Մամլո հաղորդագրություններ

Կառավարության նիստում ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի ընթացքը

12.10.2023

ևս 4 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որի սկզբում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության աշխատանքների և ծրագրերի ընթացքին:

Ստորև ներկայացվում է սղագրությունն ամբողջությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Քանի որ այսօր մեր չզեկուցվող հարցերի փաթեթում կան մի շարք որոշումներ, որոնք արդեն ընդունեցինք, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին աջակցելու միջոցառումների հետ, նաև զեկուցվողների մեջ ունենք այդպիսի հարց: Բայց նախ ես կխնդրեի մինչև զեկուցվող հարցերի քննարկումն սկսելը, փոխվարչապետ Խաչատրյանը, ով համակարգում է հումանիտար կենտրոնի աշխատանքները, ներկայացներ, թե այս պահի դրությամբ ինչ ընդհանուր իրավիճակ է և ինչ միջոցառումներ ենք իրականացրել: Համեցեք, պարոն Խաչատրյան:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան – Շնորհակալություն: Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, նախ թույլ տվեք ներկայացնել նախորդ շաբաթ արդեն ուժի մեջ մտած 100 000-ական դրամ հրատապ դրամական աջակցության հետ կապված միջոցառման ընթացքի վերաբերյալ մի շարք թվային ցուցանիշներ: Մենք բռնի տեղահանվածներին՝ անկախ տարիքից, 100 000-ական դրամ վճարումներ ենք կատարում՝ առանց որևէ բացառության: Բացառություն են կազմում միայն նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում:

Այս պահի դրությամբ քարտային հաշիվներին փոխանցվել է 52 600 մարդու վճարումներ: Կարգն այնպիսի է, որ մենք յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում ամփոփում ենք ցուցանիշները, բոլոր լրացուցիչ տվյալները նույնականացնում և շաբաթվա վերջին օրվա դրությամբ կատարում ենք հերթական փոխանցում: Արդեն իսկ 52 600-ին այս շաբաթվա ավարտին՝ վաղը կգումարվեն ևս 13 500, այդ թվում, քանի որ երեխաների համար դիմում է ծնողներից մեկը, այդ 100 000-ական գումարները ստանալու համար հատուկ հարթակ է գործարկված և դիմումներ են ընդունվում: Մենք ընդունել ենք արդեն 23 300 դիմումներ, որոնցից 15 200-ը մշակված են, մնացած 8100-ը շարունակում են մշակման ընթացքում գտնվել: Մենք արդեն իսկ մշակված 15 200-ից 1800-ի վճարումները վաղը կներառենք այն 13 500-ի մեջ, որոնք կիրականացվեն: Այդ 13 500 վաղը կատարվելիք վճարումների մեջ ներառված են նաև 4200 նոր քարտատեր, ովքեր այս շաբաթվա ընթացքում քարտային հաշիվներ էին բացել, և ինչպես մենք շարունակում էինք նոր դիմումներ ստանալ, ևս 7500-ն այն անձինք են, ովքեր ավելի ուշ ստացված դիմումների հիման վրա իրավունք կունենան վաղն իրենց 100 հազարականներն ստանալ:

Եկող շաբաթվա արդյունքում մենք երեխաներին վերաբերող տվյալների գերակշիռ մասն արդեն ամփոփած կլինենք: Քանի որ այս 23 300-ից առայժմ 1800-ն է միայն վաղը նախատեսվում վճարել, մնացած մասը հիմնականում եկող շաբաթ վճարումների առումով կավարտենք, այսինքն՝ մենք եկող շաբաթվա ավարտին գործնականում մոտ կլինենք 85 000-90 000 թվին: Իսկ մնացածն արդեն կախված կլինի նրանից, թե ինչ արագությամբ նոր քարտային հաշիվներ կբացեն և դիմումներ կներկայացնեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ներողություն եմ խնդրում, պարոն Խաչատրյան, ես հենց դա էի ուզում հարցնել, որովհետև ես Ձեր նշած թվերն արձանագրեցի, բայց մենք նորից, այնուամենայնիվ, գոնե վաղվա դրությամբ բավականին վճարած կլինենք՝ մոտավորապես 66 000 մարդու, որոնց մի մասը երեխաներ են: Ես նկատի ունեմ՝ ի՞նչն է պատճառը, փաստորեն մոտավորապես 34 000 մարդ ակտիվ չե՞ն քարտային հաշիվներ ունենալու առումով: Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւմ է խնդիրը, ինչո՞ւ չեն գրանցվել, ինչո՞ւ չեն քարտային հաշիվներ բացել:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան – Կարող ենք ասել, պարոն վարչապետ, որ մեծ մասն արդեն իսկ դիմումներ ներկայացրել են, որովհետև եթե մենք 100 000 –ից հանենք այս 66 100-ը, ովքեր վճարումներ են ստացել կամ վաղը ստացած կլինեն, այսպես անվանենք, ապա մնացածից մոտ 22 000-ը երեխաների դիմումներն են, որոնք մշակման ընթացքի մեջ են գտնվում, ևս մոտ 7000 դիմումներ երեխաների վերաբերյալ կշարունակենք ստանալ, որովհետև մեր մոտավոր հաշվարկներով ընդհանուր քանակը 30 000-ին է մոտենալու, այսինքն՝ եթե մենք այս 66 100 և 20 000-ը համարենք 87 000, դա նշանակում է, որ 14 000-15 000 մարդ դեռևս քարտային հաշիվներ բացելու գործընթացը չեն ավարտել: Ես ինչու չեմ վստահ ասում, որ եկող շաբաթվա ընթացքում մենք մոտ կլինենք ամբողջական թվին, որովհետև չգիտենք, թե այդ քարտային հաշիվները բացելու ուղղությամբ դիմումներն ինչ արագությամբ են ներկայացվում և նույնականացվում: Կարող եմ ասել, որ եկող շաբաթվա ավարտին մենք ստացված դիմումների մասով վճարումները հիմնականում ավարտած կլինենք: Մնացածն արդեն, հույս ունեմ, որ դիմումների ստացման գործընթացը կշարունակվի նույն արագությամբ և արդեն դրան հաջորդող շաբաթների ընթացքում այս միջոցառումների հետ կապված մեր հիմնական անելիքը կավարտենք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հիմա Ձեր ասած թվերից կարելի է հետևյալ եզրակացությունն անել, իհարկե, ենթադրվում է, որ կլինեն մարդիկ, ովքեր իրենց սոցիալական վիճակի բերումով գուցե թե չդիմեն ընդհանրապես այդ աջակցությունն ստանալու համար, որովհետև կարող են լինել դեպքեր, որովհետև կհամարեն, որ նման կարիք կամ անհրաժեշտություն չունեն: Բայց ես ենթադրում եմ, որ ինչքան էլ տարօրինակ հնչի, հնարավոր է, որ մեր տեղեկատվությունն այս պրոցեսի վերաբերյալ ոչ բոլորին է հասել: Հիմա, մենք գիտենք, որ նաև գյուղերում մարդիկ տեղավորվել են, գուցե այդ տեղավորման գործընթացի մեջ չեն հասցրել բոլոր մանրամասներին ծանոթանալ, չնայած «Հումանիտար կենտրոնը» հիմա օրը մեկ անգամ, բայց տասն օրից ավելի, եթե ճիշտ եմ հիշում, օրը երեք անգամ տեղեկատվություն տվել է: Այստեղ հիմա ի՞նչ գործողություն եմ ես տեսնում՝ անելու: Մենք ունենք, ըստ էության, մարդկանց ցանկը և երբ մյուս շաբաթվա կեսերին կտեսնենք, որ դիմումների թիվը նվազել է, մենք կարող ենք նույնականացնելով տեսնել այն մարդկանց, ովքեր քարտային հաշիվներ չեն բացել: Եվ մեր սոցիալական ծառայությունների, տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով գնանք այդ մարդկանց հետ կոնտակտի՝ կամ հեռախոսով, կամ տնայցերով, որպեսզի տեսնենք՝ ինչո՞ւ նրանք քարտ չեն բացել: Կարող են նաև լինեն դեպքեր, որ ինչ-ինչ պատճառներ, այդ թվում՝ չեն կողմնորոշվում նույնիսկ մեր տված տեղեկատվության հիման վրա, թե ինչ է պետք անել: Նրանց պետք է աջակցել, այսինքն համոզվել՝ անցնել բոլորով, որովհետև մենք, պարոն Խաչատրյան, ես ճիշտ եմ չէ՞ հասկանում, որ մենք այս ընթացքում այդ անձնական կոնտակտի փորձն արդեն ունենք, այսինքն՝ այդ մարդիկ, եթե հաշվառվել են, նշանակում է, որ միասնական սոցիալական գրասենյակների, կամ համայնքների, կամ «Հումանիտար կենտրոնի» հետ անձնական կոնտակտ տեղի է ունեցել: Եվ այդ կոնտակտը նորից կրկնել, հասկանալ՝ ինչն է պատճառը, որովհետև եթե նույնիսկ 3, 4, 5 հազար մարդ դուրս մնա, մեր կանխավարկածը չպետք է այն լինի, որ մարդիկ դրա անհրաժեշտությունը չունեն: Եթե իրենք կհաստատեն, որ դրա անհրաժեշտությունը չունեն, շատ լավ, եթե չէ, խնդիր կա, աջակցենք այդ խնդիրները լուծելու ճանապարհին: Համեցեք:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան – Անպայման այդպես կանենք, պարոն վարչապետ: Մենք կարծում ենք, որ այդպիսի խնդիր իրականում չի լինի, որովհետև այս 100 000-ը գերազանցող մարդկանց վերաբերյալ տվյալները մենք նույնականացրել ենք, որովհետև իրենք հաշվառվել են համապատասխան մարզային միասնական սոցիալական ծառայություններում: Այսինքն՝ առնվազն մեկ անգամ այդ մարդկանց հետ մենք գործ ունեցել ենք և իրենք տեղեկացրել են այն տվյալները, որոնցով պետք է նաև հետադարձ կապ ապահովենք: Եվ եթե, ինչպես Դուք ասացիք, եկող շաբաթվա կեսերին մենք տեսնենք, որ դիմումների ստացման և նույնականացման գործընթացն ամբողջ ծավալով իրականացված չէ, այն մարդիկ, ովքեր դեռևս չեն հայտնվել դիմումատուների ցանկում, մենք իրենց հետ կապ կհաստատենք, կտեղեկացնենք, ևս մեկ անգամ վստահ կլինենք, որ տեղեկացված են հնարավորության մասին և կամփոփենք արդյունքները, կտեսնենք, թե ինչ պատկեր է ստացվում:

Հույս ունեմ կամ կարծում եմ, որ դիմումներ փաստացի քանակը կամ այս դեպքում, քանի որ մենք դիմումով չենք առաջնորդվում, ընդամենն իրենց անհատական տվյալներով, միակ մեզ համար բացակայող տվյալը վերաբերում է այն մարդկանց, ում մասին մենք գիտենք, բայց ովքեր քարտային հաշիվներ չունեին: Ում մասին մենք գիտենք և ովքեր քարտային հաշիվներ չունեն, որոշեն, որ չեն դիմելու քարտային հաշիվների համար Ձեր նշած պատճառով՝ համարելով, որ իրենք այդ աջակցության կարիքն, ըստ էության, չունեն, ապա այդ թիվը կլինի միայն տարբերությունը, որը կարծում եմ՝ շատ մեծ թիվ չի լինի:

Ընդ որում, եթե թույլ տաք, մեկ բան եմ ուզում հստակեցնել. առաջին փուլում՝ 52 600-ին, ում մենք վճարեցինք, քանի որ մենք ինքնաշխատ եղանակով ենք արել, այսինքն՝ նույնիսկ դիմելու և քարտային հաշիվ բացելու հարց չի ունեցել այդ 52 600-ի մեջ գտնվող շահառուն, միայն մեզ հայտնի է եղել, որ ինքը քարտային հաշիվ ունի և փոխանցել ենք: Այդ թվում՝ հավանաբար նաև այնպիսի մարդկանց, ովքեր չէին դիմի, եթե դիմումի հիման վրա մտածեին, որ վճարում կստանան՝ ելնելով իրենց սոցիալական վիճակից: Սա նույնպես ուզում եմ հստակեցնել, որ մենք այդ տեսանկյունից նույնպես որևէ ենթադրություն չենք արել, այսինքն՝ փոխանցել ենք բոլորին, ում քարտային հաշիվները հայտնի են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ ենթադրվում է, որ սոցիալական ավելի բարվոք վիճակում գտնվող անձինք քարտային հաշիվներ անպայման կունենային: Այո, բայց մենք այդտեղ որոշել էինք, որ առնվազն այս փուլում տարբերակում չենք դնելու: Բան ունեի՞ք ավելացնելու, պարոն Մկրտչյան: Համեցեք:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան – Պարոն վարչապետ, ի հավելում պարոն Խաչատրյանի ասածի, երբ մենք հանրայնացրեցինք 100 000 աջակցության ծրագրի մասին, հաշվառման գործընթացն այդ կայաններում դեռ ընթանում էր, այսինքն՝ մի մեծ խումբ հընթացս, այս վերջին հաշվառվածներին հաշվառմանը զուգահեռ՝ ներկայացվել է այս ծրագիրը: Բացի այդ, ես նաև տեղյակ եմ, որ մեր տարբեր համայնքապետեր, ովքեր ամենալավը գիտեն, թե իրենց համայնքներում որտեղ են տեղակայված մեր հայրենակիցները, իրենք նաև մեքենաներ են տրամադրում, սոցիալական աշխատողների ուղեկցությամբ՝ տանում են բանկեր: Օրինակ՝ մեր խնամքի հաստատությունում ապրողներին, էլի մեքենաներ են տրամադրում, տանում են բանկեր, որովհետև շատերը նաև ցանկանում են այդ քարտային տրամաբանությամբ ստանալ, որովհետև միգուցե հետո կտեղափոխվեն այլ տեղ, որպեսզի ստիպված չլինեն նորից վերադառնալու կամ կապվելու այն սոցիալական ծառայության կենտրոնին, որտեղ այս պահին բնակվում են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հարգելի գործընկերներ, մի շատ կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել: Իհարկե, երբ բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից տեղի ունեցավ, մեր խնդիրն էր հնարավորինս շուտ, րոպե առաջ, իհարկե, մարդկանց տեղավորելուց հետո, նրանց ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Եվ մենք մի քանի անգամ բարդ քննարկումներ ունեցանք և եկանք այն եզրակացության, որ ամբողջը պետք է իրականացնենք բանկային քարտերի միջոցով: Սա ինչո՞վ է շատ կարևոր: Սա ապահովում է պրոցեսի թափանցիկությունը 100 տոկոսով, այսինքն՝ երբևէ որևէ մեկի մոտ հարց ծագի, թե ինչո՞ւ այս գումարն այս օրը փոխանցվեց այսինչ մարդուն, մենք ունենք լիարժեք հետագծելիություն, ընդ որում՝ ոչ միայն այս շաբաթվա համար, այլև ընդմիշտ: Դա հավերժ արձանագրվում է: Եվ այս հանգամանքը հաշվի առնելով՝ մենք այս փուլում բացառություն ենք արել միայն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց և 75 տարեկանից բարձր անձանց համար: Բայց այս առաջին փուլից հետո, ես նաև հանձնարարական եմ տվել, որ ոչինչ, նույնիսկ այդ մարդկանց մենք կաջակցենք, որովհետև քարտային հաշիվ ունենալու համար պարտադիր է գնալ բանկ, մենք կաջակցենք, որպեսզի նրանք նույնպես գնան բանկ և բանկային քարտ ունենան, որովհետև տարբերություն չկա, այդ մարդկանց մենք փողն ենք առձեռն տալիս, թե քարտը ձեռքին է և գումարը նստում է բանկում:

Սա ինչի համար է նաև շատ կարևոր: Գիտեք, որ մենք, իհարկե, այս փուլում, փառք Աստծո, կարողացել ենք և կարողանում ենք խնդիրները լուծել, բայց մենք նաև միջազգային օգնության և միջազգային աջակցության, այդ թվում՝ ֆինանսական աջակցության կարիք ունենք: Նաև հիմա ես միջազգային մեր գործընկերների հետ խոսելիս, որոնք իհարկե, շնորհակալ եմ, արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել աջակցել բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար Հայաստանի Հանրապետությանը: Ես այս փաստն առանձնահատուկ շեշտադրում եմ, որովհետև, ցավոք, միշտ մարդկության պատմությունը ցույց է տվել, որ նման իրադրություններում չարաշահումները և այլն շատ են լինում, ես հատուկ դնում եմ այս հանգամանքը մեր հետագա համագործակցության հիմքում պրոցեսի թափանցիկությունը, հաշվետվողականությունը և հետագծելիությունը, որպեսզի ոչ մի դոնորի մոտ, ընդ որում, նաև Հայաստանի Հանրապետության ոչ մի հարկ վճարողի մոտ երբևէ որևէ կասկած չառաջանա, թե գումարն ու՞ր գնաց, հասցեակա՞ն գնաց, թե՞ հասցեական չգնաց: Իսկ կասկած առաջանալու դեպքում պարզ է, որ մեր պետական համապատասխան մարմինները պետք է նաև վերահսկողություն իրականացնեն պրոցեսի վրա: Այդ վերահսկողությունը, հաշվետվողականությունը, հետագծելիությունը լինի տեղում:

Նաև հիմա մենք մի շարք հարցեր կքննարկենք: Մեծ փաթեթ ունենք այսօրվա նիստում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր ժողովրդի հետ առնչվող, բայց ես նաև ուզում եմ մի հանգամանքի մասին խոսել, որը երկար մտածելուց հետո եկա այն եզրակացության, որ չի կարելի այդ մասին պարզապես չխոսել: Շատ երկար ժամանակ՝ 2018 թվականին, 2019 թվականին և հետագայում էլ, մեր ընդդիմախոսները և չարախոսներն անընդհատ ընդգծում էին, ասում էին՝ այս Կառավարությունը կառավարչական հմտություններ չունի, չի կարողանում պրոցեսները կառավարել և այլն, և այսպես շարունակ: Պետք է արձանագրեմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերներից ստացվող առաջին ազդակն այս իրադրության հետ կապված հետևյալն է՝ իրենք ասում են, որ մենք զարմացած ենք, թե ինչպես կարող է այդպես պատահել, որ երեք օրում երկիր մտնի 100 հազար բռնի տեղահանված, ըստ էության, փախստական և Կառավարությունն ի վիճակի լինի առնվազն նրանց կարճաժամկետ կարիքները հոգալ, նաև միջնաժամկետ կարիքները հոգալ: Իրենք ասում են, որ իրենք չեն հիշում աշխարհում նման նախադեպ, որ որևէ երկիր մտնի 100 հազար բռնի տեղահանված, և այդ երկրի փողոցներում քայլելիս այդ երևույթը որպես հումանիտար ճգնաժամ... Ես չեմ ուզում այդքան մանրամասն ասեմ, որովհետև ես չեմ էլ ուզում նույնիսկ մտածեմ, որ մենք այդպիսի կանխավարկած կարող էինք նույնիսկ ունենալ: Ընդ որում, էլի ուզում եմ ասել, որ մենք ի սկզբանե պլան չենք ունեցել, որովհետև Լեռնային Ղարաբաղի հայաթափումը երբեք մեր պլանների և մեր քաղաքական ցանկությունների՝ նույնիսկ ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ, մեր օրակարգում չի եղել։ Ինչ-որ արվել է, արվել է գործնականում ժամերի և օրերի ընթացքում:

Եվս մեկ անգամն ուզում եմ շնորհակալություն հայտնել «Հումանիտար կենտրոնի» մեր գործընկերներին, Կառավարության բոլոր անդամներին, բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, բոլոր մարզպետներին, բոլոր համայնքների ղեկավարներին, բոլոր հասարակական կազմակերպություններին, կամավորներին, որոնք շատ կարևոր դերակատարություն ունեցան: Ընդ որում, պիտի շարունակեն ունենալ, պարոն Խաչատրյան, ես ճիշտ եմ չէ՞ հասկանում, որ նրանց ներգրավվածությունը շարունակվում է, և մենք խնդրում ենք նրանց ներգրավված մնալ, որովհետև հենց այդ նույն տնայցերի, մարդկանց կարիքները տեղում գնահատելու առումով՝ շատ կարևոր է, որովհետև պետական կառավարման համակարգով միայն այդ գործը չենք կարող իրականացնել: Երբեմն կամավորներն ավելի ճիշտ են աշխատում՝ այն առումով, որ դա իրենց համար սովորական աշխատանք չէ: Էլի եմ ասում՝ սոցիալական ծառայության մեր գործընկերների աշխատանքը շատ գնահատելով, բայց իրենց համար այդ տեսարանները, պրոբլեմներն ամենօրյա են, և երբեմն թարմ աչք է պետք՝ նկատելու շատ կարևոր այս իրավիճակի համար նրբություններ:

Հաջորդ դիտարկումն այս առումով, որ ուզում եմ անել, հետևյալն է՝ և ուզում եմ շատ հստակ այս մասին հայտարարել, որ այն պարագայում և այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերը և եղբայրներն իրենց տներ վերադառնալու հնարավորություն չեն ունենա, որևէ պատճառով եթե, և երբ, մեր քաղաքականությունն է, որ բոլոր բռնի տեղահանվածները՝ մենք ամեն ինչ անենք, որ մնան Հայաստանի Հանրապետությունում: Սա շատ կարևոր արձանագրում է: Մենք ուզում ենք, որ բոլորն՝ առանց բացառության, մնան, ապրեն, աշխատեն Հայաստանի Հանրապետությունում: Մեր քաղաքականությունն այս է լինելու: Ես ամեն օր ստանում եմ թվերը, թե ինչքան մարդ է Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկած դուրս եկել Հայաստանի Հանրապետությունից: Այս պահի դրությամբ մոտավորապես 2500 մարդ է դուրս եկել: Ես հույս ունեմ, որ նրանք պարզապես այս շոկային վիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում ապրող իրենց բարեկամներին, հարազատներին՝ ինչ-որ ժամանակ անցկացնելու այնտեղ և վերադառնալու:

Մեր քաղաքականությունն այդ է, և մենք՝ ինչպես Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների պարագայում, մենք նույն քաղաքականություններն իրականացնելու ենք նաև այստեղ: Մենք ժողովրդագրության հետ կապված ծրագրեր ունենք, բնակարանի ապահովման հետ կապված ծրագրեր ունենք, սահմանամերձ գյուղերում տներ կառուցելու հետ կապված ծրագրեր ունենք, զարգացման ամենատարբեր ծրագրեր ունենք: Մենք բոլոր այդ ծրագրերով ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում մարդկանց մնալու հնարավորություններն՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ, որևէ բանով չսահմանափակվեն: Սա մեր քաղաքականությունն է: Ճիշտ է, թվում է, թե սրա մասին ասելու անհրաժեշտություն չկա էլ, բայց հաշվի առնելով մի շարք ազդակներ, հանգամանքներ՝ ես հարկ եմ համարում սրա մասին շատ բարձր և պաշտոնապես հայտարարել: Հույս ունեմ, որ այլ կարգի խոսակցությունները, զրույցները, դուք գիտեք, որ հենց ճգնաժամի օրերին տարածում էին մարդկանց շրջանում, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի ուզում ընդունել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին: Հայաստանի Հանրապետությունը չէր ուզում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված լինի լքել իրենց տները, բայց եթե դա տեղի է ունեցել, ինչու, ինչպես, դրա մասին խոսել ենք և դեռ ենթադրում եմ՝ խոսելու առիթներ կլինեն, մենք գործով ապացուցեցինք, որ նույնպիսի գորովանքով ենք վերաբերվում Լեռնային Ղարաբաղի մեր քույրերի և եղբայրների կարիքներին՝ ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարագայում: Եվ այս հանգամանքը ես ուզում եմ հատուկ ընդգծել:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան - Շնորհակալություն պարոն վարչապետ: Նաև ուզում եմ տեղեկացնել, որ չզեկուցվող հարցերի թվում երեկ շատ կարևոր որոշումներ ենք ունեցել, որոնցից երկուսը ներկայացվել են հաստատման՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

Այդ երկուսից առաջինը վերաբերում է ուսուցիչներին, և երկու հիմնական հարց ենք կարգավորում այս նախագծով: Առաջին՝ արտամրցութային կարգով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսուցիչներին աշխատանքի անցնելու հնարավորություն ենք ընձեռում: Բոլոր դեպքերում, երբ մենք ունենում ենք թափուր ուսուցչական տեղ, ապա մրցութային կարգ կա նախատեսված: Այս պահին, ըստ նախարարության տվյալների, մոտ 1500 այդպիսի աշխատանքային տեղեր կան, որոնց կարող են հավակնել մեր բռնի տեղահանված անձանց ուսուցչական մասնագիտություն ունեցողները: Հետևաբար, առաջին հնարավորություն ենք տալիս, որ արտամրցութային կարգով իրենք ընտրեն թափուր աշխատատեղեր և հայտ ներկայացնեն՝ այդ տեղը զբաղեցնելու համար:

Երկրորդ կարևոր հանգամանքը, որ կարգավորում ենք՝ այն է, որ այդ եղանակով այդ աշխատանքային տեղն ընտրած անձը, բացի իր աշխատավարձը, կստանա 30 տոկոս հավելում՝ իր աշխատավարձի նկատմամբ, որն, ըստ ընդհանուր կարգի, տեղի է ունենում, երբ նախարարությունը գործուղում է որևէ մարզ՝ աշխատանքի համար: Եվ բացի այդ, մենք ունենք բնակավայրեր, որոնք առանձնացրել ենք այդ ցանկում, որտեղ բացի այդ 30 տոկոս աշխատավարձային հավելումը, լրացուցիչ ևս 50 հազարական դրամ հավելում կվճարենք: Դրանք են՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բոլոր բնակավայրերը, Գեղարքունիքի Ճամբարակ և Վարդենիս համայնքների բնակավայրերը, ինչպես նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքի բնակավայրերը: Այսինքն՝ խրախուսելով, երկարաժամկետ առումով, մարդկանց ընտրությունը դեպի սահմանամերձ այն հատվածներ կամ այն մարզեր, որտեղ մենք կցանկանայինք, որ մարդիկ որոշում կայացնեն, նաև հետագայում այդ ուղղություններով տարբերակված բնակարանային ապահովության ծրագրեր ենք նախատեսում, որ կմշակենք և կներկայացնենք հաստատման, ուզում ենք հիմա արդեն որոշակի խթաններ լինեն, որ մարդիկ իրենց որոշումները կայացնելու ժամանակ համեմատության մեջ հաշվի առնեն: Սա առաջին որոշմանն էր վերաբերում:

Եվ մեկ որոշում էլ վերաբերում է ուսանողներին: Բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին հնարավորություն ենք տալիս իրենց ուսումը շարունակել հայաստանյան հաստատություններում՝ ստանալով կրթաթոշակային աջակցություն, ինչը կօգտագործվի վճարովի ուսման տեղերի դեպքում վճարը կատարելու համար: Այդպիսի, ընդհանուր առմամբ, 4600, ըստ նախնական գնահատականների, ուսանողներ կարող են լինել, որոնք կարող են ընտրել իրենց ուսումը շարունակելու հնարավորությունը, 2100-ը՝ բարձրագույն կրթության մասով և 2500-ը՝ միջին մասնագիտական կրթության մասով: Եվ նախարարությունը կատարել է այսպիսի աշխատանք՝ վերցրել է Հայաստանում տարբեր մասնագիտությունների գծով վարձավճարների չափերը, որոշման հավելվածով սահմանված է, թե որ մասնագիտությունն ընտրելուց այդ կրթաթոշակի չափը որքան կկազմի, և այնտեղ կա 400-ից մինչև 700 հազար դրամ միջակայք, օրինակ՝ բարձրագույն կրթության տեղերի համար, ըստ մասնագիտությունների: Եթե ուսանողը կընտրի այնպիսի բուհ, որ այս մեր սահմանած չափն է, կամ դրանից պակաս, ապա ամբողջ հատուցում կստանա: Եթե կընտրի այնպիսի բուհ, որտեղ մի քիչ ավել է այդ վճարը, ապա մեր տված այդ, օրինակ՝ 450 հազար դրամին կարող է ավելացնել ևս 30 հազար դրամ տարեկան, որ այդ վճարը կատարի, բայց ընդհանուր առմամբ բոլորին, ըստ էության, միջինացված, այս աջակցությունը ցուցաբերելով՝ մենք հնարավորություն ենք տալիս ընտրել այնպիսի բուհ, որ պետության տված աջակցությունը բավարար կլինի կրթությունն առանց իրենց կողմից հավելման շարունակելու համար: Սա կրթությանը վերաբերող երկու որոշումներն էին:

Եվ մեկ առողջապահության բնագավառում աշխատողների համար որոշման նախագիծ ենք ներկայացրել հաստատման: Դա վերաբերում է նրան, որ առողջապահության բնագավառում, ըստ մեր կարգավորումների, պահանջվում են որոշակի կրեդիտներ, որոնք պետք է տվյալ աշխատակցի կողմից հավաքված լինի աշխատանքային ստաժի կամ մասնագիտական վերապատրաստման հատուկ դասընթացներ անցնելու համար: Դա օրենքի պահանջ է: Հաշվի առնելով, որ բռնի տեղահանվածները կարող են որոշակի դեպքերում այդ պահանջներին չբավարարեն, որովհետև Լեռնային Ղարաբաղում այդպիսի համակարգ դեռևս ներդրված չի եղել, մենք օրենքի նախագիծ էինք պատրաստել, որ ներկայացնենք Ազգային ժողով և հաստատենք, որպեսզի անցումային ժամանակահատված տանք, մինչև 2025թ. հունվարի 1-ը, որ առանց այդ պահանջը բավարարելու իրենք հնարավորություն ունենան աշխատել, ընթացքում էլ համապատասխանություն կապահովեն այդ պահանջներին: Եվ 2025թ. հունվարի 1-ից այդ աշխատատեղերը կզբաղեցնեն այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետությունում այդ ոլորտի մասնագետները զբաղեցնում էին: Այսինքն՝ մեկ տարի և երեք ամիսը, և եթե անհրաժեշտ լինի, մենք հետագայում կարող ենք այդ ժամանակահատվածը ևս մի քանի ամսով ավելացնել՝ բոլորին հնարավորություն տալով այդ համապատասխանեցման ընթացքը սահուն ձևով իրականացնելու համար: Սրանք են նաև այն երեք որոշումները, որ այսօր չզեկուցվող հարցերի թվում մենք հաստատեցինք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տիկին Անդրեասյան, ի՞նչ ունեք ավելացնելու:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Ըստ էության, պարոն Խաչատրյանն արդեն ներկայացրեց մեր երկու նախագծերի էությունը և մենք կարծում ենք, որ հատկապես ուսուցիչների մասով, այս պահին արդեն ունենք մեծ հետաքրքրություն: Պետք է նշեմ, որ դիմելու պայմանները հնարավորինս հեշտացված են: Հենց վաղվանից կգործի էլեկտրոնային հարթակը, որտեղ ուսուցիչներն՝ ընդամենը մուտքագրելով իրենց էլեկտրոնային հասցեն, կգրանցվեն և արդեն իսկ այդ էլեկտրոնային հարթակում հասանելի կդառնա թափուր աշխատատեղերի մասին ամբողջ ինֆորմացիան: Ընդ որում, դա խմբավորված է՝ ըստ դասավանդման առարկաների և ըստ բնակավայրերի: Այսինքն, օրինակ՝ եթե քիմիայի ուսուցիչ է մուտք գործում, ինքը միանգամից կտեսնի, թե քիմիայի գծով քանի թափուր աշխատատեղ կա և որ բնակավայրերում: Եվ արդեն, կախված այն հեռանկարից, թե որտեղ է իր բնակավայրը պատկերացնում հետագա առաջիկա առնվազն միջնաժամկետ կտրվածքով, կկարողանա ընտրել: Ընդ որում, հնարավորություն ենք տվել, որ մեկ անգամ ընտրելուց հետո եթե ինչ-ինչ պատճառներով կեցությունն այդտեղ հնարավոր չի կազմակերպել, 10-օրյա ժամկետում կկարողանա չեղարկել և ևս մեկ անգամ, նույն տրամաբանությամբ, օգտվել համակարգից: Ու այս ընթացքում նաև հնարավորինս հեշտացրել ենք փաստաթղթերի հետ կապված խնդիրները՝ հասկանալով, որ մարդիկ այս պահին կարող են իրենց հետ չունենալ այն ամբողջ փաստաթղթերը, որոնք պահանջվում են աշխատանքի ընդունվելիս, և այս տեսանկյունից նույնպես խնդիրներ չեն առաջանա:

Ինչ վերաբերում է ուսանողների աջակցությանը, նշեմ, որ կրթաթոշակի առավելագույն չափերն այնպիսին են, որ մենք վստահ ենք, որ ուսանողներին գրեթե ամբողջությամբ կկարողանանք փոխհատուցել նրանց ուսման վարձը, այսինքն լրացուցիչ ավելացման կարիք կարող են չունենալ, որովհետև ընտրված են իրատեսական կրթաթոշակի չափեր: Եվ կուզեմ նշել, որ արդեն իսկ մեզ դիմել են ավելի քան 500 ուսանողներ բուհական համակարգից և նույնքան էլ միջին մասնագիտական կրթության համակարգից: Եվ արդեն իսկ այս որոշումը պահանջված է, ու սրանից հետո, որովհետև սրանով կարգավորում ենք նաև նրանց ընդունելության տեղափոխման հնարավորությունը, էլի փաստաթղթերի մասով և կրթական ծրագրի տարբերությունների մասով՝ կարգավորումներ ընձեռելով, այս ընթացքում նույնպես խոչընդոտներ չենք ունենա: Այնպես որ կարծում եմ, որ այս պահին կկարողանանք ուսանողների կրթության իրավունքը վերականգնել շատ արագ, իսկ ուսուցիչների մասով էլ՝ կստեղծենք հնարավորություն՝ ընդգրկվել ու մասնագիտական աշխատանքի շարունակություն ունենալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տիկին Անդրեասյան, իսկ ուսանողների տեղաբաշխումը ո՞նց է տեղի ունենալու:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան – Քանի որ մենք ունենք նաև մարզային հաստատություններ, հատկապես քոլեջներ և ուսումնարաններ ունենք մեծ թվով, որոնք գործում են մարզերի տարբեր բնակավայրերում, այս պահին նրանք կկարողանան ընտրել իրենց ամենամոտ ուսումնական հաստատությունը, և իհարկե կախված է նաև մասնագիտությունից, որովհետև գուցե սովորել են մի մասնագիտությամբ, որը տվյալ ամենամոտ ուսումնական հաստատությունում չկա: Ամեն դեպքում մենք իրենց թողել ենք ազատ, հասկանալով՝ որ մարդիկ իրենց կեցության տեղի որոշման փուլում են: Հենց այդ պատճառով գնացել ենք կրթաթոշակի ճանապարհով, որպեսզի իրենք հասկանան, որ ունեն այդ գումարը և իրենց մոտ ուսումնական հաստատություններից ընտրեն ամենահարմարը, որտեղ կկարողանան կրթությունը շարունակել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իսկ ուսումնական հաստատություններն, իրենց հերթին հանձնարարված է, որ հնարավորինս հեշտ այդ համալրումը իրականացնեն:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան – Այո, և ասեմ մենք նաև կարգավորել ենք այս նախագծով այդ տարբերությունների հարցերը: Կան որոշ կրթական ծրագրեր, որոնցով կրթությունն իրականացվել է Լեռնային Ղարաբաղում, որոնցով մեր մոտ չի իրականացվում կրթություն, կամ հակառակը: Այս բոլոր դեպքերի կարգավորումներ ենք տվել, որպեսզի խոչընդոտներ չառաջանան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իսկ այս դեպքում էլ են չէ՞ ուսման վարձեր և այլն, հետագծելիությունն ապահովելու է, անկանխիկ գործարքներով է արվելու ամբողջը, որպեսզի այլ հարցեր չծագեն:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան – Միանշանակ: Ասեմ Ձեզ, որ ֆիզիկապես գումարը փոխանցվելու է ուսումնական հաստատություններին: Այսինքն, ֆիզիկական անձանց փոխանցումների կարիք չի լինի, ուսանողը կընտրի ուսումնական հաստատությունը, կկնքի պայմանագիր և փոխանցումը կարվի ուղիղ ուսումնական հաստատությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իսկ դպրոցականների մասով ի՞նչ վիճակ ունենք և ի՞նչ լուծում ենք տվել:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան – Դպրոցականների մասով՝ այսօր առավոտյան տվյալներով, արդեն ավելի քան 13 հազար երեխաներ մեր դպրոցներում են, ինչը կազմում է թիրախային խմբի մոտավորապես 62 տոկոսը, և ամեն օր մի քանի հազարով ավելանում է երեխաների թիվը: Ես կարծում եմ, որ մինչև եկող շաբաթվա կեսերը պետք է փորձենք ամբողջությամբ ընդգրկել երեխաներին դպրոցներում: Մի քանի կոնկրետ տեղերում ունենք տրանսպորտային ծառայությունների կազմակերպման խնդիր: Դրանք այն վայրերն են, որտեղ երեխաները տեղակայված են ավելի մեծ խմբերով՝ այս պահին ժամանակավոր կացարաններում, հյուրատներում, հանգստյան գոտիներում, դա նույնպես քննարկել ենք Տարածքային կառավարման, ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ, այդ հարցերը նույնպես կարգավորվում են:

Զուգահեռաբար, դասագրքերի հետ կապված լրացուցիչ խմբաքանակներով այս շաբաթ արդեն պատվերը գնացել է, երեխաներն ապահովում են նաև, ուզում եմ ընդգծել անվճար, որովհետև որոշ դեպքերում հարցեր է առաջացնում, թե պե՞տք է դասագրքերի համար վճարել: Ո՛չ, դասագրքերի համար վճարել պետք չի, դրանք տրվում են անվճար: Իհարկե պետք է նշեմ, պարոն վարչապետ, որ մենք փորձում ենք առաջին հերթին երեխաներին ուղղորդել այն դպրոցներ, որտեղ կան ազատ տեղեր, և այն դեպքում, երբ ազատ տեղերն ամբողջությամբ լրացած են, նոր նրանց ընդգրկումն անել արդեն ծանրաբեռնված դպրոցներում: Բայց սա հընթացս կարգավորվող գործընթաց է, և մենք սերտորեն աշխատում ենք թե՛ մարզպետների աշխատակազմի հետ, թե՛ քաղաքապետարանի հետ, որպեսզի բոլոր հարցերն արագ կարգավորվեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բայց այստեղ էլ մեր քաղաքականությունը պետք է այն լինի, որ դպրոցների գերբեռնվածությունը թույլ չտանք, որովհետև դա նախ լարում կառաջացնի, հին աշակերտների, նաև նոր աշակերտների կրթության որակի վրա նեգատիվ ազդեցություն կունենան: Ամեն ինչ պետք է անել, որ նման դեպքեր միջնաժամկետում չլինեն, եթե նույնիսկ կարճաժամկետ այդպիսի խնդիրներ ենք լուծում, ի սզբանե պետք է այնպես անել, որ այդ փաթեթով լուծել հարցը, մարդու բնակության վայրի հետ կապված՝ որոշումներն աշխատանքի վայրի հետ կապված պետք է օգնենք, որ կոմբինացված որոշումներ իրականացվեն, որպեսզի, առնվազն միջնաժամկետում, այդ որոշումներն աշխատեն:

Տիկին Ավանեսյան, Դուք ի՞նչ ունեք ավելացնելու առողջապահության ոլորտի հետ կապված:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան – Շնորհակալություն: Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, նշեմ, որ ինչպես արդեն պարոն Խաչատրյանն ասաց, Հայաստանի Հանրապետությունում 2023թ. հունվարի 1-ից բժշկական մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար պարտադիր պահանջ է հավաստագիր ունենալը: Եվ մենք այս նախագծով անցումային ժամկետ ենք սահմանում: Պետք նշեմ, որ արդեն իսկ Առողջապահության նախարարությունը հայտագրել է ավելի քան 500 բուժաշխատողների աշխատանքի տեղավորման կարիքները, բայց դրանից ունենք նաև վերապատրաստումների մեջ ներգրավված արդեն 213 բուժաշխատող: Արդեն իսկ հավաստագրել ենք 42 բուժաշխատող, ովքեր ունեին կրեդիտավորված կուրսերի մասնակցություն և փաստաթղթերի դիտարկման արդյունքում նրանք արդեն իսկ ստացել են: Պետք է ասեմ, որ մենք նաև հոգալու ենք այս բոլոր մեր քույրերի և եղբայրների մասնագիտացման և վերապատրաստման ծախսերը, և նրանք այս բոլոր ծառայությունները կստանան անվճար կերպով և հնարավորություն կունենան նաև փոփոխելու, որոշակի առումով, իրենց մասնագիտացումը, համապատասխանեցնելու նաև ստեղծված պահանջարկին, որը մենք ունենք Հայաստանում:

100-ից ավելի մասնագետների արդեն իսկ կոնկրետ աշխատանքի առաջարկ ներկայացվել է, որոշներն արդեն ընդունվել են, որոշները դեռ որոշումն ընդունելու փուլում են գտնվում: Սա վերաբերում է միայն պետական բուժհաստատություններին, բայց մասնավոր բժշկական կենտրոնները ևս ակտիվ կերպով ներգրավված են այս աշխատանքներին: Եվ մենք կարծում ենք, այս նախագծով սահմանված ժամկետում հնարավորություն կունենանք՝ ապահովելու նրանց հավաստագրի պահանջի բավարարումը և նաև թափուր աշխատատեղեր առաջարկելով և նրանց տեղավորելով: Պետք է ասեմ նաև, որ որոշ մեր մարզային համայնքներում քանի որ բնակչության թվի աճ ունենք, ուստի պետք է նշեմ և շեշտադրեմ, որ օրինակ՝ անգամ եթե այս պահին թափուր աշխատատեղ չկա տվյալ պոլիկլինիկայում կամ համայնքում, բայց մենք հաշվարկում ենք, որ ավելանալու է նաև կարիքն ընտանեկան բժիշկների, մանկաբույժների, թերապևտների, և սա ևս հաշվարկվում է և նրանք տեղեկացվում են այդ մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ պարոն Սանոսյան, ինչքան հասկացա՝ ևս մեկ որոշում ունենք չզեկուցվողների փաթեթում, որը Ձեր մասով է, համեցեք, ներկայացրեք:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան – Այո, պարոն վարչապետ, ևս մեկ հարց ունենք, Կոտայքի մարզին 300 միլիոն դրամ ենք հատկացնում: Ուզում եմ հիշեցնել, որ մենք նախորդ նիստերում ևս այդպիսի որոշումներ ենք կայացրել, ևս այս որոշումն էլ միասին արդեն կլինի, որ, մարզերին հատկացրել ենք 1 մլրդ 360 մլն դրամի որոշում: Ընդ որում, երբեմն մենք, ըստ անհրաժեշտության, արտահերթ հեռավար նիստ ենք անում և գումար ենք հատկացնում: Հիմա տեղի է ունենում կարիքների գնահատում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ինչի՞ համար ենք տալիս այդ 300 միլիոնը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան – Տարբեր կարիքների համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բռնի տեղահանվածների հետ կապված կարիքների հասցեագրմանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան – Այո: Սկսած հյուրանոցներին վճարելուց՝ սնունդ, հիգիենիկ պարագաներ, այլ ծախսեր, երեխաներին գրենական պիտույքներ: Այսինքն՝ ցանկացած տիպի կարիքների համար համայնքներն իրականացնում են ծախսերը, մարզպետարանների միջոցով իրականացվում է:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Պարոն Սանոսյանի խոսքին ուղղակի լրացնեմ, որ մենք հանրագումարով այս 300 մլն դրամը ներառյալ՝ արդեն 9 մլրդ 360 մլն ենք հատկացրել, որից 8-ը վերաբերվում էր 100 հազարական հրատապ աջակցության միջոցառմանը և մնացած 1 մլրդ 360-ը մարզպետարանների միջոցով տեղահանվածների կեցության և սննդի հետ կապված ծախսերի հիմնականում փոխհատուցելու համար: Արդեն ունենք գնահատական, որ եկող շաբաթվա ընթացքում կհատկացնենք ևս 7.5 մլրդ դրամ, որը հիմնականում կապված է պարոն Մկրտչյանի կողմից քիչ հետո զեկուցվող հարցով ներկայացվող միջոցառման ֆինանսավորմանը և 100 հազարականների այն լրացուցիչ անհրաժեշտ ֆինանսավորմանը, որ մենք պայմանավորվել էինք, որ հաջորդիվ կանենք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ: Հարգելի գործընկերներ, ես նաև հերթական անգամ ուզում եմ այս կապակցությամբ, և ոչ միայն այս կապակցությամբ, շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր օրինապահ հարկ վճարողներին, բոլոր տնտեսավարողներին, ում գործունեության և աշխատանքի արդյունքում են ձևավորվում այն միջոցները, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարողանում է, ըստ էության, այս ճգնաժամը և մյուս ճգնաժամերը կառավարել, և նաև արդյունքներն արձանագրել: Ես պիտի նաև գոհունակությամբ արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունն նորից, ի հեճուկս բոլոր բարդությունների, շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում, և բոլոր կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին նույնպես Հայաստանի Հանրապետությունը կունենա բարձր տնտեսական աճ: Մենք հիմա, ըստ էության, վստահ ենք, որ առնվազն պետական բյուջեով նախանշված 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը կապահովենք: Բայց սա, այսպես ասած, շատ զուսպ և շատ, ինչպես ասում են, պահպանողական գնահատական է: Մեծ հավանականությամբ ավելի բարձր տնտեսական աճ կունենանք:

Որպես թեմայի հետ ուղակի և անուղղակի կապված մի ցուցանիշի մասին էլ եմ ուզում խոսել. պիտի արձանագրենք, որ շատ կարևոր մի բան է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում: 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշ՝ վերջին 5 տարիների համեմատ: Այսինքն՝ 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 թվականին ամենաբարձր ցուցանիշը մենք ունենք: Ընդ որում, հիշում եք, նախորդ անգամ, երբ այստեղ խոսում էինք՝ ասում էինք, որ այդ պահի դրությամբ առայժմ հետ ենք միայն 2021 թվականի ցուցանիշից, և հույս հայտնեցինք, որ նաև ընդհանուր տարվա արդյունքներով կգերազանցենք նաև 2021 թվականի ցուցանիշը: Այդ ցուցանիշը գերազանցված է: Ուզում եմ ասել նաև, որ սա, իհարկե, այլոց շարքում նաև ժողովրդագրության ոլորտում Կառավարության վարած քաղաքականության արդյունքն է: Նաև ուզում եմ արձանագրել, որ սա առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության վարած քաղաքականության արդյունքն է, որովհետև մենք նաև շատ լավ ցուցանիշ ունենք, վատ բառով է վիճակագրության մեջ բնորոշվում, բայց երևի ուրիշ բառ էլ չկա, մեռելածինների թվաքանակի էական նվազում ունենք: Այսինքն՝ դա նշանակում է, որ առողջապահության ոլորտում մեր կողմից վարվող քաղաքականությունը դառնում է ավելի ու ավելի արդյունավետ, որովհետև ոլորտում սպասարկման որակի բարձրացման մասին է վկայում:

Ես ուզում եմ այստեղ ընդգծել ոչ թե միայն աշխատավարձերի բարձրացումը, ուզում եմ ընդգծել ոչ միայն պետպատվերի շրջանակում առողջապահական հիմնարկների ֆինանսավորման մեծացումը, ուզում եմ նաև ընդգծել, որ մենք տնտեսական արդիականացման ծրագրի շրջանակներում մի տարի, թե երկու տարի առաջ որոշում կայացրեցինք, դա ժողովրդի լեզվով ասած լիզինգի ծրագիրն է, որ առողջապահական հիմնարկները նույնպես կարող են իրենց անհրաժեշտ ժամանակակից սարքավորումները ձեռք բերել: Նաև կարծում եմ, որ այստեղ խնդիրը ոչ միայն մասնագիտական հմտությունների մեջ է, այլև ժամանակակից տեխնիկայի թիվը մեր առողջապահական հիմնարկներում շատանում է, ինչը և շատ էական է: Ուզում եմ նաև ընդգծել, որ ամենացածր ցուցանիշն ունենք մահացությունների, ինչը նույնպես շատ կարևոր է: Այս առումով էլի պիտի վերադառնամ և խոսեմ կորոնավիրուսի համավարակի կառավարման մեր ցուցանիշների և որակի մասին: Մահացություների հետ կապված այս հարցն ինչո՞վ կապ ունի, կապ ունի նրանով, որ մենք ճիշտ էինք կարդում և ճիշտ էինք հասկանում իրադրությունը և ճիշտ որոշումներ ենք կայացրել: Նաև այդ որոշումների շնորհիվ է, որ մենք գործնականում վերջին 5 տարիների ընթացքում ամենացածր մահացության ցուցանիշն ունենք Հայաստանի Հանրապետությունում: Բնական աճն, ի վերջո, ամենաբարձրն է վերջին 5 տարիների համար, և մեր բնակչությունը հունվար-օգոստոսին ավելացել է 7150-ով, և սա շատ կարևոր ցուցանիշ է: Ուզում եմ ընդգծել, որ սա հունվար-օգոստոս ամիսների տվյալներն են, և հույս ունեմ, որ այն ծրագրերը, որ մենք իրականացնում ենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար, իհարկե, կօգնի, որ նրանք Հայաստանից չհեռանալու որոշում կայացնեն, և այս ցուցանիշների գծով մենք կունենանք ավելի լավ տվյալներ:

Եվս մի դիտարկում, որն էական է, կարծում եմ հիմա, այո՛, բոլոր մասնագիտական ուղղություններով մենք պետք է հատուկ և արտոնյալ պայմաններ ստեղծենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար, բայց երկարաժամկետում մենք չպետք է հանկարծ այնպիսի տպավորություն ստեղծենք, որ անհավասար պայմաններ ենք ստեղծում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մեր մասնագիտական շրջանակների նկատմամբ: Պետք է դաշտը հավասարեցնենք ստանդարտացման միջոցով: Բոլոր այն ծրագրերը, որ մենք ունենք՝ կամավոր ատեստավորում և այլն, այդ բոլոր ծրագրերի բովանդակությամբ և մեր նոր կրթական և ոչ կրթական ստանդարտների կիրառմամբ մենք պետք է դաշտ հնարավորինս շատ արագ, առանց որևէ անարդարություն թույլ տալու, բերենք արագ հավասար դաշտի:

← Վերադառնալ