Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի գողության դեպքերը կանխելու ուղղությամբ

15.07.2021

ևս 7 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի ապակառուցողական գործողություններին և հայտարարություններին:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի, ցանկալի կամ հերթական համարանիշերի գողության դեպքերը կանխելու, դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողին նույն համարանիշի կրկնօրինակը հատկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Հիմնավորման համաձայն՝ գործող իրավակարգավորումների պայմաններում մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի, ցանկալի կամ հերթական համարանիշերի գողության կամ դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողը զրկվում է այդ համարանիշերի փոխարեն դրանց կրկնօրինակը ստանալու հնարավորությունից և ստիպված է ստանալ նոր՝ այլ թվերի և տառերի համադրությամբ համարանիշ, մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի դեպքում էլ վճարելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված մեծ պահանջարկ ունեցող համարանիշ ստանալու համար հաստատագրված լրացուցիչ գումարը։ Նշված կարգավորումները պատճառ են դարձել հիմնականում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակությունների և դրանք վերադարձնելու համար այն օգտագործողից գումար շորթելու համար։ Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնց պայմաններում համարանիշերի գողության և կորստի դեպքում վերջինիս օգտագործողին կհատկացվի նույն համարանիշի կրկնօրինակը։

Ինչպես նշել է ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, որոշմամբ զույգ համարանիշերի կորստի դեպքում օգտագործողին իր ցանկությամբ պետական տուրքի վճարի դիմաց՝ 12 հազար դրամ, կհատկացվի համարանիշների կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ: «Որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո: Նշված ժամանակահատվածն անհրաժեշտ է Ոստիկանության կողմից համարանիշերի կրկնօրինակները հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ տպագրելու տեխնիկական հնարավորությունն ապահովելու համար: Որոշման գործողությունը տարածվելու է 2020 թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա»,-ասել է Վահե Ղազարյանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Գիտեք, որ Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում գողության նոր տեսակ է հայտնվել. գողանում են ավտոմեքենաների պետհամարանիշերը և սեփականատերերից դրամ շորթելով՝ վերադարձնում են: Իհարկե, վերջին շրջանում մեր իրավապահ մարմինները մի քանի այդպիսի խմբեր բացահայտել և ձերբակալել են, բայց մենք որոշեցին այդ հանցատեսակն անիմաստ դարձնելու համար կայացնել հետևյալ որոշումը, որ համապատասխան պետական տուրքի վճարումով կտրվի համարանիշի կրկնօրինակը: Այսինքն՝ այդ պարագայում քաղաքացին ոչ թե ստիպված կլինի համարանիշի վերադարձի համար մեծ գումար վճարել, այլ ուղղակի պետական տուրքով կստանա համարանիշի կրկնօրինակը: Կարծում եմ՝ սա շատ կարևոր որոշում է այդ խնդիրն արմատապես լուծելու համար»:

Գործադիրը շարունակում է Արցախի քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրման գործընթացը

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ Ադրբեջանի 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու համար Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրման համար հունիս ամսվա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն ապահովելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է պետբյուջեից միջոցներ հատկացնել շահառուներին վերջին՝ հունիս ամսվա, իսկ դրամական օգնության իրավունքն առաջին անգամ հունիս ամսին ձեռք բերած անձանց՝ նաև նախորդ ամիսների դրամական օգնությունը տրամադրելու համար։ Պահանջվող գումարը կազմում է 7 մլրդ 344 մլն դրամ։

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իհարկե, հասկանալի է, որ հայտնի իրադարձություններից, այդ ծանր փորձություններից հետո մեր առաջին խնդիրներից մեկն Արցախում բնականոն կյանքը հնարավորինս վերականգնելը, մարդկանց սոցիալական աջակցություն ցույց տալը, սոցիալական կոլապս թույլ չտալն է եղել: Սակայն, մենք հիմա նաև Արցախի նախագահի և կառավարության հետ քննարկում ենք, որ պետք է հընթացս անցում կատարենք արդեն զարգացման, աշխատանքը խրախուսող, տնտեսական ակտիվությունը խթանող ծրագրերին»:

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Արցախին տրամադրված աջակցության ընդհանուր ծրագրերի ծավալի վերաբերյալ: «Սոցիալական բլոկով ծախսվել է 61.8 մլրդ դրամ: Կարող եմ ասել, որ մոտ 104 հազար շահառու 4-րդ անգամ է արդեն օգտվում միջոցառումից: Այդ իմաստով սոցիալական բլոկի միջոցառումների ծավալը հասնելու է մոտավորապես 80 մլրդի, որովհետև մենք սկզբունք ունենք, որ, մասնավորապես, վարձավճարների հատուցման միջոցառումը կգործի այնքան ժամանակ, մինչև մենք բնակարանով ապահովենք տեղահանված մեր հայրենակիցներին»,-ասել է Մհեր Գրիգորյանը:

Երկրորդ բլոկը, ըստ փոխվարչապետի պաշտոնակատարի, Արցախի կառավարության ֆինանսական պարտավորությունները և իրավաբանական անձանց գույքային վնասներն են. «Մենք հաստատեցինք գործիք, որը հնարավորություն տվեց մաքսիմալ արդյունավետ լուծել այդ խնդիրը, որը զգալի չափով այս պահին լուծված է: Այդ գործիքի ազդեցությունը մեր բյուջետային հոսքերի վրա կկազմի տարեկան մինչև 10 մլրդ դրամ, և դա կաշխատի տարիներ»:

Երրորդ բլոկը վերաբերում է բնակարաններով ապահովելու գործընթացին: ««Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ մենք պետք է այդ խնդրի համար մոբիլիզացնենք մոտ 104 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ կառավարության ծախսը 3 տարվա կտրվածքով կկազմի շուրջ 52 մլրդ դրամ», -ասել է Մհեր Գրիգորյանը:

Ամփոփելով՝ փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ սոցիալական բնույթի բոլոր միջոցառումներն ընթացքի մեջ են, բնակարանով ապահովելու միջոցառումը դեռևս մշակման փուլում է:

Կառավարությունն ընդունել է «Ռազմական դրությամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ժամանակավորապես տեղավորված Արցախի Հանրապետության քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսավարողներին աջակցություն տրամադրելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Սյունիքի մարզում Արցախի Հանրապետության քաղաքացիներին ժամանակավոր կացարաններ տրամադրած տնտեսավարողներին դրամաշնորհի տեսքով տրամադրել աջակցություն՝ վերջիններիս կողմից կացարանների տրամադրման արդյունքում կատարված ծախսերի և կրած վնասների մասնակի փոխհատուցման նպատակով։ Միջոցառման շահառու հանդիսանում են, մասնավորապես, այն հանգստյան տները, հյուրանոցները և հյուրատները, որոնք ընդգրկված են եղել կոմունալ ծառայությունների փոխհատուցման ծրագրի շահառուների ցանկում:

Կառավարությունը սոցիալական տարբեր խմբերի համար սահմանել է նախադպրոցական ծառայություններից օգտվելու ընդլայնված հնարավորություններ

Գործադիրը սահմանել է Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը: Վերջին տարիներին պետությունը վարում է նախադպրոցական ծառայությունների ընդլայնման հետևողական քաղաքականություն։ Մասնավորապես՝ նախադպրոցական ծառայությունների ընդլայնման գործիքներից են սուբվենցիոն ծրագրերը, որոնց շրջանակում 2020 թ. հաստատվել է մանկապարտեզների կառուցման և նորոգման 30 ծրագիր։ Եվս 21 նախադպրոցական հաստատություններում իրականացվում են վերանորոգման տարաբնույթ աշխատանքներ ինչպես պետական բյուջեի, այնպես էլ տարբեր ծրագրերի շրջանակում։ Ներկայումս հանրապետության 271 բնակավայրերում նախադպրոցական որևէ կրթական ծառայություն դեռևս չի մատուցվում: Համապատասխան օրենքով ամրագրվել է նաև նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելների ներդրման հնարավորությունը։ Այլընտրանքային ծառայությունների ներդրումը նախատեսված է նաև պետբյուջեի և 2021-2023 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով, որի շրջանակում նախատեսվում է, որ դրամաշնորհային ծրագրի ձևաչափով համայնքները հնարավորություն կունենան դիմել և դրամաշնորհային մրցույթի արդյունքներով ներդնել նախադպրոցական ծառայություններ իրենց համայնքներում։ Այս նպատակով տարեկան հատկացված է շուրջ 154 մլն ՀՀ դրամ։ Որոշման հիմնավորման համաձայն՝ այլընտրանքային ծառայությունները, սակայն, չեն կարող լրացնել նախադպրոցական ծառայությունների պահանջարկը երկրում։ Ուստի առաջնահերթ է դառնում պետական աջակցությունը նախադպրոցական ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովման հարցում։ Հարցը հատկապես կարևոր է սոցիալական տարբեր խմբերի համար հասանելիության ապահովման նպատակով: Ըստ այդմ՝ մշակվել է առաջնահերթություն ունեցող խմբերի համար նախադպրոցական ծառայությունների հասանելիության ապահովման համար պետբյուջեից ֆինանսավորման հատկացման փուլային մոտեցում։ Առաջնահերթության իրավունքից օգտվում են առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն կամ երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաները, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները: Նախադպրոցական կրթության համակարգի զարգացման համար կարևորագույն պայման է` պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների 1 սանի հաշվարկով ուսումնական հաստատության նորմատիվային սկզբունքի կիրառումը: Ֆինանսավորման կարգի նպատակն է կանոնակարգել դաշտը՝ առաջարկելով միասնական մեթոդաբանություն նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման մասով, որ առաջին փուլում կգործի իբրև պետբյուջեից ֆինանսավորման հատկացման մեթոդաբանություն, բայց հետագայում կարող է նաև ուղենշային հանդիսանալ ոլորտի ֆինանսավորման համար ընդհանրապես։ Ներկայացվող նախագծով նախատեսվում էր պետբյուջեից 1 սանի հաշվարկով ֆինանսավորուման համար ներկայացված բանաձևով հաշվարկել հաստատության ֆինանսավորման չափը, այնուհետև Հաստատության տարեկան ֆինանսավորման չափը բաժանելով այդ հաստատության սաների միջին տարեկան քանակի վրա, ստանալ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման գումարը։ Ընդ որում, որպես հաստատության վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության չափ առաջարկվում է ընդունել ներկայումս Երևան քաղաքի նախադպրոցական հաստատությունների աշխատողների վարձատրության չափին համարժեք մեծություններ, իսկ պահպանման տարեկան ծախսերը՝ ուսումնասիրության արդյունքում ձևավորված միջին մեծությունները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը ենթադրում է պետբյուջեի ծախսային մասի ավելացում՝ նախագծով առաջարկվում է կիրառել հետևյալ ժամանակացույցը՝ հաստատությանը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացնել հետևյալ խբերի սաների համար.
•2022 թ. սեպտեմբերի 1-ից՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,
•2023 թ. սեպտեմբերի 1-ից՝ ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները,
•2024 թ. սեպտեմբերի 1-ից՝ երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաների համար,
•2025 թ. սեպտեմբերի 1-ից՝ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, երկու դիտարկում է արել: «Առաջին՝ մենք 2022թ սեպտեմբերի 1-ից հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի դաստիարակ-ուսուցիչների աշխատավարձերի որոշակի բարձրացում տեղի ունենա, որոշակի հատվածներում։ Հիմա առաջարկում եմ, որպեսզի հատվածական չգործենք՝ պայմանավորվենք, որ աշխատավարձի բարձրացումը տեղի է ունենալու ատեստավորումից հետո։ Այսինքն՝ բարձրացնելու ենք միայն այն ուսուցիչ-դաստիարակների աշխատավարձը, որոնք անցած կլինեն ատեստավորում և հաստատած կլինեն իրենց որակավորումը։ Ինչքան էլ մենք այս փուլում խոսում ենք տարբերությունները համահարթեցնելու և հավասարեցնելու մասին, միևնույն է, եթե մենք ավելի ֆինանասական միջոց ենք ծախսում, այդտեղ որակի բաղադրիչը պարտադիր պետք է լինի։ Հետևաբար աշխատավարձերի բարձրացման մեր պարտավորությունն ուժի մեջ է մտնում պայմանով, որ կարող է բարձրացվել միայն որակավորումը հաստատած, վերահաստատած ուսուցիչ-դաստիարակների աշխատավարձը։

Հաջորդ դիտարկումը վերաբերում է 2024թ. սեպտեմբերի 1-ից երեք և ավելի երեխա ունեցող ծնողների երեխաներին ֆինանսավորումն իրականացնելուն։ Մենք սրա հետ կապված ունենք այլ ծրագիր: Նախընտրական շրջանում ասել եմ, որ 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար, պետք է սահմանենք նպաստ, որը քաղաքական առումով անվանում ենք տուրք։ Ես կարծում եմ՝ այս մասում մենք պետք է այս կետը կանխենք, այսպես ասած, դեռ պայմանական թողենք այստեղ, որովհետև, եթե բավականին շոշափելի աջակցություն ենք ցուցաբերելու 3-րդ և ավելի երեխա ունեցող ընտանիքներին, հետևաբար այս միջոցները, որ պետք է ծախսենք այստեղ, պետք է վերահասցեագրենք, կամ էլ այլ մեխանիզմ գործի, որ այդ գումարները հաշվանցվեն և հաշվարկվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով այդ երկու պայմաններն արձանագրել որոշման մեջ:

Վարչապետի պաշտոնակատարի դիտարկմամբ՝ կրթական համակարգում պարտադիր պետք է իրականացնել աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն, որը չի կարող տեղի ունենալ առանց որակավորման բարձրացման և հաստատման. «Սա ռազմավարական հարց է: Մենք պետք է համոզված լինենք, որ մեր երեխաների հետ աշխատող մարդիկ ունեն պատշաճ որակավորում և տիրապետում են պետության ընդունած չափորոշիչներին, դրանց իրականացման հմտություններ ունեն, որից հետո մենք, իհարկե, պետք է նրանց վարձատրության չափերը մեծացնենք։ Սա որպես սկզբունք հետագա բոլոր որոշումների համար։ Նաև 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի հետ կապված մեր քաղաքականությունները տարբեր ոլորտներում իրականացնելիս պետք է հիշենք, որ այդտեղ բավականին լուրջ ծրագիր ունենք, և ծրագրերի ներքին կապերը չպետք է կորցնենք, դրանք իրարից կտրված չպետք է դիտարկենք»։

Կպարզեցվեն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերն ու պայմանները

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերն ու պայմանները պարզեցնելու նպատակով։ 2020 թ. հուլիսի 1-ից մեկնարկած Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերով իրականացվում է՝ միանվագ դրամական աջակցության ծրագիր (մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն), կանխավճարի ապահովագրության ծրագիր (հիպոթեկով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար), երեխայի ծննդյան աջակցության ծրագիր (հիպոթեկային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն)։ Ըստ հիմնավորման՝ վերոնշյալ նպատակային ծրագրերի պայմաններն ու ընթացակարգերը խիստ սահմանափակում են ծրագրերի շահառուների քանակը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է պարզեցնել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերը և պայմանները։ Մասնավորապես, առաջարկվող փոփոխությամբ մեղմացվում է այն պայմանը, ըստ որի շահառուն ծրագրից օգտվելու համար պետք է ունենա առնվազն 12 ամիս մարում՝ երեխայի ծննդյան հաջորդ ամսվա 1-ի դրությամբ: Փոփոխությամբ առաջարկվում է, որ եթե շահառուն չունի 12 ամիս մարում, ապա կարող է սպասել մինչև կկարողանա բավարարել այդ պահանջը և նոր դիմել ծրագրում ընդգրկվելու համար, սակայն դա անհրաժետ է անել մինչև երեխայի 1 տարեկան լրանալը:

Կառավարությունը հավանություն է տվել վթարային տեխնիկական վիճակ ունեցող շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագրին

Կառավարությունը հավանություն է տվել Երևան քաղաքի Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N 10, Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N 10, Արցախի պողոտա 4-րդ նրբանցք N 10/1 հասցեների քանդման ենթակա 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող հանրակացարանային թվով 3 շենքի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագրին՝ Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում կուտակված միջոցների մնացորդից 500,000.0 հազար ՀՀ դրամի չափով գումարի հաշվին: Հիմնավորման համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի կողմից մասամբ իրականացվել է Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 հասցեում գտնվող քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքի և սպորտային մասնաշենքի վերաբնակեցման գործընթացը, սակայն Երևան համայնքի տրամադրության տակ գտնվող առկա բնակարանային ֆոնդը հնարավորություն չի տալիս ամբողջությամբ ավարտին հասցնել նշված շենքերի բնակիչների վերաբնակեցումը: Այդ հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերում բնակվող ընտանիքների վերաբնակեցման համար ընդհանուր առմամբ պահանջվում է շուրջ 340 բնակարան, և ներկայումս միայն Արցախի 4-րդ նրբանցքի քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ շուրջ 2000 քառ. մետր մակերեսով բնակելի ֆոնդ: Արդյունքում՝ Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին վթարային տեխնիկական վիճակ ունեցող շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագրի շրջանակում կստեղծվի նոր բնակարանային ֆոնդի ստեղծում, կլուծվի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի բնակիչների վերաբնակեցման հարցը:

Այլ որոշումներ. խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը

Գործադիրը բավարարել «Եվրոֆուրնիտուրա» ՍՊԸ-ի ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը հումքն օգտագործելու է երկու տեսակի՝ սուպեր և երկկոմպոնենտ սոսնձի արտադրության համար։ Արդեն իսկ իրականացվել է 45 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 30 մլն դրամի կապիտալ և 480 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ստեղծել 7 նոր աշխատատեղ` մինչև 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.2 մլրդ դրամ, որից 81 տոկոսը (865 մլն դրամի արտադրանք ) արտահանվելու է ԵԱՏՄ անդամ երկրներ Վրաստան, իսկ մնացած մասը (137 մլն դրամ արտադրանք)՝ երրորդ երկրներ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 480 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 24.7 մլն դրամ:

Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզի Վաղարշապատում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 29322562.5 դրամ կադաստրային արժեքով 1,0155 հա մակերեսով հողամասը նվիրել համայնքին՝ բնակարանաշինության համար օգտագործելու նպատակով: Արդյունքում կլուծվի այդ տարածքի սանիտարական վիճակի բարելավման հարցը, ինչպես նաև մասնակիորեն կբավարարվի բնակարանաշինության կառուցապատման հարցը, օտարելու արդյունքում համայնքապետարանի բյուջե կմուտքագրվի որոշակի գումար, որը կուղղվի այդ համայնքում առկա խնդիրների մասնակի լուծման։

Մեկ այլ որոշմամբ սահմանվել են Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել նաև լիցենզիայի տրամադրման կարգը և հայտի մերժման հիմքերը, որոնք հնարավորություն կտան լիցենզավորող մարմնին վերահսկողություն իրականացնել լիցենզիաների տրամադրման գործընթացում։ Սահմանվում են նաև արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի գործունեության քվոտավորման չափերը, որոնք ևս ուղղված են համապատասխան օրենքների պահանջների կատարումն ապահովելուն։ Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի լիեցենզավորումն իրականացելու է ՀՀ առողջապահության նախարարությունը, իսկ գործունեության իրականացման նխատմամբ վերահսկողությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Գործադիրն ընդունել է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ ընկերությունների ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» որոշում, որի նպատակը համայնքների և բնակավայրերի վարչական տարածքներում տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնող ընկերությունների ցանկի սահմանման համար իրավական հիմքի ապահովումն է: Արդյունքում՝ կմեծանա բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով մասհանումների հասցեականության աստիճանը։ Առաջիկա տարիներին պետբյուջեի ծախսային մասի ավելացումից զերծ մնալու նպատակով սահմանվել է ընկերությունների կողմից հաշվարկված բնապահպանական հարկի հանրագումարի 2 մլն դրամ չափորոշիչը։

 

← Վերադառնալ