Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2023 թ. պետբյուջեի մասին» օրինագծին

29.09.2022

ևս 6 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում իրականացված ագրեսիվ գործողություններին:

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ չնայած առկա բարձր ռիսկերին և անորոշություններին՝ ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը դրական զարգացումներ է դրսևորում. «2022 թվականի 8 ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է 13.9 տոկոսով, ինչի արդյունքում պետբյուջեով սկզբնապես սահմանված հարկային եկամուտների պլանը գերակատարվում է: Դա թույլ է տալիս ոչ միայն պահանջված ամբողջ ծավալով ֆինանսավորել այս տարվա բյուջեով սահմանված ծախսային ծրագրերը, միջոցառումները, այլև լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել անվտանգային, տնտեսական և սոցիալական նոր նախաձեռնությունների իրագործման համար և արագացնել Կառավարության 2021-2026 թթ. ծրագրային նպատակների իրագործման ընթացքը»:

Նախարարի խոսքով՝ ներկա տնտեսական զարգացումները հուշում են, որ 2022 թվականը կամփոփվի 11-12 տոկոս տնտեսական աճով: «Այս փաստն ինքնին շատ դրական է, բայց գալիք տարվա 7 տոկոս տնտեսական աճն ապահովելու նպատակով պահանջվում է նաև, որ արագացնենք այն բարեփոխումները, որոնք պետք է բարելավեն տնտեսության մասնավոր հատվածի պայմանները, ինչպես նաև բարձրացնել պետբյուջեով ֆինանսավորվող տնտեսական և սոցիալական ծրագրերի իրականացման արդյունավետությունը»,-ասել է Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը նշել է նաև, որ այս տարի կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 53 տոկոսից ցածր կլինի՝ 2021-ի 60.3 տոկոսի համեմատությամբ. «2023-ի ընթացքում նոր պարտքային միջոցների ներգրավումն կիրականացվի այնպես, որ տարեվերջին կառավարության պարտքի հանրագումարը գտնվի ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմաններում: Դրանից ելնելով ծրագրում ենք, որ 2023 թ. ընթացքում, պետբյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 3,1 տոկոսը»:

Ըստ նախարարի՝ սեփական եկամուտների և ներգրավվող միջոցների հաշվին ֆինանսավորելու արդյունքում 2023 թվականի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրլն 590 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27.8 տոկոսը: «Այն 2022 թվականի պետբյուջեով հաստատված ծախսերը կգերազանցի 18.3 տոկոսով: Դա թույլ կտա ավելացնել տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը»:

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է զգալիորեն ավելացնել անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող կապիտալ ծախսերը. դրանք կկազմեն 557 մլրդ դրամ, ինչը մոտ 200 մլրդ դրամով ավելի է, քան սահմանվել էր 2022-ի պետբյուջեով: «2023-ին այս ցուցանիշը կհասնի ՀՆԱ-ի 5.9 տոկոսին՝ այս տարվա համար սկզբնապես ծրագրված 4.5 տոկոսի դիմաց: Զգալիորեն կավելանան անվտանգության ենթակառուցվածքներին հատկացումները, կշարունակեն բարձր մնալ տնտեսական ենթակառուցվածքների բարելավման ֆինանսական հատկացումները, կավելանան սոցիալական ենթակառուցվածքների, կրթական և առողջապահական հաստատությունների կառուցման և հիմնանորոգման աշխատանքները»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով օրինագծին՝ Նիկոլ Փաշինյանը նախ արձանագրել է, որ եկամտային մասը 2022 թվականի ընդունված բյուջեի համեմատ ավելի է 360 միլիարդ դրամով. «Բայց մենք հիմա ասում ենք 280 միլիարդ դրամով, որովհետև այս տարվա ընթացիկ բյուջեի եկամտային հատվածը սեպտեմբերի դրությամբ պլանավորվում է 75 միլիարդ դրամի գերակատարում: Իհարկե, պարզ է, որ տնտեսական ակտիվությունը դեր ունի, վարչարարությունը դեր ունի, սակայն ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր օրենքով սահմանված կարգով, առանց լրացուցիչ վարչարարությամբ վճարում են հարկերը: Սա նաև իմ բացման խոսքում նշվածի համատեքստում է շատ կարևոր, որովհետև այդ միջոցները ծախսվում են մեր պետության բնականոն կյանքն ապահովելու, այդ թվում՝ Զինված ուժերի բարեփոխումների համար: Ես ուզում եմ, որ մենք ամեն օր սա արձանագրենք»:

Վարչապետը նշել է, որ բոլոր ուղություններով՝ կրթության, պաշտպանության, գիտության ոլորտներում, ֆինանսավորումն ավելանում է, շարունակելու է նաև կապիտալ ծախսերի ավելացումը:

Անդրադառնալով պետական պարտքին՝ Նիկոլ Փաշինյանը ևս արձանագրել է, որ պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային էական նվազում է ունեցել, ինչը համարել է կարևոր ցուցանիշ:

Թեմայի առնչությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ կարևոր է արձանագրել, թե ինչ որակ է ունեցել պետական պարտքի կառավարումը. «Կարծում եմ՝ դա շատ կարևոր է: Եվ պետք է արձանագրենք, որ վերջին տարիներին ՀՀ-ի պետական պարտքը շատ արդյունավետ է կառավարվել: Ընդհանրապես, եթե համադրենք այլ երկրների հետ՝ մեր ցուցիչները բավականին լավն են և մենք ունենք շատ դրական արդյունք: Եվ նախագծում նույնպես այն չափերը, որոնք հաջողվել է ստանալ, վկայում են վերջին տարիներին արդյունավետ կառավարման մասին»:

Կառավարությունը կհատկացնի ավելի քան 3 մլրդ դրամ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար

Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման գործընթացն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, վերաբաշխման միջոցով նախատեսվում է հատկացնել 3,061,716,000 ՀՀ դրամ:

Ըստ նախարարի՝ խոսքը հիմնանորոգման և կառուցման ենթակա 4 ճանապարհահատվածների մասին է: Մասնավորապես՝ Հ-46, /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 13 կմ հատվածի պատվածքի կրողունակության բարձրացման (պատվածքի ուժեղացման) անհրաժեշտությամբ պայմանավորված նախատեսվում է տեղադրել լրացուցիչ ասֆալտբետոնե շերտ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականին: Նախատեսվում է նաև Մ-2, (Սյունիք) /Մ-2/ - Աղվանի- Տաթև - /Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցում:

Հանրակրթական ուսումնական հաստատություններում կներդրվի ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմ

Կառավարությունը սահմանել է Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը: Արդյունքում նախատեսվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրում, որը հնարավորություն կտա բարեփոխելու տարակարգի ներկայիս համակարգը՝ նպաստելով մասնագիտական ցարգացմանը և հավելավճարի տեսքով աշխատավարձի բարելավմանը՝ մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմի հիմք հանդիսանալով: Ըստ տարակարգի շնորհման միջոցով ուսուցչի մասնագիտական առաջխաղացման՝ տրվել են բնութագրող անվանումներ՝ 1-ին և 2-րդ տարակարգի դեպքում՝ Ավագ և Հմուտ ուսուցիչ, 3-րդ և 4-րդ տարակարգի դեպքում՝ Վերապատրաստող և Հետազոտող ուսուցիչ։ Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է արդիականացնել տարակարգի շնորհման գործընթացը՝ այն փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական չափորոշիչներին, միաժամանակ «որակավորման տարակարգ» հասկացության սահմանումը «Հանրակրթության մասին» օրենքում խմբագրվել է՝ փոխկապակցելով «մասնագիտական չափանիշ» հասկացությանը, որից ելնելով էլ 3-րդ և 4-րդ տարակարգի դիմելու հնարավորություն ընձեռվում է կամավոր ատեստավորման առնվազն անցողիկ միավորից բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչներին որպես մասնագիտական ցարգացմանը խթանող կարևոր լուծում, քանի որ կամավոր ատեստավորումն ուսուցչի առարկայական գիտելիքի հավաստումն է, հետևաբար տարակարգ ստանալուց առաջ ուսուցիչը պետք է անցնի կամավոր ատեստավորում, որը նաև աշխատավարձի զգալի աճի հնարավորություն կտա: Առաջարկվում են նաև տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ, մասնավորապես, տարակարգի շնորհման հիմք է ընդունվում կրթության որակ և արդյունավետություն ապահովող անհրաժեշտ մի շարք չափանիշներ, այդ թվում՝ ուսուցչի գործունեության որակական ցուցանիշների առկայությունը։ Հիմնավորման համաձայն՝ նոր կարգը թույլ կտա մեծացնելու համակարգի արդյունավետությունը, խրախուսելու զարգացման հնարավորությունները, նպաստելու և զարգացնելու ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը:

Ինչպես նշել է ԿԳՄՍ փոխնարար Ժաննա Անդրեասյանը, նոր կարգով նախատեսվում է տարակարգի մեխանիզմը փոխկապակցել ուսուցիչների մասնագիտական չափանիշներին։ «Սրանով նաև հնարավորություն ենք ունենում ներդնել ուսուցչի աշխատանքային կարիերայի կամ աշխատանքային առաջխաղացման մոտեցում։ Սրա արդյունքում ուսուցիչը հնարավորություն կստանա, ի լրումն գործող համակարգերի, 10-50 տոկոս հավելավճար ստանալ՝ 5 տարի ժամկետով»,-նշել է նա։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարակարգով գնահատվում է, թե ինչքանով է ուսուցիչը ստեղծագործաբար վերաբերվում և ինչքանով է իր իմացած գիտելիքը արդյունավետ և ստեղծագործաբար մատուցում աշակերտին, որպեսզի աշակերտն էլ հնարավորինս հաճույքով ներգրավվի կրթական գործընթացի մեջ:

«Մենք չորս տարակարգ ունենք և ուսուցիչներին գնահատում ենք ըստ այդմ: Այսինքն՝ ատեստավորմամբ աշխատավարձն էականորեն բարձրացնում ենք և տարակարգով կրկին էականորեն բարձրացնում ենք՝ 10-50 տոկոս: Ըստ էության, մենք արձանագրում ենք, որ ոչ թե կառավարությունն է ուսուցչի աշխատավարձը բարձրացնում կամ չբարձրացնում, այլ ուսուցիչն ինքն է որոշում իր աշխատավարձը բարձրացնի, թե չբարձրացնի: Մենք հընթացս այդ որոշմանը եկանք, որովհետև նաև շատ հաճախ պատահում է, որ մի անգամ աշխատավարձ են բարձրացնում, հետո մոռանում են դրա մասին: Մենք եկանք այն եզրակացության, որ և՛ տարակարգերը, և՛ ատեստավորումը կամավոր պետք է հինգ տարին մեկ ցիկլ լինի, և ամեն անգամ պետք է աշխատավարձի ավելի բարձր ստանդարտներ գործեն: Օրինակ՝ 5 տարի հետո մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ ուսուցիչը ստանա 800 հազար դրամ, 1 միլիոն դրամ և այսպես շարունակ»,-ասել է վարչապետը:

Ըստ կառավարության ղեկավարի, սա մի գործընթաց է, որի օրինակը պետք է տարածել պետական կառավարման ամբողջ համակարգում. «Աշխատավարձ բարձրացնելը մի խնդիր է, բայց աշխատավարձի բարձրացման արդյունքում արդյունք ստանալը՝ երկրորդ: Այս փորձը, չեմ ասում որ հենց նույն կերպ, բայց պետք է տարածենք ամեն տեղ. պետք է տարածենք ոստիկանությունում, փրկարար ծառայությունում, զինված ուժերում, պետական կառավարման համակարգում»:

ԿԳՄՍ փոխնարար Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ ներկայումս ընթանում է կամավոր ատեստավորման 2-րդ փուլի գործընթացը: «Գործընթացը սկսել ենք սեպտեմբերի 17-ին : Այդ օրերին բավականին բարդ էր, բայց ուզում եմ հատուկ ընդգծել, որ ուսոցիչները եկել են ատեստավորման նույնիսկ Սյունքի, Վայոց ձորի, Գեղրաքունիքի մարզերում: Սա ցույց է տալիս նաև այն կարևորությունը, որ ուսոցիչների կողմից տրվում է գործընթացին: Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ ավելի բարդ էր նրանց համար մասնակցությունն այս պայմաններում:

Վերջին ատեստավորման գործընթացները տեղի կունենան այս շաբաթ և կիրակի օրերին: Դրանից հետո ամբողջությամբ կամփոփենք թե՛ մասնակցության տվյալները, թե՛ արդյունքները, որովհետև կա նաև բողոքարկման հնարավորություն: Այս փուլի համար դիմել է շուրջ 4000 ուսուցիչ, որից ավելի քան 1500-ը այս պահին մասնակցել է գործընթացին: Արդեն այս տարվա հոկտեմբերից սկսած կկարողանանք վարձատրել նրանց բարձրացված չափաքանականով: 200 հազար դրամ դրույքաչափ է, որին գումարվում է 30-50 տոկոս հավելավճար՝ արդյունքից կախված»,-ասել է փոխնախարարը

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կարծում եմ, որ դա ամենաուժեղ սիմվոլն է իմ այսօրվա ասածի, երբ ի հեճուկս բոլոր բարդությունների, ուսուցիչը հարկ է համարում մասնակցել գործընթացին: Սա առաջին հերթին նշանակում է հավատալ սեփական երկրի ապագային»:

Օրենսդրական նախաձեռնություններ. 2023թ. հունվարի 1-ից կբարձրացվի նվազագույն ամսական աշխատավարձի չափը՝ 68,000 դրամի փոխարեն կսահմանվի 75,000 դրամ

Կառավարությունը հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման միջոցով նախատեսվում է նպաստել՝ աղքատության կրճատմանը, նվազագույն և միջին աշխատավարձերի միջև հարաբերակցության նվազմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2005 թ. սահմանվել է 13,000 դրամ, որը, պարբերաբար բարձրացնելով, 2020 թ. հունվարի 1-ից սահմանվել է 68,000 դրամ։ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի համաձայն՝ կառավարությունը մինչև 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85,000 դրամ սահմանելու ուղղությամբ։ Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ՝ առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68,000 ՀՀ դրամից դարձնելով 75,000 ՀՀ դրամ և, ըստ այդմ, սահմանել գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող կամ ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նոր նվազագույն չափեր: Նվազագույն ամսական աշխատավարձի չափը 75,000 դրամ սահմանելու դեպքում՝ աշխատաշուկայում պետական հատվածի 28.7%-ի (77,483 աշխատողի) և մասնավոր հատվածի 31.5%-ի (209,723 աշխատողի) մոտ կավելանա աշխատանքի վարձատրությունը։ Այսինքն՝ պետական և մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ կավելանա աշխատողների 30.7%-ի (665,546 աշխատողի) վարձատրությունը։ Պետական բյուջեում աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 15.3 մլրդ դրամով, իսկ մասնավոր հատվածում՝ շուրջ 94.2 մլրդ դրամով։ Այսինքն՝ պետական և մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 109.5 մլրդ դրամով։

Գործադիրը հավանություն է տվել «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծի ընդունման նպատակն է կրթության բնագավառում լիցենզավորման մի շարք գործընթացներ դարձնել առավել հստակ և արդյունավետ: Նախագծով կարգավորվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից լիցենզիավորման մի շարք գործընթացներ իրականացնելու հարաբերությունները: Նորմատիվների սահմանումը կխթանի ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի հարստացմանը, որը իր հերթին կապահովի ուսուցման բարձր արդյունք:

Հավանության է արժանացել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման արդյունքում կհեշտացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի և ձևի վերաբերյալ փոփոխությունների իրականացման գործընթացը, կբարձրացվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջացող խնդիրների արագ արձագանքման հնարավորությունը, ինչի արդյունքում հնարավորինս դյուրին տարբերակով կսահմանվեն առանձնացված հատվածներ համայնքային վճարովի ավտոակայանատեղիներում հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև հնարավոր կլինի իրականացնել տարբերակված դրույքաչափերի սահմանումն ըստ գոտիականության՝ ընդհանուր ավտոկայանատեղիների և ծառայողական ավտոկայանատեղիների կազմակերպման առնչությամբ:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենքի նախագծի նպատակը հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման հարցերի հստակեցման, անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների և դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանություն ներդրման համար համապատասխան օրենսդրական կարգավորումների սահմանումն է: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է հարկային պարտավորությունների հաշվառումը պարզեցնելու նպատակով հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը իրականացնել նախկինում ներկայացված և ճշտված հարկային հաշվարկով առաջացած տարբերության գումարի չափով:

Հավանության է արժանացել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կարգավորումների նպատակն է անշարժ գույքերի միավորման որոշ դեպքերում իրավունքների պետական գրանցման համար ներկայացվող անշարժ գույքի հասցեի որոշման պահանջի վերացումը: Նախագծով առաջարկվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով իրավական կադաստրի տեղեկատվության կազմից հանընդհանուր ծանոթացման համար անվճար տեղեկատվության տրամադրում: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է միավորվող գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դյուրինացման գործընթացի ապահովում:

Կապահովվի նախկին զինծառայողների ընտանիքներին բնակարանի ձեռք բերման նպատակով աջակցության տրամադրման շարունակականությունը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի նախկին զինծառայողների ընտանիքներին բնակարանի ձեռք բերման նպատակով աջակցության շարունակական իրականացումը: Հիմնավորման համաձայն՝ ՊՆ համակարգի նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով նախարարության անվամբ բացված արտաբյուջետային ավանդային հաշվին փոխանցվել է 5.705.000,0 հազ.դրամ` մինչև 2022թ. դեկտեմբերի 1-ը գործողության ժամկետով` շահառուների վճարահաշվարկային սպասարկումը կատարելու համար: 2019թ.-ից իրականացվող «Զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողներին բանակարան ձեռք բերելու համար պետական աջակցության տրամադրում» ծրագրով 2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ բնակարանի գնման վկայագրերի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվել թվով 502 ընտանիքի` ընդամենը 3.644.317,0 հազ.դրամ գումարի չափով: Մնացորդը կազմում է 2.400.330,0 հազ.դրամ: Օգոստոսի 1-ի դրությամբ բնակհաշվառման հերթացուցակներում ընդգրկված են թվով 796 շահառու, որից 514-ը՝ Երևանում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակարանի գնման վկայագրերի ժամկետը սահմանված է 1 տարի մարման ժամկետով, իսկ որոշմամբ ավանդային հաշվի գործողության ժամկետը սահմանված է մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ը, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նշված որոշման մեջ:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Որոշմամբ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը 21 ամսվա փոխարեն սահմանել 22 ամիս: Շահառու հանդիսացող թվով 65 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը մեկ ամսվա համար կազմում է 19.500.000 ՀՀ դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2022 թ. պետբյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:

Սահմանվել են Պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները

Գործադիրը սահմանել է Պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները: Ըստ այդմ կհստակեցվեն նախադպրոցական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմերի վարձատրության սկզբունքները և կստեղծվեն նախադրյալներ վարձատրության քաղաքականության շարունակական բարելավման ուղղությամբ՝ համակարգային մոտեցման շրջանակում։ Ոլորտում աշխատակիցների վարձատրության խրախուսումը կխթանի նոր և որակյալ կադրերի մուտքը՝ ապահովելով նախադպրոցական ծառայությունների որակի շարունակական բարձրացման նախադրյալները։ Արդյունքում՝ կապահովվի նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ անձնակազմի վարձատրության միասնական քաղաքականություն: Ըստ հիմնավորման՝ հանրակրթության ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներն են՝ բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2023 թ. 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի։ Ներկայումս ՀՀ-ում գործում է 906 համայնքային, գերատեսչական և ոչ պետական նախադպրոցական հաստատություն (ՆԴՀ), որոնցից 701-ը` մանկապարտեզ, 70-ը` մսուր-մանկապարտեզ, 135-ը` դպրոց-մանկապարտեզ: ՆԴՀ-ների ընդհանուր քանակից 842-ը համայնքային ենթակայության է, 10-ը` գերատեսչական և 54-ը` ոչ պետական: Երեխաների ընդգրկվածությունը ՆԴՀ-ներում (0-5 տարեկան բնակչության թվաքանակից) կազմել է 34.7 տոկոս, քաղաքներում` 39.6 տոկոս, գյուղերում` 25.4 տոկոս: Միաժամանակ, շարունակում է լրջագույն խնդիր մնալ նախադպրոցական հաստատությունների գործառնության միասնական սկզբունքների և մեթոդաբանության բացակայությունը, ինչը նախադպրոցական ծառայությունների որակի վերահսկողության և պետական չափորոշիչների արդյունավետ կիրառման հնարավորություններն էապես նվազեցնում է։ Ինչպես ցույց են տալիս ոլորտի տարբեր հետազոտությունները, խիստ տարբեր են ոչ միայն նախադպրոցական հաստատությունների սննդի, պահպանմանն ուղղված կոմունալ ծախսերի հաշվարկման մեթոդաբանություններն ու մեծությունները, այլ նաև նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների վարձատրության չափերն ու մոտեցումները։ Ըստ այդմ, անհրաժեշտ է սահմանել ոլորտում ուղենշային սկզբունքներ և մոտեցումներ, որոնք կկանոնակարգեն դաշտը՝ առաջարկելով միասնական մեթոդաբանություն նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների վարձատրության մասով։

Այլ որոշումներ

Կառավարությունը հաստատել է 2023 թ.ի տարեկան մի շարք ծրագրեր՝ Երեխայի իրավունքների պաշտպանության, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների, Զբաղվածության կարգավորման և այլն: Մասնավորապես՝ Երեխայի իրավունքների պաշտպանության 2023 թ. տարեկան ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է երեխաների իրավունքների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծում, երեխաների իրավունքների պաշտպանության գերակայության վերաբերյալ հասարակության լայն շերտերի իրազեկվածության բարձրացում։ Հիմնավորման համաձայն՝ ներկայում իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի օրենսդրական բարեփոխումներ, ինչպես նաև երեխաների ցերեկային խնամքի կենտրոնների արդիականացմանն ուղղված աշխատանքներ։ Օրենսդրական փոփոխությունների արդյունքում կբարելավվի երեխաների իրավունքների իրացմանն ուղղված գործընթացները, իսկ ցերեկային խնամքի կենտրոնների արդիականացումը թույլ կտա ծառայություններում ընդգրկել առավել մեծ թվով հաշմանդամություն ունեցող երեխաների։

Կառավարությունն ընդունել է «Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» որոշում: Որոշման նպատակն է ստեղծել կազմկոմիտե՝ Համահայկական ամառային ութերորդ խաղերը պատշաճ ու բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նպատակով:

Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել ՀՀ անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրում: Այն կնպաստի այդ ՀՀ-ում տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղությամբ ներդրումների ավելացմանը և պարենային ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, ծրագրի շահառուների շրջանակի ընդլայնմանը։ Ըստ այդմ առաջարկվում է, մասնավորապես՝ երկարաձգել ծրագրին մասնակցության համար դիմելու ժամկետը մեկ տարով ։ Բացի այդ, առաջարկվում է ծրագրի հնարավոր շահառուների համար հանել գյուղատնտեսության ոլորտում առնվազն 2 տարի գործունեություն ծավալելու պարտադիր պահանջը, որը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում և սահմանափակում ծրագրին դիմելու հնարավորությունները ու չի երաշխավորում ոլորտում արդյունավետ ներդրումային ծրագրերի իրականացումը։

Կառավարությունը հաստատել է 2023 թ.-ին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի ցանկը: Ցանկում ներառված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 7 և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 1 պետական նպատակային ծրագրեր: Հետազոտությունները ներկայացրել են «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը, ՀՀ ԳԱԱ՝ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, Ընդհանուր և անօրգանական քիմիայի, Մոլեկուլային կենսաբանության, Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի, Հնագիտության և ազգագրության և Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները:

← Վերադառնալ