Մամլո հաղորդագրություններ

Վարչապետին ներկայացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2022 թվականի գործունեության կատարողականը

16.12.2022

ևս 2 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱՍՀՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և փոխնախարարները ներկայացրել են ըստ ոլորտների կատարված աշխատանքները։

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրերի մասով զեկուցվել է, որ ընթացիկ տարում մեկնարկել և շարունակվում է 3-րդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության ծրագիրը (մինչև երեխայի 6 տարեկան լրանալը), շարունակվել են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերը։ 2023թ. հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերին. աշխատանքի վերադառնալիս ևս վճարում կկատարվի նպաստի 85 տոկոսի չափով՝ ներկայիս դադարելու փոխարեն։ Մշակվում է Ժողովրդագրության ռազմավարությունը, որը կներկայացվի 2023թ. փետրվարին։

Կենսաթոշակային ապահովության ոլորտում աճում է անկանխիկ շրջանառության ծավալը․ կենսաթոշակների շուրջ 77 տոկոսը վճարվում է անկանխիկ եղանակով։ 2023 թ.-ից՝ 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում, իսկ 2024 թ.-ից՝ բոլորը (բացառությամբ 75 տարեկանից բարձր և հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցողների), կենսաթոշակը կստանան անկանխիկ եղանակով: 2022թ. միջին կենսաթոշակը 43.500 ՀՀ դրամից դարձել է 46.200, նվազագույնը՝ 26.500 ՀՀ դրամից 31.600։ Մեկնարկել է կենսաթոշակի և նպաստի 10 տոկոս հետվճարի միջոցառումը. կենսաթոշակային քարտեր սպասարկող 4 բանկ միացել է նախաձեռնությանը, որոնց ծածկույթը անկանխիկ վճարումներում կազմում է ավելի քան 60 տոկոս։ Նոյեմբեր ամսվա տվյալներով՝ շուրջ 60.000 շահառու իր կենսաթոշակից (նպաստից) ծախսերի 66 տոկոսը կատարում է անկանխիկ։

Սոցիալական երաշխիքների ոլորտում՝ մշակվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի խմբագրված նախագիծը, որը թույլ կտա հասցեական արձագանքել կարիքներին և ընդլայնել ծառայությունների տեսակները։ Աղքատության փուլային հաղթահարման նպատակով շուրջ 300 շահառու (յուրաքանչյուրը) ստացել է մինչև 1.6 մլն ՀՀ դրամ բիզնես դրամաշնորհ, գործարկվել են սոցիալական շտապօգնության մեխանիզմների և սննդային քարտերի տրամադրման պիլոտային ծրագրերը։ Մշակվել են անապահովության գնահատման նոր բանաձևը և հայեցակարգի նախագիծը:

Աշխատանքի և զբաղվածության ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ 2023թ. հունվարի 1-ից կբարձրանա նվազագույն ամսական աշխատավարձը՝ 68.000 ՀՀ դրամի փոխարեն այն կկազմի 75.000 ՀՀ դրամ։ Ընթացքի մեջ են Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները. նախատեսվում է 266 հոդվածից փոփոխել 125-ը։ Հաջորդ տարում նախատեսվում է շրջանառել զբաղվածության ռազմավարությունը։ 2022թ. սեզոնային զբաղվածության ապահովման ծրագրից օգտվել է 1179 քաղաքացի, արցախցիների համար աշխատանքային փորձի ձեռքբերման և վարձատրվող հասարակական աշխատանքների միջոցառումից՝ 326 անձ, 2016թ. և 2020թ. ռազմական գործողությունների մասնակիցների զբաղվածության ապահովման ծրագրից՝ 276 անձ։

Ընթացիկ տարում շարունակվել է սոցիալական ծառայությունների տրամադրումը խոցելի խմբերին՝ երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց, թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց։ Առաջիկայում նախատեսվում է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդնում, որը թույլ կտա իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում և տրամադրել անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայություններ:

Հաշվետվության ներկայացումից հետո քննարկում է ծավալվել ժողովրդագրության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, զբաղվածության, սոցիալական խնամքի ծառայությունների, նաև մյուս ուղղություններով ընթացիկ արդյունքների ու հետագա անելիքների շուրջ: Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է առաջիկայում ներկայացվելիք Ժողովրդագրության ռազմավարության մեջ արտացոլել այն միջոցառումները, որոնք միտված կլինեն մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությամբ բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելու նպատակադրմանը: Վարչապետը նաև նշել է ծնելիության խրախուսմանը և ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջգերատեսչական քաղաքականությունների համադրելիության կարևորությունը:

Կենսաթոշակային ապահովության ոլորտի մասով՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել անկանխիկ շրջանառության ծավալի ավելացման և կենսաթոշակառուի զբաղվածության ապահովման ուղղությամբ ծրագրերը:

Վարչապետն անդրադարձել է աղքատության հաղթահարման պետական ծրագրերին և հանձնարարել դրանցում պարտադիր նախատեսել կրթական բաղադրիչ, քանի որ աղքատության մշակույթի հաղթահարման բանաձևը նախևառաջ կրթությունն է: Աշխատանքի խրախուսմանն ուղղված միջոցառումների շարքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև կամավոր աշխատանքի ոլորտի օրենսդրական կարգավորումը, որը կնպաստի մարդկային կապիտալի զարգացմանը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է ակտիվ հանրային իրազեկում և մշտադիտարկում իրականացնել ԱՍՀՆ բարեփոխումների ու ծրագրերի վերաբերյալ:

← Վերադառնալ