Մամլո հաղորդագրություններ
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ
ևս 5 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: ՀՀ կառավարության ղեկավարը նախ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Տեսալուսանկարահանման արարողությունից հետո Հայաստանի վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Քննարկման առանցքում է եղել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների լայն օրակարգը:
Շառլ Միշելը ողջունել է վարչապետի այցը և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու համագործակցության հետագա քայլերը, այդ թվում` Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման ուղղությամբ:
Վարչապետը կարևորել է ԵՄ-ի կողմից Հայաստանի բարեփոխումներին աջակցությունը և վստահություն հայտնել, որ պարոն Միշելի` Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ևս ՀՀ-ԵՄ գործակցությունը կշարունակի զարգանալ արդյունավետ: «Եվրոպական միությունը մեր բարեփոխումների իրականացման հիմնական գործընկերն է, դրանց իրականացման գործում մենք ամեն պահի զգացել ենք ԵՄ-ի օգտակար աջակցությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերը:
Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ կարևորում է Հայաստանի ընտրած բարեփոխումների ճանապարհը և հավելել, որ Եվրոպական միությունը շարունակելու է ակտիվորեն համագործակցել և աջակցել մեր երկրին` ժողովրդավարական, այդ թվում` դատաիրավական ոլորտում բարեփոխումները կյանքի կոչելու համար:
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել հունիս ամսին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովից իրենց սպասելիքների շուրջ:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է` Հայաստանը հետևողականորեն առաջ է շարժվելու ժողովրդավարության զարգացման ու այն ամրապնդելու ուղղությամբ, մարդու իրավունքների պաշտպանությունը և օրենքի լիարժեք գերակայությունն ապահովելու նպատակով: