Մամլո հաղորդագրություններ

Անհրաժեշտ է կրել դիմակ, պարբերաբար ախտահանել/լվանալ ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն. այս կանոնները պահպանելու ենք հանրային հաղորդակցության և վարչական վերահսկողության մեթոդներով. վարչապետ Փաշինյան

27.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին և անդրադարձել համավարակի ընթացիկ ցուցանիշների զրոյացման ուղղությամբ անելիքներին։ Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունն ամբողջությամբ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։

Սկսում ենք 2020 թվականի մայիսի 27-ի կառավարության հերթական նիստի աշխատանքները:

Նախ ուզում եմ արձանագրել, որ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված՝ հանրապետությունում ստեղծվել է բավական ծանր իրավիճակ, և մենք, ըստ էության, գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ: Այս իրավիճակի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ մենք, ըստ էության, գիտենք այն ձևը, որով կարող ենք կորոնավիրուսի մեր ցուցանիշները հասցնել զրոյականի: Եվ այս ընթացքում պարետատունը հաստատել է անվտանգության ոլորտային կանոններ, և մենք խնդիր ենք դրել, որ այդ ոլորտային կանոններից դուրս բերենք համընդհանուր կանոն և փորձել ենք այդ կանոնը հնարավորինս պարզեցնել, որպեսզի ուղերձը մեր քաղաքացիներին հնարավորինս պարզ լինի և կիրառելի: Ըստ այդմ՝ մեր համոզմունքն է, այսինքն՝ ոչ միայն մեր, մասնագետների հետ երկարատև խորհրդակցությունների, քննարկումների արդյունքում եկել ենք հետևյալին, որ կորոնավիրուսի մեր ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել 3 պարզ կանոն.

1. Կրել դիմակ։

2. Պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերը։

3. Պահպանել սոցիալական հեռավորություն:

Եվ, հետևաբար, մեր գործիքակազմի մեջ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական խնդիրը մնում է այս կանոնների պահպանումը և մեծ հաշվով՝ հանրային վարքագծի փոփոխությունը, որը համարժեք կլինի համաճարակային իրավիճակին:

Դեռևս մեկ ամիս առաջ մենք հրապարակել ենք մեր ռազմավարությունը համավարակի հետ կապված՝ ասելով, որ մեր խնդիրն է՝ սովորել ապրել կորոնավիրուսի համավարակին զուգահեռ: Այսօրվա մեր թվերը ցույց են տալիս, որ մենք, ցավոք, դեռևս չենք սովորել ապրել կորոնավիրուսի վարակին զուգահեռ: Ընդ որում՝ ես ուզում եմ այս խնդիրը ձևակերպել ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ առումով, որովհետև ակնհայտ է, որ գոնե առաջիկա մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսը ներկա է լինելու, և մենք անընդհատ ունենալու ենք ոչ միայն տեղական, այլև համաշխարհային կորոնավիրուսի հետ հաղորդակցություն: Օրինակ, այսօր էլ, դուք գիտեք, որ խնդիր կա, և մեզ համար սկզբունքային խնդիր է՝ մենք մեր բազմաթիվ հայրենակիցների արտերկրից վերադարձնում ենք հայրենիք, և այդ քաղաքացիների մեջ կան, լինում են և հետագայում էլ կլինեն կորոնավիրուսով վարակված քաղաքացիներ: Եվ եթե մենք հանրային վարքագծով չկարողանանք կանխել կորոնավիրուսի տարածումը, ապա անընդհատ կանգնելու ենք նման իրավիճակի առաջ։

Մեր խնդիրն է ապահովել կանոնների պահպանումը 2 մեթոդով՝

1. Առաջինը հանրային հաղորդակցությունն է՝ բարձրացնել մեր քաղաքացիների, հայրենակիցների իմացությունը կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ: Ընդ որում, էլի եմ ասում, մենք այդ մեթոդները, համընդհանուր կիրառման համար, մաքսիմալ պարզեցրել ենք, իսկ առանձին ոլորտների համար սահմանվել են կանոններ, որոնց պահպանումը 95 տոկոսով երաշխավորում է, որ կորոնավիրուսի տարածման դեպքեր չենք ունենա:

2. Երկրորդը վարչական մեթոդն է, և մենք պարետատան երեկվա նիստի արդյունքներով որոշել ենք, որ ամենօրյա ռեժիմով պետք է խստացնենք վարչական հարկադրանքի մեթոդները, որպեսզի հնարավորինս շատ քաղաքացիներ կամ ավելի ճիշտ՝ բոլոր քաղաքացիները առանց բացառության կիրառեն այդ կանոնները: Եվ ես, նիստն սկսելուց առաջ, նախ կուզենայի տեղեկանալ, թե մեր տեսչական մարմիններն ինչ պատժամիջոցներ են կիրառել, ինչ թվային ցուցանիշներ կան և մեր ոստիկանությունը վարչական քանի տուգանք է արձանագրել:

Պարոն Ասոյան, խնդրեմ, առաջինը Դուք ներկայացրեք, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվել տնտեսվարողների նկատմամբ։

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Վերահսկողական աշխատանքներն իրականացվում են 4 տեսչական մարմինների կողմից: Հիմնական աշխատանքները տարվում են այն ոլորտներում, որտեղ առավել ռիսկային է՝ արտադրամասերում, խանութներում, բանկերում, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ և վարակի տարածումներ: Այս մեկ շաբաթվա ընթացքում հանրային սննդի շուրջ 87 օբյեկտ է փակվել։ Եվս 12-ը այսօր երևի, պարետի որոշմամբ, կփակվի: Այդ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու: Իսկ ընդհանուր առմամբ այս ժամանակահատվածում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից խորհրդատվություն է իրականացվել 9561 տնտեսվարող սուբյեկտի մոտ, հանրային սննդի ոլորտում: Առողջապահական աշխատանքի տեսչական մարմնի կողմից մեկ շաբաթվա ընթացքում արդեն իսկ դադարեցվել է 290 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն։ Խոսքը 24-ժամյա ռեժիմի մասին է, 2 տեսչական մարմինների կողմից: Իսկ ընդհանուր՝ 823 տնտեսվարողի գործունեություն է դադարեցվել: Աշխատանքները շարունակում ենք նաև իրականացնել Ճանապարհային ոստիկանության հետ միասին: Քաղաքաշինական, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը տրանսպորտի ոլորտում իր հնարավորությունների սահմաններում աջակցում է ոստիկանությանը, մասնակցում է ախտահանման աշխատանքների նկատմամբ վերահսկողությանը և հանրային տրանսպորտում ուղևորների կողմից անվտանգության նորմերի սահմանված չափորոշիչների պահպանմանը: Նաև հսկողություն է իրականացվում մանկապարտեզներում: Այս պահի դրությամբ փակված մանկապարտեզ, որպես այդպիսին, չկա, ուղղակի ցանկանում եմ նշել, որ շուրջ 120 մանկապարտեզների մոնիթորինգի արդյունքում հաճախելիությունը շատ ցածր է. ընդհանուր առմամբ, հաճախում է երեխաների շուրջ 8,3 տոկոսը: Ընդհանուր պատկերը սա է, պարոն վարչապետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Պարոն Սարգսյան, ներկայացրեք ոստիկանության կողմից կիրառվող միջոցները:

Ոստիկանապետ Արման Սարգսյան – Շնորհակալություն: Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում, ի կատարումն պարետի որոշման պահանջների, ոստիկանությունն արձանագրություններ է կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան հոդվածով նախատեսված արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու վերաբերյալ: Նշեմ թվային տվյալներով՝ ընդհանուր առմամբ կազմվել է 966 արձանագրություն. քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով կազմվել է 240 արձանագրություն, ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտում սահմանված կանոնների պահպանման կապակցությամբ կազմվել է 657 արձանագրություն, որից 594-ը՝ տաքսի ավտոմեքենանների վարորդների նկատմամբ, իսկ 63-ը՝ հանրային տրանսպորտի, ավտոբուսների և երթուղային ավտոբուսների վարորդների և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ինչպես նաև երեկ արդեն 69 մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք եղել են միևնույն ընտանիքի անդամներ կամ առհասարակ քաղաքացիներ, ովքեր երթևեկել են տրանսպորտում առանց պահանջների պահպանման: Բացի այդ, պարոն վարչապետ, թույլ տվեք զեկուցել, որ ի կատարումն երեկ պարետատան կողմից տրված հանձնարարականի՝ այսօր արդեն հանրապետության միջմարզային ճանապարհներին տեղակայվել են համապատասխան թվաքանակով անցակետեր, որտեղ նույնպես կստուգվի կանոնների պահպանման պատշաճ մակարդակի ապահովումը, և դրան համարժեք՝ կտրվի իրավական գնահատական:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ այդ անցակետերի, ինչպես պայմանավորվել ենք, նպատակն է՝ համոզվել, որ որևէ մեքենա, որևէ մեքենայի ուղևոր չի երթևեկում առանց դիմակի: Եվ այն մեքենաները, որոնց ուղևորները կերթևեկեն առանց դիմակի, անկախ նրանից՝ նույն ընտանիքի անդամ են, թե ոչ, կենթարկվեն վարչական պատասխանատվության: Ես ակնկալում եմ, որ մեր միջոցառումներն ավելի խստացվեն և լրջանան, և ամեն օր այս թեմայի լրջությունը պետք է երևա մեր փողոցներում, մեր բնակավայրերում: Ի դեպ, մենք պայմանավորվել ենք նաև, որ որոշակի բնակավայրերում՝ Երևանի վարչական շրջաններում, կիրականացվեն ամենօրյա ռեյդեր, որպեսզի նաև տեղում համոզվենք, թե ինչքանով են պահպանվում սահմանված կանոնները: Երեկ նման միջոցառում տեղի է ունեցել Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և այսօր էլ տեղի կունենա որևէ այլ տեղ, բնականաբար, նախապես չի հայտարարվի դրա մասին: Բայց այդ միջոցառումները նույնպես պետք է տեղի ունենան, և մեր ակնկալիքն է, որ կանոնների պահպանումը պետք է հասցնել հնարավոր ամենաբարձր մակարդակի: Եվ դա միակ տարբերակն է, որ մենք ունենանք վարակի ամենօրյա ամենացածր ցուցանիշները: Բան ունեի՞ք ասելու, պարոն Հարությունյան:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Կարծում եմ՝ առաջիկա 4 օրերը վարակի տարածման առումով վտանգավոր են լինելու, որովհետև հանգստյան օրեր են, ու մեր տեղեկություններով, մասնավորապես՝ ուսումնական տարվա ավարտի հետ կապված որոշ խմբեր լոկալ միջոցառումներ են նախատեսում: Մենք թեպետ ուսումնական հաստատություններին այս առումով զգուշացրել ենք, որ նման միջոցառումներ չիրականացվեն, բայց այդպիսի տեղեկություններ ունենք և հիմա նույնպես աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ։ Բայց օգտվելով այս հնարավորությունից՝ ուզում եմ կոչ անել, հորդորել, նաև պահանջել ուսումնական հաստատություններից և նաև ծնողական խորհուրդներից, որ զերծ մնան նման միջոցառումների կազմակերպումից առաջիկայում: Մենք ասել ենք վերջին զանգի հետ կապված՝ այո՛, դա մեր շրջանավարտների կյանքում շատ կարևոր միջոցառում է և խոստացել ենք, որ համավարակի հաղթահարման և հնարավորություններ ունենալու դեպքում մենք մեկ օր կնշանակենք և ամբողջ պետությունում միասին կնշենք այդ օրը։ Բայց հիմա պետք է զերծ մնալ և խստագույնս պահպանել պարետատան որոշումները և առողջապահության նախարարության ցուցումները: Առաջիկա 4 օրերն այդ առումով կարևոր են լինելու։ Ես կխնդրեմ նաև սրբավայրերի հետ կապված, պարոն վարչապետ. նախորդ շաբաթ, մասնավորապես, Սպիտակի Սուրբ Հովհաննես մատուռի մոտ հսկայական կուտակումներ են եղել, և սոցիալական ցանցերում, մամուլում այդ նկարները կան: Ես կխնդրեի, որպեսզի ոստիկանությունը նաև այստեղ հսկողություն իրականացնի, և առնվազն թույլ չտանք նման կուտակումներ, որովհետև դրանք դառնում են մեծ աղբյուրներ վարակի տարածման համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ։ Այդտեղ պետք է դպրոցների տնօրենների և համայնքի ղեկավարների վրա դնել պատասխանատվություն, և հետագայում, երբ մենք կհավաքենք տեղեկատվությունը՝ որտեղ ովքեր են նման միջոցառումներ արել՝ կանոնների խախտմամբ, պետք է, կարծում եմ, դա որոշակի կոնկրետ հետևանք ունենա դպրոցների տնօրենների և համանքների ղեկավարների հետագա գործունեության գնահատականի վրա: Իհարկե, ոստիկանությունն այդտեղ պետք է որոշակի հսկողական դերակատարում ունենա, և նաև մենք պետք է այդ օպերատիվ տեղեկատվությանը տիրապետենք, թե ովքեր են, որ կանոններին չեն ենթարկվում: Համեցեք, պարոն Սարգսյան։

Ոստիկանապետ Արման Սարգսյան – Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, մենք 3 օր առաջ արդեն հայտարարությամբ հանդես ենք եկել, որով քաղաքացիներին հորդորել և կոչ ենք արել զերծ մնալ ինչպես ուխտագնացություններից, այնպես էլ արշավների, խնջույքների և առհասարակ մասսայական միջոցառումների կազմակերպումից։ Այսօր ևս մենք հայտարարություն ենք տարածել, որով որոշակի առումով հստակեցրել ենք ուխտագնացությունների վայրերը. մենք փորձել ենք եկեղեցու միջոցով ճշտել այն վայրերը, որտեղ կան հստակ օրեր, երբ քաղաքացիները կատարում են ուխտագնացություններ, և համացանցում առկա է եղել համապատասխան միջոցառում, որում նշված են եղել արշավների օրեր, և մենք դրան նույնպես անդրադարձել ենք։ Իսկ այն վայրերում, որոնց մասով մենք ունենք տվյալներ, որ այդտեղ կարող են տեղի ունենալ նման միջոցառումներ, արդեն իսկ նախատեսված է, որ կլինեն վերակարգեր, որոնք իրավական գնահատական կտան կազմակերպիչների և այցելուների գործողություններին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ։ Հարգելի գործընկերներ և սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա. այսօր մենք, ըստ էության, երկրում ունենք կորոնավիրուսի 7000-ից ավելի դեպք, բայց ուզում եմ արձանագրել, որ աշխարհի որևէ երկրում չի արձանագրվում հիվանդների, վարակակիրների 100 տոկոս հայտնաբերման դեպք: Հետևաբար, ի՞նչ է սա նշանակում. նշանակում է, որ երկրում կան կորոնավիրուսի վարակակիր հազարավոր քաղաքացիներ, որոնք նույնիսկ չգիտեն, որ իրենք կորոնավիրուսի վարակակիր են, որովհետև այս հիվանդության առանձնահատկություններից մեկը հետևյալն է, որ այն շատ մեծ դեպքերում զուգորդվում է ասիմպտոմատիկայով, այսինքն՝ առանց որևէ ախտանշանի, հետևաբար, ոչ ոք չգիտի - այսօր տեսականորեն այս դահլիճում կարող են ներկա լինել մարդիկ, ովքեր վարակակիր են, և իրենք էլ դրա մասին չգիտեն: Հետևաբար, երբ խոսք է գնում դիմակների մասին, ասում են՝ այն ժամանակ ասում էիք, որ հիվանդներին է հարկավոր դիմակ: Այո՜, երբ երկրում կա 100 հիվանդ, այդպես է, այսինքն՝ հիմա էլ է այդպես, բայց երբ երկրում կան կորոնավիրուսով հիվանդ հազարավոր մարդիկ, և նույնիսկ հիվանդներն իրենք չգիտեն, որ իրենք վարակակիր են, հենց այդ նպատակով է օգտագործվում դիմակը, հենց այդ է պատճառը, որ դիմակը համարվում է հիմնական գործիք:

Այսօր երկրում կան կորոնավիրուսով վարակված հազարավոր անձինք, որոնք նույնիսկ իրենք չգիտեն, որ վարակակիր են: Մեր ասիմպտոմ դեպքերի 90 տոկոսն ի՞նչպես է բացահայտվում. երբ ծանր ախտանիշներով որևէ հիվանդ, որևէ պացիենտ ընդունվում է բուժհաստատություն, իրականացվում է համաճարակաբանական հետաքննություն, փորձում են պարզել նրա շփման շրջանակը և նրա շփման շրջանակից թեստավորում են մարդկանց, ովքեր չունեն որևէ սիմպտոմ: Այսինքն՝ եթե այդ մյուս մարդը չվատանար, իրենք չէին էլ իմանա, որ իրենք վարակակիր են, և այսպես է, որ բացահայտվում է: Ընդ որում, ասում եմ՝ սա ոչ թե Հայաստանի օրինակն է, այլ աշխարհի օրինակն է, որ սովորաբար բացահայտվում է դեպքերի միայն մի մասը՝ մոտավորապես կեսը կամ նույնիսկ մի քիչ պակաս: Հետևաբար, եթե այսօր երկրում կա 7000 ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14000 վարակակիր: Այդ 14000 վարակակիրների 90 տոկոսը չգիտի, որ ինքը վարակակիր է։ Սա է ամենակարևոր առանձնահատկությունը, այսինքն՝ ինքը չգիտի, որ ինքը վարակված է, և ինքը չգիտի, որ կարող է վարակել ուրիշներին: Ընդ որում՝ կարող են տասնյակ, հարյուրավոր մարդիկ իրար վարակել ու չիմանալ, որովհետև այդ հարյուրավոր մարդկանց միջից մինչև մեկ հոգու մոտ սիմպտոմներ չառաջանան, և նա ստիպված չլինի դիմել բուժօգնության, որից հետո մենք հետահայացով նայենք, թե ում հետ է ինքը շփվել, այդ հարյուրավոր մարդիկ իրար կվարակեն՝ չիմանալով, որ նույնիսկ վարակել են:

Սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ սոցիալական հեռավորությունը, դիմակը, ձեռքերի ախտահանումը երաշխավորում են այս իրավիճակը, որովհետև բազմաթիվ մարդիկ այս ընթացքում վարակվելու են և լավանալու են, փառք Աստծո, բայց քանի որ իրենք չգիտեն, և միջավայրն էլ չգիտի, որ իրենք վարակակիր են, իրենք ակամա կարող են վարակել ուրիշներին: Դրա համար է, որ դիմակ կրելը պետք է լինի դե ֆակտո պարտադիր: Եթե դե ֆակտո պարտադիրության մեր այս ուղերձը չընդունվի, մենք հաջորդ քայլով նաև դե յուրե պարտադիր կդարձնենք ընդհանրապես բոլոր տեղերում: Այսինքն՝ եթե մարդը մեն-մենակ նստած է զբոսայգում, և 10 կիլոմետր շառավղով որևէ ուրիշ մարդ չկա, մենք դե յուրե պարտադիր կդարձնենք՝ վերահսկողությունն ուժեղացնելու համար, որովհետև եթե առանց դիմակի մարդ կա, ուրեմն ինքը պետք է տուգանվի:

Իմ կոչը և հորդորն է՝ այո՜, դա մեր սխալն է, ամենամեծ սխալն է՝ կամ չակերտավոր կամ առանց չակերտների, որ մեր հիմնական գործիքը մենք համարում ենք քաղաքացու անձնական պատասխանատվությունը, բայց, էլի եմ ասում, դա բխում է հենց մեր կառավարության ծագումնաբանությունից, որովհետև այդ մեթոդով ենք մենք իրականացրել երկրում քաղաքական փոփոխություններ, այդ մեթոդով ենք իրականացրել տնտեսական փոփոխություններ, և մենք գործելու ուրիշ մեթոդ ոչ թե չգիտենք, այլ ուրիշ մեթոդի չենք հավատում գաղափարաբանորեն: Բայց էլի եմ ասում՝ եթե կանոնները չպահպանվեն, մենք դիմակի կրումը պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում՝ առանց բացառության, և դեռ հարց կդրվի՝ տան մեջ պարտադիր կդարձնե՞նք, թե՞ ոչ - սա մի քիչ չափազանցնում եմ, բնականաբար: Այսինքն՝ եթե մարդն առանց դիմակի դուրս եկավ տանից, կարող ենք տուգանելու որոշում կայացնել: Հետևաբար, իմ կոչն է՝ չստիպել կառավարությանը, որ մենք գնանք այսպիսի քայլերի: Խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ, պահպանել այս կանոնները: Առաջին հերթին սա վերաբերում է պետական կառավարման մարմիններին՝ բացառել ընդհանրապես, որ, բացի այն դեպքից, երբ պաշտոնյան, պետական ծառայողը կաբինետում մենակ է, մնացած բոլոր դեպքերում պետք է կրի դիմակ, պարտադիր՝ վարչապետից սկսած մնացած բոլորով ավարտած: Եվ այս կանոնները պահպանելու դեպքում մենք համոզված ենք, որ շատ արագ կունենանք համավարակի տեմպերի երկրաչափական անկում:

Այսքանը որպես նախաբան։
 

← Վերադառնալ