Մամլո հաղորդագրություններ

Վարչապետին զեկուցվել են տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին

18.05.2019

ևս 9 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պետական կառավարման մարմինների պատասխանատուները զեկուցել են վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Օրակարգի առաջին հարցով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է գույքագրված ներդրումային առաջարկներին ու դրանց ընթացքին: Նախարարի խոսքով՝ ներկա դրությամբ կան 56 ներդրումային ծրագրեր. 38 ներդրումային ծրագրեր 1,2 մլրդ դոլար արժողությամբ համարվում են իրատեսական, որոնք գտնվում են ընթացքի տարբեր փուլերում: Մնացած 18 ծրագրերը քննարկման փուլում են: Ըստ նախարարի, ներդրումային նախագծերը վերաբերվում են քաղաքաշինության, էներգետիկայի, արդյունաբերության և այլ ոլորտների:

Իր հերթին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը տեղեկացրել է, որ քաղաքաշինության ոլորտում ներդրումային առաջարկների թիվը գնալով ավելանում է, պետք է գնահատել դրանց արդյունավետությունն ու շարժվել առաջ:

Այնուհետև անդրադարձ է կատարվել Երևանի տարբեր հատվածների հետ կապված ներդրումային առաջարկներին, ընթացքի մեջ գտնվող ծրագրերին ու առաջացած խնդիրներին:

Վարչապետ Փաշինյանն անհրաժեշտ է համարել տարբեր քաղաքաշինական ծրագրերի ընդհանուր ռազմավարության մշակումը և ըստ դրա ներդրումային առաջարկությունների քննարկումը: «Պետք է ունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք նախագծերն առաջ մղելու»,- ասել է կառավարության ղեկավարը և հանձնարարել ձևավորել աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակահատվածում կմշակի ռազմավարությունն ու նախագծերի շուրջ առկա խնդիրների ուղղությամբ կներկայացնի համապատասխան առաջարկություններ:

Օրակարգի հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել կարգավորումների պարզեցմանը, այդ թվում՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի հասանելիության խնդրին: Զեկուցվել է, որ նշված խնդիրների լուծումը գտնվում է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրի շրջանակում, որով նախատեսվում է իրականացնել շուրջ 50 միջոցառում:

Այնուհետև վարչապետին մանրամասներ են ներկայացվել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքների մասին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ներդրողների հետ ակտիվ աշխատանքն ու նախագծերի կյանքի կոչման փուլում նրանց անհրաժեշտ օժանդակության ցուցաբերումը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում ընտանեկան կամ սոցիալական նպաստից քաղաքացիներին չզրկելու, հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերի հաշվառման, ամենամսյա վարկեր սպասարկող (100 հազար դրամ և ավելի գումարով) և միևնույն ժամանակ ընտանեկանու սոցիալական նպաստի համակարգից օգտվող անձանց բացահայտման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Մասնավորապես,առաջին հարցի հետ կապված նախարարը հիշեցրել է, որ կառավարությունն արդեն իսկ ընդունել է համապատասխան որոշում, գործընթացը գտնվում է ընթացքի մեջ: Առկա թափուր աշխատատեղերի հաշվառման առնչությամբ նշվել է, որ հանրապետությունում հաշվառվել է 3438 թափուր աշխատատեղ, սակայն գործընթացն ընթացքի մեջ է և առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում վարչապետին կներկայացվի ամփոփ տեղեկատվություն: Ամենամսյա վարկեր սպասարկող (100 հազար դրամ և ավելի գումարով) և միևնույն ժամանակ ընտանեկան և սոցիալական նպաստի համակարգից օգտվող անձանց բացահայտման ուղղությամբ ևս հետևողական աշխատանքներ են տարվում: Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել նման դեպքերը և նշել, որ անհրաժեշտ է դրանց տալ իրավական ընթացք:

Այնուհետև զեկուցվել է վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծման և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան վերամասնագիտացման ծառայություններ մատուցելու, բիզնես հմտությունների սովորեցման և ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացման նպատակ ունեցող ուսումնական կենտրոնների և նախագծերի ակտիվացման, միջին մասնագիտական կրթական հաստատությունների «վերակենդանացման», ակտիվացման և զարգացման գործում մասնավոր հատվածի ներգրավման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Զեկուցվել է, որ աշխատանքները հաջողությամբ գտնվում են ընթացքի մեջ, դպրոցներում ձեռնարկատիրական, ֆինանսական կրթության տարածմանը միտված դասընթացները մեծ հետաքրքրություն են ունեն աշակերտների շրջանում: Արդյունքում, դասընթացների շրջանակում նրանք մշակում են նաև բիզնես պլաններ: Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով այս հարցին՝ նշել է. «Կարծում եմ, որ այս կոմպոնենտի մեջ պետք է ավելացնել ևս մի բաղադրիչ, որպեսզի հանրակրթական ծրագրերում մենք երեխաներին բացատրենք, թե ինչ է հարկը, ինչի համար է այն վճարվում, ինչպես է այն աշխատում ու ինչպես է դա ազդում իրականության վրա: Սա շատ կարևոր բան է, որովհետև այս ընթացքում մի քանի առիթ ունեցել եմ արձանագրելու, որ երբ մարդն ասում է այսինչ, այնինչ հարցերը լուծեք, սա բարձրացրեք այն բարձրացրեք՝ իր ընկալման կառուցվածքի մեջ դա բացակայում է: Նա չի պատկերացնում, որ այդ հարցերի լուծման շղթայի 10 քայլերից 9-ի պատասխանատուն նույնիսկ եթե ինքը չէ, ապա մեկի պատասխանատուն ինքն է, իր վճարած հարկի արդյունավետ ծախսման արդյունքում պետք է այդ խնդիրները լուծվեն: Կարևոր է, որ երեխան հասկանա՝ հարկն ինչ է ու ինչու են դա վճարում:

Մի քանի անգամ խոսել ենք այս մասին: Հարկը պետք է ընկալվի ոչ թե որպես բեռ, այլ պատվիրակված լիազորություն, որովհետև ամեն քաղաքացի չի կարող գնալ ինքն իր համար մայրուղի կառուցել, ինքն իր համար դպրոց կառուցել: Այսինքն, նա իր լիազորությունը պատվիրակում է, որպեսզի կառավարությունը բոլորից հավաքի այդ գումարը և իր համար ճանապարհ կառուցի: Ի վերջո, այդ գիտակցումը պետք է լինի, որ մարդը երբ հարկը վճարում է, ինքն իրեն է վճարում, ուրիշին չի վճարում: Եվ մեր կառավարության գործունեությունն էլ պետք է օգնի, որպեսզի մարդկանց այս ընկալումը գործնականում հաստատվի»:


Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև ջրամբարաշինության և ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրման ու նոր նախագծեր նախաձեռնելու, մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմների աջակցության, ինչպես նաև պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին պատրաստվելու ուղղությամբ իրականացված քայլերի մասին:

Մասնավորապես, ճանապարհաշինության հետ կապված զեկուցվել է, որ մայիսի 15-ից սկսվել են 85 կմ երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, հունիսի 15-ից ևս նոր թափ կհաղորդվի ճանապարհաշինական աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ նախատեսված աշխատանքներն ու ընդգծել. «Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այս տարվա ընթացքում 330 կմ ճանապարհ բերենք նորմալ վիճակի»:
 

← Վերադառնալ