Մամլո հաղորդագրություններ

Ոստիկանության զարգացումը մեզ համար պետության զարգացման խնդիր է. Վարչապետը շնորհավորել է ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ

17.04.2023

ևս 33 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության օրվա առթիվ մասնակցել է Ոստիկանության կոլեգիայի նիստին: Մինչ նիստը՝ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին և հարգանքի տուրք մատուցել հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած բոլոր ոստիկանների հիշատակին: Կառավարության ղեկավարը շրջայցի ընթացքում ծանոթացել է Ոստիկանության տրանսպորտային նոր միջոցներին, այդ թվում՝ էլեկտրամոբիլներին:

Կոլեգիայի նիստում Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Ներքին գործերի հարգելի նախարար,

Նախարարի տեղակալներ,

Հարգելի ներկաներ,

Հոգևոր հայրեր,

Ոստիկանության հարգելի ծառայողներ,

Նախ ուզում եմ բոլորիս շնորհավորել Ոստիկանության օրվա առիթով և ձեզ յուրաքանչյուրիդ և բոլորիդ շնորհակալություն հայտնել ծառայության համար, որովհետև Ոստիկանությունն այն կառույցն է, որը պետականության ողնաշարն է, և պետականության ողնաշարը պետք է ամեն օրվա հետ ավելի ուժեղ լինի: Մենք այս մասին շատ ենք խոսել. հիմա Ոստիկանությունը և ընդհանրապես, ներքին գործերի համակարգը մեծ վերափոխումների գործընթացի մեջ է: Ուզում եմ ընդգծել, թե որն է այդ փոփոխությունների առանցքային նպատակը և իմաստը: Առանցքային նպատակը և իմաստը նոր, բարձր և շարունակական բարձրացող ստանդարտներ սահմանելն է Ոստիկանության աշխատանքի համար, և ես ուզում եմ ընդգծել այս ճանապարհի երեք ուղղություն:

Առաջինը պրոֆեսիոնալ հմտությունների շարունակական զարգացումն է և համոզվածությունը, որ մի նշաձողից ներքև որևէ ոստիկան իր պրոֆեսիոնալ, ինտելեկտուալ հմտություններով չի կարող լինել: Մենք այսօր Ոստիկանության օրն ենք նշում, դրա համար ենք դա ընդգծում, իսկ, ըստ էության, նույնը վերաբերում է Փրկարար ծառայությանը և ընդհանրապես ամբողջ համակարգին:

Երկրորդ հատվածը, ուզում եմ ընդգծել, սոցիալական երաշխիքների համակարգն է: Մենք պետք է հասկանանք, որ լինել ոստիկան, լինել ոստիկանության աշխատող և մտածել, որ ասենք, օրինակ, երեխայիս ուսման վարձն ինչպես եմ վճարելու կամ որ երեխաս հիվանդացավ, ընտանիքիս անդամը հիվանդացավ, ինչ եմ անելու՝ սա նոնսենս է, սա պետության դեմ գործող իրավիճակ է: Չի կարող այդպիսի բան լինել, եթե մենք ուզում ենք ունենալ պետություն: Մենք չենք խոսում հիմա այն անձի մասին, ով իր իրավիճակի բերումով անընդհատ մտածել է և մտածում է դրա մասին: Այսինքն՝ նկատի ունեմ ոչ միայն Ոստիկանության կամ Փրկարար ծառայության կամ պետական ուժային այլ կառույցներում ծառայողների սիրույն ենք մենք այս մտքերն ունենում կամ այս ուղղությամբ փոփոխություն անում, այլ, առաջին հերթին, մյուս քաղաքացիների, որովհետև դուք բոլորդ ապահովում եք մյուս քաղաքացիների իրավակարգը, պետության իրավակարգի անվտանգությունը:

Հետևաբար, եթե մենք ուզում ենք ունենալ անվտանգություն, մեր առաջնային խնդիրը պետք է լինի այնպես անել, որ դուք ձեր աշխատանքի մեջ կենտրոնացած մնաք անվտանգության ապահովման վրա և ոչ թե ամենատարբեր կենցաղային խնդիրների, որոնք հատուկ են բոլորին և անընդհատ ձեզ ձեր աշխատանքից շեղելու և այլ օրակարգեր ունենալու պարտադրանքի առաջ կդնեն աշխատանքի ընթացքում և աշխատանքային ժամերին: Այստեղ է, որ այս երկու հարցն ուզում ենք լուծել: Առաջինը՝ լուծել երաշխիք քաղաքացիների համար, որ մեր Ոստիկանության համազգեստ կրող ցանկացած մարդ համապատասխանում է որոշակի պրոֆեսիոնալ չափանիշների, այսինքն՝ երաշխավորել դա քաղաքացիների համար, իսկ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Ներքին գործերի նախարարության աշխատողների համար ստեղծել սոցիալական երաշխիքներ, որ նրանք համոզված լինեն, որ այդտեղ աշխատելն արդեն իսկ նշանակում է սոցիալական որոշակի մինիմում, որից ներքև այդ երաշխիքները չեն կարող լինել: Սա է պատճառը, որ մենք, ահա, սկսում ենք կամավոր ատեստավորման գործընթացը:

Ուզում եմ ընդգծել, որ մենք այս ընթացքում, հատկապես Ոստիկանության մասին խոսելիս չպետք է մոռանանք մի բան, որ Ոստիկանությունն ուժային կառույց է: Ոստիկանությունը պետք է ունենա պրոֆեսիոնալ հմտություններ՝ ոչ թե ինքնանպատակ, այլ, ըստ անհրաժեշտության, ուժ կիրառելու, ուժ գործադրելու: Բայց դա պետք է տեղի ունենա հանրային անվտանգության սիրույն, հանուն հանրային անվտանգության և ոչ թե հակառակը, և պետք է գործողությունները լինեն օրինական. սա շատ կարևոր է: Սա կարևոր է և՛ ոստիկանի, և՛ քաղաքացու համար, որպեսզի լինի կանխատեսելի ոստիկանի համար, թե որ գործողության համար ինչ հետևանքներ կամ արդյունքներ կարող են լինել: Որովհետև կա ուժային գործողություն, որի արդյունքում ոստիկանը կարող է խրախուսվել, պարգևատրվել, մենք շնորհակալություն հայտնենք նրան դրա համար, կան դեպքեր, երբ, ընդհակառակը, կարող է հետևել պատասխանատվություն, դրա համար շատ կարևոր է նաև ոստիկանների համար: Ատեստավորման գործընթացը հենց այս նրբությամբ էլ է կարևոր, որ ոստիկանը կարողանա լիարժեք տիրապետել իր գործողությունների դաշտին, որովհետև հրամանատարությունը հրամանատարություն, որը, իհարկե, տիրապետում է այդ ամեն ինչին, բայց բոլոր աշխատողները պետք է լինեն, որովհետև հրամանատարը չի կարող ոստիկանի ձեռքը բռնած իրեն ամեն տեղ ուղեկցի, որովհետև ոստիկանն իր ուսադիրների բերումով արդեն իսկ հրամանատար է, որոշակի հմտություններ պետք է ունենա և նաև անհրաժեշտ պահին իր վրա պատասխանատվություն վերցնելու ընդունակություն, որովհետև անգործությունը նույնն է թե սխալ գործողությունը, անգործությունը նույնն է, թե ապօրինի գործողությունը:

Ծառայության պայմանների մասին եմ ուզում խոսել: Ես, եթե չեմ սխալվում, ճիշտն ասած, չեմ ստուգել թվային առումով, երևի կարող ենք նաև ստուգել, բայց ինտուիտիվ՝ Ոստիկանության համակարգում Երրորդ հանրապետության պատմության մեջ այնքան պետական ներդրումներ չեն իրականացվել, ինչքան այսօր են իրականացվում: Սա էլի վերաբերմունք է և՛ հանրության նկատմամբ և՛ Ոստիկանության նկատմամբ: Ես հիշում եմ՝ երբ մենք Պարեկային ոստիկանությունը պետք է հիմնադրեինք, այն ժամանակ խոսակցություն էր գնում, թե ինչպես ենք ապահովելու տեխնիկական միջոցները. ամենատարբեր ֆինանսական և ռեսուրսային սահմանափակումներ կային: Ինձ համար խնդիրը եղել է միանշանակ՝ որևէ օգտագործված մեքենա, տեխնիկական միջոց չպետք է լինի, չպետք է օգտագործվի նոր ծառայությունների հիմնադրման գործում: Սա մեր վերաբերմունքն է ոստիկանին և հանրությանը, որովհետև այն մյուս պայմաններն ապահովելուց հետո պետք է պատշաճ աշխատանքային պայմաններ ապահովել, որովհետև մարդը կարող է լինել պրոֆեսիոնալ, գիտակ, բայց եթե տեխնիկական պատշաճ միջոցներ չունի, ապահովված չէ համապատասխան միջոցներով, և՛ պրոֆեսիոնալ, և՛ ազնիվ, և՛ գիտակ, և՛ նվիրված լինելու բերումով կարող է ուղղակի բոլորովին ուրիշ արդյունք ստացվել:

Այս իմաստով ես կարծում եմ, որ մենք շատ կարևոր տեղ ենք հասել, շատ կարևոր հանգրվանում և խաչմերուկում ենք գտնվում։ Իհարկե, Ոստիկանության զարգացումը մեզ համար պետության զարգացման խնդիր է։ Չենք կարող ասել, որ գիտեք ինչ, մենք չունենք սոցիալական, տեխնիկական անհրաժեշտ միջոցներ՝ աշխատանքային պայմանները ապահովելու համար, որովհետև դա կնշանակի հրաժարում ինքնիշխան պետություն ունենալու նպատակից, իսկ դրանից մենք երբեք չենք հրաժարվի։ Եվ ես ուզում եմ, որ մենք կենտրոնացած մնանք այս խնդրի վրա, որովհետև հատկապես ուժային կառույցները, պետական կառույցները ոչ մի վայրկյան չպետք է մոռանան, թե որն է, ի վերջո, մեր նպատակը: Մեր նպատակը մեր անկախությունը, ինքնիշխանությունն ամրապնդելն է, ուժեղացնելն է, մեր պետության մրցակցայնությունը ավելացնելը, մեր երկրի միջազգային իմիջը ուժեղացնելը։

Այսօր, 2019 թվականի համեմատ, մենք զբոսաշրջության ոլորտում 35 տոկոս աճ ունենք առաջին եռամսյակի տվյալներով, ինչը մեծ ռեսուրսներ է բերում Հայաստանի Հանրապետությանը։ Այդ թվում Ոստիկանության աշխատանքից է կախված, թե այդ մարդիկ վերադառնալով ուրիշներին կքաջալերեն գալ Հայաստանի Հանրապետություն, թե, ընդհակառակը, կասեն ավելի լավ է ուրիշ տեղ ընտրեք և ուրիշ տեղ գնացեք։ Սրանք փոխկապակցված են, խոսքը միլիարդավոր դոլարների մասին է, որ պիտի նաև ձեր աշխատանքի արդյունքում կամ ներհոսի Հայաստան, կամ արտահոսի Հայաստանի Հանրապետությունից։ Փառք Աստծո, այսօր գոնե տնտեսության, տնտեսական աճի ոլորտում մեր գործերը լավ են, և ես ուզում եմ հավատալ, հավատում եմ և համոզված եմ, որ դա նաև ձեր աշխատանքի շնորհիվ է։ Որովհետև մենք, ինչպես պայմանավորվել ենք, ամեն ինչ անում ենք՝ ստեղծելու հավասար պայմաններ, հավասար հնարավորություններ, ստեղծելու պայմաններ օրենքի առաջ բոլորի հավասարության, օրենքի գերակայության համար։ Իհարկե իդեալի չենք հասել, բայց ամեն օր պետք է աշխատենք այդ ուղղությամբ։

Ոստիկանության հարգելի ծառայողներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս, բոլորիդ և յուրաքանչյուրիդ Ոստիկանության օրվա առիթով և շնորհակալություն եմ հայտնում ծառայության համար»:

ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ոստիկանության օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար, ՀՀ ներքին գործերի նախարարության մի խումբ ծառայողներ արժանացել են պետական պարգևների: Վարչապետը շնորհավորել է նրանց և պարգևատրել «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով:

← Վերադառնալ