Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2021 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը

22.04.2022

ևս 4 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի արդյունքներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման հնարավորություններին և հարակից այլ թեմաների:

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ըստ հաշվետվության՝ ՀՀ 2021 թ. պետբյուջեի մասին օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի` Կառավարությանն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում կատարված փոփոխությունների արդյունքում ձևավորված ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝ 99.6%-ով՝ կազմելով 1,683.8 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 97.8%-ով՝ կազմելով 2,004.3 մլրդ դրամ:

Ինչպես նշել է ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, 2021-ը մեկնարկել է լարված ֆինանսատնտեսական միջավայրով, ինչը պայմանավորված էր Արցախի պատերազմով և քովիդի համավարակով ի հայտ եկած սոցիալ-տնտեսական անորոշություններով: Հարկաբյուջետային, դրամավարկային և տնտեսական քաղաքականությունների համադրման արդյունքում 2021 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 5,7 տոկոս՝ կանխատեսված 3,2-ի դիմաց: Փոխնախարարը նշել է, որ 2021-ի բարելավվել է հարկային եկամուտների հավաքագրման մակարդակը, որը նախորդ տարվա համեմատ աճել է 14,5 տոկոսով: Արդյունքում՝ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 0.3 տոկոսով, հասնելով պատմական ամենաբարձր մակարդակի՝ 22,7 տոկոս: 2021 թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 7.7%՝ գերազանցելով ՀՀ կենտրոնական բանկի նպատակային՝ (4 +/- 1.5%) ցուցանիշը: Տարվա ընթացքում, հաշվի առնելով ինչպես ներքին տնտեսությունում, այնպես էլ միջազգային պարենային շուկաներում գնաճային զարգացումները և գնաճային սպասումների որոշակի արագացումը, ՀՀ ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընդհանուր առմամբ 2.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.75%:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն առանձնացրել է երկու կարևոր ցուցանիշ. առաջին՝ ճգնաժամային տարում նախնական պլանի նկատմամբ 147 մլրդ դրամով գերակատարվել են բյուջեի եկամուտները և երկրորդ՝ նախնական պլանի նկատմամբ կապիտալ ծախսերն 100 տոկոսով իրականացվել են:

«Իհարկե, սրանք չափազանց կարևոր ցուցանիշներ են, բայց ես ուզում եմ խոսել 2022թ. բյուջեի մասին: Չնայած և՛ ծախսերի, և՛ եկամուտների մասով մենք հսկայական աճ ունեցանք, բայց 2022թ. բյուջեի և՛ ծախսերը, և՛ եկամուտները մենք կրկին հսկայական չափով ավելացրեցինք: Հունվար-փետրվարին լավատեսական տրամադրություններ կային այդ առումով, բայց փետրվարի վերջին և մարտին աշխարհքաղաքական իրադարձությունների բերումով մենք որոշակի անհանգստացնող միտումների առերեսվեցինք: Մեր լավատեսությունը զգուշորեն վերականգնելու համար շատ կոնկրետ հիմքեր կան, որովհետև ուզում եմ ընդգծել, որ առայժմ, այս պահի դրությամբ մենք շարունակում ենք ընթանալ բյուջեի եկամտային հատվածի գերակատարման պլանով: Այսինքն՝ գերակատարման ռեժիմով ենք առայժմ առաջնորդվում»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է աշխատատեղերի ցուցանիշներին. 2022թ. մարտին աշխատատեղերի քանակով ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել: «2022թ. մարտ ամսվա տվյալները զիջում են միայն 2021թ. դեկտեմբերի տվյալներին: Մարտ ամսին ունեցել ենք 654784 աշխատատեղ, որը 2021թ. մարտի համեմատ ավելի է 32622 աշխատատեղով կամ 5.3 տոկոսով, 2020թ. որպես ճգնաժամային տարի մենք չենք էլ համեմատում, համարելով, որ ցածր են ցուցանիշները, 2019թ. համեմատ ավելի են 70714 աշխատատեղով կամ 12.1 տոկոսով: 2018թ. մարտի համեմատ աշխատատեղերի քանակն ավելի է 120660-ով կամ 22.4 տոկոսով: Այսինքն՝ 2018թ.-ից ի վեր մենք ունենեք 120660 նոր արձանագրված աշխատատեղ:

Շատ կարևոր է նաև միջին աշխատավարձի ցուցանիշը: 2022թ. մարտի տվյալով միջին ամսական աշխատավարձը կազմել է 243607 դրամ, որը 2021թ. մարտի համեմատ ավելի է 32202 դրամով կամ 15.2 տոկոսով, 2019թ. համեմատ ավելի է 59730 դրամով կամ 32.4 տոկոսով, իսկ 2018թ. մարտի համեմատ ավելի է 69530 դրամով կամ 39.9 տոկոսով»:

Անդրադառնալով այլ ցուցանիշներին ևս՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դրանք շատ որակական ցուցանիշներ են և վկայում են կոնկրետ արդյունքների մասին:

Մայիսի 14-ին Տավուշի մարզում կանցկացվի «ՀՀվարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք անցկացնելու նպատակով գումար տրամադրելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում: Միջոցառումը նախատեսվում է կազմակերպել և անցկացնել մայիսի 14-ին Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին: Մրցաշարին կարող են մասնակցել հանրապետության բոլոր դպրոցների լավագույն թիմերը, որոնք մարզային փուլերում հաղթող են ճանաչվել (ընդամենը 12 թիմ), յուրաքանչյուր թիմի կազմում՝ 5 տղա, 2 աղջիկ (7 աշակերտ) և 1 ներկայացուցիչ: Մրցաշարի անցկացման հետ կապված ծախսերը` այդ թվում մասնակիցների սնունդ, մարզահագուստ (մարզաշապիկ, գլխարկ), գավաթներ, մեդալներ, հավաստագրեր, շնորհակալագրեր, հուշանվերներ՝ պատվավոր հյուրերի համար, հաղորդավարի ծառայություն, տպագրական նյութեր, տարածքի ձևավորում, նկարահանում, ուղիղ եթերի ապահովում, շարժական բեմ և Լեդ էկրանի ապահովում, տրանսպորտային ծառայություն, հաղորդավարի ծառայություն, դրոշների ձեռք բերում, մասնակիցներին տեղում ընդմիջման ժամանակ՝ սնունդ, հրավառություն և գրենական պիտույքներ՝ նախատեսվում է տրամադրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր հատկացումների շրջանակում վերաբաշխում կատարելու արդյունքում: Մրցաշարի նպատակն է նպաստել ֆիզիկապես ամուր և առողջ սերնդի դաստիարակությանը, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվող աշակերտների քանակի էական աճի բարձրացմանը:

Ինչպես նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, այդ նպատակի համար կկատարվի վերաբաշխում և կհատկացվի ավելի քան 24 մլն դրամ, որից պարգևատրման ֆոնդը կազմում է 14 մլն 715 հազար դրամ: Մասնավորապես, մրցույթում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով. 1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4 մլն դրամով, 2-րդ տեղը՝ 2,5 մլն դրամով, 3-րդ տեղը՝ 1,5 մլն դրամով: Կպարգևատրվեն նաև ֆիզկուլտուրայի մարզիչ-ուսուցիչները, հաղթող թիմերի աշակերտները:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ Հայաստանում «Վարչապետի գավաթ» անունով մի շարք մրցումներ ենք հաջող իրականացվում: «Դրանց նախնական իմաստն հետևյալն էր՝ հնարավորինս մեծ թվով մարդկանց ներգրավել և նրանց միջոցով սպորտը և առողջ ապրելակերպը փորձել, այսպես ասած, ավելի պոպուլյար դարձնել: Բայց վերլուծությունը ցույց տվեց, որ դրանք, այնուամենայնիվ, անհատական մրցաձևեր են, և մենք կարիք ունենք երկրում զարգացնել նաև թիմային մրցաձևերի նկատմամբ մեր ընդհանուր ընկալունակությունը», -ասել է վարչապետը:

Ըստ այդմ, որոշվել է «Վարչապետի գավաթի» անվան ներքո իրականացնել մրցաշար այնպիսի թիմային մրցաձի, որի համար պարապմունքներ անցկացնելու, պատրաստվելու համար թանկարժեք ենթակառուցվածքների անհրաժեշտություն չլինի:

Կառավարության ղեկավարն այդ համատեքսում կարևորել է նաև շահառուներին շրջանում մրցաշարի վերաբերյալ պատշաճ իրազեկում ապահովելու հարցը:


Կառավարությունը շարունակում է փոխհատուցել մարտական գործողությունների մասնակիցների ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձը

Մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման շարունակականությունն ապահովելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման, այդ նպատակի համար ընդհանուր առմամբ ընդունվել է հինգ որոշում և ուսման վարձի փոխհատուցում է ստացել բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող` 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է` 1,595.930.7 հազար դրամ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող` 512 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է` 52,543.3 հազար դրամ: 2021 թ. դեկտեմբերի 24-ից մինչև 2022 թ. մարտի 22-ն ընկած ժամակահատվածում նախարարությունում հավաքագրվել են բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից նախարարություն ներկայացրած շահառուներ՝ շուրջ 1026 հոգի, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է` 241,920.5 հազար դրամ: Գումարը կհատկացվի պետբյուջեում վերաբաշխում կատարելու արդյունքում:

Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացները կատարելագործելու, արդյունավետությունը բարձրացնելու և պարզեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Առաջարկվող փոփոխությունների շնորհիվ գործընթացը կիրականացվի քաղաքացիների համար առավել հասկանալի և թափանցիկ եղանակով, ինչպես նաև հնարավորինս կնվազեցնի մարդկային գործոնով պայմանավորված սխալ գնահատում իրականացնելու հավանականությունը: Բացի այդ, որպես բացառիկ նվաճում չի համարվի գիտական կոնֆերանսներին մասնակցությունը, քանի որ վերջին տարիներին ներկայացրած հիմքերից պարզ է դառնում, որ կոնֆերանսներին ուսանողների մասնակցությունը կրում է զուտ ձևական բնույթ, մասնավորապես, արտերկրում կազմակերպվում են մատչելի` մինչև 20 դոլար մասնակցության համար նախատեսված վճարով, միջազգային գիտաժողովներ, որտեղ ներկայացված նյութերը առանց գրախոսության տպագրվում են: Այսպիսի գիտաժողովների նպատակը գումար աշխատելն է, այլ ոչ գիտական աշխատանքի գնահատումը և լուսաբանումը: Դիմորդները հաճախ որոշ փոփոխություններով` հիմնականում վերնագրի մեջ, նույն նյութը ներկայացնում են այսպիսի գիտաժողովներին, և քանի որ նյութը գրախոսություն չի անցնում, այն տպագրվում է, արդյունքում գրեթե միևնույն նյութը գնահատվում է մի քանի անգամ: Նմանատիպ գիտաժողովների նյութերը ֆորմալ բավարարում են Կառավարության որոշման պահանջներին, սակայն գիտական միջոցառման հետ առնչություն չունեն: Առաջարկվող փոփոխությամբ նման արատավոր երևույթները այլևս չեն համարվի բացառիկ նվաճում: Առաջարկվող փոփոխություններով կարգավորվում է նաև ասպիրանտուրայում սովորող և հայտարարված զորակոչի ընթացքում ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված կամ ատենախոսությունը ՀՀ-ում կամ այլ պետությունում պաշտպանած, բայց ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատումը կամ օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի վկայագիրը ՀՀ գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցումը դեռ չստացած անձանց տարկետման հարցը:

Կապահովվի Ձորագետ համայնքի հիմնական դպրոցի և հարակից շենքերի անվտանգությունը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է պետբյուջեի վերաբաշխման միջոցով 37,161.4 հազար դրամ հատկացնել ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Ձորագետ բնակավայրի քարաթափման հետ կապված խնդիրները լուծելու համար պողպատյա պաշտպանիչ ցանցերի կառուցման ծախսերին: Հիմնավորման համաձայն, ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Ձորագետ բնակավայրի հիմնական դպրոցի և նրան հարակից տարածքում առկա է քարաթափման վտանգ։ Անհրաժեշտ է իրականացնել կանխարգելիչ միջոցառումների, քանի որ դպրոցի հարակից սարալանջից պարբերաբար քարաթափման հետևանքով դպրոցում վտանգավոր է դասապրոցեսի կազմակերպում, ելնելով վիճակից ուսումնական գործընթացը ստիպված իրականացվում է հեռավար եղանակով: Սարալանջին առկա է վտանգավոր ճեղքեր և անկայուն քարեր, որոնք առատ տեղումներից կամ ցնցումներից կարող են գլորվել՝ սպառնալով դպրոցին և հարակից բնակելի շենքերին: Դպրոցի տարածքը քարաթափումից պաշտպանելու համար նախկինում կառուցվել է հենապատ, որը խարխուլ վիճակում է և չի կարող հանդիսանալ պաշտպանիչ միջոց:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է փոխհատուցել ադրբեջանական անօդաչուի (ԱԹՍ) հարվածից ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչների կրած վնասը։ 2021 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ին՝ ժամը 23։45-ի սահմաններում ադրբեջանական անօդաչուի (ԱԹՍ) հարվածից տուժել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները, ինչպես նաև մանկապարտեզի և դպրոցի շենքերը։ Փոխհատուցման գումարը կազմում է 3,230.0 հազար դրամ:

Կընդլայնվի ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման շրջանակը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման շրջանակը ընդլայնելու նպատակով: Նախատեսվում է ներառել ՏՏ ոլորտում տնտեսական գործունեության նոր տեսակներ՝ էլեկտրոնային բաղադրամասերի, համակարգիչների և ծայրամասային սարքվածքների, կապի սարքավորանքի, օդանավերի, տիեզերանավերի և այլ թռչող սարքերի արտադրություն, համակարգչային ծրագրերի հրատարակություն խմբերը: Միաժամանակ առաջարկվում է մեղմացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով ներգրավված աշխատողների քանակին վերաբերող պահանջը՝ 50-ը դարձնելով 10:

Օրենսդրական նախաձեռնություններ

Կառավարության հավանությանն է արժանացել «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծի ընդունումը պայմանավորված է «Ավիացիայի մասին» օրենքի մի շարք դրույթների՝ ՀՀ միջազգային համաձայնագրերին և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հրապարակված միջազգային ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին ու ընթացակարգերին, նշված փաստաթղթերում կատարված վերջին փոփոխություններին դրանց առավել հնարավոր չափով համապատասխանությունն ապահովելու, ինչպես նաև բնագավառի մի շարք այլ ընթացակարգային դրույթների կարգավորման անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունմամբ առավել արդյունավետ կիրականացվի օդային տրանսպորտի բնագավառում քաղաքականությունը, անհրաժեշտություն կա նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ձևավորել Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի փորձագիտական մարմին: Փոփոխության արդյունքում հստակեցվել են ավիացիոն անվտանգության գործառույթի ապահովման համար պատասխանատու մարմինների և անձանց լիազորությունները:

Հավանություն է տրվել «Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակներում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ին խաղատան լիցենզիա տրամադրելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Առաջարկվում է «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման նպատակով խաղատան կազմակերպման համար առանձին օրենսդրական ակտի ընդունում, որով կսահմանվի առանձնահատուկ կարգավիճակ՝ համապատասխան պետական տուրքի սահմանմամբ: Ներդրումային ծրագիրը միտված է հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը: Խաղատան լիցենզիայի տրամադրումը կարող է դառնալ այլընտրանքային ժամանցի տեսակ զբոսաշրջիկների համար և կարող է հավելյալ մուտքեր ապահովել պետական բյուջե։

Հավանության է արժանացել նաև «Մաքսային կարգավորման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը: Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենսդրությունը «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով հաստատված՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում ընդունված այլ իրավական ակտերով սահմանված կարգավորումներին համապատասխանեցման հանգամանքով: Նախագծով առաջարկվում է սահմանել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով և ԵԱՏՄ շրջանակներում մաքսային ոլորտում կիրառվող այլ իրավական ակտերով նախատեսված՝ ազգային օրենսդրություններին վերապահված կարգավորումները, նախատեսել, որ բոլոր դեպքերում դիմումները մաքսային մարմիններին կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև հայտարարատունների կողմից մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ ունենալու դեպքում մաքսային մարմին-ների կողմից ծանուցումները և այլ փաստաթղթեր ու որոշումներ կարող են հայտարարատուներին ուղարկվել էլեկտրոնային եղանակով:

Այլ որոշումներ

Գործադիրի որոշմամբ Աշոտ Մարտիրոսյանը ազատվել է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնից:

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է պատվիրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների 2021 թ. ընթացքում իրականացրած ներդրումների տեխնիկական աուդիտ, ինչը հնարավորություն կընձեռի անկախ մասնագիտական կազմակերպության կողմից ստանալ սակագներում ներդրումների (լրիվ կամ մասնակի) ներառման կամ մերժման օբյեկտիվ և հիմնավոր գնահատական, որն էլ կտրվի ներդրումների հավաստիության և հիմնավորվածության ստուգման առավել թիրախային մեթոդների և գործիքների կիրառմամբ։ Որոշման ընդունումը կնպաստի հանրության և շահագրգիռ բոլոր կողմերի մոտ ընկերությունների ներդրումային գործունեության նկատմամբ օբյեկտիվ և հիմնավոր գնահատականի ձևավորման նկատմամբ վստահության, սակագների սահմանման և վերանայման գործընթացի հիմնավորվածության բարձրացմանը, դրական ազդեցություն կունենա կարգավորվող սակագների վրա, կբացառի սակագների ձևավորման գործընթացում հաշվի առնվող գործոնների նկատմամբ կարգավորվող անձանց միջամտությունը կամ ներգործությունը:

Մեկ այլ որոշմամբ սահմանվել է պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները: Ըստ այդմ՝ նախատեսվում է նոր կարգ, մասնավորապես, սահմանվում են պետական կազմակերպությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի անցկացման ընթացակարգը, մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները, մրցույթի արդյունքները բողոքարկելու կարգն ու ժամկետները, ինչպես նաև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի ընտրության ընդհանուր կարգն և գործադիր մարմնի պաշտոնը զբաղեցնելու համար հստակ չափորոշիչները:

← Վերադառնալ