Մամլո հաղորդագրություններ

2021թ. ապրիլի հարկային եկամուտները կազմել են 180 մլրդ դրամ, ինչը մեկ ամսվա կտրվածքով պատմական ռեկորդ է Հայաստանի համար

06.05.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է 2021 թվականի ապրիլ ամսվա հարկային եկամուտների ցուցանիշներին, ինչպես նաև հարկային բարեփոխումների ընթացիկ արդյունքներին: Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունը.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք Կառավարության՝ 2021 թվականի մայիսի 6-ի հերթական նիստի աշխատանքները: Մինչ օրակարգին անցնելը, ես ուզում եմ մեկ-երկու շեշտադրում անել՝ կապված ապրիլ ամսվա հարկային եկամուտների հետ:

Խնդիրն այն է, որ ապրիլ ամսվա հարկային եկամուտները, ներառյալ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 մլրդ դրամ: Սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի Հանրապետության համար: Ճիշտ է, այստեղ կա մի փոքր, կոպիտ ասած, խորամանկություն՝ այն առումով, որ, հիշում եք, անցյալ տարի, կապված կորոնավիրուսի համավարակի հետ, մենք հետաձգեցինք, ավելի ճիշտ՝ կարգավորումներով հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճարներ չվճարել: Այս որոշումը նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է հավաքագրումների վրա, ինչը ոչ թե վատ է իրականում, այլ լավ, որովհետև արդարացվել է նախկինում կայացված մեր որոշումը, և դժվար ժամանակներում մենք հնարավորություն ենք տվել, որպեսզի այն գումարները, որոնք պետք է բիզնեսը վճարեր, այսինքն՝ իրենից օտարեր, մնան շրջանառության մեջ և օգնեն ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել:

Ուզում եմ հիշեցնել նաև, որ մենք բյուջեի եկամտային մասն առաջին եռամսյակում գերակատարեցինք շուրջ 22 մլրդ դրամով, և հույս ունեմ, որ այս տեմպը կկարողանանք ոչ միայն պահպանել, այլև ավելացնել:

Հաջորդ շատ կարևոր ցուցանիշը հետևյալն է. դուք գիտեք, որ Հայաստանում պատմականորեն միշտ խնդրահարույց է եղել ավելացված արժեքի հարկի վերադարձի պրոցեսը, և հարյուր միլիարդավոր դրամի պարտքեր են եղել կուտակված, անհույս պարտքեր: Նաև ուզում եմ ասել, որ ապրիլի դրությամբ մենք, բիզնեսին հարկերի վերադարձման գծով, ունենք պարտքերի պատմական մինիմում: Այսինքն՝ ապրիլ ամսվա արդյունքներով պարտքը կազմել է 67.4 մլրդ դրամ, ընդ որում՝ մենք գերազանցել ենք մեր իսկ ռեկորդը: 2020 թվականի օգոստոսին պարտքը եղել է էլի պատմական մինիմում՝ 69.4 մլրդ դրամ: Եվ սա նույնպես շատ կարևոր է: Ուզում եմ հիշեցնել նաև, որ մենք 2018 թվականի դրությամբ, պարոն Ջանջուղազյան, եթե հիշողությունս չի դավաճանում, մոտավորապես 200 մլրդ դրամի պարտք ունեինք բիզնեսին: Մոտավորապես այդ կարգի գումար: Ինչքա՞ն, պարոն Հովհաննիսյան:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան - 276 մլրդ դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - 276 մլրդ դրամ: Այսինքն՝ պատկերացնում եք 3 տարվա ընթացքում մենք 200 մլրդ դրամի չափով գումար վերադարձրել ենք բիզնեսին: Ուզում եմ հիշեցնել, որ այս գործընթացի հանգրվանները հետևյալն են. նախ, օրենսդրական կարգավորումներ իրականացրեցինք և ավելացված արժեքի հարկի ցիկլը 6 ամսից դարձրեցինք 3 ամիս, և վերջերս էլ 3 ամսից դարձրեցինք 1 ամիս, ինչը 2018 թվականի մեր տված խոստումների շրջանակում էր: Բայց կար պարտքի որոշակի դրամագլուխ՝ մոտավորապես 50 մլրդ դրամի չափով, որը, ըստ էության, կարգավորված չէր, և 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասի գերակատարման արդյունքներով մենք մոտավորապես 50 մլրդ դրամին մոտ գումար վերադարձրեցինք բիզնեսին: Սրանք այն գումարներն էին, որոնք կուտակվել էին շատ երկար ժամանակներում, և որոնց վերադարձի հույս որևէ մեկը չուներ:

Հաջորդ ցուցանիշը, որի մասին ես ուզում եմ խոսել, 2021 թվականի ապրիլին տեղի ունեցած դրամաշրջանառության ծավալներն են: Ապրիլ ամսվա ընթացքում կատարված գործարքները 8.8 մլն հատով կամ 24 տոկոսով ավելի են 2019 թվականի ապրիլից: Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե 2020 թվականի հետ ենք համեմատում ապրիլը, երբ արդեն լոք-դաուն վիճակն էր, այլ 2019 թվականի հետ: Իսկ դրանով արձանագրված շրջանառության ծավալները 130 մլրդ դրամով կամ 26.6 տոկոսով ավելի են 2019 թվականից: Իհարկե, այստեղ էլ ծավալի առումով որոշակի ազդեցություն գնաճը կունենա, բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ գործարքների թիվը 8.8 մլն հատով ավելի է, և սա բավական լավ և էական ցուցանիշ է: Կարծում եմ՝ այս ցուցանիշները վկայում են, որ մեր տնտեսական դինամիկան վերականգնման փուլում է: Կարևոր եմ համարում նաև, որ Կենտրոնական բանկը հայտարարեց, որ տնտեսական գործերի ընթացքն ավելի լավ է, քան նախատեսվում էր նախկինում: Մենք պետք է անպայման այս տեմպը ոչ միայն պահենք, այլև ավելացնենք հնարավոր ամենալայն ծավալով: Պարոն Հովհաննիսյան, ասվածի հետ կապված ի՞նչ ունեք ավելացնելու:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան - Շնորհակալություն, պարոն վարչապետ: Հավելեմ միայն, որ ապրիլ ամսվա հավաքագրված եկամուտներով հանդերձ, հարկային 4 ամսվա եկամուտները, հարկային հավաքագումները կազմում են 516 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշներից ավելի է 12.3 մլրդ դրամով, իսկ 2019 թվականի 4 ամսվանից ավելի է 46.5 մլրդ դրամով:

Համեմատություն ենք արել նաև 2021 թվականի 4 ամսվա և 2020, 2019 թվականների 4 ամսվա կատարված գործարքների և դրամաշրջանառության տվյալների մասով. 4 ամսվա կտրվածքով 2021 թվականը 2019 թվականից գործարքների քանակով ավելի է 35.7 մլն հատով, իսկ դրամաշրջանառության մասով՝ 372 մլրդ դրամով:

Կուզեմ տեղեկացնել նաև, որ 4 ամսվա ընթացքում բիզնեսին վերադարձված փոխհատուցման ենթակա գումարները կազմել են 54 մլրդ դրամ: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 46.5 մլրդ դրամ, իսկ 2019 թվականին՝ 38.3 մլրդ դրամ: 

Շնորհակալություն:
 

← Վերադառնալ