Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը լրացուցիչ 400 մլն դրամ կհատկացնի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի համար

02.06.2022

ևս 10 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարաթյունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերն իրականացնելու նպատակով: Նախատեսվում է, մասնավորապես, միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացի ապահովում: Ըստ հիմնավորման, 2022 թ. մայիսի 2-ի դրությամբ ծրագրերի շրջանակներում աջակցություն է ստացել 810 շահառու, որից 126-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով (105,072,344 դրամ), 226-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (11,959,980 դրամ), 458-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (455,208,895 դրամ)։ Արդյունքում 2022 թ. պետբյուջեով առաջին կիսամյակի համար նախատեսված ֆինանսական միջոցների (600 մլն դրամ) մնացորդը մայիսի 2-ի դրությամբ կազմել է 27,8 մլն դրամ։ Որոշմամբ առաջարկվում է ծրագրերի շրջանակում 2022 թ. երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակներում դիմող 560 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 400 մլն դրամ:

Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ծրագրերի համար դիմողների թվի աննախադեպ աճ է աձանագրվել: «Ծրագիրն ունի երեք բաղադրիչ՝ միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, երկրորդ բաղադրիչը՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն` ապահովագրական վճարը մուծելու համար և երրորդը՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ աջակցություն»,- ասել է նախարարը։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրերի իրականացումը և նշել. «Երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի ձեռք բերման աջակցության ծրագիրն ընդունել ենք 2020 թ. հուլիսին, և հիմա մի իրավիճակի առաջ ենք կանգնած, երբ բյուջեով ի սկզբանե նախատեսված միջոցները չեն բավականացնում»:

Վարչապետը միաժամանակ ընդգծել է ծրագրի վերաբերյալ պատշաճ իրազեկման կարևորությունը: «Կարծում եմ՝ ծրագրի վերաբերյալ դեռևս շարունակաբար իրազեկման խնդիր ունենք, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն: Մենք դրա մասին խոսել ենք, ես հանձնարարել եմ. մեր բոլոր ծրագրերը՝ սկսած գյուղատնտեսությունից, բիզնեսի աջակցման, սոցիալական, պետք է լայնորեն իրազեկվեն: Ծրագրերն իրականում բարդ են դրանց բոլոր նրբությունները պետք է մանրամասն ներկայացվեն:

Այդ համատեքստում ուզում եմ նորից հիշեցնել, թե ինչի մասին է ծրագիրը. կառավարությունը որոշել է աջակցություն ցույց տալ երեխա ունեցող ընտանիքներին: Ընդ որում, այս ծրագիրը որևէ ձևով չի ազդում իրականացվող այլ ծրագրերի վրա: Օրինակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար մենք ամսական 50 հազար դրամի աջակցություն տրամադրելու որոշում ընդունել ենք, այս տարվանից մեկնարկում է, մարդիկ կարող են նաև այս ծրագրից օգտվել: Այսինքն՝ բոլոր ծրագրերը, որոնք ընդունվում են, առանձին-առանձին գոյություն ունեն և մեկը մյուսի վրա նեգատիվ ազդեցություն չի ունենում: Ընդհակառակը, ունենում են պոզիտիվ ազդեցություն այն առումով, որ փողն ավելի շատ է, աջակցությունն ավելի շատ է»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քաղաքացին ծրագրերից օգտվելու համար պետք է դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն, որից հետո կառավարությունը ստանում է հաշվետվությունները և համապատասխան հաշիվներով վճարում է: Մասնավորապես, առաջին ծրագիրը վերաբերում է մարզերին. աջակցություն է տրամադրվում բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար բոլոր այն ընտանիքներին, որոնք ունեն առնվազն երկու անչափահաս երեխա: Աջակցությունը հետևյալն է՝ երկու անչափահաս երեխայի դեպքում մինչև 1 մլն դրամ, երեքի դեպքում՝ մինչև 1,5 մլն դրամ, 4 և ավելիի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։

Հաջորդ ծրագիրը վերաբերվում է այն ընտանիքներին, ովքեր ունեն հիփոթեքային վարկ, և նրանց ընտանիքում ծնվում է երեխա: Այս պարագայում կառավարությունն աջակցում է հետևյալ կերպ՝ առաջին և երկրորդ երեխայի դեպքում մինչև 500 հազար դրամ, եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25-ը՝ մինչև 1,5 մլն դրամ։ Երրորդ և հաջորդ երեխայի դեպքում պետությունը հիփոթեքային վարկի մայր գումարից մարում է մինչև 2 մլն դրամ, եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30-ը՝ մինչև 4 մլն դրամ։

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած զինծառայողներն անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարաններ կստանան

Կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության, քաղաքացիների կողմից կադրային սպայական ծառայության ընտրության և ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի համաձայն՝ ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանվում է 20 տարի: Սահմանվում է նաև ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք, սահմանվում են անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրման, ինչպես նաև անհատույց օգտագործման իրավունքի դադարման պայմանները: Բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը և պայմանները սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ:

Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գործընթացի շրջանակում նախատեսվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունը ավարտելուց հետո հատկացնել անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարաններ։ «Իսկ 20 տարվա զինվորական ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչ պայմանագրի ժամկետը լրանալը առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունքի ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին կտրամադրվի անհատույց սեփականության իրավունքով։

Բացի այդ, նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու, մահանալու դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է նրա ընտանիքի անդամներին»,- ասել է նախարարը։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ ռազմաուսումնական հաստատություն ընդունված և ավարտած սպային է հատկացվելու պետական բնակարանը. «Այսինքն, իրենից միայն պահանջվում է ստանալ պատշաճ ուսումնառություն և ավարտել ռազմաուսումնական հաստատությունը: Սպան այդ պահին բնակարանը ստանում է և կարող է այն օգտագործել ինչպես ուզենա. կարող է բնակվել, կարող է վարձակալության տալ, բայց չի կարող օտարել, որովհետև լիարժեք սեփականության իրավունք չի ստանում: Օրինակ՝ մենք բնակարան ենք տալիս Երևանում, իսկ սպան ծառայություն է ստանում, ենթադրենք, Վանաձորում: Մենք սպային ասում ենք՝ դու այդ բնակարանդ կարող ես վարձով տալ, Վանաձորում բնակարան վարձել քեզ համար»:

Վարչապետը կարևորել է օրինագծի ընդունումը նաև ռազմաուսումնական կրթությունը խթանելու առումով: «Մենք պատրաստել ենք նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմաուսումնական համալսարանի բարեփոխումների շատ լուրջ փաթեթ և՛ բովանդակային, և՛ ֆիզիկական ենթակառուցվածքի առումով: Իհարկե, գիտեք, որ մենք Զինված ուժերի բարեփոխումների շատ կարևոր փուլ ենք թևակոխում, և այս որոշումը, կարծում ենք, որ պիտի ունենա անկյունաքարային նշանակություն» - ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հավելել է նաև, որ կառավարությունը պետք է գնա այս ճանապարհով. հնարավորություն ստեղծի զինվորականի համար կենտրոնանալ իր պրոֆեսիոնալ գործի վրա ՝ունենալով հնարավորինս շատ սոցիալական երաշխիքներ:

Հուլիսի 1-ից բնակարանների և ավտոմեքենաների առք ու վաճառքը կանխիկ գումարով այլևս հնարավոր չի լինելու իրականացնել

Կառավարությունը հավանություն է տվել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Մասնավորապես, օրենքի ուժի մեջ մտնելուց՝ 2022 թ. հուլիսի 1-ից հետո անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների կողմից կնքվող այն գործարքների համար, որոնց մի կողմը ֆիզիկական անձ է, և այն գործարքների դիմաց, որոնք կնքվում են ֆիզիկական անձանց միջև և գերազանցում են օրենքով սահմանված շեմը, վճարումն իրականացվելու է անկանխիկ ձևով: Օրենքի կիրառումն ապահովելու համար, անհրաժեշտ է սահմանել կարգավորումներ, որոնցով օրենքի պահանջներից խուսափելու և դրանք չկատարելու նպատակով մասնատված գործարքը կհամարվի մեկ միասնական գործարք օրենքի իմաստով և համապատասխան հոդվածների պահանջները չպահպանելը կհանգեցնի գործարքի անվավերության, այն է՝ այդ գործարքն առոչինչ է:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծի ընդունումը և նշել, որ կանխիկի շրջանառության կրճատումը կառավարության բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է: «2022 թ. հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների առք ու վաճառք կանխիկ դրամով հնարավոր չի լինելու իրականացնել: Բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ: Եվ մենք, իհարկե, ենթաօրենսդրական ակտերով այս ամեն ինչը պիտի ապահովենք», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս փաթեթով էլ բարեփոխման ընթացքը չի ավարտվում: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կանխիկի շրջանառության կրճատումը տնտեսական անվտանգության ապահովման շատ կարևոր արդյունք ունի նաև:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև առցանց հարթակներում կանխիկ գումարով խաղադրույքները սահմանափակող օրենքին, որը վերջերս է ընդունվել: «Արգելվում է կանխիկ գումարների և դրամապանակների միջոցով խաղադրույքների կատարումն օնլայն խաղային հարթակներում: Սա էլ է շատ կարևոր բարեփոխում: Իմ ուշադրությունը գրավում է նաև այն փաստը, որ ի հեճուկս նրա, որ մենք պայմանավորվել ենք՝ խաղային գովազդներ քաղաքում չեն լինելու, բայց թաքնված գովազդի օրինակներ շարունակաբար տեսնում ենք: Կներեք, բայց պետք չէ, որ վարչապետը կամ բարձրաստիճան պաշտոնյաները դա նկատեն, զանգեն, ասեն: Գտեք ձևերը և թաքնված գովազդները վերացրեք, ընդհանրապես չտեսնենք: Եթե պետք է, անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ էլ ընդունենք: Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Եկեք իրար խաբելու ռեժիմի մեջ չմտնենք: Ուզում եմ մեր տնտեսվարողներին էլ խնդրել, որ չանեն: Ուղղակի հավաքեք ձեր այդ թաքնված գովազդները, որոնք նմանվում են թակարդների»,- ասել է կառավարության ղեկավարը:

Երեք բանկ արդեն միացել է կենսաթոշակների և նպաստների անկանխիկ գործարքների 10 տոկոս հետվճարի ծրագրին

Կառավարության այսօրվա նիստում, կանխիկի շրջանառության կրճատմանը վերաբերող օրինագծի քննարկման ընթացքում, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է վերջերս կառավարության ընդունած այն որոշմանը, որի համաձայն 10 տոկոս հետվճար է նախատեսվում կեսաթոշակների, նպաստների անկանխիկ գործարքների դեպքում: «Ցանկանում եմ տեղեկացնել, որ ծրագրին արդեն երեք բանկ է միացել՝ «Արդշինբանկը», «ՎՏԲ-Հայաստան բանկը» և «Հայբիզնեսբանկը»: Շուրջ 560 հազար թոշակառուներից 390 հազարն արդեն իսկ բանկային քարտերով են իրենց թոշակները ստանում, իսկ 80 հազար նպաստառուներից՝ դեռևս 1000-ը: Կարծում եմ, որ այս որոշումը հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո, մնացածն էլ կփորձեն անցել անկանխիկի մեր այս քաղաքականության տրամաբանության մեջ» ,- ընդգծել է նախարարը:

Վարչապետն էլ նշել է, որ այն թոշակառուները և նպաստառուները, որոնք անկանխիկ չեն ստանում իրենց կենսաթոշակն ու նպաստը, հնարավորություն ունեն այս ընթացքում բանկային քարտեր ստանալու. «Իհարկե, հույս ունեմ, որ մեր բանկերը կկարողանան այդ հոսքերը պատշաճ ձևով սպասարկել»:

Տավուշի մարզի թվով 80 դպրոցներ կապահովվեն լաբորատոր սարքավորումներով և գույքով

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագիր. դրամաշնորհ թիվ TF0B2692» դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության ստորագրման առաջարկությանը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն նորարարության. գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (ԳՏՃՄ) ոլորտներում կրթության բարելավում» դրամաշնորհային համաձայնագիր թիվ 1 փոփոխությունը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի՝ «մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը» դրույթին։ Վերոնշյալ փոփոխությունը հնարավորություն կտա ՀՀ Տավուշի մարզի թվով 80 դպրոցներում ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ՏՀՏ առարկաներից լաբորատոր սարքավորումների, պարագաների, նյութերով և գույքով տրամադրման գործընթացը ամբողջական ապահովելու համար։ Այդ դպրոցները հագեցած կլինեն առարկայական վերանայված ծրագրերին և չափորոշչին համապատասխանող ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներով և գույքով, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով, որն էլ առավել արդյունավետ կդարձնի լաբորատորիաներում դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառումը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս որոշմամբ առաջ են գնում հանրակրթության բովանդակային բարեփոխումների սկսված գործընթացով: «Լաբորատոր ենթակառուցվածքների ստեղծման համար նախատեսված գումարը դառնում է 4,1 մլն եվրո: Սա հնարավորություն է տալիս ամբողջությամբ ծածկել Տավուշի մարզի բոլոր դպրոցներում անհրաժեշտ ենթակառուցվածքները»,- ասել է փոխնախարարը:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է նաև, որ դպրոցներում ներդրվում է և այժմ Տավուշում փորձարկվում է նոր առարկա, որը կոչվում է «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»: Այն ուսուցանվում է 2-րդ դասարանից սկսած: «Մենք մինչև 2026 թվականը բոլոր դպրոցներում պետք է ունենանք անհրաժեշտ լաբորատորիաները: Այս ուղղությամբ բոլոր աշխատանքները ընթացքում են: Տեղեկացնեմ նաև, որ բոլոր ավագ դպրոցներում արդեն իսկ ստեղծված են ավելի քան 330 լաբորատորիաներ, որոնք ակտիվորեն օգտագործվում են»,-ասել է փոխնախարարը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է. «Խնդիր է դրված, որ բնագիտական առարկաների ուսուցումը դարձնել փորձարարական: Այս պրոբլեմը կա մեր կրթական համակարգում ընդհանրապես, այդ թվում՝ բուհական: Երեխաները նյութի, թեմայի հետ առնչվելու, փորձեր իրականացնելու, լաբորատոր պայմաններում ուսումնառությունն իրականացնելու հնարավորություն պետք է ունենան: Եվ մենք, այո՛, ասել ենք, որ մինչև 2026 թվականը Հայաստանի բոլոր դպրոցները, առանց բացառության, պետք է ապահովված լինեն լաբորատորիաներով: Այս ծրագիրը մենք Տավուշի մարզից ենք սկսում»:

Վարչապետն ընդգծել է նաև, որ հանրակրթության ոլորտի բարեփոխումները կարևոր և ռազմավարական նշանակություն ունեն, որի համար գումար չպիտի խնայեն. «Կրթության ոլորտում պետական ներդրումներն ամենանպատակայինն են»:

Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ատեստավորում անցած մանկավարժների դրույքաչափերի և հավելավճարների բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ 2021 թ. սեպտեմբերի 18-ին, 19-ին, 25-ին և 26-ին անցկացվել է ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքի ստուգում՝ 7-12-րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն, հայ գրականություն, հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն առարկաները դասավանդող ուսուցիչների համար: «Ատեստավորման նոր համակարգի ներդրում` ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը» միջոցառման շրջանակում ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքի ստուգման նպատակով հայտ ներկայացրած 1372 ուսուցչից ատեստավորմանը մասնակցել են 996-ը, որոնցից 478 ուսուցիչ հաղթահարել են 70 միավորի շեմը և կստանան 30-50 տոկոս հավելավճար: 2022 թ. գումարը հաշվարկվել են միջին աշխատավարձի 125 000 դրամ հիման վրա, որը չի ապահովում համապատասխան որոշման պահանջը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ նախատեսվում է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններին հատկացնել կապիտալ դրամաշնորհներ: Ըստ հիմնավորման՝ դրամաշնորհներ կտրամադրվեն Եղվարդի N 1, Արարատի, Ա. Երզնկյանի անվան Երևանի N 118, Երևանի Մ. Քաջունու անվան հ. 54, Մարտունու Տ. Աբրահամյանի անվան, Երևանի Մ. Գալշոյանի անվան հ. 148, Երևանի Գ. Գյուլբենկյանի անվ. թիվ 190 ավագ դպրոցներին, Աբովյանի կրթահամալիրին, Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցին և Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին: Որոշման նպատակը հանրակրթական ուսումնական հաստատությունների մասնակի նորոգումն է կամ գույքի ձեռք բերումը: Արդյունքում վերոնշյալ հանրակրթական ուսումնական հաստատությունները հնարավորություն կունենան կատարելու կապիտալ ծախսեր՝ իրենց խնայողություններ հաշվին:

7.8 մլրդ դրամ կհատկացվի ճանապարհահատվածների շինարարության համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է նախատեսել ֆինանսական միջոցներ՝ 2022 թ. հիմնանորոգման ծրագրի 11 ճանապարհահատվածների շինարարության համար։ Ըստ այդմ, առաջարկվում է 7.8 մլրդ դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ընդհանուր առմամբ նախատեսվում է հիմնանորոգել 62.5կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհ, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 8.5կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 39.4կմ և մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ` 14.6կմ: Նախատեսվում է հատկացնել 7,783,373,527 ՀՀ դրամ, որից շինարարական աշխատանքների իրականացման համար՝ 7,679,458,700 ՀՀ դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 46,326,365 ՀՀ դրամ, հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ 57,588,462 ՀՀ դրամ։

Մասնավորապես, կհիմնանորոգվի Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը (Վարդանաշեն, Երասխահուն, Ջրաշեն, Լուսագյուղ), Աբովյան- Արզնիհանրապետական նշանակության ավտոճանապարհը, Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհը, Իջևան - Նավուր - Բերդ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Իջևան, Իծաքար բնակավայրերի հատվածը և այլն: Աշխատանքները կմեկնարկեն 2022 թ. հունիսին և կավարտվեն մինչև տարեվերջ:

Երևանում այս տարի կանցկացվի Շախմատի միջազգային երեք մրցաշար. կառավարությունը 22,315 հազար դրամ կհատկացնի Երևանի շախմատի ֆեդերացիային

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում. 22,315 հազար դրամ կհատկացվի «Երևանի շախմատի ֆեդերացիա» ՀԿ-ին Շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի աջակցության ծրագրի շրջանակում 2022 թ․Երևանում նախատեսվող երեք միջազգային մրցաշարերի կազմակերպման համար: Շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի աջակցության ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն լայն հնարավորություններ երիտասարդ և խոստումնալից հայ շախմատիստների փորձի ձեռք բերման ու մասնագիտական աճի համար։ Ըստ հիմնավորման՝ 2022 թ․նախատեսում է թվով երեք միջազգային մրցաշարերի կազմակերպում և անցկացում՝«Երևան օփեն 2022» միջազգային մրցաշար, «Ապագա տաղանդներ 2022» պատանիների շախմատիստների միջազգային մրցաշար, «Պատանիների շախմատիստների և շախմատային մարզիչների համար միջազգային մրցաշար»։ Հոկտեմբերին նախատեսվող «Երևան օփեն 2022» միջազգային մրցաշարին կմասնակցեն շուրջ 14 երկրից ավելի քան 310 մասնակից, մրցաշարի մրցանակային ֆոնդը կկազմի 14,000 հազար դրամ։ Հունիս-հուլիս ամիսներին կանցկացվի «Ապագա տաղանդներ 2022» պատանիների շախմատիստների միջազգային մրցաշարը, որին մասնակցելու է 10 շախմատիստ՝ 6-ը Հայաստանից և 4-ը արտերկրից։ Մրցանակային ֆոնդը կկազմի 2,550 հազար դրամ: Մրցաշարի ընդանուր ծախսը կազմելու է 4,539․5 հազար դրամ։ Դեկտեմբերին նախատեսվող «Պատանիների շախմատիստների և շախմատային մարզիչների համար միջազգային մրցաշար»-ին մասնակցելու են 5 պատանի շախմատիստ՝ 2006 թ․ հետո ծնված, ինչպես նաև 5 լավագույն շախմատային մարզիչներ՝ երկու շրջանով։ Մրցանակային ֆոնդը կկազմի 3,350 հազար դրամ։ Մրցաշարի ընդանուր ծախսը կկազմի 3,775․5 հազար դրամ։

Կառավարությունը կհատկացնի լրացուցիչ 150 մլն դրամ՝ զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով ՀՀ 2022 թ. պետական բյուջեից կհատկացվեն միջոցներ՝ զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերը մասնակի փոխհատուցելու համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրի ֆինանսավորման համար բյուջեից հատկացնել ևս շուրջ 150 մլն դրամ: Հիմնավորման համաձայն՝ միջոցառման համար նախատեսված է 12,400.0 հազ. դրամ՝ 8 շահառուի կատարած ծախսերը մասնակի փոխհատուցելու համար, ինչը, սակայն բավարար չէ, հաշվի առնելով, որ միջոցառման շրջանակում փոխհատուցում ստանալու համար շահառու ծնողների թիվը շարունակում է ավելանալ: 2021 թ. դեկտեմբերի 1-ի հետո ստացվել է ավելի քան 200 դիմում:

Կպարզեցվի տրանսպորտային միջոցի պետական գրանցման, հաշվառման գործողության վարչարարությունը

Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ տրանսպորտային միջոցի պետական գրանցման և (կամ) հաշվառման գործողության վարչարարությունը պարզեցնելու, ինչպես նաև այդ գործողությանը մասնակցող քաղաքացիների և վարչական մարմինների ռեսուրսները տնտեսելու նպատակով: Ըստ այդմ, հաշվի առնելով, որ մաքսային մարմինները նախքան մաքսային ձևակերպումն իրականացնում են տրանսպորտային միջոցի իրական և փաստաթղթային տվյալների համապատասխանելիության ստուգում, զննում և տվյալների հավաքագրում, իսկ հետագայում այդ նույն գործողությունները իրականացնում է ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանումը, առաջարկվում է սահմանված կարգավորումներով բացառել պետական կառավարման տարբեր մարմինների կողմից միևնույն գործողության կրկնակի կատարումը: Մաքսային մարմինները ներմուծված տրանսպորտային միջոցի զննության արդյունքում ստուգման և հավաքագրման ենթակա տվյալները ՀՀ ոստիկանությանն կուղարկվեն առցանց եղանկով, որի արդյունքում կպարզեցվի և կկրճատվի վարչարարությունը։ Տրանսպորտային միջոցի զննությամբ հավաքագրվող տվյալների ցանկը և զննության իրականացման պայմանները կսահմանվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով։

Օրենսդրական այլ նախաձեռնություններ

Կառավարությունը հավանություն է տվել նաև ««Հաշտարարության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերին: Օրենսդրական նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հաշտարարության ինստիտուտի բարեփոխման անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարեփոխել հաշտարարության ինստիտուտը հանրապետությունում, նախատեսել օրենսդրական խթաններ ուղղված հաշտարարության՝ որպես վեճերի այլընտրանքային միջոցի զարգացմանը, ինչը կհանգեցնի նաև դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը: Ըստ հիմնավորման՝ ներկայում օրենքով հստակ նախատեսված չեն հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինների ձևավորման կարգը, գործառույթները և լիազորությունների շրջանակը: Օրենքում բացակայում են նաև որոշակի իրավակարգավորումներ՝ կապված հաշտարարներին կարգապահական պատասխանատվության ենթարկման, ռեեստրի վարման, հաշտարարների թեկնածուի ընտրության և նշանակման հետ: Օրենքի նախագծով նախատեսվել են կողմերի փոխադարձ համաձայնության առկայության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում առցանց հաշտարարության իրականացման հնարավորություն: Մասնավորապես, առաջարկվել է ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, ծնողական իրավունքների իրականացման, երեխայի մերձավոր ազգականների՝ երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերով մինչև դատարան դիմելը նախատեսել պարտադիր հաշտարարության պահանջ: Նախագծով սահմանվել են նաև արտոնագրված հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար պետական տուրքի չափը, ինչպես նաև պետական տուրքի նվազեցման և վերադարձման նոր դեպքեր։

Կառավարությունը հավանություն է տվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծով նախատեսվում է կարգավորել կատարողական վարույթի շրջանակում որոշակի գործողություններ միևնույն կամ այլ ստորաբաժանումների հարկադիր կատարողների կողմից իրականացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանել կատարողական վարույթները մեկ վարույթում միավորելու և առանձնացնելու վերաբերյալ կարգավորումներ։ Նախագծի ընդունումը թույլ կտա նաև ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր՝ ծառայությունում առանձին մասնագիտացված ստորաբաժանումներ ստեղծելու և կատարողական առավել բարդ, որոշակի մասնագիտացում պահանջող գործողություններն այդ ստորաբաժանումների միջոցով իրականացնելու համար։ Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի նաև կատարողական վարույթի շրջանակում մի շարք օժանդակ գործողություններ այլ աշխատակիցների կամ այլ ստորաբաժանումների միջոցով իրականացնելու արդյունքում նվազեցնել հարկադիր կատարողի ծանրաբեռնվածությունը և բարձրացնել կատարողական վարույթի արդյունավետությունը։

Հավանություն է տրվել նաև «Դատական ակտերի հարկադիր հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծով նախատեսվում է կարգավորել կատարողական վարույթի շրջանակում գույքն ի պահ ընդունելու գործընթացը, սահմանել գույքն ի պահ ընդունելու իրավունք ունեցող անձանց շրջանակին, գույքն ի պահ ընդունելու գործընթացի ձևակերպմանը, գույքի պահպանության հետ կապված ծախսերի փոխհատուցմանը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ի պահ ընդունված և սեփականատիրոջ կողմից չպահանջված կամ չընդունված գույքի հետագա տնօրինմանն առնչվող կարգավորումներ։

Հավանությանն են արժանացել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերը: Օրինագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր ակցիայի կիրառման համար, որոնք կնպաստեն արդար առևտրի իրականացմանը, այդ թվում մրցակցային միջավայրի բարելավմանը և սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը։ Օրինագծերով կարգավորվել են ակցիայի հասկացությունը և տեսակները, զեղչի հասկացությունը և կիրառման պայմանները, այդ թվում՝ ժամկետային սահմանափակումը, ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումներին ներկայացվող պահանջները և կիրառման պայմանները: Նախատեսվում են կագավորումներ ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջների վերաբերյալ:

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ ջրային օրենսգրքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Օրինգածերի նպատակն է, մասնավորապես, ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծման միջոցով ազգային ջրային պաշարի պահպանումը: Նախատեսվում է թեթևացնել ջրօգտագործման թույլտվության ձեռք բերման ժամանակ ջրօգտագործողի վարչարարական բեռը, իսկ ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար պահանջվող ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների հաշվարկման գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար կսահմանվի պետական տուրք՝ ապահովելով նշված գործունեության իրականացման օրինականության սկզբունքը և պետական բյուջեի եկամուտներում ավելացում։ 

Միջազգային համագործակցություն

Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությունը: Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերի իրականացման նպատակով նախատեսվում է տրամադրել 478.2723 մլն ՀՀ դրամ գումարի չափով դրամաշնորհային աջակցություն:

Գործադիրը հավանություն է տվել 2021 թ. հոկտեմբերի 15-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Գերագույն (բարձրագույն) դատարանների նախագահների խորհուրդ ձևավորելու մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրի նպատակն է ամրապնդել հետագա միջպետական իրավական համագործակցությունը դատական ոլորտում և ընդլայնել կողմերի դատական մարմինների միջև փոխադարձ իրավական օգնություն տրամադրելու մեխանիզմները:

Այլ որոշումներ. 16 բնակելի տարածք կնվիրվի դրանք զբաղեցնող քաղաքացիներին

Կառավարությունն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում: Արդյունքում կլուծվեն ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվեն բնակչության սոցիալական պայմանները, այլ նաև բնակիչների մոտ խթան կառաջացնի հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերը լուծելու գործում: Ըստ հիմնավորման՝ Պետական գույքի կառավարման կոմիտե են դիմել քաղաքացիներ՝ զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու խնդրանքով: Որոշմամբ առաջարկվում է նվիրատվության ներկայացնել 16 բնակելի տարածք (14 ընտանիք, 31 անձ):

Կառավարությունը հաստատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» համապատասխան բանաձևի դրույթների իրականացման 2022-2024 թթ. գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը: Ծրագիրը հնարավորություն կտա շարունակել աշխատանքները կանայք, խաղաղություն և անվտանգություն ՄԱԿ-ի օրակարգի դրույթների իրականացման ուղղությամբ՝ Հայաստանը ներգրավելով այս թեմայով միջազգային համագործակցության տարբեր հարթակներում տարվող աշխատանքներում: Ծրագիրն անդրադառնում է նաև 2020 թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի արդյունքում Հայաստանի սահմանամերձ շրջանների և Արցախի կանանց առջև ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին: Գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը կարևորում է կանանց մասնակցությունը պաշտպանության համակարգում, ընդգծում է տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավման անհրաժեշտությունը՝ տեղերում ապահովելու համար ծրագրի դրույթների արդյունավետ իրականացումը:
 

← Վերադառնալ