Մամլո հաղորդագրություններ

Հին նմուշի անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու անհրաժեշտություն այլևս չի լինի

22.09.2023

ևս 4 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար և ռազմաքաղաքական իրավիճակին:

Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է ուժը կորցրած կճանաչել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հին նմուշի անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու իրավական հիմքը: Նման որոշման ընդունումը պայմանավորված է՝ դրա անհրաժեշտության բացակայությամբ, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության /ICAO 9303/ կողմից հաստատված՝ անձը հաստատող փաստաթղթերին ներկայացվող ստանդարտներով նման նշում կատարելու պահանջ սահմանված չլինելու հանգամանքով պայմանավորված։ Արդյունքում կբարելավվի նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, քանի որ քաղաքացիները ստիպված չեն լինի ՀՀ-ից մեկնելու յուրաքանչյուր դեպքում այցելել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու համար, ինչն էլ իր հերթին կթեթևացնի անձնագրային ծառայություններում գոյացող հերթերը։ Ըստ հիմնավորման՝ առաջարկվող փոփոխությունը միջնաժամկետ լուծում է, քանի որ սույն որոշմամբ սահմանված անձնագրերը տրամադրվելու են մինչև բիոմետրիկ համակարգի ամբողջական ներդրումը։

Ինչպես նշել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը, միայն 2021 թվականին ունեցել ենք շուրջ 500 հազար գործարք: «Ընդհանուր անձնագրային գործարքներից սա բավական մեծ տոկոս է կազմում: 2022 թվականին ունեցել ենք շուրջ 640 հազար գործարք և 2023 թվականի առաջին կիսամյակը չհաշված պիկ ամառային հատվածը՝ արդեն 303 հազար գործարք ենք ունեցել: Մի շատ կարևոր հանգամանք կա պարզապես: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա ներպետական ընթացակարգին չի վերաբերում, այլ արտաքին այլ երկրներին հետ հարաբերություններին է վերաբերում, մենք սահմանել ենք Արտաքին գործերի նախարարության համար եռամսյա ժամկետ իրազեկման համար, որպեսզի օտարերկրյա պետություններն այս մեր պահանջի հանելու մասին իրազեկ լինեն, և մեր քաղաքացիներն օտարերկրյա պետությունների սահմանային անցման կետերում որևէ խնդիրների այս տեսանկյունից չբախվեն: Իրազեկման այս կարևոր կոմպոնենտով պայմանավորված նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ է առաջարկվում 2024 թ. հունվարի 1-ը»,-ասել է փոխնախարարը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Սա այն ինստիտուտի մասին է, որն ի սկզբանե մարդիկ կոչում էին «անձնագրի 5 հազար դրամ», որովհետև այն ժամանակ հնարավոր էր միայն անձնագրի այդ կնիքն ունենալ 5 տարով՝ տարին հազար դրամ: Հետո կարգավորումները փոխվեցին, և այն կարելի էր ունենալ մի տարով՝ 1100 դրամ վճարելու պարագայում: Ի՞նչ էր տեղի ունենում. երբ, օրինակ՝ արձակուրդների սեզոնին՝ օգոստոսին և դեկտեմբերի վերջ, մարդիկ, ովքեր պլանավորում էին երկրից դուրս գնալ, մեկ էլ հանկարծ արձանագրում էին, որ իրենց անձնագիրն օտար երկրում վավերական չէ: Միշտ այդ հարցն առաջացել է՝ ինչպես է, որ ես անձնագիր ունեմ, անձնագիրն ուժի մեջ է, բայց ինքը վավերական չէ: Այսինքն՝ տարօրինակ բան: Ես շատ ուրախ եմ, որ մենք նկատել ենք այս խնդիրը և ուղղում ենք: Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2024 թվականի հունվարի 1-ից այլևս որևէ կնիք ունենալու անհրաժեշտություն չեն ունենալու: Ժամկետը պայմանավորված է նաև նրանով, որ մենք տասնյակ տարիներ բոլոր օտարերկրյա պետություններին իրազեկել ենք, որ եթե մեր քաղաքացու անձնագրում այդ կնիքը չկա՝ անձնագիրը վավեր չէ: Հիմա մենք առաջիկա ամիսների ընթացքում բոլորին պետք է տեղյակ պահենք, որպեսզի հանկարծ այնպես չլինի, որ մենք քաղաքացիներին թույլատրենք հանրապետությունից դուրս գալ, իրենք որևէ օտար երկրում կանգնեն պրոբլեմի առաջ, և արդեն սկսեն հետահայաց աշխատել: Մեր կյանքում բազմաթիվ այսպիսի բաներ կան, որ պետք է գտնել և ուղղակի վերացնել՝ մարդկանց կյանքը հեշտացնելու համար, ընդ որում՝ բոլոր ոլորտներում: Եվ շատ կարևոր է, որ նաև մեր կառավարության անդամները, մյուս գերատեսչությունների ղեկավարներն անընդհատ այս հայացքով նայեն խնդիրներին և փորձեն կոնկրետ լուծումներ տալ»:

Կառավարությունն ավելի քան 482 մլն դրամ է հատկացրել կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման և անհրաժեշտ գույք ձեռք բերելու համար

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է վերաբաշխում կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023 թ. պետական բյուջեով հատկացված միջոցներից՝ 482,600 հազար դրամի չափով: Որոշմամբ նախատեսվում է նաև վերաբաշխման արդյունքում առաջացած մնացորդը 324,760 հազար դրամ ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը:

Մասնավորապես՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով նախատեսվում է հատկացնել 32,055.9 հազար դրամ, մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում «Մոդուլային» տիպի 250 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման, Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի հրաձգարանների արտաքին և մուտքի դարպասի կողային պատերի ամրացման, Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի գյուղում թեթև կոնստրուկցիաներով մարզադահլիճի տեղակապման, կցակառույցի իրականացման, բարեկարգման, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ Երևանի Պռոշյան 1 փակուղի 1 հասցեում գտնվող շինության նախագծի փորձաքննության, Երևանի Վ.Համբարձումյանի անվան հ.12 հիմնական դպրոցի կաթսայատան վերազինման, Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի նոր շենքի կառուցման, Արտաշատի ավագ դպրոցի 5-րդ մասնաշենքի քանդման, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի ներքին ջեռուցման իրականացման նախագծի փորձաքննության, Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցի մարզադահլիճի մասնաշենքի կառուցման նախագծի համար:

Շինարարական աշխատանքների նպատակով նախատեսվում է հատկացնել 371,410.9 հազար դրամ, մասնավորապես՝ Երևանի պետական հումանիտար քոլեջի հարթ տանիքը լանջավոր տանիքի վերակառուցման, Երևանի հ. 4 արհեստագործական ուսումնարանի տանիքի նորոգման, Երևանի հ. 9 արհեստագործական ուսումնարանի տանիքի նորոգման, Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսումնական թատրոնի մասի նախասրահի տանիքի նորոգման, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ներտարածքային հետիոտնային մայթերի սալիկների, արտաքին լուսավորության վերականգնման, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնակի նորոգման մեկնարկային աշխատանքների, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի կաթսայատան վերազինման, Ապարանի ֆիզիկամաթեմատիկական ավագ դպրոցի դասասենյակների, միջանցքների և մարզադահլիճի հիմնանորոգման, Ալավերդու N 5 ավագ դպրոցի կաթսայատան կառուցում և ներքին ջեռուցման իրականացման, Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի հովացման համակարգի արդիականացման համար: Գումար կհատկացվի նաև Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գույք և սարքավորումների, Հայաստանի ազգային գրադարանի ցանցային սերվերների, Գնահատման և թեստավորման կենտրոնի դյուրակիր համակարգիչների, Վանաձորի Սայաթ-Նովայի անվան N 10 ավագ դպրոցի մարզական գույքի, Լանջիկի միջնակարգ դպրոցի գույքի և տեխնիկայի ձեռք բերելու համար:

Գործադիրն ապահովում է սուբվենցիոն հերթական ծրագրերի իրականացումը. հատկացվել է 1 մլրդ 800 մլն դրամ՝ 8 մարզպետարաններին

Կառավարության որոշմամբ հերթական՝ 1,800,091.3 հազար դրամ է հատկացվել Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին: Որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2021, 2022 և 2023 թվականների 20 համայնքների 30 սուբվենցիոն ծրագրեր:

Մասնավորապես՝ իրականացվել են հետևյալ սուբվենցիոն ծրագրերը. Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի ներհամայնքային 1-ին փող 2-րդ նրբ., 1-ին փող․ 9-րդ փակուղու ձոր իջնող հատված, 3-րդ փող 4-րդ նրբ․ մեջտեղի հատված, 4-րդ փող․ 7-րդ նրբ․ փողոցների ասֆալտապատում և կապիտալ վերանորոգում, Թալին համայնքի Արագածավան, Արտենի բնակավայրերի ասֆալտբետոնե պատվածքի հիմնանորոգում: Արմավիրի մարզում իրականացվել են Արաքս համայնքի Ապագա բնակավայրի այգու կառուցապատման, Ապագա բնակավայրի մարզադպրոցի շենքի վերանորոգման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրում ոռոգման ջրատարների կառուցում և վերանորոգում, Գավառ համայնքի Գավառ, Նորատուս, Կարմիրգյուղ բնակավայրերում խաղահրապարակների և պուրակների կառուցում, Գավառ համայնքի Գավառ, Ծովազարդ, Լճափ, Բերդկունք, Հայրավանք, Նորատուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ և Ծաղկաշեն բնակավայրերում փողոցային լուսավորության ցանցի կառուցում և առկա համակարգի արդիականացում, Մարտունի բնակավայրի Երևանյան փողոցի 10,36,42,46,43,51,53,55, Գ. Զիրոյան փ. 25,26,31, Պռոշյան փ. 2,2Ա,4,6, Թումանյան փ. 3,5,7 բազմաբնակարան շենքերի բակային հատվածների սալիկապատում, Լոռու մարզում՝ Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի քաղաքային հրապարակի հիմնանորոգում, Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրի մշակույթի և ժամանցի կենտրոնի հիմնանորոգում, Լեռնավան բնակավայրի ջրագծերի կառուցում և ներքին ցանցավորում, Լոռի Բերդ համայնքի Կողես և Յաղդան բնակավայրերի փողոցների կանոնավոր տուֆ քարով սալարկում, Թումանյան համայնքի Քարինջ և Չկալով բնակավայրերի գազաբաշխիչ ներքին ցանցի ընդլայնում, Թումանյան բնակավայրի փողոցների տուֆով սալարկում, Կոտայքի մարզում՝ Նաիրի համայնքի Եղվարդ բնակավայրի Արվեստի դպրոցի շենքի մասնակի վերանորոգում, Արագյուղ բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում, Ջրվեժ համայնքի Ջրվեժ, Զովք, Ձորաղբյուր բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, Զովունի բնակավայրում 2800 գծմ երկարությամբ ջրահեռացման ցանցի կառուցում, Զառ բնակավայրի ջրամատակարարման համակարգերի բարելավում, Քանաքեռավան բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցում, Նոր Գյուղ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում, Ձորաղբյուր բնակավայրի «Մեծ աղբյուր» աղբյուրակապերի և «Լճի մոտ» պոմպակայանի վերակառուցում: Շիրակի մարզում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝Ամասիա համայնքի Աղվորիկ, Արդենիս և Զարիշատ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգում, Կառնուտ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում, Սյունիքի մարզում՝ Գորիս բնակավայրի Գալստյան փողոցի մի հատվածի, Գալստյան փողոցի թիվ 60, Մաշտոցի փողոցի թիվ 146, 148, 150 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ, Տեղ համայնքի Քարաշեն և Խնածախ բնակավայրերում խաղահրապարակի և ժամանցի կենտրոնի կառուցում, Տավուշի մարզում՝ Բերդ համայնքի Այգեձոր բնակավայրի 800մ երկարությամբ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում և ջրահեռացում, Այգեհովիտ, Վազաշեն բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում, Իջևան բնակավայրի Ղարագյոզյան փողոցի 450 գծմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգում ասֆալտապատմամբ, Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի 2-րդ, 7-րդ, 10-րդ փողոցների տուֆապատում:

Կբարձրացվի ՀՀ կառավարության պարտքի կառավարման արդյունավետությունը

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի նպատակն է բարձրացնել ՀՀ կառավարության պարտքի կառավարման արդյունավետությունը, այդ թվում՝ նվազեցնել վերաֆինանսավորման և փոխարժեքի ռիսկերը։ Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ կառավարության պարտքի կառավարման հիմնական ռիսկերից մեկը փոխարժեքի ռիսկն է, որի նվազեցման նպատակով անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքի բարելավմանն ուղղված գործառնություններ: Ինչպես սահմանված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով, պետական ֆինանսների կայունությունն ամրապնդելու համար կառավարությունը ձգտելու է պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորումն ավելի մեծ չափով ապահովել դրամով փոխառությունների հաշվին: Դա թույլ կտա նվազեցնել պարտքի զգայունությունը փոխարժեքի տատանումներից, ինչպես նաև բարձրացնել ֆինանսների հասանելիությունը, որոնք անհրաժեշտ են տարաբնույթ ցնցումներին դիմակայելու հարցում Կառավարության կարողությունները նոր մակարդակի բարձրացնելու համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է արտարժութային պարտքը մասնակիորեն փոխարինել դրամային պարտքով՝ միաժամանակ նվազեցնելով վերաֆինանսավորման ռիսկը: Արդյունքում՝ կբարելավվի ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքը, կնվազի փոխարժեքի ռիսկը, կպակասի կախվածությունը ֆինանսավորման արտաքին աղբյուրներից:

Կապահովվի ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար ծառայությունների գծով ծախսերի փոխհատուցումը

Գործադիրն ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար ծառայությունների գծով ծախսերի փոխհատուցմամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու հարցում համերաշխություն հայտնող միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելու, հումանիտար ճգնաժամը միջազգային և օտարերկրյա կառույցներին օբյեկտիվորեն ներկայացնելու, Լաչինի միջանցքի բացմանն ու հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղված իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային լրատվամիջոցների աշխատանքներին աջակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված կարևորվում է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում Հումանիտար կայանի հիմնումը։ Հումանիտար ճամբարը ծառայում է որպես հարթակ, որի միջոցով հնարավոր է իրավապաշտպան կազմակերպություններին և համաշխարհային հանրությանը ներկայացնել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի ողջ իսկությունը, կազմակերպել վերջիններիս այցերը և դեպքերի ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրել անմիջապես այն միջավայրից, որտեղ օգնության ցուցաբերման նպատակով կուտակված է հումանիտար բեռը։ Վերոշարադրյալ խնդիրների կարգավորման հրատապությամբ պայմանավորված՝ Հումանիտար կենտրոնը ստեղծվել և ծառայությունները մատուցվում են սույն թվականի օգոստոսի 29-ից «ԱՍ ԹԻՄ» ՍՊ ընկերության կողմից: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 15,911.7 հազ. դրամ ։

Կդյուրացվի տնտեսվարող սուբյեկտների քաղաքաշինական գործունեությունը

Կառավարությունը հաստատել է քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը: Որոշումը ուժի մեջ է մտնում 2023 թ. դեկտեմբերի 17-ից: Որոշմամբ առաջարկվում է օպտիմալացնել քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը հաստատող, տարբեր տարիներին հաստատված և ներկայումս գործող օրենսդրական ակտերը` դրանք մեկ ընդհանրական փաստաթղթում միավորելու, առկա փոխհատումներն ու կրկնությունները վերացնելու, քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկի առավել հստակ և հնարավորին պարզ պայմաններ սահմանելու միջոցով` դրանք փոխկապակցելով օբյեկտների ռիսկայնության աստիճանի հետ: Ըստ այդմ՝ առաջարկվում է ստեղծել քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ մեկ ընդհանրական իրավական ակտ, որն ապահովվելու է հստակեցված մեկ ամբողջական ցանկ՝ դյուրացնելով տնտեսվարող սուբյեկտների քաղաքաշինական գործունեությունը:

Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2024 թ. ծրագիրը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2024 թ. պետբյուջեի նախագծի կազմում ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2024 թ. ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավվելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունել է որոշումը, որով սահմանվում է սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Աջակցություն ստացող սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրերի աջակցության համար պահանջվում է 988,933.7 հազար դրամ։ Նախագծի ընդունմամբ սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար:

Կապահովվի Շուռնուխի անշարժ գույքը կորցրած ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը: Հաշվի առնելով նշված ընտանիքների կարիքների բավարարման հրատապությունը նախատեսվում է լրացուցիչ ֆինանսական միջոցները հատկացնել արդեն իսկ կնքված պայմանագրերի շրջանակներում՝ դրանցում ավելացումներ անելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ նոր վերջնաժամկետի սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ նախորդ տարիներից եկող խոչընդոտ առաջացրած և հետագայում աշխատանքների տեխնոլոգիական հաջորդականությունը խաթարած սահմանային միջադեպերով պայմանավորված շինարարական աշխատանքների մասնակի դադարը և դեպի Շուռնուխ բնակավայր տանող գրունտային ճանապարհի փլուզման հետևանքով վերջինիս անանցանելի դառնալու հանգամանքը: Բացի այդ՝ բնակելի թաղամասի տարածքով խմելու ջրի մատակարարման բացակայության խնդրով պայմանավորված թաղամասի կարիքների համար օրվա կարգավորի ջրամբար կառուցելու անհրաժեշտությունը, որը իրականացվում է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կողմից բարեգործական ծրագրի ֆինանսավորմամբ, իսկ լրացուցիչ 24 խմ տարողությամբ ջրամբարի կառուցումը ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Խոչընդոտ է հանդիսացել նաև տարածքով անցնող բարձրավոլտ էլկտրասնուցման գիծը, որի տեղափոխությունն իրականացվելու է կառուցապատողի ֆինանսավորմամբ՝ մատակարար կազմակերպության կողմից: Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1,2 մլրդ դրամ, որից 2022 թ.-ին չիրացված գումարը՝ շուրջ 228,0 մլն դրամ: Բնակելի թաղամասի ավարտն ապահովելու համար անհրաժեշտ է 2023 թ. ֆինանսավորել լրացուցիչ 228 մլն դրամով:

Օրենսդրական նախաձեռնություն. վարչական պատասխանատվություն չի կիրառվի հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները սահմանված ժամկետում չվճարելու համար

Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի նպատակն է բարձրացնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետությունը՝ նվազեցնելով դրա վրա ծախսվող ռեսուրսները։ Նախագծերի ընդունմամբ վարչական պատասխանատվություն չի կիրառվի հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները սահմանված ժամկետում չվճարելու համար, ինչպես նաև կկարգավորվի ընդհանուր վարութային հարցեր, Օրենքով սահմանված էլեկտրոնային եղանակով վարույթների իրականացման դրույթները կտարածվեն հարկային մարմնի քննությանը ենթակա բոլոր գործերի նկատմամբ, իսկ օրենքի ուժի մեջ մտնելու դրույթի խմբագրման արդյունքում մինչև Էլեկտրոնային համակարգի ներդրումը, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի տեխնիկական շահագործման անհնարինության դեպքերում՝ վարչական վարույթներն կիրականացվեն թղթային եղանակով, ինչի արդյունքում կկարգավորվի, ի թիվս այլ հարցերի, օրենքով սահմանված հարկ վճարողի պաշտոնատար անձանց վարչական իրավախախտման վարույթների շրջանակում անձնական գրասենյակի միջոցով ծանուցելու հետ կապված հարաբերությունները ։

Այլ որոշումներ

Գործադիրը ընդունել է «Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» որոշում: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը նախատեսվում է կազմակերպել և անցկացնել 2025 թ. փետրվարին:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրի նոր վարչական շենքի կառուցման ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ Գավառի նստավայրի վարչական շենքը գտնվում է վթարային վիճակում։

← Վերադառնալ