Մամլո հաղորդագրություններ

«Ամեն քաղաքի տոնին մենք ամբողջ հանրապետությունով պետք է հավաքվենք այդ քաղաքում». վարչապետը մասնակցել է Վանաձորի օրվան նվիրված տոնակատարություններին

26.10.2019

ևս 28 լուսանկար



Վանաձոր քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր մասնակցել են քաղաքում կազմակերպված տոնակատարություններին։

Վարչապետը տիկնոջ հետ նախ այցելել է «Հնարավորությունների քաղաք» ցուցահանդես, շրջել Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայում տեղակայված տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, մշակութային և ձեռագործ աշխատանքներին, ողջունել վանաձորցիներին, շնորհավորել նրանց քաղաքի օրվա առթիվ և բարեմաղթանքներ հղել։

Հաջորդ կանգառը Վանաձորի Արցախ պուրակի շինհրապարակն էր, որը բարեկարգվում է կառավարության սուբվենցիոն ծրագրի և Վանաձորի համայնքապետարանի համաֆինանսավորման շրջանակում, ընդ որում՝ հիմնանորոգումն իրականացվում է խորհրդային ժամանակներից ի վեր առաջին անգամ։ Պուրակի վերակառուցման գումարի ընդհանուր ծավալը կազմում է 43 մլն դրամ։ Նախատեսվում է, որ վերանորոգումից հետո վանաձորցիները կունենան բարեկարգ և քաղաքաշինական նորմերին համապատասխան այգի՝ կանաչապատված, լուսավորված, ժամանակակից նստարաններով և աղբարկղերով: Արցախ պուրակը ներառված է հուշարձանների ցանկում՝ որպես տեղական նշանակության հուշարձան և համարվում է Արցախյան շարժման խորհրդանիշ։

Տիգրան Մեծ պողոտայից վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը շարժվել են դեպի Վանաձորի Հայք հրապարակ, որտեղ մասնակցել են քաղաքի օրվա տոնակատարությունները եզրափակող գլխավոր միջոցառմանը՝ տոնական համերգով, քաղաքի նոր շատրվանների բացման արարողությամբ և հրավառությամբ։

Երկրի վարչապետը հանդես է եկել շնորհավորական ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Սիրելի վանաձորցիներ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

շնորհավորում եմ մեր սիրելի քաղաքի՝ Վանաձորի օրվա առիթով։

Սիրելի ժողովուրդ,

այսօր մենք Վանաձորը գտանք տոնական տրամադրության մեջ։ Ինչո՞ւ է այսօր տրամադրությունը տոնական Վանաձորում։ Նախ և առաջ, որ մենք իրար տեսնելու, իրար ժպտալու հնարավորությունն ունենք, իրարից կարոտն առնելու հնարավորությունն ունենք, որովհետև վաղուց չենք հանդիպել։

Հաջորդը՝ այսօր քաղաքում տեղի են ունենում փոփոխություններ. մենք տեսանք, որ վերականգնվում է, վերանորոգվում է Կերպարվեստի թանգարանը, մենք տեսանք, որ վերանորոգվում է Վանաձորի համար կարևոր նշանակություն ունեցող Արցախ պուրակը։ Այսօր տեղի կունենա այս հրաշալի շատրվանների բացումը։ Վանաձոր բերող ճանապարհները վերանորոգվում են և վերականգնվում են։

Ի՞նչ է սա փոխում մարդկանց կյանքում։ Շատ դիպուկ է ասված՝ Վանաձոր-հնարավորությունների քաղաք։ Այս փոփոխությունները նոր հնարավորություն են բերելու վանաձորցիներին, որովհետև այս շատրվանները, վերականգնվող ճանապարհները և փողոցները, թանգարանը, Արցախ պուրակը նոր մարդկանց, զբոսաշրջիկների են բերելու Վանաձոր քաղաք, ինչը հնարավորություն է տալու ակտիվացնել փոքր և միջին բիզնեսը, ինչը հնարավորություն է տալու, որպեսզի մարդիկ իրենց արժանապատիվ աշխատանքով վաստակեն իրենց օրվա հացը։ Մենք պայմանավորվել ենք հենց սրա մասին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մենք պետք է ստեղծենք հնարավորություններ, որ նրանք ոչ թե օգնություն խնդրեն մեծահարուստներից, կառավարությունից, բոլորից, այլ նրանք պետք է հնարավորություններ պահանջեն, որպեսզի կառավարությունը, բոլորը, խոշոր բիզնեսը հնարավորություններ ստեղծեն մարդկանց համար, կրթության հնարավորություն երեխաների և երիտասարդների համար, գործարարությամբ զբաղվելու, ազնիվ, արդար աշխատանքով զբաղվելու հնարավորություններ ստեղծեն բոլորի համար Վանաձորում և ամենուր։

Ես այսօր տեսա, որ Վանաձորի օրվա կապակցությամբ ուրիշ քաղաքներից բազմաթիվ մարդիկ այսօր եկել են այստեղ՝ շնորհավորելու, և սա շատ լավ ավանդույթի սկիզբ է։ Մենք սիրում ենք մեր թաղը, մեր ծննդավայրը, մեր քաղաքը, բայց մենք մեր քաղաքային սիրո, մեր տեղական սիրո սահմանները պետք է ընդլայնենք, որովհետև երևանցին նույնքան պիտի սիրի Վանաձորը, վանաձորցին նույնքան պիտի սիրի Գյումրին, գյումրեցին նույնքան պիտի սիրի Կապանը, կապանցին նույնքան պիտի սիրի Եղեգնաձորը, եղեգնաձորցին նույնքան պիտի սիրի Արարատը, արարատցին նույնքան պիտի սիրի Արմավիրը, արմավիրցին նույնքան պիտի սիրի Աշտարակը, աշտարակցին նույնքան պիտի սիրի Իջևանը, իջևանցին նույնքան պիտի սիրի Բերդը, բերդցին նույնքան պիտի սիրի Նոյեմբերյանը, նոյեմբերյանցին նույնքան պիտի սիրի Ալավերդին և այդպես շարունակ, որովհետև մենք չունենք հայրենիք՝ քուչա առ քուչա, փողոց առ փողոց կիսելու։ Մենք ունենք մեկ միասնական հայրենիք, և Վանաձորը ոչ միայն վանաձորցիների, այլև Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու հայրենի քաղաքն է, յուրաքանչյուր հայի հայրենի քաղաքն է, և մենք բոլորս սիրում ենք Վանաձորը։ Եկեք այս ավանդույթը շարունակենք, ինչպես դա սկսվեց Գյումրիում, շարունակվում է Վանաձորում։ Ամեն քաղաքի տոնին մենք ամբողջ հանրապետությունով պիտի հավաքվենք այդ քաղաքում՝ շնորհավորելու մեր հայրենի, մեր սիրելի քաղաքի տարեդարձը։

Սիրելի վանաձորցիներ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

շնորհավորում եմ մեր հարազատ, մեր սիրելի, մեր հայրենի քաղաքի տարեդարձը։

Եվ ամենակարևորը՝ դբա լավը, ժողովուրդ ջան, դբա լավը»։

Հաջորդիվ Վանաձորի Հայք հրապարակում հանդիսավորությամբ բացվել են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվանները։ Հայք հրապարակի բարեկարգումը և լուսաձայնային շատրվանների գործարկումն իրականացվել է ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում։

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել նաև Վանաձորի օրվա առթիվ կազմակերպված համերգին, որը եզրափակվել է տոնական հրավառությամբ։

← Վերադառնալ