Մամլո հաղորդագրություններ

Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը և Ադրբեջանի նախագահն ընդունել են համատեղ հայտարարություն

26.11.2021

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն: Դրանում, մասնավորապես, նշված է.

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը, 2021 թվականի նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում և քննարկեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին հայտարարության իրագործման, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին հայտարարության իրագործման ընթացքը:

Վերահաստատեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման։ Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։

Նշեցինք Ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի կարևոր ավանդը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։

Պայմանավորվեցինք ադրբեջանահայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացն ուղղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը՝ դրա հետագա դեմարկացիայով՝ կողմերի դիմումի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական օժանդակությամբ։

Բարձր գնահատեցինք 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտման նպատակով կոնկրետ ծրագրերի շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը։

Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ ևս կցուցաբերի անհրաժեշտ ամեն աջակցություն` ի շահ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման»:
 


 

← Վերադառնալ