Մամլո հաղորդագրություններ

Վարչապետն ընդունել է ԱԶԲ նախագահի գլխավորած պատվիրակությանը

13.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեիկո Նակաոյի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ ակտիվ փոխգործակցությունն ու ընդգծել, որ բանկի օժանդակությամբ մեր երկրի տնտեսության մեջ կյանքի են կոչվել բազմաթիվ խոշոր ծրագրեր, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԱԶԲ-ի հետ համագործակցության շարունակական զարգացմամբ և վերջինիս կողմից հայաստանյան մասնավոր հատվածի ֆինանսավորման ծավալների ընդլայնմամբ:
Տակեիկո Նակաոն իր հերթին նշել է, որ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցություն է ձևավորվել մի շարք ոլորտներում և հավելել, որ ԱԶԲ-ն պատրաստակամ է շարունակել և ընդլայնել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին: Պարոն Նակաոն հավելել է նաև, որ ԱԶԲ-ն պատրաստվում է ընդլայնել Հայաստանի մասնավոր հատվածի համար ֆինանսական միջոցների ծավալները:
Զրուցակիցները կարևորել են համագործակցությունը ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: Նիկոլ Փաշինյանը և ԱԶԲ նախագահն անդրադարձել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի ընթացքին:
 

← Վերադառնալ