Մամլո հաղորդագրություններ

«Պետությունը պիտի երաշխավորը լինի այն մոտեցման, որ յուրաքանչյուր երեխայի տաղանդ պետական արժեք է, և պիտի պաշտպանվի պետության կողմից». վարչապետ

01.09.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սեպտմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առիթով, ներկայացրել կրթության ոլորտում լայնածավալ բարեփոխումների ընթացքը:

Ստորև ներկայացվում է վարչապետի ելույթի սղագրությունն ամբողջությամբ.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս և առաջին հերթին՝ մեր սիրելի աշակերտներին, ուսանողներին, սովորողներին, ուսուցիչներին, դասախոսներին Սեպտմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առիթով:

2022 թվականի հուլիսի 28-ին կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որը պիտի քննարկվի և վերջնական տեսք ստանա Ազգային ժողովում: Ծրագրի մեջ նախագծված են մեր միջնաժամկետ անելիքները՝ նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական և բարձրագույն ու հետբուհական կրթության բնագավառներում: Համոզմունքս է, որ այդ փաստաթղթի բարեհաջող իրագործումը երաշխավորելու է Հայաստանի ապագան:

Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից: Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառի հաստատությունները միշտ չէ, որ հասանելի են սովորողներին և միշտ չէ, որ ապահովում են պատշաճ մասնագիտական որակավորում: Դրա արդյունքում մենք մի կողմից ունենք գործազրկություն, մյուս կողմից՝ գնալով ավելի ու ավելի բարձր են հնչում երկրում որակավորված աշխատուժի բացակայության մասին պնդումները: Մեր երկրում չեն գործում բուհական պատշաճ չափանիշներ: Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են: Բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն: Սրա հետևանքով ավելի ու ավելի հաճախ են լսվում տարակուսած բողոքներ, թե մարդիկ բարձրագույն կրթության երբեմն երկու դիպլոմով ի վիճակի չեն աշխատանք գտնել և մատնված են աղքատության: Այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ, որովհետև գոյություն ունի ապագայի հաշվին և ական է մեր ապագայի տակ: Ըստ այդմ՝ կրթության ոլորտում մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում:

Մինչև 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու մեր ծրագիրը, որն ամրագրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, մեկնարկել է: Այս ծրագրի իրականացման արդյունքում նույնիսկ հեռավոր բնակավայրերի երեխաները բարձրորակ մանկապարտեզներ, նախակրթարաններ ու դպրոցներ հաճախելու հնարավորություն են ունենալու, ինչը գյուղերի վերածննդի առանցքային գործոն պիտի դառնա: Իմ դիտարկմամբ, Հայաստանի բազմաթիվ գյուղեր դատարկվել են նաև այն պատճառով, որ նախադպրոցական տարիքից սկսած՝ երեխաների պատշաճ կրթություն ստանալու ոչ մի հնարավորություն և հեռանկար չի եղել այդ գյուղերում, և ծնողները նախընտրել են հեռանալ նաև երեխաների համար կրթության հեռանկար ստեղծելու համար: Այժմ գյուղական բնակավայրերում բացվող մանկապարտեզները, դպրոցները մեր մի շարք գյուղերի վերածննդի անկյունաքարն են դառնալու:

Հատուկ ուշադրություն եմ ուզում դարձնել միջգյուղական կրթահամալիրների ծրագրին: Նմանատիպ ծրագրեր իրականացնելու ենք այն գյուղերի համար, որոնցից ոչ մեկում երեխաների անհրաժեշտ թվակազմ չկա առանձին դպրոց կամ մանկապարտեզ ունենալու համար, և կա հնարավորություն մի քանի գյուղերի երեխաներին հավաքելու մեկ տեղում: Մենք նոր շենքեր կկառուցենք, դրանք կհագեցնենք նոր գույքով, դեպի այդ կրթահամալիրները տանող նոր ճանապարհներ կկառուցենք, երեխաներին տեղափոխելու համար նոր ավտոբուսներ կամ միկրոավտոբուսներ կդնենք և կապահովենք պատշաճ կրթություն ստանալու նրանց իրավունքը:

Ուզում եմ ընդգծել նաև, որ գյուղական և քաղաքային բնակավայրերում բացվող և բացվելիք մանկապարտեզային նախակրթարանի դպրոցական տեղերը ոչ միայն պատշաճ կրթություն ստանալու հնարավորություն են տալու մեր մանուկներին՝ նրանց բարեկեցիկ ապագայի հիմքը դնելով, այլև նրանց մայրիկների համար կրթություն ստանալու, հանրային ու տնտեսական գործունեության մեջ ներգրավելու ճանապարհ են բացելու, որն իր հերթին Հայաստանի տնտեսական, քաղաքական ու քաղաքակրթական զարգացման էական գործոն է դառնալու և բազմաթիվ ընտանիքներ կրթությամբ ու աշխատանքով հաղթահարելու են աղքատությունը:

Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի տաղանդի խրախուսման, տաղանդների փնտրտուքի, բացահայտման ու պաշտպանության մեխանիզմների ձևավորումը: Նախադպրոցական կրթության և հանրակրթության նոր չափորոշիչներն էլ պիտի դառնան այն հավելյալ գործիքը, որ տաղանդին ինքնադրսևորվելու, արտահայտվելու ու զարգանալու հնարավորություն կտան:

Մենք չենք կարող հանդուրժել մեր ուսուցիչներին և դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձերը և դրանք ընդհուպ եռապատկելու գործընթաց ենք մեկնարկել այն ընկալմամբ, որ այդ գործընթացը պիտի զուգակցվի ուսուցչի կամավոր ատեստավորմամբ: Ընդ որում՝ դա պիտի լինի շարունակական գործընթաց, և ատեստավորված ուսուցիչները հինգ տարին մեկ նույն եղանակով իրենց աշխատավարձը կրկին բարձրացնելու հնարավորություն պիտի ստանան: Այսինքն՝ ամեն հինգ տարին մեկ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները նորից կարող են կամավոր ատեստավովել և կրկին աշխատավարձի բարձրացում ունենալ, որովհետև ժամանակի ընթացքում գնաճ է տեղի ունենում, փոխվում են գները, և ուսուցիչները նույնպես այդ աշխատավարձերն որակի, որակավորման վերահաստատմամբ պիտի բարձրացնելու հնարավորություն ունենան: Իսկ մի քանի տարի կամավոր ատեստավորում չանցած ուսուցիչներն այդ կարգավիճակը պահպանելու հնարավորություն չեն ունենալու: Այսինքն՝ ուսուցիչ աշխատելու հնարավորություն չեն ունենալու: Նույն գործընթացը պիտի ընդգրկի նաև մանկապարտեզների դաստիարակներին:

Հանրակրթության բնագավառում պիտի ուշադրություն դարձնենք նոր տեխնոլոգիաների կիրառմանը: Այսօր լայնորեն տարածվում է հեռավար ուսուցումն ամբողջ աշխարհում, և մենք պետք է ապահովենք նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը, որպեսզի մեր երեխաները նաև նմանատիպ որակյալ ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենան:

Բարձրագույն կրթության բնագավառում նույնպես բարեփոխումների մեկնարկն այլևս չի կարելի հետաձգել, և ընդունելության քննությունների խայտառակ վիճակագրությունը պետք է ուժեղ ազդակ դառնա սրա համար: Այս տարի բուհական ընդունելության տեղերի շուրջ 60 տոկոսը թափուր են մնացել: Ընդ որում՝ պետական բուհերում թափուր է մնացել տեղերի ավելի քան 40 տոկոսը, մասնավոր բուհերում՝ շուրջ 98 տոկոսը: Չնայած կան պետական բուհեր, որոնցում վիճակագրությունը մոտ է մասնավորին: Այսինքն՝ մենք ունենք նաև պետական բուհեր, որին պետությունը հատկացրել է տեղեր, և 90, 92, 94, 98 տոկոսով թափուր են մնացել:

Մեր բուհերը թե՛ ֆիզիկական ենթակառուցվածքի, թե՛ կրթական պրոցեսի մակարդակով հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Երկրում կա՛մ չկան բուհական ստանդարտներ, կա՛մ չեն գործում: Բարձրագույն կրթությամբ դիպլոմով մարդիկ հաճախ անմրցունակ են աշխատաշուկայում, ինչպես արդեն նշեցի: Այս ոլորտում մենք մտադիր ենք գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես որ ունենանք առավելագույնը 8 կոնսոլիդացված պետական բուհ: Այդ բուհերը, ուշադրություն դարձրեք, լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին՝ սկսած ֆիզիկական, այդ թվում՝ կրթական, հետազոտական, մարզական, հանրակացարանային ենթակառուցվածքներից մինչև միջազգային կրթական ծրագրերը և որակավորված ու պատշաճ վճարվող պրոֆեսորադասախոսական կազմը: Մենք արդեն կողմնորոշվել ենք ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ՝ Աշտարակում, և միավորվող, նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ: Մեր բուհերը, ըստ այդմ, պետք է գրավիչ լինեն ոչ միայն հայաստանյան, այլև օտարերկրյա ուսանողների համար, և օտաերկրացի ուսանողների թվի շարունակական ավելացումը մեր բուհական համակարգի մրցունակության ամենավստահելի ցուցիչը պիտի դառնա:

Ես ուզում եմ պարզաբանել գաղափարը և նաև ասել հետևյալը, որ ճիշտ է, ֆորմալ առումով մենք ունենք երկրում բուհերի հավատարմագրման և լիցենզավորման կարգեր, բայց ընդհանուր առմամբ՝ մենք պետք է արձանագրենք, որ պրոբլեմ ունենք: Ո՞րն է մեր գաղափարը: Մենք ասում ենք, որ քանի որ, այսպես ասած, ինքնաբերաբար չի ստացվում, մենք երկրում պետք է ունենանք, կոնսոլիդացնենք մինչև 8 գիտահետազոտական բուհ, այդ բուհերի ամբողջ ֆինանսավորումը վերցնենք՝ սկսած ֆիզիկական ենթակառուցվածքներից, բովանդակային, պրոֆեսորադասախոսկան կազմի աշխատավարձեր և այլն: Եվ մենք պետք է սահմանենք բուհի ստանդարտ: Այսինքն՝ նախ պետությունը պետական բուհերի հետ այդ աշխատանքը պետք է անի, և մենք պետք է ասենք, որ Հայաստանի Հանրապետությունում բուհ կարող է կոչվել միայն այն հաստատությունը, որը համապատասխանում է այս չափանիշին, այս ստանդարտին, որը պետությունն ինքը սահմանել է: Որևէ բուհ, որը չի համապատասխանում այս ստանդարտին, մենք գնալու ենք և ուղղակի այդ ցուցանակը, որտեղ գրված է բարձրագույն ուսումնական հաստատություն, հանենք, որովհետև շատ դեպքերում բացի այդ ցուցանակից ուրիշ ոչ մի բան չկա: Այսինքն՝ այդ ցուցանակը, որ հանում ես, ընդամենը դառնում է վարձով տարածք, ինչին էլ արժանի է: Էլ չեմ ասում, որ մենք հետևողական պետք է լինենք, որովհետև եթե նկատել եք, երկար տարիներ Հայաստանն անընդհատ միջազգային սկանդալների կիզակետում է հայտնվում, որովհետև տեղեր կան, որտեղ այդ ցուցանակն է և մի քսերոքսի սարք, որով դիպլոմ են բաժանում, ընդ որում՝ հաճախ, ենթադրենք, նեյրոխիրուրգի, վիրաբույժի: Հետո այդ մարդիկ ընդունվում են տարբեր երկրներում աշխատանքի, դեպքեր է լինում, սկսում են հետաքրքրվել, թե ով է այս մարդուն դիպլոմ տվել: Այդ մարդուն դիպլոմ է տվել Հայաստանի Հանրապետությունը:

Ես ուզում եմ ասել նաև, ակնհայտ է, մենք այնքան երկար ենք քննարկում այս թեման, որ անընդհատ լինելու է դիմադրություն: Ու հիմա էլի սկսելու են քննարկումները: Ես ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ ամռանը հունիս-հուլիս ամիսներին մենք ամենշաբաթյա, նույնիսկ շաբաթը երկու անգամ կրթության մեր պետական ծրագիրը քննարկել ենք: Եվ պարզ է եղել, որ եթե մենք հիմա այս որոշումները չկայացնենք, մենք աղետի առաջ ենք ուղղակի կանգնելու: Այսօր արդեն աղետի առաջ ենք: Ես ասել եմ մի քանի անգամ, հիմա էլ եմ ուզում կրկնել, որ այսօր ինչ պրոբլեմ մենք ունենք երկրում, բացարձակապես էական չէ՝ որտեղ, սկսած երթևեկությունից, սկսած հանցավարության մակարդակից, սկսած պետական կառավարման որակից, եթե ուզում ենք խորանանք, հասկանանք՝ պրոբլեմը որտեղ է, կխորանանք, կգնանք. կհասնենք մինչև մանկապարտեզ, որը գոյություն չունի այսօր հարյուրավոր գյուղերում Հայաստանի Հանրապետության: Ուղղակի չկա: Դպրոցներ, որ գոյություն չունեն: Մենք պետք է անպայման գնանք այս ճանապարհով և մենք պետք է այստեղ նույնպես վճռականություն ցուցաբերենք: Ընդհանարապես՝ ժամանակն է, չնայած մենք վճռականության պակաս երբեք չենք ունեցել, բայց չենք ցանկացել նաև, որ վճռականությունը դիտարկվի որպես ֆանատիզմ, այլ կարծիքներ չլսելու մտասևեռում, կամ այլ կարծիքներ լսելու ընդունակության բացակայություն: Բայց կարծում եմ, որ բավարար չափով քննարկել ենք, և այլևս պետք է անցնել քննարկվածի իրագործմանը:

Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում մեր տեսլականը հետևյալն է՝ ուսումնարանների հնարավորինս լայն բաշխվածություն հանրապետության տարածքով, այդ թվում՝ կոնկրետ մարզում այս կամ այն մասնագիտության պոտենցիալ պահանջարկի հաշվառմամբ, ֆիզիկական և բովանդակային ենթակառուցվածքների թարմացում, աշխատաշուկայում մրցունակ մասնագետների պատրաստման գործնական խնդրի լուծմանը համահունչ, որի անբաժանելի մաս է պրոֆեսիոնալ դասախոսների և վարպետների ներգրավումը, որոնք պիտի ուսուցանեն ոչ միայն ուսանողներին, այլև մասնագիտական վերապատրաստում անցնողներին:

Այս հատվածում ուզում եմ ուշադրություն հրավիրել երկու նրբության վրա: Նախ՝ մենք մտադիր ենք ուսումնարաններում որպես դասախոս ներգրավել հմուտ վարպետների, որոնք տիրապետում են արհեստների կամ մասնագիտության: Այսօրվա կարգավորումներով՝ նման հաստատություններում դասավանդելու համար պարտադիր բարձրագույն կրթություն է պետք, ինչն իրականում այնքան էլ հասկանալի չէ, որովհետև զոդել սովորեցնելն ամենալավը թերևս կարող է լավ զոդողը: Դժվար է պատկերացնել, որ, ասենք, ինչպես դպրոցներում իրավիճակ ունենք, երբ նույն ուսուցիչը 4-5 տարբեր առարկաներ է դասավանդում, մենք ենթադրաբար ուսումնարաններում իրավիճակ ունեք, երբ լավ, բարձրագույն կրթություն ունեցող պատմաբանին նշանակում ենք զոդող՝ որպես զոդման դասախոս: Իհարկե, նա կարող է կարդալ և պատմել, թե ինչպես են զոդում, բայց ցույց տալ, ցավոք, միշտ չէ: Իհարկե այստեղ էլ որոշակի վերապատրաստման և ատեստավորման մեխանիզմներ պետք է լինեն, նաև դասավանդող վարպետներին և դասախոսներին պատշաճ աշխատավարձով ապահովելու համար, որովհետև հակառակն էլ կա՝ ոչ բոլոր վարպետներն են, որ իրենք դասավանդման հմտություն ունեն: Այստեղ էլ պետք է, իհարկե ոչ բակալավրի չափանիշով, բայց պետք է մարդկանց հետ աշխատել, որովհետև լսարան մտնելը կամ ուսումնական հաստություն մտնելը, այնուամենայնիվ, և շփում ունենալը մարդկանց հետ ունի կարևոր առանձնահատկություններ, և հմտությունների կարիք կա: Եվ երկրորդ նրբությունը՝ ուսումնարանների սովորողների կարգավիճակում տեսնում ենք ոչ միայն պատանիների, այլև հասուն մարդկանց, ովքեր վերամասնագիտացման կամ մասնագիտացման անհրաժեշտություն կամ ցանկություն կունենան՝ աշխատաշուկայում առավել մրցունակ լինելու նպատակով: Սա չափազանց կարևոր է մեզ համար: Այստեղ էլ մենք պետք է էականորեն մեծացնենք ուսումնարանների պետական ֆինանսավորումը, բայց նաև օպտիմալացնելով նրանց թիվը, ապահովելով մարզային որոշակի բաշխվածություն, և որպես արդյունք՝ էականորեն բարձրացնելով կրթության որակն ու այն զուգակցելով հետազոտական, պրակտիկ աշխատանքի հետ:

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Աիրելի հայրենակիցներ,

Մեր կրթական ռազմավարության մեջ, ինչպես վերը նշեցի՝ էական գործոն պիտի դառնա տաղանդի բացահայտումը, խրախուսումը և զարգացումը, ըստ անհրաժեշտության, նաև պաշտպանությունը: Պարզաբանելով ասվածը՝ ուզում եմ ընդգծել, որ մեր կանխավարկածն այն է, որ յուրաքանչյուր երեխա տաղանդավոր է: Բայց որպեսզի նրա տաղանդը բացահայտվի՝ նա պիտի հասանելիություն ունենա կրթությանը: Ի՞նչ է սա նշանակում, սա նշանակում է, որ յուրաքանչյուր երեխայի պիտի հասանելի լինի որակյալ մանկապարտեզ, նախակրթարան, դպրոց: Բայց ուզում եմ ընդգծել, որ որակյալ մանկապարտեզը և դպրոցը կազմված է մի քանի բաղադրիչներից, արդեն ասացի՝ պատշաճ շենքային և գույքային պայմաններ, պատշաճ կրթական ծրագիր և բովանդակություն, որակյալ մանկավարժական կազմ: Այս բաղադրիչներից որևէ մեկի բացակայությունն անարդյունավետ է դարձնում կրթությունը:

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մենք չափազանց պատասխանատու պիտի վերաբերենք այն հարցին, թե շենքային ինչ պայմաններում են ժամանակ անցկացնում մեր երեխաները, ինչի վրա են ծախսում ժամանակը, նկատի ունեմ՝ ինչ առարկայի, ինչ բովանդակության և ում հետ են ծախսում այդ ժամանակը, նկատի ունեմ՝ ինչ ուսուցչի: Եվ այս առումով չափազանց կարևոր է 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու, հիմնանորոգվելու մեր ծրագիրը: Չափազանց կարևոր է, որ մենք քաղաքական կամք դրսևորեցինք և ընդունեցինք նախադպրոցական կրթության և հանրակրթության նոր չափորոշիչները ու չափազանց կարևոր է արձանագրումը, էլի կրկնում եմ, որ եթե ուսուցիչը չի օգտվում իր աշխատավարձը բարձրացնելու հնարավորությունից և դա չի անում մի քանի տարի և մի քանի անգամ, ուրեմն նա կամ ուսուցիչ լինելու ցանկություն չունի, կամ ուսուցիչ լինելու հմտություն չունի, և մենք պետք է նրան աջակցենք՝ մասնագիտական վերապատրաստման և այլ աշխատանք գտնելու հարցում: Սա մեր երեխաների անվտանգության հարց է, սա մեր երկրի անվտանգության հարց է:

Բայց սա տաղանդների խրախուսման ամբողջ քաղաքականությունը չէ, որովհետև պետությունը պետք է ունենա մեխանիզմներ՝ նկատելու բացահայտված տաղանդը և ըստ անհրաժեշտության, այն զարգացնելու կոնկրետ մեխանիզմներ ունենա, որովհետև մեկը տաղանդավոր է բնական գիտությունների, մյուսը՝ արվեստի, երրորդը՝ արհեստի, չորրորդը՝ սպորտի մեջ: Մենք պետք է կարողանանք մեխանիզմներ ստեղծել տաղանդի զարգացման ընդհանրական ծրագրերից, ինչի մասին վերը նշեցի, հնարավորինս վաղ անցում կատարել անհատական ծրագրերի: Նկատի ունեմ՝ հնարավորինս վաղ նկատել կոնկրետ երեխայի տաղանդը, գնահատել տաղանդի առավելագույն զարգացման համար անհրաժեշտ կարիքները և դրանց զարգացման անհատականացված ապահովելու պետական երաշխիքներ ստեղծել: Սա մի թեմա է, որին մենք անդրադարձել ենք կրթության զարգացման պետական ծրագրի քննարկումների ժամանակ, և ես հիմա սա բարձրաձայնում եմ այս գաղափարի հետագա զարգացման անհրաժեշտությունն արձանագրելու համար: Վարչապետի աշխատակազմը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սա պիտի ընկալեն որպես հանձնարարական: Ընդ որում՝ տաղանդի զարգացման համակարգը պիտի գործի մանկապարտեզից մինչև ուսումնարան և բուհ, և մեր տեսլականն է, որ երկրում որևէ երեխա չպետք է զրկվի իր տաղանդը առավելագույնս զարգացնելու հնարավորությունից՝ իր ընտանիքի, ասենք, սոցիալական վիճակի պատճառով: Ընդհակառակը, պետությունը պիտի երաշխավորը լինի այն մոտեցման, որ յուրաքանչյուր երեխայի տաղանդ պետական արժեք է, և պիտի պաշտպանվի պետության կողմից:

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

սիրելի հայրենակիցներ,

սիրելի աշակերտներ, ուսանողներ, սովորողներ, ուսուցիչներ, դասախոսներ,

Այսօրվա Սեպտեմբերի 1-ի առիթն օգտագործեցի՝ կիսվելու համար կրթության ոլորտում մեր մի շարք ռազմավարական անելիքների շուրջ մտածումներով:

Խոսքս ուզում եմ ամփոփել Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ արձանագրված հետևյալ մտքով. «կրթությունը միակ գործիքն է, որ հնարավորություն է տալիս ճանաչել մեր խնդիրները և գտնել դրանց լուծումները: Մենք շատ խնդիրներ ունենք, և կրթությունն է այն գործիքը, որը մեզ պիտի թույլ տա ճանաչել դրանք և գտնել դրանց լուծումները:

Շնորհակալ եմ: Այսքանը՝ Սեպտեմբերի 1-ի առիթով»:

 


 

← Վերադառնալ