Մամլո հաղորդագրություններ
Ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների. վարչապետն անդրադարձել է Փանիկի միջադեպին
- 1670x1113px - 433 Կբ
- 1670x1113px - 495 Կբ
- 1670x1113px - 414 Կբ
- 1670x1113px - 513 Կբ
- 1670x1113px - 536 Կբ
- 1670x1113px - 553 Կբ
- 1670x1113px - 586 Կբ
- 1670x1113px - 560 Կբ
- 1670x1113px - 592 Կբ
- 1670x1113px - 583 Կբ
- 1670x1113px - 591 Կբ
- 1670x1113px - 557 Կբ
- 1670x1113px - 560 Կբ
- 1670x1113px - 462 Կբ
- 1670x1113px - 552 Կբ
- 1670x1113px - 416 Կբ
- 1670x1113px - 559 Կբ
ևս 14 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը՝ ՀՀ վարչապետն անդրադարձել է Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպին: «Դա անթույլատրելի միջադեպ է: Ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Կարծում եմ, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Իհարկե, դեռ խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է քննարկվի, հետաքննվի այս միջադեպը, որովհետև պետք է պայմանագրերի, ներհայաստանյան օրենսդրության հետ հարաբերությունների հարցը պարզաբանել: Ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են»,-նշել է վարչապետը և հույս հայտնել, որ հետագա ընթացքը արդյունավետ կլինի:
Վարչապետն անդրադարել է նաև չիրագործված, անավարտ տարբեր վարկային ծրագրերին: «Աշխատանքային քննարկումների ընթացքում պարզեցի, որ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, այսինքն՝ նույնիսկ չեն մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել, ընդ որում՝ ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով: Այդ վարկային ծրագրերով Հայաստանը շարունակում է վճարումներ իրականացնել: Այս իրավիճակը, կարծում եմ, մենք պետք է խորությամբ հասկանանք և քննարկենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և հանձնարարել նախարարներին իրենց գլխավորած նախարարությունների մասով պարզել նմանատիպ ծրագրերի թիվը և դրանց ցանկը ներկայացնել վարչապետի աշխատակազմ:
Հաստատվել է ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը
Գործադիրը հաստատել է ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի հիմնական նպատակը ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ագրոպարենային ոլորտում գործող տնտեսավարողներին սարքավորումների ձեռքբերման համար լիզինգով տրամադրել մինչև 230.0 մլն դրամ, 8 տարի ներառյալ մարման ժամկետով, տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորվում է, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս: Լիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20 տոկոսի չափով կանխավճար: Լիզինգի հիմնական գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը լիզինգը տրամադրելու պահից հաշվարկվում է առավելագույնը 3 ամիս, իսկ լիզինգի չսուբսիդավորվող տոկոսների վճարման պարտականությունը լիզինգառուի մոտ առաջանում է լիզինգի տրամադրման պահից սկսած։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է լիզինգի հիմնական գումարի 1.5 մլրդ դրամը տրամադրել մինչև 35.0 մլն դրամ կազմող լիզինգի առարկայի ձեռքբերմանը, որպեսզի ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռվի ագրոպարենային ոլորտում գործող փոքր և միջին ձեռնարկություններին։ 2018 թ. լիզինգի տոկոսա¬դրույք-ների սուբսիդա¬վորվող գումարի չափը կազմում է շուրջ 119,4 մլն դրամ: Արդյունքում, մասնավորապես, նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ ագրոպարենային ոլորտի տնտեսավարողների վճարունակ պահանջարկի բավարարման և տնտեսությունները նոր սարքավորումներով վերազինման համար, կավելանա ագրոպարենային ոլորտի մրցունակության մակարդակը, կաճի գյուղատնտեսական մթերքների և դրանց վերամշակումից ստացված արտադրանքների արտադրության ու արտահանման ծավալները:
Այլ որոշումներ. հավանության է արժանացել ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը: ՀՀ նախարարները, ՀՀ ԿԱ պետական կառավարման մարմինների ղեկավարները, ՀՀ մարզպետներն ի գիտություն կընդունեն հաշվետվությունը և կձեռնարկեն միջոցներ՝ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:
ՀՀ կառավարությունը քննարկել է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ին` 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների շրջանակում անհրաժեշտ ապրանքներն ու ծառայությունները անմիջապես արտադրողներից և մեկ անձից ձեռք բերելու թույլտվություն տալու հարցը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան: Ըստ հիմնավորման՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» («ՀԱԷԿ») ՓԲԸ-ում հունիսի 1-ից սկսվել է 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները (ՊՆՎ), որի ավարտը նախատեսված է մինչև 2018թ. օգոստոսի 1-ը: ՀԱԷԿ-ի վերագործարկման ժամկետի յուրաքանչյուր օր ուշացումը էներգոհամակարգին կբերի շուրջ 220 մլն դրամի վնաս: Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է ՀԱԷԿ-ի գնումների գործընթացով և առաջարկել որոշմանը հավանություն տալ լրացուցիչ քննարկումից հետո միայն:
Պատվաստանյութերի անընդմեջ մատակարարման, խնայողության, ինչպես նաև որակյալ և անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում ՀՀ բնակչության շրջանում կիրականացվեն անվտանգ և արդյունավետ կանխարգելիչ պատվաստումներ, կապահովվի կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելումը:
Կառավարության նիստի օրակարգից հանվել են 8-րդ և 9-րդ հարցերը՝ «ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին»: