Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը 2.5 մլն դրամ կհատկացնի զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի համար. կհստակեցվեն վարկերի տոկոսադրույքներն ու պետության կողմից սուբսիդավորման չափերը

18.05.2023

ևս 8 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, կառավարության ղեկավարը ներկայացրել է Բրյուսելում մայիսի 14-ին Եվրամիության խորհրդի նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքները:

Գործադիրն ընդունել է որոշում՝ սպայական և ավագ սպայական կազմերի պայմանագրային զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակում վարկերի տոկոսադրույքների և պետության կողմից սուբսիդավորման չափերը հստակեցնելու նպատակով: Վարկերի տոկոսադրույքների ավելացման միջոցով զինծառայողներին հնարավորություն է տրվում իրենց կողմից ընտրել համագործակցող վարկատու կազմակերպությանը, հստակեցվել է նաև ծրագրի իրականացման գործընթացը: Ըստ հիմնավորման, 2020 թվականից է իրականացվում ծրագիրը՝ տարեկան 500 զինծառայողի հաշվարկով: Ծրագրի միջոցով 06.03.2023թ. դրությամբ բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 1030 զինծառայող, որից 223-ը` 2020թ-ի, 249-ը` 2021թ.-ի և 558-ը` 2022թ.-ի ծրագրի շահառուներից: Ծրագրի գործողության ընթացքի, առկա խնդիրների և դրանց լուծումների հետ կապված մի շարք քննարկումներ են իրականացվել և նպատակահարմար է գտնվել՝ պետության կողմից կանխավճարի սուբսիդավորումը նախատեսել կոնկրետ չափով՝ սահմանելով 2.500.000 դրամ, անմիջապես կառուցապատողից բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարան, կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու դեպքում վարկի տարեկան տոկոսադրույքը սահմանել առավելագույնը 11 տոկոս, որից պետության կողմից սուբսիդավորվելու է 5 տոկոսային կետը: Բացի այդ, երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցապատման դեպքում վարկի տարեկան տոկոսադրույքը նախատեսվում է սահմանել առավելագույնը 13 տոկոս, որից պետության կողմից սուբսիդավորվելու է 5 տոկոսային կետը: Հստակեցվել են անհատական բնակելի տան կառուցապատման հետ կապված վարկավորման գործընթացը, մասնավորապես՝ անհատական բնակելի տան կառուցապատման այն վարկերը, որոնք փուլային են տրամադրվում: Կատարվող փոփոխությունների համատեքստում կհստակեցվեն նաև ծրագրի շրջանակում գործող սոցիալական երաշխիքները՝ դրանք համապատասխանեցնելով գործող օրենսդրությանը: Հաշվի առնելով նաև 2020-2022թթ. ընթացքում ծրագրից օգտված և փաստացի պայմանագիր կնքած զինծառայողների քանակը, առաջարկվում է նաև 2023թ. ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2023թ. հայտ ներկայացրած և մասնակիցների ռեեստրում գրանցված թվով 1111 բոլոր դիմումատուներին:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք ի սկզբանե պլանավորել էինք, որ տարեկան 500 այդպիսի բնակարանի ձեռքբերում կարող ենք ֆինանսավորել, բայց հիմա, տեսնելով, որ հետաքրքրությունն ավելի մեծ է, որոշեցինք այնպես անել, որ ով դիմել է՝ չմերժենք»:

Վարչապետը նաև ընդգծել է՝ նկատել են, որ շատ դեպքերում «սև ցուցակում» գտնվող անձինք կան, որոնք վարկերի ուշացումներ ունեն, և եկել են այն որոշման, որ այն զինվորականները, որոնք դրական ատեստավորում կունենան, ՀՀ կառավարությունը կաջակցի, որ նրանց վարկային պատմությունը բարելավվի:

Արձագանքելով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հավելել է, որ կան կատեգորիաներ, որոնց մասով ԿԲ-ի հետ պետք է բանակցել և սահմանվել է որոշակի շեմ, որ հենց այդ չափի պարտքի պարագայում հնարավոր կլինի նրանց թույլ տալ:

Կբարձրանա մշակող արդյունաբերության ոլորտում ՓՄՁ-ների՝ նոր, բարձր արտադրողականությամբ սարքավորումներով հագեցվածության մակարդակը

Կառավարությունն ընդունել է որոշում, որը կնպաստի մշակող արդյունաբերության ոլորտում փոքր ու միջին ձեռնարկությունների՝ նոր, բարձր արտադրողականությամբ սարքավորումներով հագեցվածության մակարդակի բարձրացմանը, արտահանելի ճյուղերում ՀՀ ներդրումային գրավչության բարձրացմանը:

Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նախարարությունը վարում է տնտեսության արդիականացման ծրագիրը. «Ծրագրի ներքո մենք ընկերություններին խրախուսում ենք ձեռք բերել նոր սարքավորումներ և հոսքագծեր, կառավարությունը սուբսիդավորում է դրա դիմաց վերցրած վարկերի տոկոսների ծանրակշիռ մասը: Ծրագիրը գործում է 1 տարի: Եվ այս 1 տարվա ընթացքում մենք կարողացել ենք ապահովել մոտ 100 մլրդ դրամի սարքավորումների ձեռքբերում՝ 1695 ձեռքբերման պայմանագրերով: Դրանց 57 տոկոսը մշակող արդյունաբերության ոլորտն է, երկրորդը՝ շինարարության, առողջապահության ոլորտում ևս ունենք 4 մլրդ-ից ավելի սարքավորումների ձեռքբերում: Ընկերությունները թարմացրել են իրենց սարքավորումներն ու հոսքագծերը, իսկ կառավարությունը սուբսիդավորում է իրականացնում»:

Ըստ նախարարի՝ միայն վերջին ամսում ձեռք են բերվել 13 մլրդ դրամի սարքավորումներ: Ծրագիրը լավարկելու նպատակով առաջարկվում է, մասնավորապես՝ սարքավորումների տեղադրման հետ կապված կապիտալ շինարարության համար վարկերի սուբսիդավորում իրականացնել: «Մենք այս նախագծով առաջարկում ենք նաև սուբսիդավորել սարքավորումների և հոսքագծերի տեղակայման ծախսերի, բայց ոչ ավելի, քան սարքավորումների գնի 30 տոկոսի չափով, կապիտալ շինարարության տոկոսների սուբսիդավորումը՝ նույն չափով, ինչ վարկերի և լիզինգների գումարներն են: Դրանով թույլ ենք տալիս, որ ընկերությունները նաև ճիշտ միջավայր ապահովեն այդ սարքավորումների աշխատանքի համար»,-ասել է Վահան Քերոբյանը:

Փոփոխվել է նաև միջոցառման գործողության ժամկետը՝ այն երկարաձգվում է 1 տարով: Ծրագրի արդյունքում կունենանք՝ բարձր արտադրողականությամբ նոր սարքավորումներով համալրված ձեռնարկություններ, տարեկան առնվազն 1000 նոր/չօգատգործված մեքենա-սարքավորումների ներդրում ձեռնարկություններում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ ծրագրի գործունեությունը և գործողությունը տեսանելի է ամենօրյա կյանքում: «Սա թերևս այն ծրագրերից է, որի գործունեությունը և գործողությունը մենք ամենօրյա կյանքում տեսնում ենք: Ամենտարբեր ոլորտներում, սկսենք նրանից, որ մեծ ծավալով շինարարության աճի հետ Հայաստանում նկատելի է դառնում շինարարական նոր տեխնիկա, որը նախկինում Հայաստանում չի եղել: Դա ամենուր տեսանելի է, և այդ տեխնիկայի մեծ մասը, իհարկե, վիճակագրություն կոնկրետ չունենք, բայց մեծ մասը գնվում է այս ծրագրով, կարելի է ասել ամբողջը, որովհետև ինչի՞ տնտեսվարողը պիտի այլ կերպ ձեռք բերի, եթե այս հնարավորությունը կա»,-նշել է վարչապետը՝ կրկին ընդգծելով այդ ծրագրերի վերաբերյալ պատշաճ իրազեկում ապահովելու անհրաժեշտությունը:

Կառավարությունը մասամբ կսուբսիդավորի 400 լավագույն բուհերի շրջանավարտների աշխատավարձը, եթե նրանք աշխատեն հայկական ընկերությունում

Համաշխարհային բուհական վարկանիշում ընդգրկված 400 լավագույն բուհերի շրջանավարտներին աշխատանքի ընդունելու դեպքում պետությունը վերջիններիս աշխատավարձի որոշակի սուբսիդավորում կկատարի: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է Նիկոլ Փաշինյանը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մանրամասներ է ներկայացրել սուբսիդավորման չափերի վերաբերյալ և նշել, որ դրա նպատակն է ընկերություններում ներգրավվել բարձրակարգ մասնագետների, որոնք իրենց հետ կբերեն միջազգային փորձ ու գիտելիքներ. «Սուբսիդավորումը արվում է 20 տոկոսով, եթե մարդը, որն ընդունվում է աշխատանքի, ավարտել է 400 լավագույն համալսարաններից մեկը կամ մի քանի տարվա աշխատանքային փորձ ունի առաջնակարգ ընկերություններում։ Սահամանափակում չկա, թե ինչ ազգության մասնագետ է։ 50 տոկոս սուբսիդավորում են այն մարդկանց, որոնք, բավարարելով 400 բուհերից մեկն ավարտելու պայմանը, նաև ունեն դոկտորական աստիճան: Պետությունը 70 տոկոսով կսուբսիդավորի հայկական ընկերություններում աշխատանքի անցած 400 լավագույն բուհերի այն շրջանավարտների աշխատավարձը, որոնք դասավանդում են համալսարաններում և կրթական հաստատություններում»:

 Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության տրամադրման գործընթացը. 420 շահառուների համար կհատկացվի 300 մլն դրամ

Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Արդյունքում կապահովվի Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացը: Հիմնավորման համաձայն՝ 2022 թ. ծրագրերի համար նախատեսված ֆինանսական միջոցները կազմել են 1,2 մլրդ դրամ, սակայն փաստացի աջակցություն է ստացել 3,088 շահառու, որոնց վճարվել է շուրջ 2,1 մլրդ դրամ: Դա պայմանավորված է ծրագրերի շրջանակում դիմումների թվի աննախադեպ աճով։ Այսինքն, հաշվի առնելով 2022 թ. ցուցանիշը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կանխավճարի ապահովագրության ծրագրի շրջանակում աջակցություն են ստանում ոչ միայն նոր դիմող շահառուները, այլ նաև նախորդ տարիներին ծրագրում ընդգրկվածները, 2023 թ-ին բյուջեով նախատեսված 1,2 մլրդ դրամից բացի կպահանջվի առնվազն 1,2 մլրդ դրամ։ 2023 թվականի մարտի 31-ի դրությամբ աջակցություն է ստացել 497 շահառու, որից 70-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով (65,961,594 դրամ), 166-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (9,104,420 դրամ), 261-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (247,622,284 դրամ)։ Վերոնշյալ 355 շահառուներից շուրջ 200-ի դիմումները ստացված են եղել 2022 թվականի դեկտեմբերի 15-ից հետո, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թ. համար նախատեսված ֆինանսական միջոցները բավարար չեն եղել, վճարումներն իրականացվել են 2023 թ. համար նախատեսված բյուջեից։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրերի շրջանակում 2023 թ. առաջին եռամսյակում դիմած, բայց դեռևս աջակցություն չստացած շուրջ 420 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 300 մլն դրամ։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ ծրագիրն ընդունվել է 2020 թվականին. ծրագրով երեխայի ծննդյան դեպքում բնակարանի ձեռքբերման համար ընտանիքին ցուցաբերվում է աջակցություն: «Պետական բյուջեով ըստ եռամսյակների նախատեսված գումարն սպառվել է, որովհետև մեր կանխատեսումից ավելի շատ երեխաներ են ծնվել, ինչը շատ ուրախալի է»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է վիճակագրական թվեր. 2023 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում ծնված երեխաների թիվը կազմում է 11 հազար 926, որը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1401-ով, 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 532-ով, 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1469-ով, 2019 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1415-ով, 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1180-ով: «Սրանք շատ ուրախալի թվեր են, և, իհարկե, մենք հույս ունենք, համոզված էլ ենք նաև, որ մեր իրականացրած ծրագրերի շնորհիվ է սա տեղի ունենում»,-նշել է վարչապետը:

Միջազգային համագործակցություն. Հնդկաստանի Հանրապետությունում կստեղծվի ՀՀ ռազմական կցորդի հաստիք

Կառավարությունն ընդունել է «Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք ստեղծելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման, երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ: Հնդկաստանում ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ:

Հավանության է արժանացել «Համաշխարհային փոստային միության ընդհանուր կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագիրը, որը կնպաստի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակի և հասանելիության բարձրացմանը: ՀՓՄ-ը սահմանում է միջազգային փոստափոխանակման կանոնները, հանձնարարություններ է տալիս փոստային ծառայությունների ծավալների աճի խթանման և հաճախորդներին ծառայությունների մատուցման որակի բարձրացման վերաբերյալ: Կառավարությունը հավանություն է տվել նաև «Համաշխարհային փոստային կոնվենցիան վավերացնելու մասին», «Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին և «Համաշխարհային փոստային միության կանոնադրությունը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրին:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունման արդյունքում կընդլայնվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող զինվորական ծառայությունից վերադարձած, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը 23 տարեկանից հետո մինչև ուսումնառության ավարտը։ Կարգավորման արդյունքում կապահովվի լիազորող նորմ մանկատան շրջանավարտ հանդիսացող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող շրջանավարտների անկախ կյանքի անցմանն ուղղված սոցիալական աջակցության տրամադրման համար։ Կապահովվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների անվճար կրթություն ստանալու իրավունքի իրացումը նաև նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում։

Հավանություն է տրվել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծի ընդունմամբ կներդրվի քրեակատարողական ծառայողների համար նոր ատեստավորման կարգ, որը կնպաստի Քրեակատարողական ծառայությունում որակյալ կադրերի ներգրավման և պահպանման, ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավմանը:

Գործադիրի հավանությանն է արժանացել «Հանրային առողջապահության մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրինագծերի ընդունմամբ կկարգավորվեն հանրային առողջության ապահովման հետ կապված հասարակական հարաբերությունները և կներդրվեն հանրային առողջությանը սպառնացող վտանգը կանխելու իրապես գործող մեխանիզմներ: Մասնավորապես՝ իմունականխարգելման ոլորտում կապահովվի հստակ պետական քաղաքականության առկայություն. առաջին անգամ կսահմանվեն իմունականխարգելման գործընթացում քաղաքացիների իրավունքները, պարտականությունները, կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումներում ընդգրկվածության բարձր ցուցանիշը և բարենպաստ համաճարակային իրավիճակը:

Կընդլայնվի ՀՀ-ում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման ծրագրի շահառուների շրջանակը

Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ: Ըստ հիմնավորման՝ վերջին տասնամյակում Հայաստանում հավի մսի առաջարկը շարունակաբար աճել է, վերջին 5 տարիներին տատանվելով 40-58 հազար տոննայի շրջանակում, որից, սակայն, միայն 20-28%-ն է ապահովվել տեղական արտադրության հաշվին, իսկ խոզի մսի ինքնաբավության մակարդակը տատանվել է 45-58 % -ի միջակայքում։ Կատարվող փոփոխությունների նպատակն է ընդլայնել շահառուների շրջանակը և նպաստել ծրագրի շրջանակում նախատեսվող ներդրումային ծրագրերի ամբողջ ծավալով իրականացմանը, ինչպես նաև անասնաբուծության ճյուղում ներդրումների ներգրավմանը և անասնաբուծական հիմնական արտադրատեսակների գծով ինքնաբավության մակարդակի բարձրացմանը։ Ըստ այդմ, առաջարկվում է ծրագրում կատարել փոփոխություններ, մասնավորապես՝ իջեցնել ներդրումների թույլատրելի նվազագույն շեմը՝ տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններով առնվազն 1,0 մլրդ դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ առնվազն 500,0 մլն դրամ (2,5 մլրդ դրամի փոխարեն)՝ պետական օժանդակությամբ նպաստելու տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ապահովմանը։

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշումներով ներդրումային ծրագրի շրջանակներում «Ակբա Լիզինգ» ՎԿ ՓԲԸ, «Գոլդշին» ՍՊԸ և «Թամարա» ՍՊԸ կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից:

«Ակբա Լիզինգ» ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել բետոնի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևանում, արդեն իսկ իրականացվել է 1․7 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1․1 մլրդ դրամի կապիտալ ներդրում և ստեղծել 85 նոր աշխատատեղ՝ 680,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 776․5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 95 մլն դրամ: Ընկերությունն ապրանքները ներմուծելուց հետո, այն հանձնելու է «Հսկա» ՓԲ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։

«Գոլդշին» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել տանիքի ծածկերի, համալրող դետալների, ջրահեռացման համակարգերի, սենդվիչ պանելների, գիպսաստվարաթղթե պրոֆիլների և դրանց համալրող մասերի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում, արդեն իսկ իրականացվել է 33 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 50 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար, ինչպես նաև 23 մլրդ դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Կստեղծվի 22 նոր աշխատատեղ՝ մինչև 248 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 23 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․15 մլրդ դրամ:

«Թամարա» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կարագի արտադրության համար։ Արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 36․3 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման, հիմնական միջոցների ձեռքբերման համար, ինչպես նաև 1․6 մլրդ դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար, ստեղծել 59 նոր աշխատատեղ՝ մինչև 276 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 59․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8․9 մլրդ դրամ:

Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է որոշում «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով: Արդյունքում՝ ֆինանսական միջոցներ կնախատեսվեն 2022-2023 թթ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 6 ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները 2023 թվականին ավարտելու, թվով 7 ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, ինչպես նաև 7 ճանապարհահատվածների և 5 տրանսպորտային օբյեկտների նախագծերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար: «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման շրջանակներում կիրականացվի 1,897,819.8 հազ. դրամի աշխատանք, իսկ 21002 «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառման շրջանակներում՝ 2,262․5 հազ. դրամի։

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, ՀՀ Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք. Ա. Մյասնիկյան փողոց 43/4 հասցեում գտնվող գույքն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 72 600 000 ՀՀ դրամ։

Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունն արտերկրում հանրահռչակելու անհրաժեշտությամբ պայմանավորված: 2023 թվականի հունիսի 6-ին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտորի 120-ամյակը: Մշակվել է միջոցառումների իրականացման լայնածավալ ծրագիր, որն ընդգրկում է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված բազմաժանր միջոցառումներ՝ մրցույթներ, փառատոներ, հյուրախաղեր և մի շարք այլ ծրագրեր: Հատկացվող գումարի շրջանակում ընդհանուր առմամբ կիրականացվի 2 միջոցառում` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի հյուրախաղերը ԱՄՆ-ում, Կանադայում և Հունաստանում (3 համերգ), Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերը Ֆրանսիայում (2 ներկայացում):

← Վերադառնալ