Մամլո հաղորդագրություններ

Կամավոր աշխատանքի բնագավառում կսահմանվեն միասնական իրավական հիմքեր. կկնքվեն կամավոր աշխատանքի մասին պայմանագրեր

06.04.2023

ևս 5 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին և հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը:

Գործադիրի հավանության է արժանացել «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Օրինագծերով առաջարկվող օրենսդրական կարգավորումները հիմնականում նպատակաուղղված են կամավորության ինստիտուտի կայացմանը, այդ թվում՝ հասարակության լայն շերտերի կամավոր աշխատանքների ներգրավելու համար անհրաժեշտ նախապայմաններ ամրագրելուն, հասարակության մեջ խոցելի խմբերի նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքի, փոխօգնության մթնոլորտի ձևավորմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանն ու կենսակերպի բարելավմանն աջակցելուն, ինչպես նաև ինքնակազմակերպվող ու քաղաքացիական ակտիվ հասարակություն ձևավորելուն: Օրենքի ընդունմամբ կամրագրվեն կամավոր աշխատանքի ամբողջական և միասնական օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև կամավորության ինստիտուտի կայացման և մշակույթի տարածման համար անհրաժեշտ պայմաններն ու մեխանիզմները: Մասնավորապես, օրենքի ընդունմամբ կազմակերպությունների համար կնախատեսվեն իրենց աշխատողներից բացի կամավորների աշխատանքն օգտագործելու իրավունք, ծախսերի հատուցման մասով որոշակի հարկային արտոնությունների սահմանում, արտակարգ իրավիճակներում արագ գործելու հնարավորություն և այլ խնդիրների լուծում։ Նախատեսվել է, որ կազմակերպության կողմից ներգրավվող կամավորների հետ կնքվելու են կամավոր աշխատանքի մասին պայմանագրեր: Օրենքի նախագծով նախատեսվել է նաև այն կազմակերպությունների շրջանակը, որոնք իրավունք են ունենալու, անհրաժեշտության դեպքում, ներգրավելու կամավորների: Օրինագծով նախատեսվել է ապահովագրության վերաբերյալ կարգավորումները սահմանել կամավոր աշխատանքի մասին պայմանագրով` հաշվի առնելով այն, որ տվյալ դեպքում, չի ենթադրվում, որ բոլոր կամավոր աշխատանքների համար են կամավորներն ունենալու ապահովագրություն: Այլ՝ ապահովագրության պայմաններն ու ծածկույթի շրջանակը կախված է լինելու հնարավոր ռիսկերի առկայությունից ու կատարվող աշխատանքների բնույթից և կարգավորվելու է կողմերի համաձայնությամբ՝ պայմանագրային կարգով: Օրենքի նախագծով կամավորների համար նախատեսվում են կամավոր աշխատանքի շրջանակում օրենքով սահմանված պարտականությունները կատարելիս կրած վնասի հատուցման երաշխիքներ: «Աշխատանքի շուկան Հայաստանում» վիճակագրական գրքույկների տվյալների համաձայն` ՀՀ աշխատանքային գործունեության մեջ ներգրավված բնակչության (15-74 տարեկան բնակչություն) 11.3 տոկոսը (247,200 անձ)` 2018 թ. ընթացքում, 11.5 տոկոսը (252,500 անձ)` 2018 թ. ընթացքում, 11.1 տոկոսը` 245,000 անձ)` 2019 թ. ընթացքում կատարել է կամավոր աշխատանք:

Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, օրինագծերի փաթեթի ընդունմամբ կսահմանվեն կամավոր աշխատանքն անօրինական աշխատանքից առանձնացնելու հստակ կարգավորումներ: «Այն հնարավորություն կտա նաև քաղաքացիներին կամավոր աշխատանքի արդյունքում ձեռք բերել մասնագիտական փորձառություն և ապա հեշտությամբ աշխատանք գտնել: Միաժամանակ, կամավորների համար կամրագրվի կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, տեղեկանք, երաշխավորագիր ունենալու հնարավորություն: Այդ տեղեկությունները կգեներացվեն տեղեկատվական թվային համակարգում, որը նաև կապահովի կամավորական աշխատանքի հետագծելիությունը: Արդյունքում՝ կապահովվի նաև աշխատանքի շուկա մուտք գործելու, նոր գիտելիք և մասնագիտական փորձառություն ձեռք բերելու հնարավորություն, ինչը կնպաստի աշխատաշուկայում անձանց մրցունակության բարձրացմանը»,-ասել է նախարարը:

Կարևորելով օրինագծերի ընդունումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն հնարավորություն կտա լուծել ոլորտում առկա մի շարք հարցեր: «Առաջին՝ այն կխթանի աշխատանքի շուկա նոր ուժերի ներգրավմանը: Բազմաթիվ են դեպքերը, երբ աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ է լինում աշխատանքային փորձառություն: Այսպիսով՝ կամավոր աշխատանքը կհամարվի նաև մասնագիտական փորձառություն աշխատանքի ընդունվելու պարագայում: Հաջորդ առանձնահատկությունն այս նախագծի մշակութային և քաղաքակրթական կարևորությունն է՝ հանրային համերաշխության և հանրային փոխօգնության առումով: Կամավոր աշխատանքը կարող է լինել խնամքի կենտրոններում, առողջապահական հիմնարկներում և այլ վայրերում»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև դրական այս բարեփոխումը չարաշահումների սիրահարների համար գործելու հարթակ չստեղծելու անհրաժեշտությունը. «Այդ առումով հանձնարարել եմ ստեղծել կամավորությունը թվային հետագծելիության մեխանիզմ: Կստեղծվի նաև կամավորության պատմության շատ կարճ ֆորմալ հաշվետվողականության որոշակի մեխանիզմ: Գաղափարը հետևյալն է՝ կամավորը կստանա որոշակի կոդ, վերջինիս համար կբացվի վիրտուալ տարածք, որտեղ նա կնկարագրի, թե որտեղ, ինչ աշխատանք է իրականացրել»:

Համայնքների բյուջեները կհամալրվեն ֆինանսական միջոցների նոր աղբյուրով

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունմամբ համայնքների բյուջեները կհամալրվեն ֆինանսական միջոցների նոր աղբյուրով, այն է՝ համայնքի տարածքում նաև օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից 30 տոկոսի չափով մասհանումներով: Ըստ հիմնավորման՝ գործող օրենքներով սահմանվում է, որ համայնքների բյուջեների ֆոնդային մասն ի թիվս այլ եկամուտների ներառում է իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցները: Նշված օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցների 30 տոկոսն ուղղվում է համապատասխան համայնքի բյուջեի ֆոնդային մաս, որից հետո համայնքը ներկայացնում է այդ միջոցների տնօրինման ծրագիր: 2006 թվականից ի վեր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել շուրջ 35 նման ծրագրի: Այդ ծրագրերի իրականացմամբ մասամբ կամ ամբողջապես լուծվել են շահառու համայնքների բնակչության խմելու և ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրները: Պետական գույքի մասնավորեցումից կամ օտարումից ստացված միջոցների տնօրինման հարցում համայնքներն իրենց կատարած ծրագրերով ապացուցել են, որ ի զորու են մշակել և իրենց միջոցների համաֆինանսավորմամբ իրականացնել համայնքների և պետության զարգացմանն ուղղված ծրագրեր: Այդ նպատակով համայնքերին հատկացվող ֆինանսական միջոցների համար լրացուցիչ աղբյուր են դիտարկվում համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցները:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ըստ այդմ շարունակվում է տեղական ինքնակառավարման ինստիտուտի ուժեղացման գործընթացը: «Սա մեր քաղաքական կամքն է: Ես ուզում եմ հիշեցնել, որ նաև մենք հանքարդյունաբերության ոլորտում այդպիսի կարգավորում արեցինք և հիմա ոչ միայն օրենքներով, այլև կոնկրետ ծրագրերում ենք այդ պրակտիկան դնում: Ես ուզում եմ հիշեցնել Ամուլսարի հանքի հետ կապված մեր ստորագրած մտադրությունների հուշագիրը, որտեղ տարեկան 7 մլն դոլար հատկացվում էր ազդակիր համայնքներին: Եվ ուզում եմ ընդգծել, որ մենք նաև քաղաքականապես ենք ուժեղացնում տեղական ինքնակառավարման մարմինները: Ըստ էության, խոշորացման վերջնական փուլին ենք հասել, տեղեր կան, որ պետք է կարգավորենք: Ես ուզում եմ ընդգծել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ինստիտուտի ուժեղացման փաստը: Ընդամենը մի բան ասեմ, որ մարտի 26-ին երկու համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և չնայած ընտրական պայքարը եղել է շատ լարված՝ քաղաքական, ընտրությունների արդյունքներով թեկնածուների վստահված անձանց ընտրական հանձնաժողովների անդամների կողմից վերահաշվարկի դիմումներ չեն ստացվել: Սա նշանակում է, որ ընտրական պրոցեսը, քվեարկությունը, ձայների հաշվարկը տեղի է ունեցել այնքան թափանցիկ և այնքան օրինական, որ որևէ մեկը այն վիճարկելու որևէ հիմք չի տեսել: Եվ ես կուզենայի, որ մենք ահա այս բոլոր որոշումները բյուջեների, սուբվենցիաների հետ կապված, օրենսդրական փոփոխությունները, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները և հետագա լավարկումները հենց այս համատեքստում նայենք: Այո՛, տեղական ինքնակառավարման մարմինների ուժեղացումը կառավարության քաղաքականությունն է, որովհետև ՏԻՄ ուժեղացում նշանակում է քաղաքացու ուժեղացում, որովհետև մենք իշխանությունը հնարավորինս մոտեցնում ենք քաղաքացուն, և քաղաքացու որոշումների վճռական դերը գնալով ավելի պիտի մեծացնենք»,-ասել է վարչապետը:

Սյունիքի մարզում կրթահամալիրներ ստեղծելու նպատակով կհատկացվի 440 մլն 290 հազար դրամ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է վերաբաշխում կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պետբյուջեով հատկացված միջոցներից և 440 մլն 290 հազար դրամ ուղղել ՀՀ Սյունիքի մարզում կրթահամալիրի ստեղծման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը: Հիմնավորման համաձայն՝ Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել կրթահամալիրներ: ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի, ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ, ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելներ։ Ծրագրի իրագործման նպատակով ՀՀ 2023թ.-ի պետական բյուջեով նախատեսված է եղել գումար Կապանում 3 կրթահամալիրի ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար: Սակայն հաշվի առնելով, որ ծրագրի նպատակների իրագործման առանձնահատկություններն են՝ փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող դպրոցները, նախադպրոցական ծառայությունների բացակայությունը և շահառու երեխաների փոքր թիվը, տեղի ունեցան նոր քննարկումներ և այցեր, որոնց արդյունքում վերանայվեց ընդհանուր Սյունիքի մարզի կրթահամալիրների ցանկն ու կրթական կենտրոնները: Ներկայումս նախատեսվում է ստեղծել թվով 40 կրթահամալիր, որից 7-ը՝ Կապանում, 33-ը՝ Սյունիքի մարզի մյուս 7 խոշորացված համայնքում: Որոշմամբ նախատեսվում է գումար հատկացնել ինչպես ՆՆՓ ձեռքբերման, այնպես էլ դրանց տեղակապման և փորձաքննության համար: Կրթահամալիրները բաժանվել են 4 խմբի՝ ըստ հզորությունների և տիպի: Ընդհանուր կառուցվելու է 36 կրթահամալիր, 3 մոդուլային դպրոց, որոնք արդեն կառուցման փուլում են, և Տեղի թիվ 1 դպրոցը, որի շենքային պայմանները լավ վիճակում են, վերափոխվելու են կրթահամալիրների:

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցը երկար քննարկվել է և այժմ անցում է կատարվում դրա իրագործմանը. «Հիմա մենք արդեն նախագծման աշխատանքներն ենք իրականացնում՝ Սյունիքի մարզում կրթահամալիրների, ներառյալ ճանապարհների, տրանսպորտային միջոցների: Խոսել էինք այն մասին, թե վարորդներն ինչ արտաքին տեսք, որակավորում պիտի ունենան, միկրոավտոբուսներն ինչ չափանիշների պետք է համապատասխանեն, ճանապարհներն ինչ վիճակում պետք է լինեն և այլն»:

Կառուցվող մոդուլային դպրոցների հետագայում ոչ լիարժեք ծանրաբեռնված լինելու հարցի լուծումը վարչապետը տեսնում է այդ դպրոցների շուրջ համայնքների զարգացման ծրագրերի իրականացմամբ: «Կոնկրետ այն համայնքներում, որտեղ մենք նման դպրոց ենք կառուցում, ուզում ենք հասկանալ, թե ինչ անենք, որպեսզի մեր գյուղական բնակավայրերի բնակչությունը ոչ թե նվազի, այլ ավելանա: Մենք պետք է պատշաճ պայմաններ ստեղծենք: Այս առումով դպրոցը, նախակրթարանը կամ մանկապարտեզը առանցքային նշանակություն ունեն: Կարևոր նշանակություն ունեն նաև ամբուլատորիաների կառուցման և վերականգնման ծրագրերը: Ամբուլատոր ծառայությունները և կրթական ծառայությունները պարտադիր չէ հենց նույն տեղում լինեն, բայց հասանելիության որոշակի միջավայր պետք է ապահովենք և նաև մեր ծրագրերով խթանենք ահա այսպիսի բնակավայրերում մարդկանց բնակվելը: Արդեն հանձնարարականներ տվել եմ: Մենք նաև բնակարանների գնման վկայագրերի տարբեր ծրագրերով ենք դա խթանում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ դպրոցները և առողջապահության առաջնային պահպանման օղակները պետք է դառնան այդ գյուղերի և բնակավայրերի զարգացման անկյունաքարերը, որի ուղղությամբ պետությունը հսկայածավալ կապիտալ ներդրում է անում: «Դպրոցների շենքերը պետք է դառնան նաև համայնքային կյանքի կենտրոններ՝ երեխաների դասապրոցեսից հետո: Այնտեղ ժամանակակից դահլիճներ կան, ինչը շատ ուրախալի է: Կանանց տնտեսական ակտիվացման, գյուղատնտեսության ոլորտի կառավարման թեմաներով, ինչպես նաև մշակութային ծրագրեր պետք է իրականացնենք: Այսինքն՝ այդ գյուղերն պետք է դարձնենք այնպիսի տեղ, որտեղ ապրելն իսկապես հարմարավետ է»,-ասել է կառավարության ղեկավարը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ պետբյուջեի վերաբաշխման միջոցով 152,147.7 հազար դրամ կուղղվի ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ծանրամարտի մարզադահլիճի կառուցման ավարտական աշխատանքներին և մարզադահլիճի համար գույքի ձեռքբերմանը: Ըստ հիմնավորման՝ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ծանրամարտի մարզադահլիճի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021թ.-ի հոկտեմբերին և նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում: Մարզադահլիճի կառուցման ընդհանուր արժեքը կազմում է 554,276.2 հազար դրամ: Միաժամանակ, նախատեսվում է նոր կառուցվող մարզադահլիճը համալրել համապատասխան գույքով, ինչի համար ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է գույքի ձեռքբերման պայմանով մրցույթ. 59,524.0 հազար դրամ նախատեսվում է հատկացնել գույքի ձեռքբերման համար:

Պետբյուջեի հարկային եկամուտները 2023 թ. առաջին եռամսյակում գերակատարվել են 14 միլիարդ դրամով

Պետական բյուջեի հարկային եկամուտները 2023 թվականի առաջին եռամսյակում գերակատարվել են 14 միլիարդ դրամով։ Այս մասին նիստի ժամանակ տեղեկացրել է վարչապետը և նշել. «Ավելին, առաջին եռամսյակի եկամուտները 2022 թվականի առաջին եռամսյակի նկատմամբ աճել են 15,2 տոկոսով կամ շուրջ 60,8 միլիարդ դրամով։ 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հավաքագրված գումարներից հարկ վճարողներին վերադարձվել է 93,5 միլիարդ դրամ, որը 2022 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 82 տոկոսով կամ 42,2 միլիարդ դրամով: Սա հիշեցնեմ՝ այն դեպքն է, երբ մենք ավելացված հարկի, մի շարք հարկատեսակների գծով վերադարձնում ենք: 2018 թվականի դրությամբ Հայաստանում շուրջ 60 մլրդ դրամի այսպիսի գումար կար, որը տասնյակ տարիներով չէր վճարվել»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաջին եռամսյակում հավաքագրված գումարներից ֆիզիկական անձանց վերադարձվել է 13.4 մլրդ դրամ եկամտային հարկ, որը 2022 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 4.4 մլրդ դրամով կամ 49 տոկոսով. «Սա այն պարագան է, երբ արդեն հատուկ օրենսդրական կարգավորմամբ մենք եկամտային հարկերից վերադարձնում ենք, մասնավորապես, հիփոթեքային վարկերի վճարման համար: Սա նշանակում է, որ մենք մարդկանց աջակցում ենք նորակառույցներում բնակարաններ են ձեռք բերելու համար»:

2023 թվականի առաջին եռամսյակում դուրս է գրվել 2.4 տրիլիոն դրամի հաշվարկային փաստաթուղթ, որը 2022-ի առաջին եռամսյակի համեմատ ավելի է 591 միլիարդ դրամով կամ 31.3 տոկոսով. «Եթե վերցնենք միայն ՀԴՄ կտրոնները, ապա 2023-ի առաջին եռամսյակում տպվել է 564 մլրդ դրամի ՀԴՄ, որը 2022-ի առաջին եռամսյակի համեմատ ավելի է 48.7 մլրդ դրամով կամ 9.4 տոկոսով: Սա շատ կարևոր եմ համարում և ուզում եմ կրկին և անհոգնել, անընդհատ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր օրինապաշտ, օրինապահ հարկ վճարողներին, որովհետև նրանց գործունեության, աշխատանքի և օրինապահության արդյունքում է, որ մենք այս մասշտաբների ծրագրեր ենք կարողանում իրականացնել: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ, ցավոք, մենք այստեղ շատ լուրջ խորքային պրոբլեմներ ենք շարունակում ունենալ: Չնայած լավ լուրն այն է, որ վերջերս մեր իրավապահ համակարգի գործունեության արդյունքում հարկերից խուսափելու մի նոր տեխնոլոգիական սխեմա ենք բացահայտել, որը դեռ մեզ շատ ինֆորմացիա կտա: Ես ուզում եմ այս ուղերձը շատ հստակ լինի՝ հարկերից խուսափելու պարագայում որևէ մեկը որևէ կոմպրոմիսի հույս չի կարող ունենալ, որովհետև խոսքը մեր երկրի այսօրվա և ապագայի կարիքները հոգալու պետության հնարավորության մասին է։ Ես ուզում եմ քաջալերել մեր իրավապահ մարմիններին, որպեսզի այս ուղղությամբ աշխատանքները շարունակվեն»:

Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջապես լրահոսում տեսնում ենք, որ թափ է առնում ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը. «Մենք 5 տարի շարունակ այդ մասին խոսել ենք, և որի բացակայության համար ամենաշատն ենք քննադատվել։ Խոսքն ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմների մասին է: Մենք տեսնում ենք, որ այս ուղղությամբ Գլխավոր դատախազությունը շատ ակտիվ աշխատում է։ Հույս ունեմ, որ հարցի էությունը նաև իրավաբանական բանավեճերի մեջ չի կորսվի, և սա շատ կարևոր գործընթաց եմ համարում։ Եվ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ապօրինի գույքի և հարկերից խուսափելու թեմայով մենք պետք է հստակ արձանագրենք, թե ինչի մասին է՝ դա մեր երեխաների չստացած կրթությունն է, դա մեր անվտանգային չապահովված իրավիճակն է, դա մեր երկրի բարեկեցության մակարդակն է և այլն։ Իհարկե, բաներ կան, որ այլևս անվերադարձ կորսված են, ամենակարևորը՝ ժամանակը, բայց նաև հիմա շատ կարևոր է, որ մենք հանրության առաջ մեր ստանձնած պարտավորություններում լինենք սկզբունքային։ Դարձյալ ուզում եմ ընդգծել ՀՀ կառավարության և քաղաքական մեծամասնության քաղաքական կամքը՝ այս ամենը երբեք ու երբեք չի վերաբերել ու չի կարող վերաբերել միայն նախկինում տեղի ունեցած դեպքերին։ Մեզ համար որևէ տարբերություն չկա՝ դա երեկ է տեղի ունեցել, թե այսօր է տեղի ունենում: Մեր խնդիրն է՝ ապահովել, որպեսզի վաղն այդ նույն բանը տեղի չունենա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այդ համատեքստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է անկանխիկ գործարքների և կանխիկի սահմանափակումների շրջանակում կառավարության ձեռնարկած միջոցառումների ընթացքը. «Օրենքի ընդունումից հետո, մենք ունեինք շուրջ 40940 սուբյեկտ, որոնց մոտ ՀԴՄ-երի վրա ակտիվացված չէր պոստերմինալները: Այսօր Կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում կարող եմ ասել, որ մոտ ենք 100 տոկոս ցուցանիշին, որտեղ պոստերմինալներն ակտիվացած են: Ընդհանուր ՝ իմ նշած թվի 10 տոկոսից էլ ավելի քիչ հատվածում է, որ վերջնական միջոցառումներ չեն ձեռնարկվել: Բոլորի նկատմամբ իրականացվում է խիստ հսկողություն, որպեսզի օրենքի պահանջը վերջնականապես իրականացվի: Նշեմ, որ կանխիկի սահմանափակումները ոչ միայն հսկիչ դրամարկղի միջոցով կատարվող գործարքների նկատմամբ է կիրառվում, այլ նաև խոշոր: Վերջին շրջանում ՊԵԿ-ն այդպիսի հսկիչ գնումներ էլ է անում: Սկսած բնակարաններից, և այդպիսի այլ ծրագրեր էլ ունենք, և մեր հորդորն ու կոչն է, որպեսզի կանխիկի սահմանափակումները խստիվ պահպանվեն, հակառակ դեպքում՝ օրենսդրության բավական խիստ միջոցներ են նախատեսված»:

Անդրադառնալով օրինապահ հարկ վճարողներին՝ Ռուստամ Բադասյանը հայտնել է. «Ապրիլի 19-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է հարկ վճարողի օրը: Այս տարի ՊԵԿ-ը պլանավորել է բավական լայն միջոցառումներ իրականացնել և նաև մեր վերաբերմունքն արտահայտել այն մարդկանց նկատմամբ, ովքեր բացառապես օրինապահ միջոցներով են հարստանում և հարստացնում մեր պետությունը»:

Վարչապետը հանձնարարել է պետական կառույցներին դադարեցնել տարբեր բարեգործություններ ընդունելու պրակտիկան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառույցներին հանձնարարել է դադարեցնել տարբեր բարեգործություններ ընդունելու պրակտիկան։ «Կարծում եմ՝ պետք է ընդհանրապես դադարեցնել այն պրակտիկան, երբ պետական ձեռնարկությունները դառնում են մեր պատկերացրած ավանդական բարեգործության օբյեկտ: Օրինակ՝ 4 հատ աթոռ, հեռուստացույց և այլն։ Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է և՛ աթոռ, և՛ հեռուստացույց գնել։ Բայց, մյուս կողմից, կան ընկերություններ, կան մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել բարեգործության մեջ: Այստեղ մենք պետք է բովանդակային փոփոխություն անենք, բոլոր բարեգործական ծրագրերը պետք է տեղավորվեն կառավարության ռազմավարությունների շրջանակում: Օրինակ, մենք որոշել ենք, որ կրթահամալիր ենք կառուցելու, դրա գույքը պետք է լինի բացարձակ նոր՝ մեր սահմանած չափանիշներին համապատասխան։ Բարեգործների համար, կարծում եմ, հնարավորություն կա՝ բացելու հատուկ հաշվեհամար, որ ովքեր ուզում են, թեկուզ հասցեական այսինչ կրթահամալիրի համար գումար տան՝ խնդրելով օգտագործել հենց այդ նպատակով գույք ձեռք բերելու համար»,-ասել է կառավարության ղեկավարը՝ նշելով, որ ով ուզում է անել բարեգործություն, թող մասնակցի կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացմանը։

Վարչապետը հանձնարարել է Ֆինանսների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հստակ կանոնանակարգել հարցը, հրապարակել դրա վերաբերյալ կանոնները, գրավոր հանձնարարականներ են տալ բոլոր տնօրեններին:

Պարեկային ոստիկանության անձնակազմում կանանց ներգրավվածությունը պետք է լինի 30 տոկոս

Հայաստանի Հանրապետությունում թևակոխել ենք Պարեկային ոստիկանության ներդրման վերջին փուլ: Այս մասին կառավարության նիստում հայտնել է վարչապետը և նշել, որ դրա համար առաջիկայում դասընթացներ կսկսվեն Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունքի մարզերում: «Մենք ի սկզբանե խնդիր էինք դրել, որ Պարեկային ոստիկանության անձնակազմի առնվազն 30 տոկոսն ապահովել կանանցով: Այդ խնդիրն այս պահի դրությամբ լուծված չէ, բայց մենք չենք հուսահատվում ու չենք շեղվելու այս օրակարգից»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ առաջիկա օրերին Ներքին գործերի նախարարությունում կհայտարարվի նոր ընդունելություն բացառապես կանանց համար. «Սա նշանակում է, որ առաջիկայում պլանավորում ենք ամենատարբեր պատճառներով Պարեկային ոստիկանությունում առաջացող ու առկա հաստիքները լրացնել միայն կանանցով։ Ընդունելությունը կտևի բավականին երկար, մեկ, երկու, գուցե՝ երեք ամիս»:

Վարչապետը նշել է նաև, որ այս հարցում ակնկալում է նախարարների, մարզպետների ու հատկապես պետական կառավարման համակարգում ընդգրկված կին առաջնորդների աջակցությունը:

Նշենք նաև, որ չզեկուցվող հարցերի փաթեթով կառավարությանն ընդունել է որոշում՝ ՀՀ ոստիկանության Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գործունեությունը պատշաճ իրականացնելու նպատակով անհրաժեշտ այլ մեքենաներ և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության ստորաբաժանումների շենքային պայմանների բարելավման նպատակով։

Կապահովվի հեռավար ուսուցմամբ սովորող ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու համար օրենսդրական հիմք

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգում՝ հեռավար ուսուցմամբ սովորող ուսանողներին ուսման վարձավճարի փոխհատուցում հատկացնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու ընթացքում հայտնաբերված խնդիրներով պայմանավորված: Գործող կարգով՝ ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է հատկացվում որոշակի խմբերին պատկանող ուսանողներին, ովքեր սովորում են ՀՀ-ում գործող, հավատարմագրում ունեցող և ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղեր ունեցող բուհերում առկա կամ հեռակա ուսուցման ձևերով: Փոփոխության արդյունքում՝ կապահովվի հեռավար ուսուցմամբ սովորող ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու համար օրենսդրական հիմք, ինչպես նաև առկա խնդիրների շտկումը: Այն հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող ծագումով հայ օտարերկրյա քաղաքացիներին մրցույթային կարգով՝ հաշվի առնելով բարձր գնահատականները, ստանալու նպաստ՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցման միջոցով:

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2023/2024 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը: Ըստ այդմ՝ հատկացել է պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ 151 տեղ, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 35 տեղ, պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ: Առկա ուսուցման 151 տեղերից 98-ը նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին: Հեռակա ուսուցման 35 տեղերից հիշյալ ոլորտին նախատեսվում է տրամադրել 17-ը:

Կառավարությունը գումար է հատկացրել 5 մարզում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման համար

Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ մարզերում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի, ինչպես նաև բժշկական սարքավորումների ձեռքբերմանը վերաբերող այնպիսի ծրագրերի իրականացմամբ, որոնք առնչվում են կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և ճանապարհաշինության ոլորտներին: Ըստ այդմ՝ նախատեսվում է 753,644.1 հազար դրամ հատկացնել 5 մարզի: Որոշմամբ առաջարկվում է նաև Գուգարքի ԱԱՊԿ-ի վերանորոգման համար հատկացնել 2,011.5 հազ. դրամ և Սպիտակի բժշկական կենտրոնի կարիքների համար անզգայացման սարքավորման ձեռքբերման համար Լոռու մարզպետարանին հատկացնել 14,450.0 հազ. դրամ, Սոլակի միջնակարգ դպրոցի տանիքի վերակառուցման համար Կոտայքի մարզպետարանին հատկացնել 25,000.3 հազ. դրամ, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի արտաքին պատուհանների փոխարինման համար հատկացնել 34,677.7 հազ. դրամ, Արթիկ համայնքի Արթիկի թիվ 3 մանկապարտեզի վերանորոգման համար հատկացնել 223,144.4 հազ. դրամ և Արթիկի թիվ 4 մանկապարտեզի վերանորոգման համար Շիրակի մարզպետարանին հատկացնել ընդամենը 243,768.1 հազ. դրամ:

Կառավարությունն ընդունել է «Գույք փոխանցելու և նվիրաբերությամբ հանձնելու մասին» որոշում՝ «Հայկական դպրոցական համայնքներում արևային կայանների կառուցման և տեղական գործընկերներին արևային էներգիայի ոլորտում լիտվական փորձի փոխանցման միջոցով շրջակա միջավայրի աղտոտման և կլիմայի փոփոխության խնդիրները լուծելու» ծրագրի կատարման համար: Ծրագիրն իրականացնող լիտվական «ՋեյԷսՍի Սոլիթ Թեքնիքս» ընկերությունը նախաձեռնել է արևային վահանակների ու այլ սարքավորումների փոխադրումը Հայաստան, որոնք նախատեսված են ՀՀ Գեղարքունիքի, Շիրակի, և Կոտայքի մարզերում գործող ոչ առևտրային 19 շահառու կազմակերպությունների համար: Ծրագիրը ֆինանսավորում է Լիտվայի շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական նախագծերի կառավարման գործակալությունը և հանդիսանում է Լիտվայի զարգացման համագործակցության ծրագրի մաս: Այն կնպաստի վերականգնվող էներգիայի ենթակառուցվածքների տարածմանը, ինպես նաև շրջակա միջավայրի աղտոտման և կլիմայի փոփոխության խնդիրների լուծմանը՝ էներգետիկ կարիքներն ապահովելու նպատակով:

Կբարելավվեն ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թթ. ծրագրի իրականացման պայմանները

Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թթ. ծրագրում, որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների կայուն զարգացման համար։ 2023 թ. հունվարի 31-ի դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ ծրագրի շրջանակում համագործակցության պայմանագիր է կնքել թվով 4 կազմակերպություն՝ 3 բանկ և 1 վարկային կազմակերպություն։ Սակայն մինչ օրս դեռևս չի կնքվել հիփոթեքային վարկավորման որևէ գործարք, քանի որ ծրագրով սահմանված որոշ պահանջներ հակասում են վերաֆինանսավորող կազմակերպությունների կողմից վերաֆինանսավորվող վարկերին ներկայացվող պահանջներին, ինչը խոչընդոտում է ծրագրի իրականացմանը։ Փոփոխությունների նպատակն է բարելավել ծրագրի պայմանները՝ դրանք համապատասխանեցնելով հիփոթեքային վարկավորման գործընթացի շրջանակում բանկերում և վարկային կազմակերպություններում սահմանված ընթացակարգերին, ինչպես նաև վերաֆինանսավորող կազմակերպությունների կողմից վերաֆինանսավորվող վարկերին ներկայացվող պահանջներին։ Մասնավորապես՝ առաջարկվող փոփոխությամբ և լրացմամբ բացառվում են այն դեպքերը, երբ ոչ աշխատանքային օրերի պատճառով (ինչպես նաև երբ առաջին վճարման օր չի նշանակվում վարկի տրամադրմանը հաջորդող ամսվա 20-ը) հիփոթեքային վարկի վճարման ժամանակացույցում կատարվում են որոշակի փոփոխություններ՝ խախտելով նշված սահմանաչափերը, ինչի արդյունքում ծրագրի բոլոր պայմաններին բավարարելու դեպքում շահառուն ստիպված է լինում կատարել ամսական վճարումներ տարբերության մասով, ինչպես նաև այդ դեպքում բանկերի կողմից իրականացվող գործընթացն է բարդանում։ Մեկ այլ փոփոխությամբ էլ հիփոթեքային վարկավորման պայմանները համապատասխանեցվում են հիփոթեքային վարկավորման գործընթացի շրջանակում բանկերում և վարկային կազմակերպություններում սահմանված ընթացակարգերին, ինչպես նաև վերաֆինանսավորող կազմակերպությունների կողմից վերաֆինանսավորվող վարկերին ներկայացվող պահանջներին, ինչն էապես խոչընդոտում է ծրագրի իրականացմանը։ Արդյունքում՝ հնարավոր կլինի անխոչընդոտ իրականացնել ծրագիրը, որով նախատեսվում է ապահովել բնակարանային ապահովության խնդիր ունեցող ընտանիքների՝ ՀՀ սահմանամերձ համայնքներում բնակարանային պայմանների բարելավումը, մեծացնել սահմանամերձ գյուղական բնակավայրերի բնակության պահանջարկը, նպաստել սահմանամերձ համայնքների ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովմանը։

Մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը կհայտարարվի պահեստազորայինների վարժական հավաքներ

Կառավարության որոշմամբ մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 2715 քաղաքացի, որոնցից 2431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով: Ըստ հիմնավորման՝ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով:

Օրենսդրական այլ նախաձեռնություններ

Հավանության է արժանացել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը: Նախագծերի մշակումը բխում է վերաքննիչ դատարանում հակակոռուպցիոն գործերի առավել մասնագիտացված և արդյունավետ քննությունն արագ ապահովելու անհրաժեշտությունից: Նախագծերի նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի վաղ ժամկետում: Արդյունքում՝ հունիսի 15-ից վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարանները դադարելու են քննել համապատասխանաբար կոռուպցիոն հանցագործությունների և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը:

Գործադիրը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի ընդունումը բխում է ՀՀ-ում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողներին տարկետում տալու հիմքերը կարգավորելու անհրաժեշտությունից: Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ-ում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների առողջական կամ ընտանեկան վիճակի պատճառով տարկետում ստացած քաղաքացիներին ստանալ տարկետում օրենքի համապատասխան հիմքերով:

Կառավարությունը առաջարկություններ է ներկայացրել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:

Այլ որոշումներ

Հոկտեմբերի 19-ից 20-ը Երևանում նախատեսվող «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով գագաթնաժողովի անցկացման համար կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ որպես միջոցառման համակազմակերպիչներ հանդես են գալու Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ արտաքին գործերի նախարարության, և «Կին քաղաքական առաջնորդներ» (Women Political Leaders-WPL) միջազգային ցանցը։ ՀՀ-ում ներպետական համաձայնեցման փուլից հետո, ՀՀ արտաքին գործերի նախարարության և WPL միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով Հայաստանը՝ որպես հյուրընկալող կողմ կազմակերպությանը պետք է փոխանցի 190 հազար եվրո։ Վերոնշյալ գումարի 75 տոկոսը պետք է փոխանցվի հուշագրի ստորագրումից հետո, իսկ մնացած գումարը՝ 2023թ-ի հոկտեմբերին։ Հուշագրով նաև սահմանվում են կողմերի այլ՝ այդ թվում ֆինանսական պարտավորությունները։ Երևանում անցկացվելիք միջոցառմանը նախատեսվում է 200-ից 250 բարձրաստիճան պաշտոնյաների, կին գործիչների մասնակցություն։ Հայաստանում գագաթնաժողովի անցկանման հետ կապված հարցերը քննարկվել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախագահ և հիմնադիր Սիլվանա Կոխ-Մեհրինի միջև ս.թ․ փետրվարի 18-ին Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ:

Գործադիրը հավանություն է տվել 2023 թ. մարտի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Հիմնավորման համաձայն՝ Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար, որից վճարված կապիտալը՝ 1.5 մլրդ, ցպահանջ՝ 5.5 մլրդ ԱՄՆ դոլար: ՀՀ-ն Եվրասիական զարգացման բանկի լիիրավ անդամ է դարձել 2009 թ.-ի ապրիլին: Հայաստանի ներդրումը բանկի կապիտալում կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ մասնաբաժինը կազմում է 0,007%։ Կանոնադրական կապիտալի յուրաքանչյուր բաժնետոմսի արժեքը կազմում է 1000 ԱՄՆ դոլար, և յուրաքանչյուր վճարված բաժնետոմսը համապատասխանում է մեկ ձայնի։ Հաշվի առնելով իրականացված ծրագրերը՝ ներկայումս ԵԱԶԲ-ի ներդրումային պորտֆելի ծավալը կազմում է 13,4 մլրդ ԱՄՆ դոլար, որից 484,2 մլն ԱՄՆ դոլարը 23 նախագծերի շրջանակներում տրամադրվել է ՀՀ-ին: Համաձայնագրի նպատակն է կարգավորել ԵԱԶԲ-ի կապիտալում ՌԴ մասնաբաժնի վերաբաշխման հետ կապված իրավահարաբերությունները։ ՀՀ կողմից 64 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ 64 000 բաժնետոմս գնելուց հետո ՀՀ մասնաբաժինը կկազմի 4,22 %:

Կառավարությունը բավարարել է «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել բանվորական ձեռնոցների արտադրության համար, որն իրականացվելու է Տավուշի մարզում։ Ընկերությունը նախատեսվում է իրականացնել 1.7 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 20 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Արդյունքում կստեղծվի 361 նոր աշխատատեղ՝ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 20 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.2 մլրդ դրամ:


 

← Վերադառնալ