Մամլո հաղորդագրություններ

Փոխադարձ շահերի ըմբռնումը կարող է դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին. վարչապետ

20.10.2022

ևս 12 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում մեկնարկած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: Այն անցկացվում է նեղ և ընդլայնված կազմերով, այսօր տեղի է ունեցել նեղ կազմով հանդիպումը:

Նիստին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Հայաստանի վարչապետը դիմավորել է ԵԱՏՄ անդամ երկրների գործընկերներին, ապա տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում:

Նեղ կազմով նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի հյուրեր,

Կառավարությունների հարգելի ղեկավարներ,

Անկեղծորեն ուրախ եմ ողջունելու Ձեզ Հայաստանի մայրաքաղաքում, որտեղ մենք, կարելի է ասել ավանդաբար, անցկացնում ենք Եվրասիական միջկառավարական խորհրդի աշնանային նիստը։

Ցավով պիտի նշեմ, որ համաշխարհային տնտեսությունը դժվար ժամանակներ է ապրում. բազմաթիվ առևտրային, արդյունաբերական և լոգիստիկ կապեր, որոնք դեռ նոր էին սկսել վերականգնվել համավարակից հետո, այժմ նոր ցնցումների են ենթարկվում: Հարցականի տակ են հայտնվել նաև համաշխարհային տնտեսական համակարգի հիմնարար սկզբունքները։

Ներկայիս անկայուն տնտեսական իրողությունների պայմաններում կասկած չեն հարուցում բարձրագույն մակարդակում կանոնավոր վստահելի երկխոսության արդիականությունն ու պահանջարկը՝ առավել ներդաշնակ և համակարգված փոխգործակցության համար:

Փոխադարձ շահերի ըմբռնումը, փոխզիջումների և համագործակցության պատրաստակամությունը կարող են դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին: Այս համատեքստում ցանկանում եմ նշել ԵԱՏՄ շրջանակում բոլոր մակարդակներում իրականացվող բառի բուն իմաստով ամենօրյա աշխատանքը՝ ի հայտ եկող խնդիրներին արձագանքի համակարգված միջոցառումներ մշակելու ուղղությամբ:

Մինչ խոսքը Միջկառավարական խորհրդի նախագահ Ակիլբեկ Ժապարովին փոխանցելը, թույլ տվեք երախտագիտություն հայտնել ղրղզական կողմին ինչպես նախագահության, այնպես էլ այսօրվա հարուստ օրակարգի մշակման ուղղությամբ գործադրված ջանքերի համար, որն ընդգրկում է եվրասիական ինտեգրման արդիական հարցերի բավական լայն շրջանակ։

Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և կառուցողական քննարկումներ։

Շնորհակալություն ուշադրության համար»:

Նեղ կազմով նիստին ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական նախագծերի ֆինանսավորման աղբյուրներին ու մեխանիզմներին, Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը վերաբերող հարցեր:

Միջկառավարական խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացվել գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ուղղությամբ միջազգային պայմանագրերի նախապատրաստման ընթացքի, ինչպես նաև Միության ներսում ապրանքների էլեկտրոնային առևտրի կառավարման միասնական վերլուծական համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակման մասին: Զեկուցվել է նախորդ նիստերի հանձնարարականների և կարգադրությունների կատարման վերաբերյալ:

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին:

← Վերադառնալ