Մամլո հաղորդագրություններ

Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը

18.11.2021

ևս 8 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ:

Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը: Ինչպես նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, թվով 439 հիմնական նպատակներից և 1276 միջոցառումներից բաղկացած ծրագիրը հիմնված է Կառավարության հանձնառությունների, այդ թվում՝ 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի և քարոզարշավի ընթացքում տրված նախընտրական խոստումների, ինչպես նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության թիրախների վրա:

Ծրագիրն ունի հետևյալ կառուցվածքը՝ ըստ նախարարությունների և մարմինների ամրագրված են ռազմավարական նպատակները, դրանց հասնելու միջոցառումները, ակնկալվող արդյունքներն ըստ միջոցառումների, ժամկետները, համակատարողները և ֆինանսավորման աղբյուրները:

«Հարկ եմ համարում նշել, որ ներկայացված նախագիծն արտացոլում է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթի շրջանակում իրականացվելիք ծրագրերը:

Միաժամանակ պետք է ընդգծեմ, որ ներկայացված փաստաթուղթը համահունչ է ինչպես Եվրասիական տնտեսական միության ռազմավարական ծրագրերի հիմնական դրույթներին, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների և դոնորների՝ Հայաստանի համար հաստատված ռազմավարական գործընկերության շրջանակների հետ, մասնավորապես՝ քաղաքականության թիրախների և նպատակների առումով»,-ասել է փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանն առանձնացրել է ՄԱԿ-Հայաստան հաստատված կայուն զարգացման գործընկերության 21-25 շրջանակը, Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 19-22 «Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների» հուշագիրը, Համաշխարհային բանկի՝ 19-23 երկրի հետ գործընկերության շրջանակը, Ասիական զարգացման բանկի՝ 2019–2023 երկրի գործընկերության ռազմավարությունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ 19-24 երկրի համագործակցության ռազմավարությունը: «Ցանկանում եմ շեշտել, որ ծրագիրը պետք է դառնա Կառավարության հիմնական աշխատանքային պլանը, իսկ միջոցառումների մասով ինդիկատիվ ֆինանսավորումը պետք է կողմնորոշիչ լինի առաջիկա միջնաժամկետ ծախսային ծրագրերի և տարեկան բյուջեների պլանավորման համար: Միջոցառումների ծրագրի նախագիծը մշակվել է պետական մարմինների առաջարկությունների հիման վրա և անցել համապարփակ և մանրամասն քննարկումների մի քանի փուլ»,-նշել է Մհեր Գրիգորյանը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Պետք է արձանագրել, որ ծրագրի մեջ ներառված են բոլոր այն միջոցառումները, որոնց մասին մենք հրապարակային հայտարարել ենք՝ ներդրումային, կրթության, գիտության, ենթակառուցվածքների զարգացման և սոցիալական աջակցության ոլորտներում։ Ըստ էության, այս ծրագրի մեջ որևէ նորություն չկա, որովհետև ամեն ինչ քննարկել ենք նախընտրական շրջանում, Կառավարության ծրագրի քննարկման շրջանում։ Եվ, ըստ էության, մեր հրապարակային հայտարարությունների իրագործման պլանն է այստեղ ներկայացված: Փաստաթուղթը հրապարակային է, և կարծում եմ՝ շատ մանրամասներ քննարկելու անհրաժեշտություն չկա»:

Կառավարությունն Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզպետարաններին կհատկացնի ավելի քան 462 մլն դրամ

Կառավարության որոշմամբ ՀՀ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզպետարաններին կհատկացվի 462,256.1 հազար դրամ: Ըստ հիմնավորման, 2020 թ. սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր, իսկ 2021-ին՝ 678 ծրագիր:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, գումարը տրամադրվելու է 4 համայնքների 4 ծրագրերի իրականացման համար: «Մասնավորապես, Շիրակի մարզի ծրագրի իրականացման համար նախատեսվում է 441 մլն դրամ: 882 մլն դրամ արժողությամբ այս ծրագիրը վերաբերում է Գյումրի քաղաքին: Ըստ այդմ՝ ձեռք է բերվելու 63 միկրոավտոբուս ներքաղաքային ամբողջ պարկը թարմացնելու նպատակով: Միկորավտոբուսների մի մասը հարմարեցված են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար»,-ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը և հիշեցրել, որ 2021 թվականին շուրջ 47 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվում համայնքների հետ համատեղ: «2018 թվականից ի վեր շուրջ 80 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր ենք իրականացրել: Շատ կարևոր է արձանագրել, որ բացի համայնքների հետ համատեղ, կառավարությունը նաև ուղիղ ներդրումներ է արել համայնքներում, համայնքային ծրագրեր է իրականացրել: Մենք ամփոփել ենք տվյալները՝ 2018 թվականից ի վեր միայն ուղիղ ծրագրերով համայնքներին տրվել է շուրջ 86 միլիարդ դրամ: Օրինակ, հիմա շատ քաղաքներում վերակառուցվում, նորոգվում են դպրոցներ՝ սուբվենցիոն ծրագրերից դուրս: Սա շատ կարևոր է և, ըստ էության ստացվում է, որ 2018 թվականից ի վեր սուբվենցիաներով և ուղիղ ներդրումներով շուրջ 400 միլիոն դոլարի ներդրում ենք արել համայնքներում: Բյուջեի նախագծով մենք արձանագրել ենք, որ այդ ներդրումների ծավալներն էլ պիտի էականորեն մեծանան: Սա շատ կարևոր արձանագրում է. մենք ծրագրեր ենք իրականացրել ճանապարհաշինության, դպրոցաշինության, կրթության ոլորտներում, իրականացրել ենք ջրային ենթակառուցվածքների վերականգնման և վերանորոգման ամենատարբեր ծրագրեր»,-ասել է կառավարության ղեկավարը:

Չկա բնակավայր, որտեղ կենսապահովման խնդիր կա կամ ընդհանրապես շրջափակման մեջ է. կառավարության նիստում անդրադարձ է եղել Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների կառուցման ընթացքին

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների կառուցման ընթացքին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել իրականացվող աշխատանքների վերաբերյալ: «Փաստացի ունենք 7 ճանապարհ: Ճանապարհներից մեկը Տաթև-Աղվանին է , որը համարում ենք ավարտված՝ երթևեկելի է: Նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտն է տեղադրված: Գարնանը, եթե որոշ թերություններ լինեն՝ կշտկենք, և երրորդ շերտը կտեղադրենք: Մյուս վեց հատվածներում հիմա աշխատանքներ են ընթանում: Այդ 6 հատվածներից մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որը 9,5 կմ է: Ճանապարհի մի մասում՝ մոտ 3,5-4 կմ, արդեն ամբողջովին հողային ծածկույթի աշխատանքներր են իրականացվել, մյուս հատվածներում շարունակվում են որոշ տեղերով բարեկարգման, ճանապարհի անցանելիության կարգավորման և անհրաժեշտության դեպքում նաև խճապատման աշխատանքներ: Մյուս ճանապարհը Տանձավեր-Շուռնուխ ճանապարհն է՝ 13 կմ: Մի մասն ամբողջովին նոր է կառուցվում և այնտեղ որոշակի դժվարություններ կան՝ անտառի հատված հետ կապված: Ուզում եմ նշել, որ նույն Շուռնուխ գյուղն առնվազն երկու ճանապարհ ունի: Մեկը՝ Խոտ-Որոտան-Շուռնուխ ճանապարհն է, որը գործում է, նորմալ է և մեր հայրենակիցները կարող են երթևեկել: Մյուսը՝ Շուռնուխ-Բարձրավան այդ կառուցվող ճանապարհը, որն անցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար: Որոտան-Խոտ ճանապարհի 10 կմ-ից 5 կմ-ի հիմքն ամբողջովին երթևեկության համար պատրաստ է: Մյուս 5 կմ-ի վրա իրականացվում են բարեկարգման և խճապատման աշխատանքներ: Եվս երկու ճանապարհահատված ունենք՝ Կապան- Ճակատեն և Կապա-Գեղանուշ-Ճակատեն: Օրեր առաջ սկսվել են Գեղանուշ–Ճակատեն հատվածի հողային աշխատանքները, երեկվանից սկսել ենք նաև խճապատման աշխատանքները, որոշակի թեքություններ կան, 2-3 օրվա ընթացքում այդ աշխատանքները կավարտենք և ճանապարհն ավելի հեշտ ու անցանելի կլինի: Դրան զուգահետ մենք կկառուցենք Կապան-Ճակատեն նոր ճանապարհը, որ կձգվի այսօր գործող ճանապարհին գրեթե զուգահեռ: Եվ, իհարկե, շարունակվում է Տաթև-Լծեն 19,9 կմ ճանապարհների աշխատանքները: Այս պահին մոտ 6,5 կմ վրա աշխատանքներ են իրականացվել, 2 ընկերություններ տարբեր կողմերից աշխատում են, նախագծման աշխատանքներն ավարտվել են»-ասել է նախարարը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այդ բոլոր ուղղություններով պետք է օր առաջ ունենալ գրունտային վիճակ, որը երթևեկելի կլինի բոլոր տիպի մեքենաների համար և բոլոր եղանակներին: «Շինարարության սեզոնի մեկնարկին պես, մենք այդ բոլոր ճանապարհները կասֆալտապատենք: Այսինքն՝ մեր ծրագիրը հետևյալն է, որ գյուղերի ճանապարհները և նաև Տաթև-Լծեն ճանապարհահատվածը 2022 թվականին ամբողջությամբ ասֆալտապատ վիճակում լինի: Մենք նաև պայմանավորվեցինք, որ Խոտանան գյուղի հատվածում շրջանցիկ ճանապարհ ստեղծենք, որպեսզի բեռնատարները գյուղ չմտնեն, որովհետև այնտեղ մի հատված կա, որը մի քիչ նեղ է և տրանսպորտային առումով խնդիր կառաջացնի. հենց ճանապարհի եզրին եկեղեցի կա, որը պատմամշակութային հուշարձան է, և այդտեղ ճանապարհը լայնացնելու առումով պրոբլեմ կունենանք»,-ասել է վարչապետը՝ արձանագրելով, որ չկա բնակավայր, որտեղ կենսաապահովման խնդիր կա կամ ընդհանարապես կտրված լինի, շրջափակման մեջ լինի:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ ճանապարհի ժամանակավոր երկարացման կապակցությամբ 6 գյուղերի բնակիչներին, ընտանիքներին հատկացվել են բենզին, վառելիքի համար գումար. «Նաև լրացուցիչ աջակցություն ենք ցուցաբերել, որպեսզի ժամանակավոր լոգիստիկ դժվարությունները հնարավորինս կոմպենսացնենք, և մեր հայրենակիցները լրացուցիչ բարդություններ չունենան: Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել և այսօր առավոտյան ինձ զեկուցվել է, որ 6 գյուղերի բոլոր 250 ընտանիքներին համապատասխան աջակցություն է ցուցաբերվել»:

Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով այսօր ընդունել է որոշում, որով նախատեսվում է անհետաձգելի համարել պետական անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ Հ 46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) – Բարձրավան ավտոճանապարհի, Տանձավեր – Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև Որոտան - Խոտ և Տ-8-49, /Տ-8-48/ - Լծեն ավտոճանապարհների վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և այդ նախագծերի փորձաքննության ծառայությունների գնման կարիքը, թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարին այդ ծառայությունները ձեռքբերել մեկ անձից գնման ընթացակարգով, ինչպես նաև սահմանել աշխատանքների իրականացման առանձնահատկությունները:Մասնավորապես, ներկա ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավոճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով նախատեսվում է կառուցել և վերակառուցել ճանապարհի խնդրահարույց հատվածները շրջանցող այլընտրանքային ճանապարհներ: Մասնավորապես նախատեսվում է կառուցել Հ-46(Քաշունի գյուղի խաչմերուկից)- Բարձրավան, Տանձավեր - Շուռնուխ ճանապարհահատվածները, վերակառուցել Որոտան - Խոտ և Տ-8-49, /Տ-8-48/ - Լծեն ճանապարհահատվածները:

77 մլն դրամ կհատկացվի կամավոր ատեստավորված ուսուցիչների հավելավճարների համար

Գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ պետբյուջեի մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման ընդունումը պայմանավորված է 2021թ. հունվարի 1-ի և 2021/2022 ուսումնական տարվա սկզբի դրությամբ հանրակրթական դպրոցների աշակերտների թվի՝ ներառյալ նախադպրոցական և ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաների թվի, ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչների փաստացի թվի վերաբերյալ տրամադրված տվյալների հիման վրա ՀՀ 2021 թ. պետբյուջեով կրթության ոլորտի գծով նախատեսված ծախսերում վերահաշվարկի կատարման արդյունքները պետական բյուջեում սահմանված կարգով արտացոլման անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ներկայացրած տվյալների համաձայն ՀՀ 2021 թ. պետբյուջեով կրթության ոլորտի գծով նախատեսված ծախսերում ընդհանուր տնտեսված միջոցները կազմում են 3,336,442.1 հազար դրամ: Նախատեսվում է պետական բյուջեի «Կրթության որակի ապահովում» ծրագրի «Ատեստավորման նոր համակարգի ներդրում՝ ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը» միջոցառման հատկացումները բաշխել ըստ կատարողների (ԲՍԿ-ների): Միջոցառման շրջանակներում 2021 թվականի սեպտմբերի 18-ին, 19-ին, 25-ին և 26-ին անցկացվել է ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքի ստուգում՝ 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն, հայ գրականություն, հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն առարկաները դասավանդող ուսուցիչների համար: «Ատեստավորման նոր համակարգի ներդրում` ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը» միջոցառման շրջանակներում ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքի ստուգման նպատակով հայտ ներկայացրած 1372 ուսուցչից ատեստավորմանը մասնակցել են 996-ը, որոնցից 478 ուսուցիչ հաղթահարել են 70 միավորի շեմը և կստանան 30-50 տոկոս հավելավճար: Սակայն գումարը հաշվարկվել է 10 տոկոսի շեղումով՝ 515 ուսուցչի համար, քանի որ առկա են եղել բողոքարկումներ: Բացի այդ հավելավճարները հաշվարկվել են միջին աշխատավարձի (125 000 դրամ) հիման վրա, սակայն վճարումները իրականացվելու են փաստացի աշխատավարձերի հիման վրա, որոնք ներկայումս ճշտվում են:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում 2022 թվականին ուսուցիչների ատեստավորման գործընթացը կազմակերպելու համար: «Մյուս տարի գործընթացին կարող են մասնակցել 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչներն ըստ բոլոր առարկաների: Նախատեսում ենք, որ ավելի քան 5000 ուսուցիչ եկող տարվա արդյունքում կստանա հավելավճար: 2022 թվականի պետբյուջով այդ նպատակի համար նախատեսվել է 1,3 մլրդ դրամ»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այս տարի կամավոր ատեստավորված ուսուցիչների հավելավճարի համար կհատկացվի 77 մլն դրամ:

Նախատեսվում է նաև գումար հատկացնել (253,998.7 հազար դրամ) ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների ճաշարանների նորոգման և գույքով ապահովմանը, ինչը կապված է մարզում դպրոցական սննդի ծրագրի մեկնարկման հետ: Անհրաժեշտություն է առաջացել մարզի ենթակայության 22 և ԿԳՄՍ ենթակայության 1 հանրակրթական դպրոցների ճաշարանների, ճաշարանների տանիքների վերանորոգման և ճաշարանների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման:

Օրենսդրական նախաձեռնություններ. էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար սահմանված ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի ևս 2 տարով

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծին: Օրենքի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կտեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար։ Նախագծով նախատեսվում է օրենքով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։ Հիմնավորման համաձայն՝ հանրապետությունում ստեղծվել է բարենպաստ միջավայր էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու համար։ 2019-2021 թվականների ընթացքում ներմուծվել է ավելի քան 5200 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, (2018 թվականին՝ ներմուծվել է ընդամենը 12 էլեկտրամոբիլ): 2018-2020թթ. «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում ՄԱԶԾ/ ԳԷՀ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում տեղադրվել են 20-ից ավելի լիցքավորման կայաններ հանրապետության գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաև մշակվել է լիցքավորման կայանների տեղակայման հիմնական քարտեզ։ ԿԳՄՍ նախարարության կողմից 2021/2022թթ. նախատեսվում է միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մասնագիտությունների շարքում ընդգրկել նաև էլեկտրոմոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման տեխնիկ մասնագիտությունը։ Օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի ընդունմամբ կսահմանվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վարչական վարույթը կասեցնելու կամ երկարաձգելու իրավունքը և կհստակեցվի կասեցված կամ երկարաձգված վարչական վարույթներով վարչական տույժ նշանակելու ժամկետը: Օրինագծով կհստակեցվեն նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով հարկային մարմնի կողմից քննվող գործերով վերջինիս վերապահված իրավասությունների շրջանակը:

Կապահովվեն կրթության, մշակութային և մարզական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով 641,156.5 հազար ուղղել կապիտալ ծախսերի Համար: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի 518,744.4 հազար դրամ Ջրառատ համայնքում ծանրամարտի մարզադահլիճի կառուցման մեկնարկման, Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի և ՀՀ Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքերի կառուցման մեկնարկման, ինչպես նաև թվով 3 մոդուլային դպրոցի կառուցման շարունակականության ապահովման համար։ Ըստ այդմ, կապահովվի մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարման, նախագծման և գույքային հագեցվածության ապահովումը:

Կառավարության որոշմամբ Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցը ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ և ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող, օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող և մրցանակակիր Իսրայել Միլիտոսյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ: Նման որոշում ընդունվել է՝ կարևորելով հանրահայտ ծանրորդ և վաստակաշատ մանկավարժ Իսրայել Միլիտոսյանի ներդրած մեծ ավանդը սպորտի՝ մասնավորապես ծանրամարտ մարզաձևի զարգացման, Գյումրու ծանրամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաների կրթության և դաստիարակության գործում: Մարզադպրոցի անվանակոչումը Իսրայել Միլիտոսյանի անվամբ՝ նրա տարիների նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատական է:

Այլ որոշումներ

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ բնական գազի և էլեկտրական էներգիայի օրինակով սոցիալապես անապահով ընտանիքների համար խմելու ջրի ոլորտում նույնպես հնարավորինս նվազ սակագներ սահմանելու հնարավորություն ստեղծելու համար: Ըստ հիմնավորման, ներկայումս «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հանձնաժողով է ներկայացրել վարձակալության 6-րդ պայմանագրային տարվա համար բազիսային սակագների ճշգրտման հերթական հայտը, համաձայն որի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման գումարային սակագինն առաջարկվել է 223.7 դրամ/խմ՝ գործող 180 դրամ/խմ-ի փոխարեն։ Հանձնաժողովի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ ներկայումս ընթանում են քննարկումներ վարձակալության պայմանագրում և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի լիցենզիայի պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու հարցը, որի շրջանակում հանձնաժողովն առաջարկել է վարձակալության պայմանագրի մնացած 10 տարիների (2022-2031թթ.) համար կիրառել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման հնարավորինս կայուն սակագնային քաղաքականություն՝ միաժամանակ միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար չկիրառելով սակագների բարձրացումը և անփոփոխ թողնելով գործող 180 դրամ/խմ մեծությունը։

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է երկարաձգել գործողության ժամկետը մինչև 2022թ.-ի դեկտեմբերի 31-ը և հնարավորություն տալ Լիբանանի Հանրապետությունում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում բնակվող քաղաքացիներին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու ՀՀ քաղաքացու անձնագիր: Արդ կարգավորումը գործում է 2012 թվականից առ այսօր և հաշվի առնելով սույն պետությունների ներքին իրավիճակում շարունակվող լարվածությունը՝ հնարավորություն չեն ունենա ՀՀ այցելելու՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար:

Հանրապետության տարածքում կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետ կապված ներկայում առկա իրավիճակով պայմանավորված գործադիրն ընդունել է որոշում: COVID-19 արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառուների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը հատկացնել 1,260,000 հազ դրամի սահմանված չափաքանակով:

Կառավարությունն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն, Պետական գույքի կառավարման կոմիտե են դիմել տեղաբնակ քաղաքացիներ՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու խնդրանքով: Ըստ այդմ՝ նվիրատվության է ներկայացվել 12 բնակելի տարածք՝ 10 ընտանիք:
 

← Վերադառնալ