Մամլո հաղորդագրություններ

Սպորտին տալիս ենք ռազմավարական նշանակություն. Վարչապետը ներկա է գտնվել 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը

30.12.2022

ևս 23 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ներկա է գտնվել 2022 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, հայկական սպորտի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Կառավարության հարգելի ներկայացուցիչներ,
Գործադիր իշխանության, օրենսդիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ,
Հարգելի չեմպիոններ, մարզիչներ,
Հարգելի մարզիկներ,
Հարգելի ներկաներ,

Նախ պիտի շնորհակալություն հայտնեմ բոլորիդ այդ առաքելությունն իրականացնելու համար, որովհետև սպորտը մեզ համար, ինչպես ասել եմ, պետական առաքելություն է: Սպորտը մեր պետության, մեր հանրության գործունեության, արտաքին, ներքին քաղաքականության, ծրագրերի և ռազմավարության շարունակությունն է: Մենք ռազմավարական նշանակություն ենք տալիս սպորտին, որովհետև սպորտը պետականության և դրոշի մասին է: Այնտեղ, որտեղ մենք չենք կարողացել բավարար բարձրության պահել մեր դրոշը, այնտեղ, որտեղ մեր ձեռքից ընկել է մեր դրոշը, դուք այդ դրոշը բարձրացրել եք: Սա ամենակարևոր առաքելությունն է:

Ես կրկնակի ուրախ եմ, որ մեր մի քանի տարի առաջ ունեցած խոսակցությունը կամ մի քանի տարի առաջ սկսած և տարբեր փուլերով անցած խոսակցությունը հասել է այս կետին, որ արձագանքում ենք իրար: Դուք արձագանքում եք մեր քայլերին, մենք արձագանքում ենք ձեր քայլերին, և դրա արդյունքում ստանում ենք համապետական մի արդյունք: Դա մի արդյունք է, որը չի ճանաչում ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանություն, ո՛չ հարուստ, ո՛չ սոցիալապես ոչ այնքան ապահով, որովհետև երբ դուք հաղթում եք, նույնիսկ ամենամոլի ընդդիմադիրները պատրաստ են գրկախառնվել և իրար համբուրել, որովհետև հպարտ են զգում իրենց և երջանիկ: Սա մեր բոլորի ձեռքբերումն է:

Նախարարի տեղակալն արդեն ընդգծեց, ճիշտն ասած մենք մի քանի անգամ այդ թեմաներով խոսել ենք, բայց նույնիսկ ես տպավորված եմ: Ես ուզում եմ մեր խոսակցության մի ուրիշ բան հիշեցնել, երբ հերթական հանդիպումներից մեկի արդյունքներով նախարարի տեղակալն ինձ ասաց, որ բյուջեով նախատեսված միջոցներն արդեն ավարտվում են, երբ մենք պիտի պարգևատրենք մրցանակակիրներին: Ես ասացի՝ մեդալները ձեզնից, փողը մեզնից: Ես ուրախ եմ, որ մենք այդ խոստումը ոչ միայն կատարել ենք, այլև գերակատարել ենք: Հիմա էլի պաշտոնապես ասում եմ՝ մենք ամեն ինչ անելու ենք հանուն ձեր հաղթանակի, որովհետև ձեր հաղթանակը Հայաստանի Հանրապետության հաղթանակն է:

Ուզում եմ ևս մի խոստում պաշտոնապես կրկնել: Բոլոր օլիմպիական չեմպիոնների անվամբ մարզադպրոցներ ենք կառուցելու: Իրենք հենց չեմպիոն դարձան, դեռ չվերադարձած, օդանավի մեջ՝ արդեն կառավարությունում գործընթացը սկսվելու է: Էլ չեմ ասում մնացած բաների մասին:

Ուզում եմ հիշեցնել նաև մի պայմանավորվածություն, որը ձեռք բերեցինք, կարծես թե 2021 թվականին, որ մենք Հայաստանի օլիմպիական կոմիտեի հետ համատեղ գործողությունների ծրագիր և անելիքների պլան պիտի մշակենք: Կարծում եմ, որ 2022 թվականի արդյունքներով ժամանակն է համադրել մեր արածները, թե փոխադարձաբար որքան միջոց ենք ներդրել, ջանք ենք ներդրել և արդեն պլանավորենք առաջիկա անելիքը:

Շատ ուրախությամբ պիտի արձանագրեմ նաև մի հանգամանք՝ ես տեսնում եմ, որ մարզական համայնքում համերաշխության որոշակի մթնոլորտ կա, և սա շատ կարևոր է: Ես ձեզ խնդրում եմ՝ դա անպայման պահեք: Անպայման պահեք և պահպանեք: Բոլոր վեճերը թողեք մեզ, մենք ամեն ինչ կանենք ձեր վեճերը լուծելու համար, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դուք նպատակից չշեղվեք:

Պարզ է, որ մեր պետության հնարավորություններն անսահամանափակ չեն, բայց մեր նպատակն այն է՝ ամեն ինչ անել, որ մարզիկը զբաղվի սպորտով և ստիպված չլինի ամենատարբեր և լրացուցիչ սպորտի հետ կապ չունեցող գործունեությամբ զբաղվել իր մարզական գործունեության արդյունքում կրած վնասները փոխհատուցելու համար:

Իհարկե, այն ինչ ասում եմ, իդեալական չէ, բայց հույս ունեմ՝ դուք տեսնում եք, որ մեր խոսքը, մեր ցանկությունը, մեր ջանքն անկեղծ է: Անում ենք այնքան, ինչքան հնարավոր է: Իրար հետ, քայլ-պատասխան, քայլ-պատասխան՝ դրանով մեր երկրի հնարավորություններն են աճելու, հեղինակությունն է մեծանալու:

Մենք, իհարկե, մեր ռազմավարական նպատակին պիտի հասնենք. մինչև 2050 թվականը՝ առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ, դա նշանակում է, որ 25 կամ կրկնակի չեմպիոններ լինեն. 25 մարզադպրոց՝ ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող, նորագույն գույքով, նորագույն տեխնիկայով: Ուրեմն՝ մինչև 2050 թվականն առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ և ֆուտբոլի Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության մրցանակ: Սա է մեր ռազմավարական նպատակը, և մենք իրար հետ շարժվում ենք դեպի այդ նպատակը:

Կրկին շնորհակալ եմ բոլորիդ: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ: Դուք մեր երեսը պարզ արեցիք:

Շնորհակալ եմ դրա համար»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն, ամփոփելով մարզական տարին, ներկայացրել է տարվա ընթացքում հայ մարզիկների նշանակալի նվաճումները, ինչպես նաև անդրադարձել հաջորդ տարվա ընթացքում սպորտի զարգացմանը միտված պետական միջոցառումներին, մարզադպրոցների կառուցման և վերակառուցման ծրագրերին: «19 մարզաձևերից Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճեցինք 307 մեդալ, վերջինը՝ այսօր Հայկ Մարտիրոսյանը նվաճեց կայծակնային շախմատի Աշխարհի առաջնությունում՝ արժանանալով բրոնզե մեդալի: Այսպիսով, ստացանք 104 ոսկե, 70 արծաթե և 133 բրոնզե մեդալ: Համեմատության համար նշենք, որ անցած տարի նվաճած մեդալների քանակը 199 է, իսկ մեր լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին՝ 222 մեդալ»,-ասել է Կարեն Գիլոյանը:

10 լավագույն մարզիկներին պարգևները հանձնել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:

2022 թվականին Հանրապետության 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել՝ Արթուր Ալեքսանյանը (ըմբշամարտ, աշխարհի առաջնության չեմպիոն), Մալխաս Ամոյանը (ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ), Հովհաննես Բաչկովը (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն), Սամվել Գասպարյանը (ծանրամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն), Արթուր Դավթյանը (սպորտային մարմնամարզություն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն), Վարազդատ Լալայանը (ծանրամարտ, աշխարհի առաջնություն 3-րդ տեղ, Եվրոպայի փոխչեմպիոն), Արսեն Հարությունյանը (ըմբշամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն), Անի Հովսեփյանը (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն), Հարություն Մերդինյանը (սպորտային մարմնամարզություն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն) և Լիլիթ Մկրտչյանը (հրաձգություն, Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ): Հանրապետության նախագահը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Արթուր Դավթյանին պարգևատրել է Առաջին աստիճանի մեդալով:
 

← Վերադառնալ