Մամլո հաղորդագրություններ

ՀՀ վարչապետը և Գերմանիայի Բունդեսթագի նախագահը քննարկել են միջխորհրդարանական կապերի սերտացման հարցեր

01.02.2019

ևս 3 լուսանկար

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի շրջանակում այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեին:

Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն նշել է, որ մեծ պատիվ է Գերմանիայում հյուրընկալել Հայաստանի վարչապետին և քննարկել երկու երկրների միջև համագործակցության հարցերը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մեր երկրում տեղի ունեցող գործընթացները` ընդգծելով, որ 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով ավարտվել է հեղափոխության առաջին փուլը Հայաստանում, և այժմ տնտեսական հեղափոխության ժամանակն է: «Հայաստանի համար ժողովրդավարությունն անշրջելի է: Քաղաքական փոփոխություններից հետո պետք է իրականացնենք տնտեսական փոփոխություններ, քանի որ հեղափոխությունը հաջողելու հաջորդ կարևոր բաղկացուցիչը տնտեսական զարգացումն է», - նշել է վարչապետը:

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության մակարդակը և հայ-գերմանական միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարևորել միջխորհրդարանական կապերի սերտացումն ու խորացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն անցում է կատարել լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի, և այս առումով Գերմանիայի՝ որպես կայացած խորհրդարանական ավանդույթներ ունեցող երկրի փորձն օրինակելի է, իսկ գերմանացի խորհրդարանականների հետ շփումների ակտիվացումը՝ կարևոր։ Վոլֆգանգ Շոյբլեն իր հերթին նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Գերմանիայի համար, և Գերմանիան պատրաստ է կիսվել խորհրդարանական կառավարման ոլորտում իր կուտակած փորձով և հաջողություններով:

ՀՀ վարչապետը և Բունդեսթագի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ամրապնդման հեռանկարները, որը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո նոր փուլ է մտել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ անդամ-երկրների կողմից համաձայնագրի վավերացման կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել հայ-գերմանական փոխգործակցության հետագա ընդլայնման, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին վերաբերող հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել 2016 թ. Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը:

← Վերադառնալ