Մամլո հաղորդագրություններ

Վարչապետն ընդունել է անվանի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանին

11.09.2018

ևս 4 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի հեռացատկորդ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:
«Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու համար: Կարծում եմ՝ բոլորիս հիշողության մեջ վառ են այն էմոցիաները, որոնք Դուք պարգևել եք մեր ժողովրդին մարզական ակտիվ կարիերայի ընթացքում՝ «Բարի կամքի խաղեր»-ի, Եվրոպայի առաջնությունների և, իհարկե, Ծաղկաձորում տեղի ունեցած պատմական թռիչքի ժամանակ: Հույս ունենք, որ Հայաստանում թեթև աթլետիկայի ավանդույթները կվերականգնվեն, և առաջիկայում Ձեր մասնակցությամբ, աջակցությամբ և քաջալերանքով նոր հաջողություններ կունենանք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Ռոբերտ Էմմիյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և հավելել. «Բոլորիս շնորհավորում եմ այս հիանալի հաղթանակի կապակցությամբ, մեծ ուրախություն է, որ հանրապետությունում այսպիսի տրամադրություն է: Հաճելի է ամեն անգամ գալ Հայաստան: Ինձ համար չափից ավելի մեծ ուրախություն է, որ հիշեցիք իմ ռեկորդները»: Անվանի հեռացատկորդը տեղեկացրել է, որ երկար տարիներ բնակվելով արտերկրում՝ շարունակում է պահպանել Հայաստանի քաղաքացիությունը, աջակցել հայ մարզիկներին մասնակցելու ուսումնամարզական հավաքների և միջազգային տարբեր մրցաշարերի:
Այնուհետև քննարկվել են մեր երկրում աթլետիկա մարզաձևի զարգացման հեռանկարներին, միջազգային չափանիշներին համապատասխան սինթետիկ ծածկույթով վազքուղու կառուցման գործընթացին և մարզաձևի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված հարցեր:
 

← Վերադառնալ