություն է: Ես ուզում եմ մաղթել, որ Վրաստանում նույնպես այս խաղաղության տևական արձանագրումը, կարգավորումը տեղի ունենա: Այստեղ պետք է ուղիղ ասել, որ մենք շատ շահագրգռված ենք դրանում, որովհետև տեսնում ենք, որ մեր տարածաշրջանի ոչ հեշտ ճակատագիրը պատմական հաղթահարելու շատ մեծ հնարավորություն կա, և այդ հնարավորությունը հույս ունենք, որ կօգտագործվի։

Իհարկե, ես մեր գործընկերներին մանրամասն տեղյակ պահեցի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի` միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ, մասնավորապես՝ ինչ է տեղի ունենում Թրիփփ ներդրումային նախագծի շուրջ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, նաև որոշակի տեղեկություններ փոխանցեցի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ:

Մենք, կարծում եմ, փոխադարձաբար հետաքրքրություն ունենք Հայաստան և Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ: Էլի ուզում եմ ընդգծել, նախկինում էլ առիթ ունեցել եմ ընդգծել, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների համատեքստում շատ կարևոր գործընկեր է Վրաստանը: Եվ այս թեմայով էլ մենք որոշակի քննարկումներ ունեցանք: Ես հույս ունեմ, որ մենք այստեղ էլ կկարողանանք համագործակցել, այստեղ էլ կկարողանանք որոշակի արդյունքներ արձանագրել։

Իհարկե, քաղաքական երկխոսությունը և տնտեսական համագործակցությունը եղել է, կա և մնում է շատ ակտիվ: Մենք խնդիր ունենք տեսնելու, թե որտեղ կարող ենք համագործակցել՝ մարտահրավերներն առավել արդյունավետ կառավարելու և հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու համար:

Իհարկե, նման հանդիպումներում ամենևին էլ երկրորդական նշանակություն չունի նաև մեր ընկերներին տեսնելը, տեսնվելը, նրանց որպիսությունը հարցնելը և իհարկե նրանց հետ ժամանակ անցկացնելու հաճույքը վայելելը:

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ մթնոլորտի, ջերմ ընդունելության և հնարավորության համար: Ամեն անգամ, այս հանդիպումներից հետո, առաջին բանը, որ մենք մտածում ենք, թե երբ է տեղի ունենալու հաջորդ հանդիպումը: Եվ ես հույս ունեմ և համոզված եմ, որ հաջորդ հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք արձանագրել, որ մեր պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան-Վրաստան համագործակցությունը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարթակներում առավել ակտիվացել և արդյունավետ է դարձել: Ես նման պատրաստակամության և աջակցության համար կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Կոբախիձեին և իհարկե, այս ջերմ եղբայրական ընդունելության համար: Շնորհակալություն։

← Վերադառնալ