Մամլո հաղորդագրություններ
ՀՀ կառավարությունը Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսում՝ պայմանավորված նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայով
ևս 5 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հավանություն է տվել «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և Կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Հիմնավորման համաձայն, Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունն ընդունվել է 1998 թ. հուլիսի 17-ին Հռոմում: Կանոնադրությունն ուժի մեջ է մտել 2002թ. հուլիսի 1-ից: ՀՀ-ը Կանոնադրությունն ստորագրել է 1999 թ. հոկտեմբերի 1-ին, սակայն մինչ օրս չի վավերացվել: ՀՀ Սահմանադրական դատարանը 2004 թ. օգոստոսի 13-ի ՍԴՈ-502 որոշմամբ Կանոնադրությամբ ստանձնվող որոշ պարտավորություններ ճանաչել էր 1995 թվականի Սահմանադրությանը հակասող։
Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ակնհայտ է, որ ՍԴ որոշման կայացումից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխության է ենթարկվել 2005 և 2015 թթ.-ներին: «Հաշվի առնելով Սահմանադրական երկու փոփոխությունների ծավալն ու խորությունը՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել, թե արդյոք կատարված սահմանադրական փոփոխությունների լույսի ներքո Սահմանադրական դատարանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել: Նշենք նաև, որ կանոնադրության նպատակն է դրանում նշված առավել ծանր հանցագործություններ կատարած անձանց անպատժելիությունը բացառելու և դրանով իսկ այդպիսի հանցագործությունների կանխմանը նպաստելու համար ներպետական քրեական իրավազորության մարմիններին լրացնող Միջազգային քրեական դատարանի հիմնադրումը: Կանոնադրության 5-րդ հոդվածը սահմանում է դատարանին ընդատյա հանցագործությունների շրջանակը: Այդ հանցագործություններն են՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունները: Ընդ որում դատարանին ընդատյա են ոչ միայն միջազգային բնույթ ունեցող և այլ միջազգային բնույթ չունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև՝ ագրեսիայի հանցագործությունը: Կանոնադրության վավերացման և իրավազորության ճանաչման անհրաժեշտությունը և հրատապությունը առաջին հերթին պայմանավորված է դեռևս 2021թ. մայիսից սկսած, այնուհետև 2022թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայով և տարածքների օկուպացիայով: Այդ ագրեսիայի հետևանքները դեռ շարունակվում են առկա մնալ, քանի որ մինչև օրս Ադրբեջանի զինված ուժերը դեռ տեղակայված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում, քաղաքացիական բնակավայրերին հարող տարածքներում: Որպեսզի Հայաստանը կարողանա տարածել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը 2021 թվականի մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի ժամանակ գործած պատերազմական հանցագործությունների վրա, անհրաժեշտ է վավերացման հետ մեկտեղ կատարել ՄՔԴ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայտարարություն՝ հետադարձորեն ճանաչելով ՄՔԴ իրավազորությունը 2021 թվականի մայիսի 12-ի ժամը 00։00-ից ի վեր։ Ասվածը վերաբերում է միայն ցեղասպանության, մարդկության դեմ և պատերազմական հանցագործություններին: Հարկ է շեշտել նաև, որ ՄՔԴ-ին միանալու մասին անդրադարձ է կատարվում Եվրոպական միության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որով հավաստվում է, որ կողմերի նպատակը պետք է լինի ամրապնդել խաղաղության և միջազգային արդարադատության խթանման հարցում համագործակցությունը, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը և դրան հարակից փաստաթղթերը վավերացնելու և կիրարկելու միջոցով ՝ հաշվի առնելով իրավական ու սահմանադրական շրջանակները»,-ասել է նախարարը:
Թեմայի առնչությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որոշումը կայացվել է երկար քննարկումների արդյունքում. «Հույս ունենք, որ նաև Սահմանադրական դատարանը Սահմանադրության համապատասխանության հարցը կորոշի, որովհետև իսկապես երկու անգամ փոփոխվել է Սահմանադրությունը, և մեր դիտարկումներով՝ նախկինում առկա խոչընդոտները գոյություն չունեն»:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է. «Հիմա մենք երկու ռեժիմով ենք այս փաթեթն ընդունում, մեկը՝ վավերացման, մյուսը՝ դատաիրավազորության, դատարանի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա հետադարձ ճանաչելու նպատակով: Երկուսը մեկ փաթեթում՝ մեկ օրենքի նախագծով:
Սահմանադրական դատարանը, իհարկե, ընդունել է որոշում 2004 թվականին դեռ օգոստոսի 13-ին Սահմանադրությանը չհամապատասխանող չճանաչող երկու դրույթներով, բայց, այնուամենայնիվ, դրանից հետո տեղի են ունեցել երկու լրջագույն Սահմանադրական փոփոխություններ, ոչ միայն Սահմանադրական բարեփոխումներ: Ես կնշեի նաև, որ կարծում ենք՝ ընդհանուր սահմանադրաընկալում և իրավաընկալումներում փոփոխություններ են տեղի ունեցել: Վերստին այս հարցը Սահմանադրական դատարանի առաջ դնելով՝ սա նույն հարցը չէ ինչ-որ դրվել էր դեռ 2004 թվականին, սա արդեն դառնում է նոր հարց»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը տեղեկացրել է նաև, որ Քրեական դատարանի կանոնադրությունն այս պահի դրությամբ վավերացրել է 123 պետություն. «Մեր տարածաշրջանում կանոնադրությանը մասնակից պետություն է Վրաստանը: Մեր կողմից եթե վավերացնենք՝ փաստացի արդեն տարածաշրջանում երկու պետություն դառնալու է Միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն: Մի փոքր նկատառում էլ ևս՝ այս պահի դրությամբ մենք վավերացման փաթեթում ներառել ենք հիմնական կանոնադրությունը, որը ներառում է ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրավազորության իրականացումը: Ագրեսիայի հանցագործության դրույթը լրացում էր կատարվել կանոնադրության մեջ 2010 թվականին Կամպալայում կատարված փոփոխությունների արդյունքում, որն ուժի մեջ է մտել 2018 թվականին, և այս համաձայնագիրն առանձին փաստաթուղթ է: Դրա մասնակից պետությունների թիվն այս պահին 44 է, բայց ճշտում՝ այս պահին մենք խոսում ենք հիմնական կանոնադրության մասին»:
Վարչապետը հետաքրքրվել է. «Պարոն Կիրակոսյան ճի՞շտ ենք հասկանում, որ եթե Սահմանադրական դատարանը որոշեց և մենք վավերացման գործընթացն անցանք՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների ագրեսիայի մասով, ժողովրդին հասկանալի լեզվով ասած, միջազգային քրեական գործ հարուցելու հնարավորություն ենք ստանում»:
Ի պատասխան Եղիշե Կիրակոսյանը նշել է. «Այո, Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող դատային իրավազորությանը ենթակա, ավելի ճշտեմ՝ պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ցեղասպանության կատարման կամ դրանց կանխարգելման նպատակով: Եվ այս առումով, այո, քրեական պատասխանատվության հարցն է բարձրացվելու արդեն Միջազգային քրեական դատարանի առաջ»:
Քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններն ու հրապարակային կոչերը
Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշել է, որ գործող Քրեական օրենսգրքում քրեական պատասխանատություն նախատեսված է միայն ՀՀ ինքնիշխանության՝ որպես Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված պետության կարևորագույն սահմանադրիրավական բնութագրիչի գործողությունը փաստացի դադարեցնելու համար: «Ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ, մինչդեռ, ինքնիշխանությունը պետության՝ որպես սուբյեկտի հիմնական հատկությունն է: Պետության ինքնիշխանությունը՝ պետությանը բնորոշ գերակայությունն է իր տարածքում և անկախությունը միջազգային հարաբերություններում: Հետևաբար, «ինքնիշխանությունը» պետությանը բնորոշ առավել ընդհանուր իրավաբանական հատկութուններն արտացոլող իրավաբանական հասկացություն է: Ուստի օրինագծի նպատակն է նախատեսել անմիջականորեն պետության ինքնիշխանության, նաև որպես պետական անվտանգության պաշտպանությանն ուղղված քրեաիրավիական միջոցներ: Այս համատեքստում հարկ է կարևորել, որ միջազգային փաստաթղթերում և, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական պրակտիկայում պետական անվտանգության պաշտպանության համատեքստում հանգամանալից անդրադարձ է կատարվել Խոսքի ազատության իրավունքի սահմափակմանը և այն համարվել է իրավաչափ և լեգիտիմ»,-ասել է նախարարը:
Օրինագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը: Դրանք են՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները: Քրեականացվելու են նաև նման նման գործողություններ կատարելուն՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը: «Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային գործողություններ կատարելը պատժվելու է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերը տարբեր պատժատեսակներով՝ սկսած տուգանքից մինչև կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Իսկ եթե այդ կոչերը կատարվեն օգտագործվելով հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ ԶԼՄ-ները կամ տեղեկատվական տեխնոլոգիաները, ապա կարող է սպառնալ մինչև 2-5 տարի ժամկետով ազատազրկում»,- նշել է Գրիգոր Մինասյանը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծի ընդունումը և նշել, որ նախատեսվող փոփոխությունների արդյունքում որևէ մեկը հրապարակայնորեն չի կարող կոչ անել, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության՝ որպես պետություն գոյություն չունենալու մասին և ընդհանրապես չի կարող ինքնիշխանությունը նսեմացնելու և դրան ուղղված գործողություններ կատարել։
Արձագանքելով՝ Արդարադատության նախարարը նշել է. «Կարևոր է նաև արձանագրել, որ նման կարգավորումներ առկա են Քրեական օրենսգրքում՝ վերաբերելի տարածքայի ամբողջականությանն խախտելուն ուղղված գործողություններին և նաև դրա հետ կոչերի հետ կապված կարգավորումներին: Այս նոր նախագիծը շատ տրամաբանական է և փակում է այդ ողջ շղթան, որը վերաբերելի է հենց ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և Սահմանադրական ամենակարևոր երաշխիքներին»:
Կառավարությունը հանրապետությունում ֆուտբոլի 4 դպրոց կառուցելու նպատակով 2.5 միլիարդ դրամ է հատկացրել
Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեն ավելացնել 2,5 մլրդ դրամով: Որոշմամբ նախատեսվում է գումարը հատկացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ «2023-2024 թթ. ընթացքում Հայաստանի երեք մարզերում և Երևանում ֆուտբոլի դպրոցների կառուցման» ծրագրի իրականացման համար: Հայաստանում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպատակով նախատեսվում է Երևան քաղաքում, Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կառուցել ֆուտբոլի 4 դպրոց՝ արհեստական կամ բնական խաղադաշտերով, անհրաժեշտ հարակից շինություններով, փակ մարզադահլիճներով:
Երևան քաղաքում ֆուտբոլի դպրոցը կկառուցվի Դավիթաշեն 4-րդ թաղամասում: Տեղի մարզադպրոց կարող են հաճախել նաև հարակից՝ Աջափնյակ և Արաբկիր համայնքների բնակիչները: Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 1.6 մլրդ ՀՀ դրամ: Արարատի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Արտաշատ քաղաքի համայնքային սեփականություն համարվող հողակտորը: Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 800 մլն ՀՀ դրամ: Գեղարքունիքի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Մարտունի քաղաքի նախկին մարզադաշտի տարածքը, որն արդեն իսկ այս նպատակի իրագործման համար սեփականատիրոջից գնել է Մարտունի համայնքի ավագանին: Առկա է նաև պայմանավորվածություն Հայաստանի առաջատար ակումբներից Ալաշկերտ ՖԱ-ի հետ առ այն, որ Մարտունիում մարզադպրոց-մարզադաշտի կառուցումից հետո ակումբը տեղափոխվելու է Մարտունի և հանդես է գալու տեղի մարզադաշտում: Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 1.2 մլրդ ՀՀ դրամ: Տավուշի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Իջևան քաղաքի Արնար մարզադաշտի տարածքը, նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 1.4 մլրդ ՀՀ դրամ: Ընդհանուր, ծրագրի նախնական արժեքը կազմում է 5 մլրդ ՀՀ դրամ, սակայն այժմ ՝որպես աջակցություն ՀՖՖ-ին հատկացվում է միայն 50%-ը՝ 2.5 մլրդ ՀՀ դրամը, իսկ մնացած գումարի մասով անհրաժեշտության և հնարավորության դեպքում անդրադարձ կկատարվի 2023թ.-ին:
ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ: «Սա աննախադեպ իրադարձություն է հայկական ֆուտբոլի համար: Հայաստանի ֆուտբոլի պամության ընթացքում կառավարությունը երբևէ նման աջակցություն, նման ծավալով չի տրամադրել՝ մարզերում ենթակառուցվածքների զարգացման համար: Մենք վերջին երկու տարվա ընթացքում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով և սեփական միջոցներով մոտ 5 մլրդ-ի ներդրումներ ենք կատարել` հիմնականը մարզերում: Մարզերում կառուցվել է 90 փոքր դաշտ, մասնավորապես՝ գյուղական համայնքներում: Արդեն պարաստ է Վանաձորի ստադիոնը, Արմավիրի ֆուտբոլի ակադեմիան, լուսավորություն ենք տեղադրել Գյումրիում, Աբովյանում, ամբողջովին վերանորոգել ենք Աբովյանի մարզադաշտը և հիմա հունվարի վերջին Երևանում կփորձենք արդեն բացել Խորեն Հովհաննիսյանի անվան դպրոցը: Սա Հայաստանի ֆոտբոլի ֆեդերացիայի կարևորագույն նպատակներից է: Մենք պետք է ունենանք 6-18 տարեկան 10 հազար ֆուտբոլիստ, որոնք կխաղան Հայաստանի տարբեր տարիքային առաջնություններում: Այս պահին այդ թիվը 8 հազար է և այդ ակադեմիաների կառուցմամբ մինչև 2025թ. մենք կգերակատարենք անգամ մեր ռազմավարական նպատակը: Եվ նպատակներից մեկն էլ բոլոր մարզերում ֆուտբոլային դպրոցներ կամ ակադեմիաներ ունենալն է: Այստեղ մեզ կմնա միայն Սյունիքի մարզը, որտեղ առանձնահատուկ մոտեցում է պահանջվում՝ կապված բազմաթիվ խնդիրների հետ: Գալիք տարվա ընթացքում մենք գյուղական համայնքներում պատրաստվում ենք մոտավորապես 1.5 մլն ներդրում կատարել և փոքր դաշտեր կառուցել երեք մարզերում՝ Կոտայքում, Արմավիրում և Սյունիքում: Իհարկե, ամեն ինչ կառուցվում է միջազգային ստանդարտներին համապատասխան: Հայաստանումառաջին անգամ նաև ֆուտզալի դահլիճներ կլինեն, կզարգանա նաև ֆուտբոլի այդ ձևը: Այդ դահլիճները կարող են օգտագործվել ոչ միայն ֆուտզալի, այլ նաև, օրինակ՝ հանդբոլի, բասկետբոլի համար, դա էլ լրացուցիչ աջակցություն կլինի այդ մարզաձևերին»,-ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ այս տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30 ամյակի շրջանակում Հայաստան էին այցելել ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահները: «Իհարկե, մեր շփումների ընթացքում ես իմ գնահատանքի խոսքն ասացի ՈւԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին՝ Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն աջակցելու գործում, որովհետև շատ մեծ ներդրումներ են արվել: Այդ ժամանակ մենք նաև պայմանավորվեցինք, որ նաև կառավարությունը ներդրումներ կանի ՈւԵՖԱ-ին խրախուսելու համար՝ Հայաստանի Հանրապետությունում իրենց ներդրումների ծավալներն ավելացնելու: Ես համոզված եմ, որ նաև մեր գործընկերներն այդ տրամադրությամբ կշարունակեն համագործակցությունը: Պետք է նշեմ, որ անկախ կառավարության նման որոշումներից, իրենք շատ տրամադրված են Հայաստանին աջակցելու»,- ասել է կառավարության ղեկավարն և այդ համատեքսում կարևորել նաև ծրագիրն որակով իրականացնելու անհրաժեշտությունը:
Վարչապետը նշել է նաև, որ Հայաստանի վերափոխման միջև 2050 թվականի ռազմավարության նպատակների մեջ շեշտադրվել է՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության մրցանակակիր պետք է լինի: «Ինչպես է հնարավոր իրականացնել այդ նպատակը՝ միայն ֆուտբոլով զբաղվող երեխաների թիվն ավելացնելով: Լավ հավաքական, բարձր մակարդակի հավաքական հնարավոր է ունենալ, երբ հնարավորինս մեծ թվով երեխաներ են ֆուտբոլ խաղում, և ֆուտբոլային մասնագետները հնարավորություն են ունենում ավելի մեծ թվից ընտրություն կատարել, նկատել առանձնահատուկ տաղանդը և առանձնահատուկ տաղանդը զարգացնելուն ուղղված լրացուցիչ գործողություններ իրականացնել: Սա է, որ բերելու է ֆուտբոլի իրական հիմնարար զարգացման: Այո, կարելի է մեկ, երկու, երեք, նույնիսկ չորս խաղում ունենալ հաջողություն, բայց ռազմավարական հաջողություն կարելի է ունենալ միայն ռազմավարական ներդրման միջոցով: Ընդ որում, ես ուզում եմ ասել, որ այս ծրագիրը նաև տարածքների համաչափ զարգացման մեր ռազմավարության հետ է կապվում: Կարծում եմ՝ ֆուտբոլը, ֆուտբոլային խաղերի գնալը, դիտելը քաղաքային մշակույթի շատ կարևոր մաս են կազմում: Ցավոք, մեր երկրի շատ քաղաքներ այդ հնարավորությունից զրկված են, բայց հիմա տեսնում ենք, որ այդ պրոցեսը գնում է և հույս ունենք, որ նաև Մարտունիում, Իջևանում, Արտաշատում հիշարժան ֆուտբոլային խաղեր տեղի կունենան, որոնք քաղաքի մթնոլորտը, միջավայրը կփոխեն դեպի լավը և ինչու չէ՝ նաև տուրիստական որոշակի հոսքեր կապահովեն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կոտայքի մարզում կկառուցվի Համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոն
Կառավարության որոշմամբ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող անշարժ գույքը կնվիրաբերվի համայնքին՝ ուսումնամշակութային զարգացման կենտրոն հիմնելու նպատակով։ Համայնքի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ Ջրվեժ գյուղը չունի ակումբ, ժամանցի այլ վայրեր։ Գյուղում գործող հանրակրթական միջնակարգ դպրոցի շենքում տեղակայված են նաև մանկական երաժշտական դպրոցը, Գառնիի մենապայքարային մարզաձևերի ըմբշամարտի մարզադպրոցի Ջրվեժի մասնաճյուղը։ Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է ավելի քան 1300 աշակերտ, սակայն դպրոցը չունի դահլիճ։ Կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա համայնքում ունենալ համայնքի սեփականությունը համարվող շինություն, որտեղ տեղակայված կլինեն հանդիսությունների դահլիճ, մանկական երաժշտական դպրոց, միջնակարգ դպրոցի տարրական դասարանների և նախադպրոցական խմբերի աշակերտների համար ճաշարան, գրադարան–ընթերցասրահ, տեխնոլոգիայի արհեստանոցներ, ինչպես նաև գեղագիտական դաստիարակության, արհեստների զարգացման, պարի և այլ խմբակների համար նախատեսվող տարածքներ։ Կենտրոնի ստեղծումը համայնքում կօժանդակի ուսումնական ծրագրերի, մշակույթի զարգացմանը, երեխաների զբաղվածության բարձրացմանը, նրանց դաստիարակության կազմակերպմանը և մշակութային կյանքի ակտիվացմանը։ Սահմանվել է նաև, որ համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոն հիմնելու նպատակով իրականացվող աշխատանքների մեկնարկը կտրվի 2022 թ.-ին և կտևի 3 տարի, որի նպատակով սուբվենցիոն ծրագրի շրջանակում կիրականացվի 763 487 040 դրամի ներդրում, որից 496 266 576 դրամը համայնքի բյուջեի միջոցների հաշվին։
Մեկ այլ որոշմամբ էլ հավանություն է տրվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի կողմից ներկայացված Ծակքար բնակավայրում եկեղեցի կառուցելու ծրագրին: Այդ նպատակի համար բնակավայրում գտվող հողամասը նվիրաբերվել է համայնքին:
Կկարգավորվեն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային ապահովության խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է կարգավորել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային ապահովության խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները: Որոշման ընդունման արդյունքում՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար կստեղծվեն բարենպաստ պայմաններ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար՝ միաժամանակ նպաստելով մարզային բնակավայրերում բնակարանաշինության զարգացմանը։ Հաշվի առնելով ՀՀ մարզային բնակավայրերում բնակարանաշինության ոչ բավարար մակարդակը՝ առաջարկվում է սահմանել արտոնյալ պայմաններ ծրագրի այն շահառուների համար, ովքեր կցանկանան ձեռք բերել անշարժ գույք Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից։ Ծրագրի շրջանակում դեկտեմբերի 19-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3139 շահառու, որից շուրջ 5 տասնյակ շահառուների հիփոթեքային վարկավորման գործընթացն ընթացքի մեջ է և գտնվում է ավարտական փուլում։
Գործադիրն ընդունել է նաև Արցախի Հանրապետության կառավարությանը միջպետական վարկ տրամադրելու վերաբերյալ որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է դեֆիցիտի ելքերի ֆինանսավորմանն ուղղվող ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից Լեռնային Ղարաբաղին տրամադրել միջպետական վարկ 4 մլրդ դրամի չափով՝ հետապատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար:
Կպարզեցվի Ուկրաինայից մշտական բնակության նպատակով ՀՀ տեղափոխված անձանց կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման գործընթացը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պարզեցնել Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության նպատակով ՀՀ տեղափոխված անձանց կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման գործընթացը: Որոշմամբ առաջարկվում է Ուկրաինայում բնակության վայրում Ուկրաինայի պետական իշխանության մարմինների` ժամանակավորապես իրենց լիազորությունները չիրականացնելու պատճառով կամ հարցում կատարելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում պատասխան չստանալու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կենսաթոշակի գործը Ուկրաինայից պահանջելու և վճարումը ՀՀ-ում շարունակելու կամ կենսաթոշակ նշանակելու համար, անձին նոր հիմունքներով նշանակել կենսաթոշակ՝ հիմք ընդունելով նրա ներկայացրած փաստաթղթերն, այդ թվում՝ հայտարարություն համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին (եթե դիմողը ՀՀ քաղաքացի կամ ՀՀ երկքաղաքացի է) կամ այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու մասին (եթե դիմողը Ուկրաինայի քաղաքացի է)։ Միաժամանակ, հաշվի առնելով առկա դիմումները՝ առաջարկվում է նաև որոշման գործողությունը տարածել նաև այն դեպքերի վրա, երբ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի գործն Ուկրաինայից պահանջելու դիմումը ներկայացվել է 2021 թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո։
Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացի գործողության ժամկետը երկարաձգվել է
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, ըստ որի՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը պետք է դարձնել շարունակական։ Միջոցառումը նախատեսված էր իրականացվել մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը։ Այսպիսով, անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումն անհրաժեշտ է դարձնել շարունակական՝ դրա գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2023 թ. հունիսի 30-ը: 2022 թ. նոյեմբերին անկանխիկ գործարք են կատարել շուրջ 59,000 շահառուներ: Ընդ որում, ծրագրի մեկնարկի համեմատ հոկտեմբերին գործարքների ծավալները քառապատկվել են: Արդյունքում, առկա են շուրջ 1 մլրդ 950 մլն անկանխիկ գործարքներ, որի դիմաց ՀՀ պետբյուջեից փոխանցվել է հետվճար՝ շուրջ 195 մլն դրամ, որը յուրաքանչյուր թոշակառուի հաշվարկով կազմում է՝ միջինը 3100 դրամ։
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
Կառավարության որոշումներով «Նոր փրոջեկտս» և «Սոլարա» ՍՊ ընկերությունները կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
«Նոր փրոջեկտս»-ը ներմուծվող սարքավորումները և հումքը նախատեսում է օգտագործել կահույքի արտադրության համար։ Ընկերությունը հանդիսանում է Կարպիզա, Ջեոքս, Հենդերսոն և Էկկո համաշխարհային բրենդների խանութների կահույքի պաշտոնական մատակարարը՝ ԵՄ-ում, ԱՊՀ-ում, Միջին Արևելքում և Ասիական երկրներում՝ գրանցելով բացառիկ հաջողություններ հայաստանյան կահույքագործության պատմության մեջ: 2018 թ. հիմնադրված ընկերությունը արտադրությունն իրականացելու է Երևանում։ Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2025թ. ավարտը նախատեսվում է կառուցել նոր արտադրական համալիր, շուրջ 6,000 քմ մակերեսով, ձեռք բերել ժամանակակից արտադրական սարքավորումներ և տեխնիկա, ինչպես նաև հագեցնել արտադրությունը նորարարական տեխնոլոգիաներով և ծրագրային լուծումներով, ինչը հնարավորություն կտա շուրջ 3 անգամ ավելացնել արտադրության և արտահանման ծավալները և ավելի քան 2 անգամ ավելացնել աշխատատեղերի քանակը։ Գործունեության ընթացքում կատարվել է 330 մլն ՀՀ դրամի ներդրում հիմնական միջոցների և շրջանառու կապիտալի մեջ, ինչպես նաև նոր արտադրական համալիրի համար նախատեսված տարածքի և շինությունների ձեռքբերման համար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1.6մլրդ դրամի ներդրում, որից շուրջ 300 մլն-ը տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի ձեռքբերման համար, 150մլն-ը նոր արտադրական համալիրի շինարարության համար, իսկ մնացածը հումքի և նյութերի ձեռքբերման համար: Կստեղծվի 111 նոր աշխատատեղ՝ մինչև 489 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 99.5 մլն դրամ։
«Սոլարա» ընկերությունը ձեռք է բերելու անոդացված ալյումինե դետալների արտադրության հոսքագիծ, որի միջոցով հնարավոր է լինելու արտադրել ալյումինե պրոֆիլներ՝ նախատեսված արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար։ Կայանների բացումը նախատեսվում է 2023 թ. կեսին։ Ծրագիրն իրականացվելու է Աբովյանում։ 2019 թ. հիմնադրված ընկերությունն արդեն իսկ իրականացվել է 355.7 մլն դրամի ներդրում, ձեռք են բերվել տարածքները, որտեղ կազմակերպվելու է ամբողջ գործունեությունը։ Ձեռքբերված տարածքներում կատարվել են 111 մլն դրամի ներդրում՝ ուղղված վերականգնման և վերակառուցման աշխատանքներին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4 մլրդ դրամի ներդրում։ Նախատեսվող ներդրումների մի մասը օգտագործվել է գործունեության իրականացման համար անհրաժեշտ տարածքների և հավաքովի շենքերի, ալյումինե հոսքագծի ձեռքբերման համար։ Ներդրումների մյուս մասը նախատեսվում է օգտագործել ձեռքբերված տարածքների վերականգնման, վերանորոգման, նոր շենք-շինությունների կառուցման համար, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ մասերի, հումքի և նյութերի ձեռքբերման և դրանից բխող աշխատանքների կազմակերպման և իրականացման համար։ Ծրագրի շրջանակում կստեղծվի 170-190 նոր աշխատատեղ՝ մինչև 650 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 309 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 30 մլն դրամ:
Կառավարության 2022 թվականի վերջին նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը նախապես շնորհավորել է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթել հաջողություններ: