Մամլո հաղորդագրություններ

Պետք է համակերպվելու քաղաքականությունը փոխարինենք հաղթահարելու քաղաքականությամբ. վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ ծրագրերի ընթացքին

20.01.2021

ևս 3 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը և Ռուբեն Սարգսյանը, Սոցիալական ապահովության ծառայության պետ Անի Ամիրշադյանը, գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանը և պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետ Փաշինյանը, դիմելով ԱՍՀՆ գործընկերներին, նշել է. «Մենք, ըստ էության, արձանագրել ենք, որ պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, և այսպիսի քննարկումներով նաև կփորձենք գործնականում իրագործել այդ ռեսթարթը: Ի՞նչ է դա նշանակում գործնականում՝ որ մենք պետք է վերանայենք այն նախագիծը, որ իրականացնում ենք Հայաստանում և պատասխանենք շատ պարզ հարցի, թե որքանով են կենսունակ և ակտուալ այն ծրագրերը, այն նախագիծը, որ մենք ունեցել ենք պատերազմից առաջ, և պատերազմից հետո այդ նախագիծն ընդհանուր առմամբ և ըստ ճյուղերի ինչպիսի փոփոխություն պետք է կրի:

Հայեցակարգային առումով երկրում վարվող, մեր որդեգրած սոցիալական քաղաքականությունը, կարծում եմ, վերանայման անհրաժեշտություն չունի: Որովհետև ընդհանրապես ո՞րն է սոցիալական քաղաքականության այն փոփոխությունը հայեցակարգային մակարդակում, որը մենք իրականացնում ենք 2018 թվականից հետո՝ մենք փորձում ենք համակերպվելու քաղաքականությունը փոխարինել հաղթահարելու քաղաքականությամբ: Այսինքն՝ սոցիալական քաղաքականության մեջ կարծես թե կար և շարունակում է լինել այնպիսի միտում, որ շատ դեպքերում տպավորություն է, թե սոցիալական քաղաքականությունը վարվում է, որպեսզի մարդուն օգնենք, որ ինքը համակերպվի իր սոցիալական որոշակի իրադրության՝ հաշմանդամության, աղքատության, աշխատանքի շուկայում անմրցունակության հետ:

Բայց մեր հայեցակարգային պատկերացումն այն է, որ մենք պետք է մարդուն օգնենք, որ ինքը հաղթահարի այդ իրավիճակը: Եվ կոնկրետ հիմա՝ հետպատերազմական շրջանում, երբ քննարկել ենք պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած մեր զինվորների աջակցության թեման, առաջին կետում հետևյալն է, որ բացի անհրաժեշտ հաշմանդամության կարգ, պրոթեզավորում և այլն անհրաժեշտության դեպքում կազմակերպելուց, նույնքան կամ նույնիսկ ավելի շատ կարևոր է մեր զինվորների կրթության և մասնագիտական հետագա վերապատրաստման հարցը: Որովհետև եթե մենք ուղղակի հաշմանդամության կարգ տանք, որոշակի սոցիալական աջակցություն առաջարկենք մարդկանց, անհրաժեշտ դեպքում պրոթեզավորում իրականացնենք, դրանով ընդամենը նրանց կաջակցենք, որպեսզի իրենք համակերպվեն իրենց այդ իրավիճակի հետ: Բայց մեզ հարկավոր է գործել այնպես, որ նրանք հաղթահարեն այդ իրավիճակը:

Նախկինում էլ մենք այդ ծրագրերն ունեցել ենք աղքատության հաղթահարման, աշխատաշուկայում մրցունակությունը բարձրացնելու առումով: Եվ, իհարկե, այս հայեցակարգը, կարծում եմ, որ հիմա նույնքան, եթե ոչ ավելի ակտուալ է: Այլ խնդիր է, որ մենք գործնականում պետք է արդեն կարողանանք որոշել, թե ինչպես ենք այս հայեցակարգային նպատակներն իրագործում իրական կյանքում: Այսօր մենք կքննարկենք նախարարության ընթացիկ աշխատանքները. նախ փորձենք հասկանալ, թե հետպատերազմական շրջանի բարդություններն ինչպես և ինչքանով ենք կարողանում հաղթահարել, ինչ նոր մարտահրավերներ են առաջացել և ինչ անել, օրինակ՝ մեր աշխատանքի որակն էականորեն բարձրացնելու համար:

Երբեմն շատ պարզ բաներ են տեղի ունենում, որ, այսպես ասած, հոսքագծային տրամաբանությամբ անընդհատ շարունակվում են: Նախարարի հետ մենք այդ թեման քննարկել ենք: Օրինակ, երբ պատերազմից հետո հայտարարություն է հրապարակվում, որ ենթադրենք հաշմանդամության կարգի ակնկալիք կամ այդպիսի իրավիճակում գտնվող մարդիկ թող այցելեն այս կամ այն տեղ: Մինչդեռ շատ պարզ բան է, և դա արագ արվեց, որ, կարելի է, հաշվի առնելով առանձնահատկությունները, ոչ թե իրենց հրավիրել, այլ սոցիալական աշխատողը կարող է ինքը գնալ և տեղում կարիքներին ծանոթանալ, ինչն ավելի արդյունավետ կլինի, ավելի որակյալ և քաղաքացու համար ավելի արժանապատիվ: Նկատի ունեմ, որ կան այսպիսի նրբություններ, որոնք երբեմն նույնիսկ չեն նկատվում, բայց շատ կարևոր նշանակություն ունեն ծառայությունների մատուցման որակի առումով: Այսօր մենք կքննարկենք նաև այդ տրամաբանությունը, թե ինչ կարող ենք անել, որպեսզի մատուցվող ծառայությունները սոցիալական ապահովության և աջակցության ոլորտում լինեն մաքսիմալ արժանապատիվ, մաքսիմալ որակյալ և մաքսիմալ արդյունավետ»:

Վարչապետը խոսքը փոխանցել է ԱՍՀ նախարար Մեսրոպ Առաքելյանին, ով ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող միջոցառումները: Նա նշել է, որ պատերազմական գործողությունները որոշակիորեն փոխել են սոցիալական ոլորտի առաջնահերթությունները, և դրանցով պայմանավորված՝ նախևառաջ շարունակական իրականացվում են թիրախային խմբերին օժանդակության ծրագրեր: Նախարարն անդրադարձել է, մասնավորապես, պատերազմի հետևանքների մեղմացման նպատակով արցախահայությանը տրամադրվող աջակցության արդեն հաստատված և նախատեսվող նոր միջոցառումներին։ Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում ներկա դրությամբ Արցախին տրամադրվել է 15 մլրդ դրամից ավելի դրամական աջակցություն, ավարտված է արդեն 5 ծրագրի իրականացումը՝ ավելի քան 3 մլրդ դրամի չափով: Աջակցությունը միտված է Արցախում բնականոն կյանքի համար անհրաժեշտ պայմանների վերականգնմանը, սոցիալական խնդիրների լուծմանը: Արցախցիների վերադարձի, կյանքն Արցախում կազմակերպելու դինամիկան, ըստ նախարարի, խոսում է միջոցառումների դրական ընթացքի մասին:

Վարչապետը հետաքրքրվել է առկա խնդիրներից, ինչին ի պատասխան նախարարը պարզաբանել է, որ որոշ ծրագրերի մասով դժվարություններ կան՝ տեղեկատվական բազաների ճշգրտման և շահառուների նույնականացման հետ կապված: Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակական բնույթ է կրում:

Վարչապետ Փաշինյանին զեկուցվել է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց համար ձեռնարկվող միջոցառումների մասին: Մ. Առաքելյանը տեղեկացրել է, որ պարզեցվել են վիրավորներին աջակցող միջոցների տրամադրման ընթացակարգը և զինվորներին հաշմանդամության խմբի տրամադրման գործընթացը: Առաջիկայում նախատեսվում է պրոթեզավորման հատուկ ընթացակարգի ներդրում, ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ինտեգրման միջոցառումների իրականացում: Քննարկվել են այս ուղղությամբ անելիքները:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետությունը հոգալու է պրոթեզավորման կարիք ունեցող զինծառայողներին այդ ծառայության մատուցման ծախսերը՝ նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, և գործընթացը գտնվելու է պատկան մարմինների ուշադրության ներքո:

ԱՍՀ նախարարն անդրադարձել է նաև ոլորտային բարեփոխումներին՝ ներկայացնելով հաշմանդամության, ընտանիքի և երեխաների, աշխատանքի և զբաղվածության ոլորտներում, տեղեկատվական համակարգերի զարգացման ուղղությամբ աշխատանքները: Նշվել է, որ մշակվում են օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, որոնք կնպաստեն նշված ոլորտներում սոցիալական քաղաքականության հասցեականության ու արդյունավետության բարձրացմանը: Զեկուցվել է նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների բարեփոխման ընթացքի մասին, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել գործառութային և հաստիքային կառուցվածքի բարելավում: Այն հնարավորություն կտա սոցիալական ծառայությունները քաղաքացիներին մատուցել «մեկ պատուհանի» սկզբունքով։ Ակնկալվում է հանրապետության տարածքում ձևավորել 4 տասնյակից ավելի նման գրասենյակներ:

← Վերադառնալ