Մամլո հաղորդագրություններ

Բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը. վարչապետ

16.11.2021


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Վարչապետը նիստի սկզբում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, որում մասնավորապես նշել է.

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,
Հարգելի գործընկերներ,
Սիրելի հայրենակիցներ,

Այսօր՝ ժամը 13:00-ի շրջանում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ: Հայաստանի Զինված ուժերը հակառակորդին հակազդելու գործողություններ են գործադրել: Հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա: Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ:

Այս պահին խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր նահատակների հիշատակը:

Շնորհակալ եմ:

Հարգելի գործընկերներ,
Սիրելի հայրենակիցներ,

Տեղի ունեցողին կարող է տրվել միայն մեկ գնահատական. սա ուղիղ ագրեսիա է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Սույն թվականի մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք:

Միջազգային հանրության մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները: Իմ գնահատականը միանշանակ է. Ադրբեջանը և նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը և պետականությունը, մեր անկախությունը:

Այո, այսօր մենք ծանր օր ենք ունեցել, ծանր ժամանակներ ենք ապրում, բայց այսօր նաև ցույց ենք տվել, որ մենք այստեղ ենք, մենք կանք, մենք պետություն ենք, մենք պետական ազգ ենք և պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է: Մենք կարող ենք բանակցել, մենք կարող ենք փնտրել և գտնել փոխընդունելի լուծումներ, մենք մեզ պահում ենք որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, բայց մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել ամբարտավանության լեզվով:

Միջազգային հանրությանը կոչ եմ անում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններ ընդունել՝ հասցեական հայտարարություններ։ Սահմանային վեճերի մասին խոսակցություններն անհեթեթ են և անիմաստ: Չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ են դեռ Խորհրդային միության ժամանակներին ընդունած իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով։ Եվ եթե խնդիրը սահմանային վեճը լիներ՝ Ադրբեջանը վաղուց պետք է ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային ետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը։ Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն և պետք է աներկբայորեն հանի իր զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից։ Սեփական կամքը Հայաստանին պարտադրելու հույսերը սին են։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ժողովուրդը վճռական են և մենք բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունը և անկախությունը։

Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք ընդգծել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը և նախկինում մեր արած բոլոր առաջարկություններն ուժի մեջ են։ Մենք հավատարիմ ենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին։

Վերադառնալով սահմանային իրադրությանը, ասեմ, որ այս պահին սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Մենք շարունակաբար և ճշգրտված տեղեկություններ կհաղորդենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։

Շնորհակալություն»:
 

← Վերադառնալ