Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը նախատեսում է բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը

11.08.2023

ևս 6 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը և նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ապահովագրական գործակալները և ապահովագրական բրոքերները չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ: Փոփոխության արդյունքում՝ շրջանառության հարկ վճարողները Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից ազատվում են միայն գյուղատնտեսական արտադրանքի և կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի ձեռք բերման մասով: Օրինագծով սահմանվում է, որ հարկային մարմինը չափագրումներ կարող է իրականացնել նաև ապրանքների ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանումը պարզելու նպատակով: Համապատասխան լրացման արդյունքում հարկային մարմինը կարող է հարկ վճարողների մոտ ապրանքների պակասորդի առկայությունը պարզել նաև ընտված ապրանքների գծով: Նախատեսվում է նվազեցնել օրենսգրքի 346-րդ հոդվածում 100 միլիոն դրամի շեմը՝ սահմանելով 24 մլն դրամ՝ ստեղծելով հնարավորություն շրջանառության հարկ վճարողների նկատմամբ ևս սահմանված դրույթները կիրառելու համար։ Հաշվի առնելով այն, որ ընդլայնվում է հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացվող հաշվարկային փաստաթղթերի և տեղեկությունների շրջանակները՝ առաջարկվում է դրամարկղային գործառնությունների հաշվառման նպատակով դրամարկղային գրքերի վարումը նույնպես կատարել էլեկտրոնային եղանակով: Շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու դեպքում նախատեսվում է սահմանել տուգանք՝ այդ ապրանքների ձեռք բերման գնի (արժեքի) 20 տոկոսի չափով: Նույն խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում սահմանել տուգանք՝ ապրանքների ձեռք բերման գնի (արժեքի) 50 տոկոսի չափով: Օրինագծով նախատեսվում է սահմանել, որ անշարժ գույքը վարձակալության հանձնելը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, եթե անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում կամ հարկ վճարողը oրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներից հաշվարկել է եկամտային հարկը կամ անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հարկային մարմին է ներկայացվել հայտարարություն։ Ընդ որում, վերոնշյալ հայտարարությունը պետք է ներկայացված լինի համապատասխան պայմանագրի կնքման օրը ներառող հարկային տարվա ընթացքում։

Անդրադառնալով օրինագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության ռազմավարական մոտեցումն է՝ փոխել ՀՀ քաղաքացիների վերաբերմունքն իրենց իսկ կողմից վճարվող հարկերի նկատմամբ:

«Մենք կրկնապատկում ենք ուսուցիչների աշխատավարձերը, կրկնապատկում ենք զինծառայողների աշխատավարձերը, կրկնապատկում ենք ուժային կառույցների աշխատակիցների աշխատավարձերը, ռազմական ծախսերը էականորեն ավելացնում ենք, կառուցում ենք ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, այդ ամեն ինչը արվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Մենք օրինակ՝ 2023թ պետական բյուջեով նախատեսված է, որ ավելի քան 170մլրդ դրամի աջակցություն պետք է ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղին։ Այս բոլոր ծրագրերը մենք այսպես թե այնպես անում ենք, և մենք ոչ միայն նախատեսված բյուջետային հարկային եկամուտների հավաքագրման խնդիրներ չունենք, այլև ուզում եմ հիշեցնել, որ 2023 թվականի առաջին կիսամյակի հարկային եկամուտները գերակատարել ենք շուրջ 50 մլրդ դրամով, բայց նաև արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է էական ստվեր գոյություն ունենալ։ Ուզում եմ արձանագրենք՝ ինչքան մեծ է ստվերը, այնքան փոքրանում են Հայաստանի Հանրապետության զարգացման հնարավորությունները։ Մենք որոշել ենք և վճռական ենք այդտեղ՝ պետք է գնանք ստվերի հետևից և պետք է կրճատենք այնքան, որքան դա ընդհանրապես տեսականորեն և գործնականում հնարավոր է: Մենք խնդիր չենք դրել ընկնել փոքր շրջանառություն ունեցողների հետևից: Տեսնում ենք, որ մեծ շրջանառություններ ունեցողները շատ դեպքերում այս մեխանիզմի կիրառմամբ խուսափում են հարկային պարտավորություններից»,- ասել է վարչապետը:

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վարձակալության դեպքերին. «Երբ մարդիկ բնակարան են վարձակալության տալիս և եկամուտ են ստանում այսօր գործող օրենքով: Մենք օրենքի կարգավորման մեջ բան չենք փոխում: Այսօր գործող օրենքով պետք է եկամտային հարկ վճարեն: Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիները, ովքեր բնակարան են տվել վարձով և հարկ չեն վճարել, արդեն իսկ օրենքը խախտել են: Հիմա մենք փորձում ենք այդ վարչարարությունն ուժեղացնել»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ օրինագծով շատ կարևոր սկզբունքային որոշում է կայացվում, որը կարող է հանրային դժգոհություն առաջացնել: «Այո, կարող է դժգոհություն առաջացնել, եթե մարդկանց վերաբերմունքն իրենց կողմից վճարվող հարկերի, չփոխվի: Դա ոչ թե գումար է, որ մարդիկ իրենց գրպանից հանում տալիս են կառավարությանը, այլ իրենք իրենց մի գրպանից հանում և դնում են մյուս գրպանը, որովհետև իրենց ամենամեծ և ամենակարևոր գրպանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է, որով իրենց բազմաթիվ կարիքներ բավարարվում է: Այլ բան, որ քաղաքացիներն ունեն լեգիտիմ իրավունք մեզանից ակնկալելու, որ պետական բյուջեի միջոցները ծախսվեն առավել որակով, առավել արդյունավետ, կոռուպցիայի դեմ պայքարը լինի սկզբունքային, ինչը նույնպես մեր քաղաքական ուղեգիծն է»,-ասել է վարչապետը:

Կընդլայնվի անպտղության հաղթահարման ծրագրի շահառուների թիվը. Կառավարությունը կհատկացնի 500 մլն դրամ

Գործադիրն ընդունել է որոշում՝ անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնմամբ պայմանավորված: Որոշմամբ նախատեսվում է ավելացնել պետբյուջեի «Մոր և մանկան առողջության պահպանում» ծրագրի «Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ» միջոցառմանը հատկացված միջոցները 500 մլն ՀՀ դրամով:

Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կարևորելով Հայաստանում անպտղության հաղթահարումը, դեռ 2019 թվականին մեկնարկել է պետպատվերի շրջանակում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ թանկարժեք ծառայությունների հասանելիությունը բնակչության համար:

«Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը, այն պարբերաբար վերանայվել է և կատարված փոփոխությունների արդյունքում նախկին 38 բնակավայրերի փոխարեն 194 սահմանամերձ բնակավայրերի բնակիչները հնարավորություն կունենան միանալ այս ծրագրին: Հաջորդ վերանայումը կապված էր 44-օրյա պատերազմի հետևանքների հետ, որի արդյունքում ծրագրի շահառու դարձան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, նրանց համար գործարկվեց նաև փոխնակ մայրության ծրագիրը»,- ասել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ծրագիրն ունի չափազանց մեծ պահանջարկ և արձանագրվում են բավարար արդյունքներ: Ծրագրի գործարկման ընթացքում արդյունավետությունը, այսինքն՝ ծնված երեխաների թիվը կազմել է 31.4 տոկոս, ինչը բավարարում է զարգացած երկրներում միջին ցուցանիշներին: «Ծրագրի շրջանակներում զոհված զինծառայողների մայրերի համար տարիքային ոչ մի սահմանափակում չի գործում: Սույն թվականի հունվարին ծրագրի շահառու դարձան մինչև 36 տարեկան երկու տարի և ավելի անպտղություն ունեցող բոլոր անզավակ կանայք, սահմանամերձ բնակավայրերում ապրող 36-42 տարեկան կանայք, ովքեր ունեն երկրորդ բալիկ ունենալու դժվարություններ: Եվ այսպես միայն 2023 թվականի ընթացքում սպասարկվել և բուժման տարբեր փուլերում են գտնվում 2876 շահառու, արձանագրվել է 301 հղիություն, ծնվել է 57 բալիկ 9 զոհված զինծառայողների ընտանիքներում: Աշխատանքներ ենք տանում նաև ծրագրի հասանելիությունը մեծացնելու մասով: Առաջիկայում մարզային քաղաքներում կբացվեն առաջին փուլը գործարկող կենտրոններ, կսկսենք Գյումրիից, այնուհետ Վանաձորում և Գորիսում ևս կունենանք այս ծրագրի իրագործման հնարավորություն»,- նշել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և առաջարկել հնարավորինս ընդլայնել ծրագիրը և վերացնել տարիքային բոլոր սահմանափակումները։ Այսինքն՝ մինչև 36 տարեկան կանանց էլ տրվի ծրագրի շահառու դառնալու և վերարտադրողական բժշկությունից՝ անկախ ընտանեկան կարգավիճակից, օգտվելու հնարավորություն:

Վարչապետը նաև ներկայացրել է այս տարվա առաջին 7 ամսում ծնունդների ցուցանիշները. այս տարի առաջին 7 ամիսներին 540-ով ավելի երեխա է ծնվել, քան 2022 թ.-ին, 348-ով ավելի, քան 2020 թ.-ին, 368-ով ավելի, քան 2019թ.-ին: Նշվել է նաև, որ ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է վերջին 20 տարվա նույն ժամանակահատվածում գրանցված մահերի ամենացածր ցուցանիշը։ «2023 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է բնական հավելաճի ամենաբարձր մակարդակը՝ սկսած 2015 թվականից, կազմելով 4467 մարդ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և կարևորել արձանագրված ցուցանիշը ոլորտում իրականացվող ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների համատեքստում: Նշվել է նաև, որ ժողովրդագրության ռազմավարության քննարկումներն առաջիկայում կավարտվեն. սեպտեմբերին կունենանք ռազմավարության վերջնական տարբերակը, որը միջգերատեսչական քննարկումներից հետո կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

Երևանի բուսաբանական այգու տարածքում կմեկնարկեն «Կյանքի պուրակի» կառուցապատման աշխատանքները

Երևանի բուսաբանական այգու տարածքում անտառապուրակի կառուցապատման աշխատանքների իրականացմամբ պայմանավորված՝ կառավարությունը գումար կհատկացնի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, 100 հեկտար տարածքից 32 հեկտարի վրա կտեղակայվի «Կյանքի պուրակը», որտեղ կլինեն հանդիպումների հրապարակներ, ծառուղիներ, զբոսանքի պուրակներ, աստիճանների կասկադ, լճակ և հանգստի այլ գոտիներ: «Իրականացվել է մրցութային գործընթաց: Ամբողջ աշխատանքների համար նախատեսվում է 4 միլիարդ 510 միլիոն դրամ: Աշխատանքն իրականացնելու համար ժամկետ է սահմանվել 900 օր: Այնտեղ կլինեն մի շարք ենթակառուցվածքներ՝ կաթիլային ոռոգման համակարգ, կլինեն հետիոտնային հաղորդակցության ուղիներ, ջեռուցման, էլեկտրամատակարարման ու ջրամատակարարման համակարգեր»,- նշել է նախարարը։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է. «Հատկապես 44-օրյա պատերազմից հետո մտածում էինք, թե ինչպես հավերժացնենք Հայաստանի Հանրապետության և Հայրենիքի համար կյանքը զոհած մեր նահատակների հիշատակը: Եվ երկար քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ մի փոքր այլ կոնցեպտ պետք է դնենք այս ամեն ինչի հիմքում: Եվ որոշում կայացվեց: Նախ անվանը հանգեցինք, որ պետք է կոչվի Կյանքի պուրակ, որը հենց կընդգծի կյանքի տրամաբանությունը, և այն տրամաբանությունը, որ մենք ասել ենք՝ մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի, և, հետևաբար, «Կյանքի պուրակն» այս տրամաբանությունն է ունենալու: Երկար ժամանակ աշխատել ենք նախագծի վրա, հիմա անցնում ենք բուն շինարարության գործընթացին: Ի սկզբանե գաղափարը հետևյալն էր, որ մարդիկ այնտեղ պետք է գնան զբոսնելու՝ զրուցելու, այն պետք է հարմար լինի երեխաների հետ, ընտանիքներով գնալու համար, այնտեղ լինելու է պուրակ, հանդիպումների հրապարակ, ծառուղի, աստիճանների կասկադ, լճակ, հուշահարթակ, ծառուղի, հանգստի գոտիներ: Եվ ոչ միայն պուրակը, այլև այնտեղ այցելությունների բովանդակությունը պետք է ընդգծի ապրելու, զարգանալու՝ ՀՀ-ի և նրա քաղաքացիների կամքը»:

Վարչապետը հավելել է, որ պուրակի ներսում ոչ մի առևտրական գործառույթ պետք է չլինի, մուտքի մոտ միայն կարող է լինել կոմերցիոն տարածք, որտեղ մարդիկ կարող են գնել իրենց անհրաժեշտ իրեր: «Սրանով մենք Երևանի բուսաբանական այգին վերակենդանացնելու ծրագիր ենք սկսում, որովհետև մենք զարմանքով արձանագրեցինք, որ Երևանի բուսաբանական այգում 100 հեկտար չորացած տարածք կա»,- ասել է կառավարության ղեկավարը:

Հայաստանում կենսաթոշակ ստացողները ստանում են նվազագույն պարենային զամբյուղից ավելի բարձր կենսաթոշակ

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է նաև Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներին, որոնց համաձայն՝ Հայաստանում վերջին շրջանում դիտվող գնանկման շնորհիվ նվազագույն պարենային զամբյուղի արժեքը ևս նվազել է` կազմելով 34,825 դրամ։ Վարչապետը հիշեցրել է, որ հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակը սահմանվել է 36 հազար դրամ։ «Սա նշանակում է, որ այսօր ՀՀ–ում բոլոր կենսաթոշակ ստացողները ստանում են նվազագույն պարենային զամբյուղից ավելի բարձր կենսաթոշակ։ Ավելին՝ կենսաթոշակների հետվճարի համակարգը շատ ակտիվ զարգանում է։ Ըստ էության, 1 տարին լրացավ, ինչ ներդրել ենք այս համակարգը։ Փաստորեն նախորդ 1 տարվա ընթացքում կենսաթոշակառուների կողմից անկանխիկ գործարքները զրոյական մակարդակից դարձել են 37,7 միլիարդ դրամ, այսինքն` 1 տարվա ընթացքում կենսաթոշակառուները մոտ 100 միլիոն դոլարի անկանխիկ գործարքներ են արել և, համապատասխանաբար, 3 միլիարդ դրամ հետվճար են ստացել»,– նշել է վարչապետը։

Վարչապետը նշել է նաև, որ ամեն ամիս գործնականում ավելանում է անկանխիկ գործարքների և գործարքի մասնակից թոշակառուների թիվը. միայն հուլիսի տվյալներով` Հայաստանում գրանցվել է կենսաթոշակառուների և նպաստառուների 4 միլիարդ 931 միլիոնի անկանխիկ գործարք և ավելի քան 418 միլիոն հետվճար։

Նշվել է նաև, որ օգոստոսի 1-ից անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին միացել է նաև Հայէկոնոմբանկը:

Կառավարության նիստում վարչապետն անդրադարձել է մի շարք խնդիրների

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մի շարք խնդիրների, մասնավորապես՝ ճանապարհների սպասարկման, ճանապարհային նշանների, ցուցանակների, ինտերնետի հասանելիության, զբոսաշրջության հետ կապված: «Վերջին օրերին ոչ պաշտոնապես գտնվել եմ մարզերում և արձանագրել եմ խնդիրներ, որոնք ոչ մի տեղեկանքում, զեկույցում, ոչ մի նիստում չեն արձանագրվել: Այս ամենի արդյունքում մտածում եմ, որ խորհուրդ տամ, խնդրեմ և նույնիսկ հանձնարարեմ, որ մեր պաշտոնյանները ժամանակ առ ժամանակ ուղղակի վեր կենան, գնան, մտնեն բակեր, նստեն, մարդկանց հետ խոսեն»,- ասել է վարչապետը:

Վարչապետի դիտարկմամբ, նման չծրագրված այցերի ընթացքում այնքան հարցեր ի հայտ կգան, որոնք այլ խողովակով պաշտոնյանները չեն գտնի և ոչ մի պաշտոնական այցի ընթացքում չեն տեսնի. «Խնդրում եմ և հորդորում եմ, աշխատանքային օրը կարելի է օգտագործել և աշխատել աշխատասենյակից դուրս՝ ոչ պաշտոնական հագուստով, լրիվ ազատ ռեժիմով, շփվել մարդկանց հետ»:

Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձել է ճանապարհների սպասարկման խնդրին. «Ես զարմանաքով կամ տհաճությամբ արձանագրեցի, որ ՀՀ-ում ճանապարհների սպասարկման որակը, մեղմ ասած, խայտառակ վատ է: Օրինակ, եթե ՀՀ-ում ձյուն է տեղում, ճանապարհը սպասարկող ընկերությունները պետք է դուրս գան ու ճանապարհները մաքրեն, իսկ եթե անձրև՞ է գալիս: Անձրևաջրերը ճանապարհի վրա ինչ ասես բերում լցնում են ու տպավորությունն այնպիսին է, որ բոլորը սպասում են հաջորդ՝ ավելի կառուցողական անձրևին, որ կգա ու ամբողջը կմաքրի, կտանի: Ճանապարհների մաքրման մասին ոչ ոք չի մտածում»:

Հաջորդ խնդիրը ճանապարհային գծանշաններն ու ցուցանակներն են, որոնք երկար տարիներ չեն փոխվել: Վարչապետն անդրադարձել է նաև ճանապարհներին առկա փոսերին, ճաքերին և նշել, որ դա նշանակում է, որ ինչ-որ մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարում. «Ինձ պետք է այդ մարդկանց անուն-ազգանունները: Ես ձեզ հանձնարարում եմ նշանակել ծառայողական քննություն և իմ սեղանին դնել այն մարդկանց անունները, ովքեր պետք է հետևեին, որ կապալառու ընկերություններն այդ բոլոր գործառույթները պատշաճ ձևով իրականացնեին: Սա ճանապարհի անվտանգության հետ կապված հարց է»:

Վարչապետի արձանագրած հաջորդ խնդիրը կապված էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ: «Նախարարության տարեկան զեկույցի ժամանակ ինձ զեկուցվել է, որ հանրապետության ամբողջ տարածքը և մայրուղիների շուրջ ինտերնետն ապահովված է, ես ձեզ ասում եմ, որ այդպես չէ, տասնյակ կիլոմետրերով ճանապարհներին ինտերնետ չկա», -ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ սա պրոբլեմ է, միջպետական ճանապարհներին ինտերնետ չլինելը նոնսենս է՝ աբսուրդ:

Վարչապետը նշել է նաև, որ քաղաքացիները տեղյակ չեն «խելացի անասնագոմերի» ծրագրից: Կառավարության ղեկավարը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարությանը ու մարզպետարանների հետ համատեղ ձևավորել խմբեր և տեղերում մարդկանց իրազեկել ՀՀ կառավարության այս ծրագրի մասին։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև, որ պատասխանատու կառույցները փորձեն այնպես կազմակերպել, որ համայնքում «խելացի անասնագոմերը» կառուցվեն իրար կողքի, որպեսզի մթերողի աշխատանքն էլ հեշտանա։

 Կառավարությունը գումար է հատկացնում ԼՂ բնակչության համար ձեռք բերված առաջին անհրաժեշտության կենցաղային և հանրային սննդի նյութերի, դեղորայքի համար

 Գործադիրը պետբյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնում է 234,697.6 հազար դրամ, ՀՀ առողջապահության նախարարությանը՝ 30,000.0 հազար դրամ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար ձեռք բերված առաջին անհրաժեշտության կենցաղային և հանրային սննդի նյութերի, ինչպես նաև դեղորայքի համար: Որոշման ընդունումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տրամադրված օգնության ծախսերի փոխհատուցմամբ: Ըստ հիմնավորման՝ արդեն 7 ամսից ավելի է Ադրբեջանը փակ է պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ՝ կյանքի ճանապարհը, Լաչինի միջանցքը։ Չնայած Լաչինի միջանցքը բացելու Ադրբեջանին ուղղված միջազգային հանրության կոչերին՝ շրջափակումը կրում է տոտալ բնույթ և 120 000 բնակիչներ այսօր ունեն առաջին անհրաժեշտության սննդամթերքի կարիք: Վտանգված են երեխաների, ծերերի, հղի կանանց և այլ խոցելի խմբերի կյանքն ու առողջությունը: Հասունացած հումանիտար ճգնաժամը վտանգել է հազարավոր հայերի կյանքեր: Չի գործում հասարակական տրանսպորտը: Արդեն առկա են թերսնման հետևանքով փողոցում մարդկանց ուշագնացության դեպքեր: Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը (Հաագա) քննարկել է այն Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում և պարտավորեցրել Ադրբեջանին ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների մասին ընդունվել է նաև բանաձև, որի արդյունքում դեռևս հումանիտար իրավիճակը չի փոխվել: Լեռնային Ղարաբաղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվել է անհրաժեշտ կենցաղային և հանրային սննդի նյութերի, ինչպես նաև դեղորայքի ձեռքբերման և տրամադրման գործընթաց:

Կապահովվի Հայաստանում ստեղծված արբիտրաժային նոր կենտրոնի գործունեությունը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել և օժանդակել նոր` Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի գործունեությանը և նպաստել Հայաստանում արբիտրաժի զարգացմանը։ Ըստ հիմնավորման՝ Հայաստանում ստեղծված արբիտրաժային նոր կենտրոնի գործունեությանը և կայացմանը աջակցելու նպատակով Եվրոպական Միության «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային աջակցության ծրագրի միջոցների հաշվին արբիտրաժային կենտրոնին կկարողանա`

- որպես մշտապես գործող արբիտրաժային հաստատություն հանդես գալու,

- միջազգային և լոկալ արբիտրաժային վարույթների իրականացումն ապահովելու՝ միջազգայնորեն ընդունված, անկախ, անկողմնակալ և արդյունավետ գործընթացների և մեխանիզմների միջոցով,

- վեճերի լուծման այլընտրանքային այլ մեխանիզմների, մասնավորապես` հաշտարարության ծառայությունների մատուցումն ապահովելու,

- կրթական և իրազեկման ծրագրերի միջոցով արբիտրաժի և հաշտարարության զարգացմանը, տարածմանը և կիրառմանը, դրանց նկատմամբ վստահության բարձրացմանը նպաստելու:

Արդյունքում ակնկալվում է Հայաստանում ունենալ ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային վեճերի լուծման արդյունավետ հարթակ, որը ոչ միայն կբարձրացնի Հայաստանի Հանրապետության՝ որպես վեճերի լուծման հարթակի ճանաչվածությունն ու հեղինակությունը, կապահովի ավելի բարենպաստ ներդրումային միջավայր, այլև կնպաստի դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը և մի շարք մասնագիտացված ոլորտներում վեճերի մասնագիտացված լուծման հնարավորությունը:
 

Նախատեսվում է բարձրացնել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացման արդյունավետությունը


Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում: ՀՀ կառավարության 2022 թ. մայիսի 13-ին ընդունվել է «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը հաստատելու մասին» համապատասխան որոշումը, որով հաստատվել է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության 2022-2024 թթ. ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, նախանշվել են 2022-2024 թթ. ծրագրերն ու միջոցառումները: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս առաջացել է ճանապարհային քարտեզով նախանշված միջամտությունները վերանայելու անհրաժեշտություն: Ըստ այդմ` առաջարկվում է ընդլայնել ռազմավարության առաջին փուլի և ճանապարհային քարտեզի ժամանակային միջակայքը մինչև 2025 թվականը, ճշգրտել միջոցառումների շրջանակը՝ ելնելով ընթացիկ զարգացումներից, վերանայել դրանով նախանշված միջոցառումների ժամկետները՝ ելնելով կառավարության ներկա փուլի գերակայություններից և ռեսուրսների հասանելիությունից, ճշգրտել միջոցառումների համար ինստիտուցիոնալ պատասխանատու գերատեսչություններին ու կառույցներին՝ ելնելով վերջիններիս օրենսդրական լիազորություններից ու պատասխանատվության շրջանակից:

Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման արդյունքում էապես կկրճատվի երթևեկության տևողությունը ու կնվազեն խցանումները

Գործադիրն ընդունել է «Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ 2014 թ. Երևանի քաղաքապետարանն ավարտել է շինարարական աշխատանքները և շահագործման է հանձնել Մոնթե Մելքոնյան փողոցը՝ Իսակով-Լենինգրադյան ճանապարհահատված: Այս փողոցի տրամաբանական շարունակությունն է հանդիսանում Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր: Նախագծանախահաշվային փաթեթի պատրաստման աշխատանքներն ավարտված են և նախագիծը պատրաստ է: Այն ներառում է Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում. ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս և Հրազդան գետի վրա կառուցվելու է 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ: Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց: Հիմնական ճանապարհի երկարությունը 1.86 կմ է: Ճանապարհը հիմնականում բաղկացած է 6 երթևեկելի գոտուց (3x3), որտեղ ճանապարհի երթևեկելի հատվածի լայնությունը կազմում է 24.5 մ: Ճանապարհահատվածի կառուցման համար ներկայումս ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի միջև քննարկվում է նոր վարկային ծրագիր՝ Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիրը: Հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ըստ սահմանված ընթացակարգի, Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի համապատասխան Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը՝ տվյալ ճանապարհահատվածի համար: Վերջինիս հաստատվելուց հետո, օրենքով սահմանված կարգով կմեկնարկի գույքերի իրացման գործընթացը, որին կհաջորդեն շինարարական աշխատանքները: Առաջարկվող ճանապարհահատվածի կառուցման արդյունքում էապես կնվազի Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի, Արգիշտի-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց պողոտա խաչմերուկների ծանրաբեռնվածությունը, էապես կկրճատվի երթևեկության տևողությունը ու կնվազեն խցանումները:

Կառավարությունն ընդունել է նաև «ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Աշխատանքի» հրապարակում` քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում՝ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի ինստալյացիայի տեղադրման և դրա պատմական միջավայրի վերականգնման աշխատանքներն անխոչընդոտ իրականացնելու նպատակով: Ըստ հիմնավորման, տարածքի բարեկարգումից հետո այն պետք է վերականգնվի որպես արվեստի օբյեկտ՝ ինստալյացիա, ժամանակակից մոտեցմամբ, որն իրենով կխորհրդանշի վանդալիզմի դեմ պայքարը: Ինստալյացիան ցույց կտա պատմության մի մասը, և ժամանակակից տեխնոլոգիաները պատկերացում կտան՝ ինչպիսին էր արձանը այն ժամանակ և ինչքանով է պահպանվել: Արդյունքում Երևան քաղաքը կունենա մշակութային ժառանգության պահպանություն, արդյունավետ կառավարում և նոր բարեկարգված տարածք։

Պետական երկու գույք կներկայացվի օտարման՝ մրցույթով

Կառավարության որոշմամբ Ակունք, գյուղ Նոր գյուղ 1-ին փողոց 7 հասցեում գտնվող գույքը կներկայացվի օտարման՝ մրցույթով: Գույքը հանդիսանում է պետական սեփականություն, ամրացված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնին: Մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 799 400 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 84 843 413 դրամ։ Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 2 342 522.40 դրամը։

Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է մրցույթով օտարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող քաղաք Երևան, Էրեբունի Արին-Բերդի փ. 7 հասցեում գտնվող գույքը: Գույքը կոմիտեին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարությունը, այն տևական ժամանակ է չի շահագործվում և ըստ «Սեյսմշին» ՍՊԸ-ի տրամադրած շինությունների վերաբերյալ տեխնիկական եզրակացության՝ դրանց մի մասն ունեն վթարայնության աստիճան և ենթակա են քանդման։ Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 672 500 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 253 076 628 դրամ։ Սահմանվել է նաև, որ գնորդը պարտավոր է վճարել գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 1 363 219,80 դրամը։

Գործադիրն ընդունել է նաև «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում, որով, որով առաջարկվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ամրացված պետական սեփականությունը հանդիսացող քաղաք Երևան, Շենգավիթ Մանանդյան փողոց 38 և 38/1 հասցեներում գտնվող երկու միավոր հողամասերը հետ վերցնել և ամրացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Հիմնավորման համաձայն՝ հողամասը 2016 թ.-ին նվիրաբերվել է՝ շախմատի ակադեմիա կառուցելու նպատակով, սակայն մինչ օրս այն չի իրականացվել: Հողամասի նվիրաբերության պահին քաղաք Երևան Մանանդյան փողոց 26/1 և 26/2 հասցեներում գտնվող երկու միավոր հողամասերը հանդիսացել են պետական սեփականություն, սակայն իրարից գտնվել են որոշակի հեռավորության վրա և չեն ունեցել հարակից ճանապարհների հետ սահմանագծեր: Հաշվի առնելով, որ նշված հասցեում շախմատի ակադեմիայի կառուցումն այլևս չի նախատեսվում՝ բազմիցս քննարկվել են պետության կողմից տվյալ հասցեում իրականացվող այլ ծրագրեր, այդ թվում մասնավոր սուբյեկտների կողմից ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով այն օտարման ներկայացնելու տարբերակները: Որոշման ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի պետական սեփականություն հանդիսացող հողամասն ամրացնել կոմիտեին և հետագայում քննարկել դրանց տնօրինման հարցը:

Կառավարությունը 2,3 մլրդ դրամ է հատկացրել համաշխարհային հայտնի հիփ-հոփ արտիստ Սնուփ Դոգի համերգի համար

Կառավարության որոշմամբ կապահովվի «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը, որը կկայանա 2023 թ. սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում: Ծրագրի շրջանակում կկազմակերպվի 1 երաժշտական միջոցառում՝ համաշխարհային հայտնի հիփ-հոփ արտիստ Սնուփ Դոգի (Snoop Dogg) մասնակցությամբ: Ըստ հիմնավորման՝ արտիստի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ վերջինս այս տարվա ընթացքում ժամանակակից երաժշտության աշխարհում մեծ պահանջարկ է վայելում, այլև այն պատճառով, որ ներկայացվելու է յուրահատուկ շոու ծրագիր: Պահանջվող գումարը կկազմի 2,318,596.8 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Նշյալ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը: Ծրագրի իրականացումն ապահովելու է «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ, որը պարտավորվում է ապահովել միջոցառման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, իրականացնել դրանց տեղադրումը, ապահովել միջոցառման անցկացման թեմայով գովազդային արշավներ Հայաստանում և արտերկրում՝ նշելով, որ միջոցառումն իրականացվում է ՀՀ կառավարության հովանու ներքո: Նման արտիստների համերգների կազմակերպման համար անհրաժեշտ են մեծ և համաշխարհային ստանդարտներին համապատասխանող բացօթյա հարթակներ կամ մարզադաշտեր, ինչը թույլ կտա Հայաստան հյուրախաղերի հրավիրել համաշխարհային աստղերի կամ խմբերի: Ակնկալվում է, որ ծրագրին կմասնակցի 20000-25000 մարդ: Միջոցառման արդյունքն ամբողջությամբ ընդունվելուց հետո կազմակերպությունը, միանվագ վճարմամբ, պետբյուջե հետ կվճարի 24,381.0 հազար դրամ՝ որը կուղղվի մշակույթի ոլորտի ֆինանսավորմանը։ Ծրագիրն իրականացնող կազմակերպության հավաստմամբ ակնկալվում է, որ միջոցառմանը մասնակցելու նպատակով արտերկրից Հայաստան կժամանի 5000-6000 զբոսաշրջիկ: Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տեղեկատվության՝ 1 զբոսաշրջիկը միջինում Հայաստանում ծախսում է 800-1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար:

Այլ որոշումներ. տրամադրվել է ՀՀ քաղաքացու 277 անձնագիր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 2023թ. 2-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 277 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (131 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (146 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման» լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ վարկային ծրագրի շրջանակում իրականացվում են Գեղարքունիքի մարզի Մարտունի բժշկական կենտրոնի և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում: Մարտունի բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքների պայմանագրի ավարտման ժամկետը օգոստոսի 1-ն է, իսկ Վայոց ձորի մարզային հիվանդանոցինը՝ հուլիսի 26-ը: Վերջինիս ժամկետը նախատեսվում է երկարացնել երկու ամսով: Որոշման ընդունման արդյունքում շինաշխատանքները կավարտվեն շինարարության պայմանագրերով նախատեսված ժամկետներում, կկատարվի կենտրոնների հագեցումն ու արդիականացումը մինչև վարկային ծրագրի ավարտը:

 

 

← Վերադառնալ