Մամլո հաղորդագրություններ

Պատրաստակամ ենք Ձեզ հետ համագործակցելու բոլոր ոլորտներում՝ Սփյուռքի մեջ և հայրենիքում. ՍԴՀԿ պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանին

10.08.2021

ևս 2 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին, Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին և Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին:

Ողջունելով ՍԴՀԿ ներկայացուցիչներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի պարոնայք,

ողջունում եմ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության պատվիրակությանը և շատ ուրախ եմ այս առիթի համար: Մենք միշտ կապի մեջ ենք եղել կուսակցության հետ՝ և՛ կենտրոնական մարմնի, և՛ հայաստանյան մարմնի: Ուրախ եմ արձանագրել, որ կուսակցությունը՝ նաև հայաստանյան կազմակերպությունը մասնակցում է արտախորհրդարանական ուժերի նոր ձևավորված ֆորմատին, որտեղ մենք արդեն երկու հանդիպում ենք ունեցել: Նաև փորձում ենք այնպես անել, որ որոշումներ ընդունենք և կոնկրետ քայլերով առաջ շարժվենք: Իհարկե, այս համագործակցությունը և երկխոսությունը շատ կարևոր է մեզ համար՝ հաշվի առնելով կուսակցության շատ կարևոր և բացառիկ դերը Սփյուռքի մեր համայնքներում, ներգրավվածությունը և ներդրումն ընդհանրապես հայ ժողովրդի քաղաքական մշակույթի ձևավորման գործում:

Մենք միշտ բաց ենք եղել երկխոսության համար, և ուրախ եմ, որ նույնպիսի պատրաստակամություն կա նաև ձեր կողմից: Այս հանդիպումները լավ առիթ են, որպեսզի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ճշգրտենք մեր օրակարգը, մտքեր փոխանակենք առաջիկա անելիքների վերաբերյալ, գուցե նաև անհրաժեշտության դեպքում կայացնենք կոնկրետ որոշումներ: Կրկին ողջունում եմ ձեզ և ուրախ եմ այս առիթի համար:

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը նշել է. «Շնորհակալ ենք, պարոն վարչապետ: Մենք ենք շնորհակալ, որ հյուրընկալում եք մեզ այստեղ: Նախ թույլ տվեք համայն Հնչակյան ընտանիքի անունից շնորհավորել Ձեզ՝ վերանշանակման առիթով: Մեր պատմության երևի ամենաճակատագրական ժամանակահատվածում, անշուշտ, Դուք մեզնից բոլորից լավ պատկերացնում եք, տեղյակ եք բոլոր մարտահրավերներին՝ և՛ ներքին, և՛ արտաքին: Ինչպես տեսանք, նաև ընտրություններից հետո Ձեր կատարած քայլերը, մանավանդ միասնականությանը և համախմբվածությանն ուղղված մոտեցումները և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ձևաչափով, կարծում ենք, շատ ճիշտ են: Որովհետև եթե նախկինում միասնականության, համագործակցության, համերաշխության մասին կոչերը ցանկություններ էին, այսօր ուղղակի բացարձակ անհրաժեշտություն են, որովհետև եթե մենք համագործակցաբար, միասնականության մթնոլորտի մեջ չկարողանանք աշխատել, շատ դժվար է լինելու ապագան: Որպես կուսակցություն միշտ պատրաստակամ ենք եղել, այսօր էլ պատրաստակամ ենք Ձեզ հետ համագործակցելու բոլոր ոլորտներում՝ Սփյուռքի մեջ և հայրենիքում: Նաև կարևորում ենք այս պահին իսկապես համագործակցությունը բոլոր ուժերի հետ, որովհետև դա երևի միակ ձևն է, որով կարողանանք մեր հայրենիքը, Արցախն այս ծանր իրավիճակից դուրս բերել»:

ՍԴՀԿ պատվիրակության անդամների կողմից ընդգծվել է վարչապետ Փաշինյանի՝ արտախորհրդարանական ուժերի հետ նախաձեռնած երկխոսության և փոխգործակցության կարևորությունը ի շահ հայրենիքի: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Արցախն անցնում են ծանր փորձությունների միջով, բայց կարևորն այն է, որ ընդհանուր ըմբռնում է ձևավորվել առկա մարտահրավերները հաղթահարելու և համատեղ ջանքերով առաջ շարժվելու շուրջ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ արտախորհրդարանական ձևաչափով արդեն իսկ տեղի ունեցած երկու հանդիպումը, որոնցում ներգրավված է նաև ՍԴՀԿ հայաստանյան կազմակերպությունը, վկայում են այդ ձևաչափի գործուն լինելու մասին և շարունակական բնույթ են կրելու:

Վարչապետը Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք օգտագործմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, միջուկային բժշկության և մի շարք այլ ոլորտների ակտիվացման հեռանկարների շուրջ, խոսել զարգացման ծրագրերի և նախաձեռնությունների մասին:

 

← Վերադառնալ