Մամլո հաղորդագրություններ

Պարտադիր կուտակայինին միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը կձևավորվի 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ

11.06.2018

ևս 19 լուսանկար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017թ. դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի կողմից՝ գործարար միջավայրի բարելավման, մյուս կողմից՝ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման քաղաքականության իրականացմամբ:
Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է կարգավորել 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի գործունեությունն արտոնագրային հարկի համակարգից շրջանառության հարկի համակարգ տեղափոխելու հետ կապված խնդիրները, որպեսզի այս ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները կարողանան սահուն անցում կատարել հարկման նոր համակարգին:
Նախագծով առաջարկվում է վերականգնել հանրային սննդի կազմակերպման ոլորտում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման դեպքերում կիրառվող տարբերակված պատասխանատվության միջոցները՝ հաշվի առնելով այն, որ 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի կազմակերպման գործունեության մասով հարկային պարտավորությունները հաշվարկվելու են իրացման շրջանառության հիման վրա:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է ևս մեկ կարևոր փոփոխություն: Հաշվի առնելով այն, որ Հարկային օրենսգրքի ընդունմամբ էականորեն բարձրացել է Հայաստանի Հանրապետությունում հաշվառված թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահմանված բնապահպանական հարկի գծով բեռը՝ նախագծով առաջարկվում է այն նվազեցնել: Միաժամանակ, առաջարկվում է բնապահպանական հարկի մեծությունը կախվածության մեջ դնել ոչ միայն ավտոմեքենայի շարժիչի հզորությունից, այլ նաև ավտոմեքենայի արտադրության տարեթվից՝ նոր ավտոմեքենաների համար սահմանելով բնապահպանական հարկի ավելի ցածր դրույքաչափեր:
Առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից վերացնել արտահանման ծրագրերի մասով շահութահարկի նվազեցված դրույքաչափերի կիրառության արտոնությունը (40 մլրդ. դրամ արտահանման ծավալի դեպքում՝ 5 տոկոս, 50 մլրդ. դրամ արտահանման ծավալի դեպքում՝ 2 տոկոս, ինչպես նաև արտերկրում շինարարական աշխատանքներ կատարող ֆիզիկական անձանց վճարվող եկամուտների հարկում 13 տոկոս դրույքաչափով) արտոնությունը, քանի որ այս համակարգը ասոցացվում է օֆշորային գոտու հատկանիշների հետ: Միաժամանակ, առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի հարկ վճարողները կարողանան դեռևս մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը միանալ այս արտոնյալ համակարգին, որի պարագայում արտոնությունը կշարունակի գործել մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:
Առաջարկվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողներին ազատել ճանապարհային հարկից, եթե նշյալ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն մուտքի ամբողջ ժամանակահատվածում գտնվելու են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից առավելագույնը 1 կմ հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում: Խնդիրը կայանում է նրանում, որ ճանապարհային հարկի վճարումից խուսափելու համար իրանական բեռնատարները չեն մտնում Հայաստանի Հանրապետության տարածք, ինչի արդյունքում բեռնափոխադրումների հետ կապված բոլոր հարակից ծառայությունները (բեռնում, բեռնաթափում, պահեստավորում, փաթեթավորում, կշռում և այլն) մատուցվում են իրանական կողմի տարածքում:
Գործադիրն առաջարկում է հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները, համաներել գույքի (ավտոմեքենա, բնակարան, առանձնատուն, արտադրական, հասարակական կամ այլ առևտրային տարածք) օտարման գործարքներից առաջացող ԱԱՀ-ի նկատմամբ հաշվարկված տույժերն ու տուգանքները:
Նախագծով առաջարկվում է համաներումն իրականացնել պայմանով, որ 90 օրվա ընթացքում վճարվի հարկի մայր գումարը:
Անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ շատերը չեն հասցրել օգտվել նախկին համաներումից և ներկայումս ունեն կուտակված հարկային պարտավորություններ: Մասնավորապես, 2016-2017թթ. նշված արտոնությունների կիրառումից հետո լիազոր մարմինների կողմից տրամադրվել են տեղեկություններ ֆիզիկական անձանց կողմից իրականացված գույքի օտարման գործարքների վերաբերյալ: Եթե այդ տեղեկությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին տրամադրվեին արտոնությունների տրամադրման ժամանակահատվածում, ապա նշված ֆիզիկական անձինք, իմանալով իրենց հարկային պարտավորությունների մասին, կարող էին օգտվել արտոնությունից:
Անդրադառնալով անհուսալի ճանաչված վարկերի տույժ-տուգանքները ներելու հարցին՝ վարչապետը նշել է. «Մենք, ըստ էության, այս փոփոխությամբ առաջարկում ենք, որ քաղաքացիները գան պայմանագրային այն նախնական վիճակին, որը վարկառուն և բանկը կնքել են: Այսինքն նրանց հարաբերությունների ողջ նեգատիվ պատմությունն այսպես ասած ջնջվում է և իրենք փորձում են իրենց հարաբերությունները սկսել նոր էջից»:

Պարտադիր կուտակային բաղադրիչը հուլիսի 1-ից կմտնի ուժի մեջ

Կառավարությունը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը: Նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը: Ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը: Նշվում է, որ համակարգին անդամակցող, ինչպես նաև նոր միացող անձանց համար դա լրացուցիչ բեռ է, որը հանրության հիմնական մտահոգությունն է: Առաջարկվող նախագծով նույն 10 տոկոսը կձևավորվի հետևյալ կերպ՝ 2,5 տոկոսը քաղաքացին, 7,5 տոկոսը՝ պետությունը։
Համակարգի ամբողջական ներդրումը կարևորվում է՝ հաշվի առնելով փաստերը, որ պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում և շահառուների միայն փոքր մասն է, որի ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:
Կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են այնպիսի ընկերություններ, որոնց հիմնադիրներն աշխարհում հսկայական հեղինակություն վայելող և ահռելի, նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն տասնյակ անգամներ գերազանցող կապիտալներ կառավարող ընկերություններ են և Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը միջազգայնորեն ճանաչված գնահատական է լինելու Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանին:
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Խոսելով ընդունված որոշման մասին՝ վարչապետ Փաշինյանն ասել է. «Հարգելի գործընկերներ, ես Ազգային Ժողովում ունեցած ելույթում ասացի, որ սա մեր կառավարության առաջիկա ամենակարևոր մարտահրավերներից մեկն է: Իհարկե, կուտակային կենսաթոշակային համակարգն ունի իր պատմությունը և մեր վերաբերմունքն այդ համակարգին նույնպես իր պատմությունն ունի: Իրավիճակը հետևյալն էր. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում այն կարգավորումը, ըստ որի՝ 1974 թվականից հետո ծնված բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է ներգրավվեն այս համակարգում: Այսօրվա դրությամբ արդեն իսկ այդ համակարգում ընդգրկված է պոտենցիալ մոտ 280.000 շահառու, ավելի քան 200.000 քաղաքացի և օրենքն ընդունված է, արդեն ուժի մեջ է: Եթե մենք որևէ գործողություն չձեռնարկեինք՝ այդ օրենքն ամբողջությամբ, ամբողջ ծավալով պետք է հուլիսի 1-ից մտներ ուժի մեջ: Հիմա հաշվի առնելով հանգամանքները, մենք ունենք մի քանի ընտրություն:

1.Ընդհանրապես չեղյալ անել այս համակարգը: Մենք հասկացանք, որ չենք կարող գնալ նման իրավիճակի, ինչու.
ա) որովհետև այսօր արդեն շուրջ 120 մլրդ դրամ ներգրավված է, կառավարիչների կողմից տեղաբաշխված է տարբեր տեղերում՝ 70 տոկոսը Հայաստանում: Չեղյալ անելու դեպքում մենք կունենանք 2 նեգատիվ էֆեկտ՝ 1.այդքան գումար տնտեսությունից դուրս կգար, 2. այսօրվա մեր կառավարիչները տնտեսական գործունեության մեջ ունեն հսկայական հեղինակություն ամբողջ աշխարհում և շատ դժվար կլիներ փաստացի կասեցնել տնտեսական հսկաների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում, հետո՝ մարդկանց համոզել, ասել՝ գիտեք ինչ, երկիրը փոխվել է, եկեք ներդրումներ կատարեք, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա: Իհարկե այս ազդեցությունը շատ նեգատիվ կլիներ:
Հաջորդ լուծումը հետևյալն էր. Այս կարգավորումը հետաձգել որոշ ժամանակով: Թվում է, թե շատ հեշտ և պարզ լուծում էր, բայց այստեղ առաջանում էր հետևյալ խնդիրը՝ այն 200 հազար քաղաքացիները, ովքեր արդեն ներգրավված են համակարգում, նրանք շատ պարզ հարց էին դնում, ասում էին՝ արդեն 2014 թ. մենք վճարում ենք և հանկարծ մեր սիրելի համաքաղաքացիների նկատմամբ այլ մոտեցում է կիրառվում, մեր նկատմամբ՝ այլ: Այսինքն, հետաձգման պարագայում նրանք շարունակելու էին վճարել, իսկ 80 հազար մեր հայրենակիցները շարունակելու էին չվճարել, այստեղ խնդիր էր առաջանալու, 200 հազարի նկատմամբ անարդարություն էր տեղի ունենալու:
Նախկինում կուտակայինի 10 տոկոսից 5 տոկոսը վճարում էր պետությունը, 5 տոկոսը՝ շահառուն: Հիմա առաջարկվում է բոլորի համար, առանց բացառության, փոխել այս համամասնությունը, և 7.5 տոկոսը վճարի պետությունը, 2.5 տոկոսը՝ քաղաքացին: Այս կարգավորման արդյունքում այն 200 հազար քաղաքացիները, ովքեր մինչև այս պահը վճարել են, 2018թ. հուլիսի 1-ից կզգան բեռի թեթևացում, միջին հաշվարկով յուրաքանչյուրը 5 հազար դրամ ավելի պակաս կվճարի, քան վճարում էր նախկինում: Այսինքն, մենք 207 հազար քաղաքացու աշխատավարձը փաստացի 5.000 դրամով բարձրացնում ենք: Իսկ համակարգ նոր մտնող 80 հազար քաղաքացիները կզգան այդ պոտենցիալ բեռի կեսը միայն, որը իհարկե ցավոտ լուծում է, բայց ինչքան քննարկեցինք, այս բոլոր լուծումներից ամենապակաս ցավոտն այս լուծումն էր: Ի վերջո եկեք չմոռանանք՝ այս գումարները քաղաքացիները վճարում են իրենք իրենց, այսինքն սեփականության իրավունքը, ըստ էության, չեն կորցնում: Սա ժամանակավոր կարգավորում է և մենք այս կարգավորմամբ նաև ստանձնում ենք մեկ այլ պարտավորություն, որը հետևյալն է. եթե մենք փոփոխություններ կատարենք եկամտահարկի դրույքաչափի մեջ, այդ փոփոխությունների արդյունքում մենք պետք է այնպես անենք, որ ստատուս քվոն պահպանվի: Այսինքն, որևէ բեռի ավելացում հետագայում չի լինելու, պարզապես այն, ինչ հիմա վճարվում է կուտակային վճարի մասով, եկամտահարկը կիջնի, կուտակային վճարը նորից կգա նախկին չափի, այսինքն՝ 5/5 համամասնությունը կպահպանվի, բայց քաղաքացին դրամական առումով ոչ մի փոփոխություն չի զգա, եթե զգա, այդ փոփոխությունը նկատելիորեն շոշափելի չի լինի:
Սա շատ նուրբ հարց է և հույս ունեմ քաղաքացիները, մեր հայերնակիցներն ըմբռնումով կմոտենան այս մոտեցմանը, որովհետև կուտակային կենսաթոշակի հետ կապված հիմնական խնդիրը, որ միշտ առաջ է քաշվել, եղել է վստահության խնդիրը և կարծում եմ, որ նաև այն հանգամանքը, որ այսօր վստահության խնդիր չունենք՝ կարող ենք այդ քայլը թույլ տալ մեզ: Սա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից և մեր քաղաքացիների երկարաժամկետ շահերից»:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ի սկզբանե կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված ունեցել է առարկություններ և գտնում է այժմ էլ նախագծին կողմ քվեարկելով՝ կունենա սկզբունքային հակասություն նախկին դիրքորոշման հետ, ուստի ընդունելով, որ որոշումը պարտադրված է՝ ինքը դեմ է քվեարկելու, սակայն որպես կոլեգիալ մարմնի անդամ՝ լիարժեք կատարելու է այն։
Արձագանքելով՝ վարչապետն ընդգծել է, որ որոշումն ընդունվում է թիմային պատասխանատվությամբ։ «Այս որոշումը մենք պետք է թիմով ընդունենք և գնանք այդ լուծմանը։ Ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են՝ մեզ հետ են, ովքեր չեն վերցնում, մեզ հետ չեն»։ Արդյունքում նախագիծն ընդունվել է միաձայն:
«Կառավարությունը հավանություն է տվել նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Ակնկալվում է, որ դրա ընդունման արդյունքում օրենսգրքով նախատեսվելու է նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման հիմքերի լիարժեք շրջանակ:
ՀՀ կառավարության որոշմամբ Սասուն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ:
 

 

← Վերադառնալ