Մամլո հաղորդագրություններ

Այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի հիմքով. Նիկոլ Փաշինյան

26.11.2020

ևս 5 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց պատերազմի և դրան հաջորդած օրերի ընթացքում կատարած լայնածավալ աշխատանքի համար: «Այս ընթացքում մարզպետների աշխատանքն ամենածանրերից է եղել, հատկապես այն մարզերում, որոնք անմիջապես ռազմական գործողություններին սահմանակից են եղել: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզը, Սյունիքի մարզը, նաև մյուս մարզպետները, ովքեր նաև մարտական գործողությունների ժամանակ մեր Զինված ուժերին աջակցելու առաքելություն են իրականացրել: Մարզպետներից շատերը, եթե ոչ բոլորն առաջնագծում անցկացրել են բավականին երկար ժամանակ, ընդ որում՝ նրանց մի մասն ամենասուր ռազմական գործողությունների հատվածում: Բարձր եմ գնահատում դա և համոզված եմ նաև, որ այդ մարզերի բնակիչները նույնպես նկատել ու գնահատել են դա: Նաև մեր զինված ուժերը, բանակը նկատել և գնահատել են դա»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այժմ պետք է սկսել ապագայի մասին խոսակցությունը, «թե ինչպես ենք պատրաստվում շարունակել ապրել և ինչ նպատակներ ու ապագա ենք պատրաստվում գծագրել, ուղենշել բոլորիս համար»: «Սա ամենակարևոր խոսակցությունն է, որ այսօր պետք է տեղի ունենա: Որովհետև, ինչպես կառավարության այսօրվա նիստում ասացի, իսկապես ժամանակները շատ ծանր են, առաջիկայում մեզ սպասվում են բավականին բարդ գործընթացներ և պրոցեսներ: Այսօր ունենք խնդիր՝ անհետ կորածների հայտնաբերման, մարմինների փոխանակման, գերեվարված մեր հայրենակիցների վերադարձման, բնակարաններից, տներից, օթևանից զրկված մեր հայրենակիցների կարիքները հոգալու առումով: Եվ դեռ ձեռք բերված համաձայնությունների ու պայմանավորվածությունների կատարումը, որոնք արձանագրված են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, շատ ցավոտ են, բայց կրկին ուզում եմ արձանագրել, որ այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ, ըստ էության, այլընտրանքը կարող էր լինել ավելի ծանր, ինչքան էլ տեղի ունեցածը խնդրահարույց է բոլորիս համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է որպես հանրություն, որպես պետություն կայացնել որոշում, թե մենք ինչ ենք ուզում. այս ծանր ժամանակներն ապրո՞ւմ ենք, վերապրո՞ւմ ենք, թե՞ չենք վերապրում:

«Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը միանշանակ է, որ մենք պետք է ապրենք, վերապրենք այս ծանր ժամանակները և կարողանանք հնարավորություն ստեղծել, որ մեր ժողովրդի ստեղծարար ներուժը՝ աշխատելու, ինքն իրեն դրսևորելու, բարիք ստեղծելու և այդ բարիքը մեր պետության ու ժողովրդի հետագա զարգացման հիմքում դնելու հնարավորություն ունենա: Այսօր ամենամեծ խնդիրը, որ մենք պիտի լուծենք, հետևյալն է՝ պետք է արտաքին ու ներքին անվտանգությունն ու կայունությունը կարողանանք ապահովել: Որովհետև սա, իսկապես այսօր կենսական կարիք է մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի համար: Եվ այս համատեքստում պետք է լինենք ամուր, պետք է լինենք վճռական, նաև՝ այդ պատասխանատվությունը կրելու և վերցնելու առումով: Ընդ որում, ասում եմ՝ անձամբ ինձ եմ համարում ստեղծված իրավիճակի պատասխանատուն և այդ պատասխանատվությունը չեմ պատրաստվում որևէ այլ մեկի ուսերին դնել: Բայց մյուս կողմից՝ այս իրավիճակում պետական կառավարման համակարգի գործունեությունը, կառավարելիության, կայունության լիարժեք ապահովումը չափազանց կարևոր և ռազմավարական խնդիր է: Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել մարզպետներին, որ այս ընթացքում այդ ծանր գործառույթը ստանձնել են, իրականացնում են և շարունակելու են իրականացնել»,- նշել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ վատ նորություններն արդեն հայտարարված են, բայց միևնույն է, երբ դրանք իրագործվում են, երկրորդ էֆեկտն են ունենում:

«Եվ մենք պետք է կարողանանք մեր ուսերին կրել այդ բեռը, ոչ թե նրա համար, որ դա հաճելի է մեզ, այլ որովհետև դրա այլընտրանքը կարող է լինել կործանարար, դրա այլընտրանքը կարող է լինել շատ ավելի ծանր, շատ ավելի բարդ և շատ ավելի ցավոտ: Մենք սա չենք կարող թույլ տալ: Այնպես, որ հույս ունեմ, որ բոլորս տրամադրվում ենք այսպես, որովհետև հակառակը կլինի փախուստ: Հակառակը կլինի ուղղակի փախուստ: Մենք չենք պատրաստվում փախչել որևէ տեղ: Եվ պատրաստվում ենք լիարժեք կրել այս բեռը, բայց նաև հույս ունենալով, որ այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի որոշակի հիմքով, տեսլականով, ապագայի վերաբերյալ որոշակի պատկերացումներով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմի հետևանքով մարզերում ստեղծված իրավիճակը, սոցիալ-տնտեսական խնդիրները, տարբեր ոլորտներում իրականացվող կապիտալ ծրագրերի ընթացքն ու առաջիկա քայլերը:

← Վերադառնալ