Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունն ընդունել է սահմանամերձ համայնքներին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում

16.09.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների հիշատակը:

Վարչապետի առաջարկությամբ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերն ընդունվել են չզեկուցվող փաթեթով:

Գործադիրն ընդունել է «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2022 թվականի ծրագիրը ՀՀ ազգային ժողով ներկայացնելու մասին» որոշում՝ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2023 թվականի ծրագիրը հաստատելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ աջակցություն ստացող սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրերի աջակցության համար պահանջվում է 973,673 հազ․ դրամ։ Ըստ այդմ, նախատեսվում է սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման և անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցման նպատակով գումարների տրամադրում:

Հաստատվել է բուհերի 2023/2024 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը. դիմորդը կարող է քննություն հանձնել երկու անգամ

Կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2023/2024 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Գիտելիքների ստուգման գործընթացն իրականացվում է միասնական մոտեցմամբ. անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և ոչ պետական հաստատությունների բոլոր դիմորդներն հանձնում են ընդունելության առնվազն 2 քննություն: Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվել են կամընտրական քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրել քննական առարկան: Որոշմամբ՝ կանոնակարգվել են բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը: Ըստ այդմ` նույն մասնագիտության դիմորդները պետք է հանձնեն ընդունելության նույն քննությունները` անկախ ընտրված բուհից:

2023/2024 ուստարվա դիմորդներն ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել և հանձնել 2 անգամ: Առաջին փուլում դիմումների հայտագրումն կիրականացվի այս տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը, իսկ քննությունները կանցկացվեն հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին (հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը): Երկրորդ փուլի հայտերն ընդունվելու են 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:

Կրթության և մշակութային դաստիարակության համար կստեղծվեն առավել բարենպաստ շենքային պայմաններ

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է իրականացնել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարման, նախագծման և գույքային հագեցվածության ապահովում: Այդ նպատակի համար նախատեսվում է պետբյուջեում կատարել 146,413.9 հազար դրամի վերաբաշխում: Նախատեսվում է գումար հատկացնել՝ Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ջեռուցման համակարգի տեղադրման, Երևանի N 9 արհեստագործական պետական ուսումնարանի պատուհանների և դռների փոխարինման, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքի նորոգման, Երևանի Բ.Ժամկոչյանի անվ. թիվ 119 ավագ դպրոցի արտաքին կոյուղու ցանցի կառուցման համար: Նախատեսվում է նաև գույքով ապահովել Մ. Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցը, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Գումար կհատկացվի նաև Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների մարմանը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 24 մլն դրամ հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի շենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման «Նախագիծ» փուլի ծառայության ձեռքբերման համար: Նման որոշում ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2023 թ. ապրիլի 10-23-ը Հայաստանում Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունը անցկացնելու հանգամանքով: Հիմնանորոգման ենթակա մարզադահլիճի նախագծային լուծումները կներառեն հիմնական պահանջներ օբյեկտի սեյսմակայունության, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, ներքին հաղորդակցման ուղիների (ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման), օդափոխության, օդորակման, տեսահսկման համակարգերի կառուցման/հիմնանորոգման, տարածքի բարեկարգման, գոյություն ունեցող շենքի և շինության հատակագծային լուծումների արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ հարդարման միջոցառումներ և այլն:

Կառավարության որոշմամբ կմիաձուլվեն Հայաստանի պարի պետական անսամբլը, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը և Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը»՝ վերակազմակերպվելով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի: Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմ կընդգրկվեն նաև ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող ևս 3 ստեղծագործական խումբ, որոնք այժմ գործում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ներքո՝ Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբը, Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթը և Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը: Արդյունքում՝ 6 մշակութային կազմակերպությունների համար կստեղծվեն աշխատանքային և ստեղծագործական բարենպաստ պայմաններ, ինչն էլ իր հերթին կնպաստի արտաբյուջետային միջոցների աճին, պետական ֆինանսավորման արդյունավետ կիրառման ապահովմանը: Միաձուլման արդյունքում հնարավոր կլինի նաև մեկտեղել և կենտրոնացնել ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆինանսական ռեսուրսները: 

Հատկացվել է պարտադիր աուդիտի ենթակա կուսակցությունների աուդիտորական ծառայությունների դիմաց ֆինանսավորումը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կունենա ապահովելու պարտադիր աուդիտի ենթակա կուսակցությունների աուդիտորական ծառայությունների դիմաց ֆինանսավորումը: «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի, ինչպես նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի փոփոխություններով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է վերապահվել կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը:

Պայմանագրի գնի որոշման համար հանձնաժողովը կուսակցություններից պահանջել և ստացել է աուդիտի կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկությունները, որոնք տրամադրվել են աուդիտորական կազմակերպություններին՝ ներկայացնելու գնառաջարկներ: Սահմանված ժամկետում հանձնաժողովը ստացել է գնային առաջարկներ 6 աուդիտորական կազմակերպություններից: Հիմք ընդունելով սահմանված մեթոդաբանությունը՝ պարտադիր աուդիտի ենթակա կուսակցությունների աուդիտի պայմանագրի գները սահմանվել են հետևյալ կերպ. «Հայաստանի դեմոկրատական»՝ 1170000, «Վերածնվող Հայաստան»՝ 1194000, «Մեր տունը Հայաստանն է»՝ 1230000, «Հայրենիք»՝ 1455000, «Ապրելու երկիր»՝ 1485000, «Հայաստանի Հանրապետական» ՝ 3120000, «Հայ յեղափոխական դաշնակցություն»՝ 2320000, «Բարգավաճ Հայաստան»՝ 960000, «Հանրապետություն»՝ 810000, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4800000, «Լուսավոր Հայաստան»՝ 840000 դրամ:


Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը

Կառավարության որոշմամբ «Արմենիա վայն գործարան» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակրում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: 2008 թ.-ին հիմնադրված ընկերությունը ներմուծվող սարքավորումները և հումքը օգտագործելու է ալկոհոլային խմիչքների արտադրության և արտադրամասերի կապիտալ վերանորոգման համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.5 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 80 նոր աշխատատեղ` 350-420 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ընկերության կողմից թողարկված արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 683 մլն դրամ։

Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Մասրիկ-1» 55 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ժամկետի փոփոխության համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ժամկետ սահմանել 2023թ․ սեպտեմբերի 1-ը: Բացի այդ, որոշմամբ հնարավորություն կստեղծվի նաև կառուցելու շուրջ 150 կՎտ հզորությամբ լողացող արևային կայան: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը՝ Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ, ֆրանսիական Տրանսէներգիա (TRANSENERGIE) ընկերության հետ համատեղ իրականացնում է Հայաստանում առաջին արևային լողացող կայանի կառուցման առաջնեկային ծրագիր: Քանի որ արևային լողացող կայանների համար հզորության առանձին չափաքանակ նախատեսված չէ, առաջարկվում է որոշման մեջ ներառել 150 կՎտ հզորության չափաքանակը:

Միջազգային համագործակցություն. նախատեսվում է ստեղծել հայ–սլովակյան տնտեսական համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողով

Գործադիրը հավանություն է տվել 2022 թ. ապրիլի 8-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը և անտառային տնտեսությունը, փոքր և միջին ձեռնարկատիրությունները, տրանսպորտն ու ենթակառուցվածքները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները, թվայնացումը և այլն։ Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Համաձայնագրով նախատեսվում է նաև հայ–սլովակյան տնտեսական համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողովի ստեղծումը՝ երկկողմ տնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու նպատակով:

Հավանություն է տվել 2022 թ. հունիսի 10-ին Նուր-Սուլթանում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին: Եվրասիական տնտեսական միության շրջանակում առողջապահության բնագավառում բազմակողմ համագործակցությունը հետաքրքրություն է ներկայացնում փոխշահավետ գործակցության հաստատման տեսանկյունից, որը կօգնի կողմերի միջև համագործակցությունը զարգացնել առողջապահության կազմակերպման, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի շրջանառության, ինչպես նաև վերջիններիս գրանցման գործընթացի դյուրացման տեսանկյունից: Արձանագրությամբ ներկայացված դրույթներով նախատեսվում է ակտիվ համագործակցություն կողմերի միջև, ինչը ենթադրում է առողջապահական ծառայությունների մակարդակի բարձրացում:


Այլ որոշումներ

Գործադիրի մեկ այլ որոշմամբ առաջարկվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Երևանի Քանաքեռ-Զեյթունում գտնվող անշարժ գույքն օտարել դասական աճուրդով։ Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 75 տոկոսի չափով՝ 1 944 367 500 ՀՀ դրամ: Հիմնավորման համաձայն՝ նշված հասցեում գտնվող գույքը նախկինում էլ ներկայացվել է օտարման մրցույթով, սակայն մրցույթը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով։

Մի շարք ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Մասնավորապես՝ 2022թ.-ի ընթացաքում Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թթ.-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման դեպքում շահառուին և գործատուին կտրամադրվի պետական աջակցություն: Ծրագիրը կիրականացվի 200, այդ թվում՝ Մասնագիտական ուսուցման միջոցով՝ 70, Աշխատանքային փորձի ձեռքբերման միջոցով՝ 70 և Գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելու միջոցով՝ 60 շահառուների համար։

 

← Վերադառնալ