Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը կարևորել է արտակարգ իրավիճակների ոլորտում կարողությունների շարունակական զարգացումը

26.05.2020

ևս 2 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր շարունակվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Հաշվետու զեկույցով հանդես է եկել Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է հաշվետու տարում ՀՀ կառավարության գործունեության 2019-2023 թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, ՀՀ կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում ԱԻՆ Փրկարար ծառայության Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզային ստորաբաժանումները (18 հրշեջ-փրկարարական ջոկատ) համալրվել են հակահրդեհային գույքով: Այս համալրումն ուղղված է արագ արձագանքման կարողությունների զարգացմանը, հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:

Իրականացվել է հանրապետությունում վտանգավոր սողանքային տեղամասերի պարբերական դիտարկում, առկա 133 ակտիվ սողանքից առավել վտանգավոր են 14-ը, ներկայում ընթացքի մեջ են վերջիններիս գործիքային հետազոտությունները: 15 տեղամասում կատարվել են հարկադիր քարաթափման միջոցառումներ:

Ֆելիքս Ցոլակյանի զեկուցմամբ՝ 2019թ. ԱԻՆ-ը հանդես է եկել արտակարգ իրավիճակների ոլորտում առկա խնդիրների լուծմանը միտված օրենսդրական նախաձեռնություններով: ՀՀ կառավարության 2020թ. հունվարի 23-ի որոշմամբ հաստատվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատման պիլոտային ծրագրի նախագիծը, որի նպատակն է՝ գնահատել շենքերի խոցելիությունը և յուրաքանչյուր տիպի շենքի մասով առաջարկություններ ձևավորել: Մշակման փուլում է վերելակային տնտեսության տեխնիկական անվտանգության ապահովման և պետական կարգավորման մասին հայեցակարգը: Ներկայացվել է ԱԻՆ զարգացման ռազմավարությունը, հավանություն է տրվել «Նյութական պահուստի մասին» և հարակից օրենքների նախագծերին: Մշակվել են նաև օրենսդրական նախաձեռնություններ՝ աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության, տեխնիկական անվտանգության ապահովման, վտանգավոր արտադրական օբյեկտների վերաբերյալ:

2019 թ. ԱԻՆ կողմից իրականացվել է համայնքների դասակարգում՝ վտանգների, խոցելիության և կարողությունների վերաբերյալ հաշվետվությունների հիման վրա, կատարվել է նաև համայնքներում աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների դասակարգում: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում անցկացվել են արտակարգ իրավիճակներում բնակչության վարքականոնների վերաբերյալ դասընթացներ՝ Երևանի և մարզերի կրթական հաստատություններից շուրջ 1038 ունկնդրի համար, վերապատրաստվել են Տավուշի մարզի 11 սահմանամերձ համայնքների քաղաքացիական պաշտպանության փրկարարական ջոկատները:

Նախարար Ցոլակյանն անդրադարձել է նաև 2019 թ. ԱԻՆ կողմից իրականացված բարեփոխումներին: Մասնավորապես, փրկարար ծառայողների աշխատավարձը բարձրացել է միջինը 30 տոկոսով։ 2020 թ. հունվարի 1-ից, ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացմամբ պայմանավորված, «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի համակարգի նվազագույն աշխատավարձ ստացող 127 աշխատակցի աշխատավարձը բարձրացել է 20 տոկոսով: Բարձրացվել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը: Բարելավվել են ՓԾ աշխատակիցների աշխատանքային պայմանները, ինչի արդյունքում ավելացել է կառույցում աշխատելու գրավչությունը: ՓԾ անձնակազմն ապահովվել է համազգեստով՝ ավելի որակյալ և ավելի մատչելի պայմաններով ձեռք բերված: 32 հրշեջ-փրկարարական ջոկատների տեղակայման շենքերում իրականացվել են կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում ռուսական կողմի հետ համատեղ իրականացվում են փրկարարների պատրաստման վարժահրապարակի կառուցման աշխատանքներ: Իրականացվել են քաղաքացիական պաշտպանության կառույցների գույքագրման և դրանց ֆոնդի ավելացման աշխատանքներ. այդ նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Ներկայացվել է նաև ԱԻՆ-ին տրված հանձնարարականների կատարողականը:

Վարչապետ Փաշինյանն ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել ԱԻՆ կատարած աշխատանքների կապակցությամբ և կարևորել մի շարք ուղղություններով կարողությունների զարգացումը:

Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետությունում հրդեհային իրավիճակին և հրդեհաշիջման աշխատանքներին: Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ ԱԻՆ ղեկավարությունը ներկայացրել է առկա կարողությունները, նշվել է, որ ընդհանուր տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պատշաճ կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները, բայց տեխնիկական վերազինման և հագեցվածության խնդիր առկա է, հատկապես անտառային հրդեհների մարման ոլորտում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է անտառածածկ տարածքների հրդեհաշիջման համար անհրաժեշտ տեխնիկայի առկայությունը և հանձնարարել համատեղ աշխատել՝ անտառային հրդեհների մարման և ընդհանրապես հրդեհաշիջման կարողություններն ավելացնելու ուղղությամբ:

Անդրադառնալով սողանքների հետ կապված իրավիճակի կարգավորման խնդրին՝ կառավարության ղեկավարը կարևորել է գործիքային հետազոտությունների արագ իրականացումը: Վարչապետը հանձնարարել է սկսել գործընթացը և ապահովել դրա շարունակականությունը՝ երկրում առկա թե՛ մասնագիտական, թե՛ տեխնիկական կարողությունների զարգացմամբ ու կիրառմամբ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև վերելակային տնտեսության արդիականացման և զարգացման կարևորությունը՝ հանձնարարելով ուշադրության կենտրոնում պահել հայեցակարգի մշակման աշխատանքները և համատեղ աշխատել Երևանի քաղաքապետարանի հետ, որը գործուն ծրագիր է իրականացնում այս ոլորտում:

Քննարկման առարկա է դարձել նաև քաղաքացիական պաշտպանության կառույցների կառավարման հարցը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քաղպաշտպանության գործառույթների պատշաճ իրականացումը և հանձնարարել մշակել այդ ոլորտում առկա ենթակառուցվածքների վիճակի շարունակական բարելավման ռազմավարական լուծումներ: Արծարծվել են նաև տեխնիկական անվտանգության փորձաքննությունների արդյունավետ կազմակերպմանը, արտակարգ իրավիճակների ոլորտում առկա խնդիրների լուծման ճանապարհային քարտեզի մշակմանը վերաբերող և այլ հարցեր:

Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է Վարչապետի աշխատակազմի կողմից տրված հանձնարարականների կատարողականին՝ անհրաժեշտ համարելով պետական գերատեսչությունների կողմից կարգապահության պահպանումը:
 

← Վերադառնալ