Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ ծրագրով աջակցություն կտրամադրի նպաստառու ընտանիքներին
ևս 6 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած սոցիալապես անապահով ընտանիքներին: Միջոցառման շահառու են 2020 թ. ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող շուրջ 85 հազար ընտանիքները: Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50 տոկոսի չափով, որի 70 տոկոսը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, 30 տոկոսը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար: Բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարը տրամադրվում է շահառուին: Ընդհանոր գումարը կկազմի՝ 1,2 մլրդ դրամ: Նախատեսված գումարը յուրաքանչյուր բաժանորդ հանդիսացող նպաստառու ընտանիքի անվամբ փոխանցվում է էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը: Ընդ որում՝ շահառուի պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:
Կառավարությունը լրացումներ է կատարել նաև կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 3-րդ, 8-րդ և 9-րդ միջոցառումներում՝ ընդլայնելով այդ ծրագրերի շահառուների շրջանակը:
Այսպիսով, 3-րդ ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև՝ նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն իրականացնողները: Նշենք, որ 3-րդ միջոցառմամբ առաջարկվում է վարկի ապահովման ու տոկոսադրույքների սուբսիդավորման ձևերով օժանդակել 2019թ-ին 24-500 մլն տարեկան շրջանառություն ունեցող տնտեսավարողներին։
8-րդ միջոցառման տուժած ոլորտների ցանկում ավելացվում են՝ ցամաքային տրանսպորտի (երթուղային տրանսպորտ), նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում (սպորտային ակումբներ, լողավազաններ) և զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն իրականացնողները։ Աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև այս ոլորտներում գրանցված աշխատողները:
Իսկ 9-րդ միջոցառման շահառու կարող է հանդիսանալ նաև այն ընտանիքը, որի գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։
Ինչպես նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, 8-րդ ծրագրով արդեն օժանդակություն է ստացել 44698 անձ ՝ ընդհանուրը 3 մլրդ 64 մլն դրամի չափով: Ըստ նախարարի՝ ապրիլի 17-ին օժանդակություն կստանան նաև 9-րդ ծրագրի շահառուները՝ 20 հազար երեխայի համար:
Ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, այս փուլում անհրաժեշտ է կենտրոնանալ արդեն իսկ ընդունված ծրագրերն արդյունավետորեն ավարտելու՝ տեխնիկական խնդիրները լուծելու, շահառուների շրջանակը ճշգրտելու և այլ հարցերի վրա: Ծրագրերի իրականացման համատեքստում վարչապետն ընդգծել է մի շարք բազաների, այդ թվում՝ անձանց նույնականացման համակարգերի թվայնացման կարևորությունը:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է օրավարձով աշխատողներին օժանդակություն չցուցաբերելու հետ կապված քննադատություններին և նշել. «Մեզ քննադատում են, որ աջակցություն չենք ցուցաբերում չգրանցված, օրավաձով աշխատողներին: Ես ուզում եմ ընդգծել, որ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ առնվազն օրավարձով աշխատողների 90 և ավելի տոկոսին, եթե ոչ 100 տոկոսին, հասնում ենք այս և մնացած 9-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ ծրագրերով, որոնք վերաբերվում են էլէկտրաէներգիայի և գազի բաժանորդներին: Այսինքն՝ օրավարձով աշխատողները որևէ տեղ հաշվառված չեն, որպեսզի մենք նրանց հասցեական գտնենք, դրա համար մենք նրանց գտնում ենք անուղակի: 9-րդ ծրագրով՝ երեխաների միջոցով, 11-րդ, 12-րդ, 13-րդ ծրագրերով իրենց բաժանորդ լինելու հանգամանքի բերումով և 7-րդ ծրագրով՝ երեխայի սպասելու բերումով: Մեր կանխավարկածը այն է, որ օրավարձով աշխատողները այս հինգ ծրագրերից որևէ մեկում կամ նույնիսկ որոշ դեպքերում երկուսում կարող են լինել»:
Վարչապետը մեկ անգամ ևս ընդգծել է ծրագրերի վերաբերյալ մանրամասն իրազեկման ապահովման կարևորությունը և հանձնարարել այն կազմակերպել հավուր պատշաճի: «Շատ մեծ թվով մարդիկ տեղյակ չեն, որ իրենք հանդիսանում են այս կամ այն ծրագրի շահառու: Սա ազդակ է, որ մենք ԶԼՄ-ների միջոցով, սոցիալական ցանցերով, բավարար չափով չենք լուսաբանում, թե որ միջոցառումը կոնկրետ որ խմբին է վերաբերվում և ինչ պետք է անի քաղաքացին այդ աջակցությունից օգտվելու համար», -ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր ծրագրերը պետք է մանրամասն ու ամենօրյա ռեժիմով լուսաբանվեն:
Կառավարությունը գումար է հատկացրել թոքերի արհեստական շնչառական սարքերի գաղափարների մասնագիտական ուսումնասիրության և նախագծման աշխատանքների իրականացման համար
Նոր տիպի Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերները հաղթահարելուն և առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է թոքերի արհեստական շնչառական (ԹԱՇ) սարքերի գաղափարների մասնագիտական ուսումնասիրության և նախագծման աշխատանքների իրականացման նպատակով «Ինժիներական Ասոցիացիա» ՀԿ-ին առանց մրցույթ, որպես դրամաշնորհ տրամադրել 90 մլն դրամ դրամ: Գումարը կհատկացվի 2020 թ. պետբյուջեով «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագիր» ծրագրի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհներ» միջոցառման համար նախատեսված միջոցներից: Դրամաշնորհի շրջանակում «Ինժիներական Ասոցիացիա» պարտավորվում է ուսումնասիրել ներկայացված գաղափարները, կապ հաստատել հետաքրքրություն հայտնած անհատ ինժեներների, համալսարանական լաբորատորիաների, ինժեներական և արտադրական գործունեություն իրականացնող ընկերությունների հետ՝ քննարկելու իրենց կողմից ներկայացված համագործակցության առաջարկները, արտադրական գաղափարները և մասնագիտական հնարավորությունները: Կկազմակերպվեն ԹԱՇ սարքերի նախագծման, մակետային նախատիպի մշակման, մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման, համակարգի նախագծի շտկման, 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման, կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման աշխատանքներ՝ ապահովելով արտադրական ամբողջական ցիկլին հասնելու գործընթացը: Հիմնավորման համաձայն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել էր ԹԱՇ սարքավորումների նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում ստացվել է ավելի քան 280 հայտ և առաջարկ:
Կարևորելով ընդունված որոշումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք ստիպված ենք ժամերով 20 հազար դրամի, 10 հազար դրամի, 5 հազար դրամի հարց քննարկել, բայց ես կարծում եմ՝ այդ քննարկումն այն չէ, ինչ-որ մենք պետք է ունենանք մեր օրակարգում: Պարզ է, որ այդ թեման պետք է հաղթահարենք, բայց այդ թեման հաղթահարելու ճանապարհին ի վերջո պետք է արձանագրենք՝ կարևորը կրթությունն է, գիտությունն է, արդյունաբերությունն է, և մեր կառավարության ռազմավարական առաջնահերթություններում հենց այդ է նշված: Մեզ կամք, իմաստություն և հետևողականություն եմ մաղթում, որպեսզի կառավարության, համայնքների, ընտանիքների օրակարգերը փոխվեն, հազար, երկու հազար, երեք հազար դրամանոց հարցերը վերազարգանան, վերափոխվեն կրթական, գիտական լուրջ հարցերի, կյանքի կազմակերպման և երջանկության հասնելու մեխանիզմների հարցերի: Սա թերևս ամենակարևոր օրակարգն է, որ մենք պետք է կարողանանք իրականացնել»:
Արտոնություններ են տրամադրվել տրիկոտաժի արտադրությամբ զբաղվող ընկերությանը
Կառավարությունը բավարարել է «Արմտեքս գրուպ» ՍՊԸ ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու և ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից օգտվելու համար: Գյումրիում գործող ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է տրիկոտաժի (ներքնաշորեր, գիշերանոցներ) արտադրության համար: «Արմտեքս գրուպ»-ը 2019 թ.-ին կառավարության համապատասխան որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրել է 450 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և ստեղծել 15 նոր աշխատատեղ: Նոր ծրագրով նախատեսում է իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում՝ հումքի, իսկ մնացած մասը գործարանի վերանորոգման և նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 113 աշխատատեղ, նախատեսում է ստեղծել 15 նոր աշխատատեղ (18 ամիսների ընթացքում)` 95,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 145.8 մլն դրամ, որից 100 մլն դրամի արտադրանքը կիրացվի Կանադայում, 45.8 մլն դրամի արտադրանքը` Ռուսաստանի Դաշնությունում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 754.5 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 60.4 մլն դրամ: