Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը նպաստառու ընտանիքների համար ստեղծում է կայուն եկամտի ձևավորման հնարավորություններ

26.12.2019

ևս 13 լուսանկար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետն ամփոփել է 2019 թվականի տնտեսական ցուցանիշները:

Ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում առկա խնդիրների բացահայտման, համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացման համար կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Այն կնպաստի նպաստառու ընտանիքների համար կայուն եկամտի ձևավորման հնարավորությունների ստեղծմանը: Հիմնավորման համաձայն՝ նպաստառու ընտանիքների աշխատունակ անձինք, նպաստի իրավունքից չզրկվելու պատճառով, խուսափում են հարմար աշխատանքի առաջարկներից կամ զբաղվածության պետական ծրագրերի շրջանակում իրականացվող ակտիվ ծրագրերում ընդգրկվելուց: Փոփոխություններով նախատեսվում է հնարավորություն տալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքին՝ ընտանիքի աշխատունակ անդամների աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս շարունակել ստանալ նպաստը, ինչպես նաև զբաղվածության ակտիվ ծրագրերի շրջանակում իրականացվող միջոցառումներից օգտվելու համար, որով կխթանվի տնտեսապես ակտիվ անձանց աշխատանքային գործունեություն ծավալելու ցանկության իրականացումը: Բացի այդ, կընդլայնվեն սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգով տրվող օգնություններից օգտվելու հնարավորությունները: Կավելացվի ընտանիքի անապահովության գնահատման ևս մեկ բնութագրիչ՝ վարկային պարտավորությունների գծով 100 հազար ՀՀ դրամ և ավելի միջին ամսական մարում կատարելու հանգամանքը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է նպաստների հասցեականության ապահովման հարցը, որի լուծմանն է միտված ոլորտում իրականացվող բարեփոխումը: «Մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում նպաստ ստացող ունենք, որ ամիսը 1 մլն դրամ վարկ է փակում։ Այսինքն` պետությունից որպես անապահով ակնկալում են ամիսը 30 հազար դրամ, բայց հետո ամիսը 700 հազար դրամ վարկ են փակում։ Ասենք, օրինակ` ավտոմեքենա է գնել, «Բրաբուս» է գնել ու վարկ է փակում»,- նշել է վարչապետը:

Կբարձրանան աշխատանքային և զինվորական կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը

Կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2020 թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել 26500 դրամ (25500 դրամի փոխարեն), աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափերը՝ 18000 դրամ (16000 դրամի փոխարեն), աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ (800 դրամի փոխարեն), զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1600 դրամ (1500 դրամ): Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը կսահմանվեն՝ առաջին խում՝ 40000 դրամ (36000 դրամի փոխարեն), երկրորդ խումբ՝ 30000 դրամ (26000 դրամի փոխարեն), երրորդ խումբ՝ 27000 դրամ (25500 դրամի փոխարեն): Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կսահմանվի 27000 դրամ (25500 դրամի փոխարեն), երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 90000 դրամ (80000 դրամի փոխարեն): Առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 26500 դրամ (25500 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 90000 դրամ (80000 դրամի փոխարեն):

Ինչպես նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, կառավարության ծրագրի համաձայն՝ պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում բոլոր տեսակի կենսաթոշակները կբարձրանան միջինը 10 տոկոսով: «Ներկայացված սանդղակներն իրենց հերթին կինդեքսավորվեն արդեն անհատական տվյալներով՝ կախված ստաժից, աշխատանքից և այդպես շարունակ»,-ասել է վարչապետը:


Կապահովվի հակառակորդի գործողությունների արդյունքում տուժած զինծառայողների սոցիալական պաշտպանվածության պատշաճ մակարդակ

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում նախատեսել նաև այն դեպքում, երբ այն պատճառվել է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում: Հիմնավորման համաձայն՝ զինված ուժերի գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառվել է այնպիսի պայմաններում, երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք: Այդպիսի դեպքեր տեղի են ունեցել հակառակորդի հեռահար հրետանակոծության կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության արդյունքում: Նման դեպքերում զինծառայողի կարգավիճակը սահմանվել է որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակում տեղի ունեցած դեպք, ինչը սակայն ըստ էության չի բնորոշում համապատասխան դեպքի իրական հանգամանքը և սոցիալական պաշտպանվածության առումով չի ապահովում որոշակիորեն համարժեք վիճակ: Ներկայում հաշվառված է 2008 թ-ից սկսած հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում թվով 9 զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնաս: Այդպիսով՝ նախատեսվում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառել նաև հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում տեղի ունեցած դեպքերը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է օրենսդրական նախաձեռնությունը և նշել, որ այն իրականում անարդարության խնդիր է լուծում: «Ես համոզված եմ, որ Հոգաբարձուների խորհուրդը որոշում կկայանացնի նաև տարածել այս բոլոր դեպքերը մինչև 1990 թվականը»,-ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օրենսդրական նախաձեռնությանը և նշել, որ դրանով ևս մեկ փոքր, բայց կարևոր քայլ է արվում ոլորտում առկա խնդիրները կարգավորելու ուղղությամբ: «Եկեք խոստովանենք, որ այդտեղ ահռելի աշխատանք կա անելու, բայց մենք ելնում ենք այն տրամաբանությունից, որ այդ աշխատանքը պետք է անել հաշվարկված, ճիշտ մտածված, քայլ առ քայլ, որպեսզի իրոք խնդիրներ լուծենք և հանկարծ նոր խնդիրներ չառաջացնենք: Եկեք արձանագրենք, որ մենք այս և նախկինում կայացված որոշումներով ոլորտում առկա խնդիրները ոչ թե լուծում ու ավարտում ենք, այլ սկսում ենք այդ խնդիրների լուծումը: Բազմաշերտ են խնդիրները և մենք քայլ-քայլ գնալու ենք առաջ»,-ասել է վարչապետը:

Հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը

Կառավարությունը հաստատել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը: Ռազմավարական փաստաթղթերի ընդունման արդյունքում կստեղծվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մեկ ամբողջական` համապարփակ քաղաքական փաստաղթուղթ, որը համակարգված ձևով` կարտացոլի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության կողմից իրականացվող հիմնական քաղաքականությունը, կտա թիրախային լուծումներ մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում առկա խնդիրներին` քաղաքականության շարունակականություն ապահովելու նպատակով:

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը նշել է, որ ռազմավարությունը տալիս է մարդու իրավունքների ստեղծված իրավիճակի, նաև նախորդ գործողությունների ծրագրերի գնահատականը, մատնանշում է այս ռազմավարության սկզբունքներն ու սահմանում հաջորդ երեք տարիների առաջնահերթությունները: Փոխնախարարի խոսքով՝ գործողությունների ծրագիրը թիրախավորում է, այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են՝ պետության հոգածության ներքո գտնվող, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր իրավիճակներում հայտնված անձանց կյանքի իրավունքի պաշտպանության խնդիրները: Մասնավորապես, խոսքը զինծառայողների, ազատությունից զրկված անձանց, փակ կամ կիսափակ հաստատություններում գտնվող անձանց, ինչպես նաև ընտանեկան բռնությունից տուժած անձանց մասին է: Անդրադառնալով հավաքների ազատությանը՝ Քրիստինե Գրիգորյանը նշել է, որ հավաքների ազատության մասով հիմնական գործողությունները թե՛ օրենսդրական, թե՛ կարողությունների զարգացման բնույթի են և միտված են, մասնավորապես՝ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման բացառմանը: Հատուկ ուշադրություն է դարձվել հավաքների մասնակիցների, լուսաբանող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության հարցերին։ Մյուս կարևոր հարցը ատելության խոսքի դեմ ձեռնարկվելիք միջոցներներն են, այդ թվում՝ պատասխանատվության մեխանիզմների ուսումնասիրությունն ու կիրառությունը նաև օնլայն տիրույթում: Փոխնախարարը նշել է նաև, որ գործողությունների ծրագրով նախատեսված են միջոցառումներ, որոնք միտված են իրավահավասարության ապահովմանը, խտրականության արգելքին, տարբեր խոցելի խմբերի պաշտպանությանը: Կարևոր միջոցառումներ են նախատեսված կանանց իրավունքների պաշտպանության, երեխաներին բռնությունից պաշտպանության ուղղությամբ և այլն: Կոնկրետ միջոցառումներ են նախատեսված որդեգրումների մեխանիզմների ուսումնասիրության, խնդիրների վեր հանման և լուծման ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստաթուղթն ունի կարևոր ենթատեքստ: «Երբ ասում ենք, որ Հայաստանում մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն՝ նկատի ունենք, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն։ Մեծ հաշվով ոչ մի նորություն չկա, բայց խնդիրն այն է, որ երբ ՀՀ-ում եղել է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, դրանում սովորաբար ընդգրկված են եղել կոռուպցիայի մեջ ամենամեծ հաջողություններ կամ պոտենցիալ ունեցող մարդիկ: Երբ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարություն է ընդունվել, դա օգտագործվել է որպես ծխածածկույթ մարդու իրավունքները ոտնահարելու համար։ Մյուս կողմից մենք պետք է առերեսվենք, որ մեկ օրում հնարավոր չէ իրականությունը փոխել»,-ասել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետը կարևորել է նաև այն, որ պետական փաստաթղթում արձանագրված է՝ ՀՀ-ում խաղաղ հավաքներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքեր են եղել. «Ոստիկանության պետի պաշտոնակատարի հետ այս թեմայով մի քանի անգամ քննարկումներ ենք ունեցել։ Այո՛, պետք է խոստովանենք, որ մենք շատ դեպքերում այդ ավանդույթից եկած ոստիկանությունը, իրավապահ համակարգի ներկայացուցիչները, պետական ծառայողներն ընդհանուր առմամբ չարդարացված ագրեսիվություն են ցուցաբերում մարդկանց նկատմամբ։ Դա կոնկրետ պատճառ ունի՝ դա բավարար կրթության, իրազեկվածության, գրագիտության պակասն է, բայց, որպեսզի մենք այս խնդիրը լուծենք, պետք է առաջին հերթին խոստովանենք դա»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքին և նշել. «Պետք չի փախնել, պետք է խոստովանել, որ տեղի է ունեցել սխալ, որն իր հետ պետք է բերի հետևանքներ: Այո՛, դրա քաղաքական պատասխանատվությունը մերն է, բայց շատ կարևոր է, որ հանրության մոտ կասկած չմնա, այսինքն՝ մենք ուզո՞ւմ ենք, որ այդպես լինի, թե՞ իրականում աշխատում ենք, որ այդպես չլինի։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Բայց մենք այսօր երկու վիճակ ունենք. մի կողմից կա չափազանցված ագրեսիվության խնդիր, և երբ շատ հետևողականորեն պայքարում ես այդ երևույթների դեմ, սկսում է համակարգում չափազանցված պասիվության խնդիր»։

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը հարցերից չի փախնելու, առերեսվելու է դրանց: «Հանուն մարդու իրավունքների համար պայքարի ՀՀ-ում ոչ մի ավելի շահագրգիռ մարմին, կազմակերպություն չի լինելու, քան ՀՀ կառավարությունը: Զինված ուժերի դեպքերի առնչությամբ Պաշտպանության նախարարից ավելի շահագրգիռ մարդ ՀՀ-ում չի լինելու, դա է պաշտպանության նախարարի կոչումը և առաքելությունը: Որ ոստիկանը լինի գրագետ, զերծ մնա անհամաչափ ուժի կիրառումից՝ դրանից ավելի շահագրգիռ մարդ, քան ՀՀ ոստիկանության պետը, չի լինելու: ՀՀ-ում Գլխավոր դատախազից, Քննչական կոմիտեի նախագահից, Հատուկ քննչական ծառայության պետից, ԱԱԾ տնօրենից, ՊԵԿ նախագահից ավելի շահագրգիռ մարդ չի լինելու։ Սա է փաստաթղթի ենթատեքստը»,-ասել է կառավարության ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ կառավարությունը հետևողականորեն գնալու է ՀՀ-ում կանանց իրավունքների պաշտպանության և հնարավորությունների ընդլայնման ճանապարհով: «Կա շատ հստակ խնդիր. այսօր մեր երկրի բնակչության մեծամասնությունը կանայք են, և մենք չենք կարող տնտեսական լուրջ առաջընթացի մասին խոսել առանց մեր բնակչության մեծամասնության պոտենցիալը պատշաճ կերպով իրացնելու հնարավորություն ստեղծելու։ Առանց քաջալերելու ՀՀ կանանց, որ իրենք օգնեն իրենց ընտանիքների աղքատությունը հաղթահարել»,-նշել է կառավարության ղեկավարը։

Հայաստանում նախատեսվում է կառուցել 400ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ

Կառավարությունը հավանություն է տվել «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրին և սահմանել ծրագրի իրականացման նախապայման: Ներրումային ծրագրի հիմքում ընկած է Masdar-ի և ANIF-ի միջև ընթացիկ տարվա հուլիսին կնքված փոխըմբռնման հուշագիրը, որով նախատեսվում է արդյունավետ համագործակցություն իրականացնել արևային ֆոտովոլտային, հողմային և լողացող արևային էներգիայի կայանների կառուցման ուղղություններով։ Այնուհետև այս երկու ընկերությունների միջև կնքվել է համաձայնագիր, որով առաջարկվում է 2 փուլով իրականացնել 400ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ծրագիր: Առաջին փուլով նախատեսվում է մինչև 2023թ. դեկտեմբեր ամիսն իրականացնել 200ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների, շենքերի և շինությունների կառուցում, միացում հաղորդման ցանցին և գործարկում։ Այս փուլի ներքո նախատեսվող սակագինը համաձայնեցվել է Masdar–ի հետ և արժեքը 1 կՎտժ-ի դիմաց կազմելու է 2.99 ԱՄՆ ցենտ/կՎտժ (առանց ԱԱՀ): Երկրորդ փուլով նախատեսվում է մինչև 2024թ. դեկտեմբեր ամիսն իրականացնել 200ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում, 1 կՎտժ-ի դիմաց արժեքը կազմելու է 2.95 ԱՄՆ ցենտ/կՎտժ: Կառավարության որոշմամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին հանձնարարվել է ծրագրի յուրաքանչյուր փուլի համար հրապարակային հրավերի միջոցով հայտարարել միջազգային մրցույթ՝ հնարավորություն ընձեռելով այլ կազմակերպությունների ներկայացնել ծրագրի տվյալ փուլի համար կառավարության աջակցության համաձայնագրի նախագծով առաջարկված սակագնից առավել ցածր սակագնով ծրագիրն իրականացնելու հայտ: Ծրագրի յուրաքանչյուր փուլի համար հրապարակային հրավերի միջոցով իրականացվող միջազգային մրցույթի արդյունքներն ամփոփել և հաղթողին հայտարարել ոչ ուշ քան 2020 թ. հոկտեմբերի 15-ը՝ առաջին փուլի և 2021 թ. հոկտեմբերի 15-ը՝ երկրորդ փուլի համար:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ դա մասնավոր- պետական համագործակցության այն տրամաբանությունն է, որը դրվում է կառավարության տեսլականի հիմքում՝ և՛ էներգետիկ ոլորտում, և՛ մնացած բոլոր ոլորտներում: «Միջազգային ներդրողը ասում է՝ ես 500 մլն դոլարի ներդրում եմ ուզում անել ձեր երկրում և կառուցել արևային կայաններ, վաճառել էներգետիկ համակարգին այս սակագնով: Մենք տեսնում ենք, որ ներդրողի առաջարկածը շատ լավ և ցածր սակագին է և դրական վերաբերմունք ենք արտահայտում այդ մտադրության նկատմամբ: Բայց, քանի որ գործ ունենք սահմանափակ ռեսուրսի հետ, այսինքն՝ չենք կարող մեր երկրի տարածքն անսահմանափակ տալ արևային կայաններ կառուցելու համար և, որպեսզի հարց չծագի, թե ինչու այս ընկերությանը տրվեց այդ հնարավորությունը, այլ ընկերությանը՝ չտրվեց, մենք հրապարակային հայտարարում ենք՝ հարգելի ՀՀ և միջազգային գործարար հանրություն, մենք այսինչ ընկերությունից ունենք այսպիսի առաջարկ, որը մեզ համար հետաքրքիր է և ընդունելի, եթե որևէ մեկն ունի ավելի լավ առաջարկ, խնդրում ենք ձեր առաջարկները ներկայացրեք: Երբ ի հայտ կգա ավելի լավ առաջարկ, մենք բնականաբար կընտրենք ավելի լավ առաջարկը: Այդպիսով մենք մի կողմից կապահովեն մրցակցությունը, մյուս կողմից՝ մեր երկրի շահերը, երրորդ կողմից՝ չենք նեղացնի մեր պոտենցիալ ներդրողին, որին կասենք, որ այո՛, մենք համաձայնենք, բայց փաստորեն կա ավելի լավ հնարավորություն, և մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից: Եվ այդ կանոնը ներդրողը նույնպես ընդունում է: Եթե կպարզվի, որ չկա ավելի լավ առաջարկ, ապա այդ պարագայում արդեն հենց առաջարկի հեղինակ ներդրողը նախագիծը կիրականացնի»,-ասել է վարչապետը:

Աջակցություն՝ գինեգործության ոլորտում գործող տնտեսավարողներին

Ագրոպարենային ոլորտում գործող տնտեսավարողներին հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողություններ ու գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ ձեռք բերելու համար պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: 2018 թ. մեկնարկած ծրագրի հիմնական նպատակն ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է: Ըստ այդմ՝ առաջարկվում է ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում կատարել համապատասխան լրացում, որով ագրոպարենային, մասնավորապես՝ գինեգործության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտները լիզինգով կկարողանան ձեռք բերել հիմնական միջոց հաշվառվող հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողություններ, ինչպես նաև գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ։ Արդյունքում կավելանան ծրագրից օգտվող շահառուների և ձեռքբերվող սարքավորումների քանակները։ Ըստ հիմնավորման՝ ավելացվել է ծրագրի ընդգրկման շրջանակը կաթի տեղափոխման իզոթերմիկ ցիստերներով և կառավարության համապատասխան որոշմամբ որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը իրականացվելու է 11 տոկոսային կետով, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս։

Վարչապետն ընդգծել է որոշման ընդունման կարևորությունը և նշել. «Դրա դիմաց մենք հաջորդ տարի ակնկալում ենք արտահանման ոչ թե 50, այլ 75 և ավելի տոկոս աճ՝ սրանից բխող հետևանքներով»:

Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշում: Ինչպես նշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որոշմամբ առաջարկում է ամփոփել 2020 թ. բյուջետային գործընթացի այս փուլը: «Այս որոշման ընդունմամբ հնարավորություն կունենանք մեկնարկել բյուջեի կատարման գործընթացը: Բացի նրանից, որ թվային ցուցանիշները բաշխված են ըստ եռամսյակների, նաև տրված են այն լուծումները, որոնք գործող օրենքներով վերապահված են կառավարությանը՝ որպես լիազորություն սահմանել այն կանոնները, որոնցով բյուջեի կատարման գործընթացը կկազմակերպվի»,-նշել է նախարարը:

 

← Վերադառնալ