Մամլո հաղորդագրություններ

ՀՀ վարչապետը և Գերմանիայի կանցլերը համատեղ մամուլի ասուլիսում ամփոփել են բանակցությունների արդյունքները

01.02.2019

ևս 11 լուսանկար



Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը բանակցություններից հետո հանդես են եկել մամուլի համատեղ ասուլիսով և պատասխանել լրագրողների հարցերին։

Ստորև ներկայացվում է մամուլի ասուլիսի սղագրությունն ամբողջությամբ.

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել.

«Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով Բեռլինում: Նախորդ տարվա օգոստոսին ես այցելեցի Հայաստան և սիրով եմ հիշում այդ այցը, որի շրջանակում մենք նաև կարողացանք զգալ այն լավատեսական տրամադրությունները, որոնք տիրում են Հայաստանում: Դրանից հետո տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչությունը շատ մեծ հույսեր է կապում նոր վարչապետի հետ: Այս համատեքստում մենք քննարկեցինք, թե ինչպես կարող ենք զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները` Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակը բարելավելու նպատակով:

Մենք այսօր քննարկեցինք տարբեր ոլորտներում փոխադարձ համագործակցության ծրագրեր: Անդրադարձել ենք երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին՝ հատկապես մասնագիտական կրթության ոլորտում, ինչպես նաև ժողովրդավարության առաջընթացի և շրջակա միջավայրի պահպանության ուղղություններով։ Տեղեկացա, որ հետազոտական ինստիտուտների միջև արդեն կապեր ունենք հայկական կողմի հետ: Այսօր նաև տեղի են ունենալու ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողովի հետ բանակցություններ. հանձնաժողովը գործարարների պատվիրակությամբ Հայաստան է այցելելու: Մենք ցանկանում ենք հնարավորինս շատ ուղղություններով աջակցել Հայաստանին՝ երկրի տնտեսական զարգացումը խթանելու համար:

Վերջին տարում մեր առևտրատնտեսական շրջանառության ծավալն արդեն աճել է շուրջ 40 տոկոսով, բայց մենք կարող ենք էլ ավելի առաջ գնալ: Եվ շատ կարևոր է, որ պարոն վարչապետն արագ հաջողություններ արձանագրի: Կարծում եմ՝ նա վճռական է տրամադրված, և մենք ցանկանում ենք աջակցել այդ կուրսին՝ կոռուպցիայի դեմ պայքարի ու այլ ուղղություններով, որոնք անցյալում միշտ բացասաբար են անդրադարձել տնտեսական զարգացման վրա:

Մենք խոսեցինք նաև Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակի և հակամարտությունների լուծման մասին, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում։ Կողմերի միջև առաջին հանդիպումներ, զրույցներ արդեն եղել են: Իհարկե, դա պետք է հիմնված լինի փոխադարձության վրա, և չի կարող այնպես լինել, որ միայն մի կողմը բարի կամք դրսևորի, այլ անհրաժեշտ է, որ երկու կողմն էլ բարի կամեցողություն ցուցաբերեն, և այս առումով, կարծում եմ, այստեղ դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ Բայց մենք այն կարծիքին ենք, որ Մինսկի գործընթացը պետք է շարունակվի, և ԵԱՀԿ-ն ևս կարողանա իր հնարավորություններն օգտագործել։

Շատ կարևոր էր, որ ընտրություններից հետո մենք այսօր կրկին հանդիպելու, մտքեր փոխանակելու հնարավորություն ունեցանք, և կարծում եմ՝ Ձեր այցը մեծապես կնպաստի հայ-գերմանական հարաբերությունների ինտենսիվացմանը: Եվս մեկ անգամ բարի գալուստ և ամենայն բարիք Ձեր դժվարին գործունեության մեջ»:

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան.

«Շնորհակալություն, հարգելի տիկին կանցլեր,
Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք,

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր տիկին Անգելա Մերկելին պաշտոնական այցով հրավիրելու համար: Գերմանիան Հայաստանի կարևոր միջազգային գործընկերն է, Եվրամիության երկրներից` առաջին առևտրատնտեսական գործընկերը Հայաստանի Հանրապետությունում և աշխարհում` երկրորդը: Եվ իհարկե, այս փաստով արդեն արձանագրվում է այն առանձնահատուկ կարևորությունը, որ ունեն Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի հարաբերությունները:

Իհարկե, հիմա կարող ենք արձանագրել, որ մեր հարաբերությունները բավական լավ, դինամիկ զարգացում են ստանում, եթե մանավանդ հաշվի ենք առնում, որ ընդամենը մի քանի ամիս առաջ տիկին կանցլերը պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում, և ահա տեղի է ունենում իմ պատասխան այցը:

Ես ուրախ եմ, որ այս ընթացքում կարևոր զարգացումներ են արձանագրվել Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ ժողովրդավարությունը և ժողովրդավարական համակարգն անշրջելի են Հայաստանի համար, և ուրախ ենք, որ և՛ Գերմանիան, և՛ Եվրամիությունն ընդհանրապես պատրաստակամ է Հայաստանի Հանրապետությանն աջակցել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում: Եվ շատ կարևոր է ընդգծել, որ Եվրամիության մեր գործընկերները և Գերմանիան առավել ևս այս բարեփոխումների օրակարգի համատեքստում մեր առաջ չեն դնում և չեն դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր, ինչը նշանակում է, որ մեր բարեփոխումների օրակարգն իսկապես կարող է լիարժեք իրագործվել նաև Եվրամիության և հատկապես Գերմանիայի աջակցությամբ:

Իհարկե, մենք քննարկել ենք երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այդ թվում՝ առանձնահատուկ կարևորություն է ստացել տնտեսական համագործակցության թեման և արձանագրել ենք, որ այսօր արդեն գերմանական կապիտալի ներգրավման մի քանի ներդրումային կարևոր ծրագրեր են իրականացվում Հայաստանի Հանրապետությունում, և մենք հույս ունենք, որ ներդրումային միջավայրի բարելավմանը զուգընթաց գերմանական ներդրումները Հայաստանի Հանրապետությունում անխուսափելիորեն կավելանան:

Ըստ էության, մենք խոսեցինք նաև տարածաշրջանային իրավիճակի մասին, միջազգային օրակարգին վերաբերող հարցերի վերաբերյալ: Եվ ուրախ եմ արձանագրել, որ մենք այդ հարցերի վերաբերյալ ունենք փոխադարձ ըմբռնում: Իհարկե, մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցերը չափազանց կարևոր են, բայց նաև կարևոր է արձանագրել, որ այդ խաղաղությունը և կայունությունը պետք է լինեն բազմակողմ ջանքերի արդյունք:

Մենք խոսել ենք նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, և այս արձանագրումը նույնպես այդ համատեքստում արվել է, որ գործընթացը պետք է լինի երկկողմանի, և չի կարող այդ գործընթացը տեղի ունենալ միակողմանիության տրամաբանության մեջ: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ այս պահին, գոնե ես, բավարարված եմ մեր քննարկումների արդյունքներից, բանակցությունների արդյունքներից և Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների հետագա զարգացման համար ոչ միայն խոչընդոտներ չկան, այլև կարծես թե կա փոխադարձ հետաքրքրություն այդ հարաբերություններին նոր ազդակ, նոր ուժ, նոր թափ հաղորդել: Ես համոզված եմ, որ այդպես էլ տեղի կունենա»:

Հարց - Հարցս ուղղում եմ տիկին կանցլերին` ակնկալելով նաև Ձեր արձագանքը, պարոն վարչապետ: Հարցը վերաբերում է արցախյան կարգավորման խնդրին: Վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երեք անգամ հանդիպել են: Տիկին կանցլեր, ի՞նչ եք կարծում` ի՞նչ ազդեցություն կունենան խաղաղության գործընթացի վրա այս հանդիպումներն ու նաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները: Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում: Շնորհակալություն:

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել- Հավատում եմ, որ լավ է, եթե մարդիկ իրար հետ խոսեն, բայց երկու կողմը պատրաստ պետք է լինի, խոսքերին պետք է որոշ գործողություններ հետևեն: Եվ կարծում եմ, որ խիզախ քայլեր է ձեռնարկել պարոն վարչապետը, բայց դա պահանջում է, որ դիմացի կողմն էլ պատրաստակամ լինի նման խիզախ քայլեր իրականացնել: Կարծում եմ, որ պարոն վարչապետը պետք է շարունակի, բայց վերջին հաշվով երկու կողմերը պետք է համաձայնվեն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես ուզում եմ պարզաբանել, թե ինչ խիզախ քայլերի մասին է խոսքը և նաև արձանագրել դա, որովհետև դա իսկապես շատ կարևոր բնորոշում է բանակցային այսօրվա իրավիճակին: Ինչպես գիտեք, ես Հայաստանի խորհրդարանում ամիսներ առաջ արել եմ հայտարարություն, որը շատ կարևոր եմ համարում` ասելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես հույս ունեի, որ այդ հայտարարությանը նմանատիպ հայտարարություն կհետևի նաև ադրբեջանական կողմից: Բայց, ցավոք, ադրբեջանական կողմից ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնում, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում կարող է ընդունելի լինել Հայաստանի ժողովրդի և Ղարաբաղի ժողովրդի համար: Ես կարծում եմ, որ ահա այս մի հայտարարության պատմությունը հստակ ցույց է տալիս այն իրավիճակը, որ մենք ունենք բանակցային գործընթացում և քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում նաև Ադրբեջանից, մենք շատ մեծ հույսեր ունենալ, որ կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ, ցավոք, չենք կարող: Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը նվիրված է բանակցային գործընթացում բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու տրամաբանությանը, և ես ուզում եմ ընդգծել, որ նաև մեր քննարկումների ընթացքում հստակ արձանագրել եմ, որ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց ես չեմ կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից` այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցում, ինձ քվե չի տվել: Նրանք ունեն իրենց նախագահը, իրենց խորհրդարանը, իրենց կառավարությունը և Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցային գործընթացում պետք է խոսեն Ղարաբաղի ժողովրդի ընտրված ներկայացուցիչները:

Հարց- Պարոն վարչապետ, ինչպե՞ս եք կարծում` կարող է Եվրամիությունը միջնորդի դերով հանդես գալ Ղարաբաղի հիմնահարցում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ինչպես գիտեք, Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգայնորեն համաձայնեցված ֆորմատ կա` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, և համանախագահող երկրներն են` Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը: Ըստ էության` դա Մինսկի խմբի համանախագահությունն է, բայց Մինսկի խմբի շրջանակը շատ ավելի լայն է, այնպես որ կարող ենք արձանագրել, որ այդ ֆորմատը, ըստ էության, ապահովում է միջազգային հանրության ներկայացվածությունը բանակցային գործընթացում: Կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատն այս տարիներին համենայնդեպս բավական հաջող է գործել տարածաշրջանում հարաբերական կայունությանը նպաստելու տրամաբանության առումով: Եվ ինչ վերաբերում է բուն կարգավորմանը, կարծում եմ՝ համանախագահող երկրները և նաև միջազգային հանրությունը հստակ արձանագրել են, որ լուծման խնդիրը հենց հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է, և միջազգային հանրությունը չի կարող հակամարտության երեք կողմերի փոխարեն լուծել հակամարտությունը, այլ ընդամենը կարող է որոշակի հարթակ ստեղծել խոսակցության, բանակցության համար: Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է հենց հաջողել այդ հարթակն ստեղծելու առումով:

Հարց - Տիկին կանցլեր, հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և հիմա էլ ընթացող հայտարարված հակակոռուպցիոն պայքարը, նաև Եվրամիության բանաձևը «ավելին ավելիի դիմաց» նկատի ունենալով՝ արդյոք Բեռլինը մտադի՞ր է նոր ջանքեր գործադրել` մեծացնելու Եվրամիության կողմից Հայաստանին տրվող օժանդակությունը և նպաստելու վիզաների ազատականացմանը:

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել – Այո, այդպես է: Մենք արդեն աջակցում ենք. Եվրամիությունը պարոն Յոհանես Հանի միջոցով արդեն իր աջակցությունը հստակ արտահայտել է, և մենք չենք ցանկանում արտգործնախարարության արտաքին քաղաքականությանը միջամտել: Հայաստանը` որպես անկախ պետություն ինքն է որոշում, թե արտաքին հարաբերություններում որ երկրում պետք է աշխատի: Եվ մենք արդեն ունենք պայմանագիր, որով կարող ենք զարգացնել մեր հարաբերությունները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ, որ Եվրոպական միության Ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհանես Հանի վերջին այցը հստակ պատասխան տվեց այդ հարցին: Եվրամիության ներկայացուցիչներն արդեն ասել են, որ պատրաստվում են ընդլայնել Հայաստանին տրամադրվող օժանդակության ծավալները և այս առումով, կարծում եմ, ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության ու Եվրամիության երկրների հետ հարաբերություններում շատ լավ գործընկերային մթնոլորտ է հաստատված և չեմ կարծում, թե այդ առումով մենք խոչընդոտներ կունենանք: Ըստ էության, իսկապես Հայաստանում ժողովրդավարական էական զարգացումներ են տեղի ունենում, և որևէ կասկած չկա, որ այդ զարգացումները կշարունակվեն: Ինչպես նախկինում ասել եմ, անկախ արտաքին աջակցության առկայությունից կամ բացակայությունից` ժողովրդավարությունը, ինչը նաև վերջին ընտրություններում արձանագրվեց, մեր ժողովրդի ընտրությունն է, մեր ժողովրդի արժեքային համակարգը: Շատ կարևոր է, որ այս առումով որևէ կողմից մեր առաջ չի դրվում ժողովրդավարության համատեքստում աշխարհաքաղաքական որևէ ընտրություն կատարելու խնդիր, ինչը նշանակում է, որ մեր զարգացումները, բարեփոխումների մեր օրակարգը կիրականացվի առավել հաջողությամբ, առավել բարենպաստ միջավայրում: Այս առումով, մենք շատ ուղիղ և բաց հարաբերություններ ենք պահպանում և՛ Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների, և՛ Եվրամիության մեր գործընկերների հետ հարաբերություններում: Այնպես որ, կարծում եմ, որ գնդակը, ինչպես ասում են, Հայաստանի կառավարության դաշտում է և պետք է կարողանանք առավել արդյունավետ իրականացնել բարեփոխումների մեր օրակարգը՝ վստահ լինելով, որ աջակցություն կունենանք ինչպես Եվրամիության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերներից:

Մոռացա անդրադառնալ վիզաների ազատականացման հարցին: Այդ թեման մենք նույնպես քննարկել ենք, և այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունն ավելի ու ավելի գրավիչ երկիր լինի սեփական քաղաքացիների համար: Ուրախ եմ արձանագրել, որ 2018 թվականին երկար տարիներ ի վեր առաջին անգամ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվն ավելի մեծ է եղել: Մենք պետք է մեր երկրում ինստիտուցիոնալ այնպիսի բարեփոխումներ իրականացնենք, որ Հայաստանի Հանրապետությունը չդիտարկվի որպես, այսպես ասած, փախստականներ մատակարարող երկիր: Այս տարվա զարգացումները ցույց են տալիս, որ մենք այդ ուղղությամբ շարժվում ենք, և շարժվում ենք վստահ: Եվ, իհարկե, մեր քննարկումների, բանակցությունների և հարաբերությունների զարգացման առումով` հույս ունեմ առավել նպաստավոր պայմաններ կստեղծենք Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցում հաջողության հասնելու համար, և ի վերջո, կարծում եմ, ժամանակն է, որ մենք մտածենք այդ թեմայով բանակցությունները մեկնարկելու մասին»:

← Վերադառնալ